Սահմանադրական բանավեճն ու ժողովրդավարության լիպարիտյանական չափանիշները


Տիգրան Գրիգորյան

2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ներքաղաքական օրակարգում գերիշխող թեման դարձել է իշխող ուժի կողմից սահմանադրական հանրաքվեի անցկացման ու նոր սահմանադրության ընդունման հանձնառությունը։ Ի հեճուկս այն հանգամանքի, որ իշխանությունը Ազգային ժողովում բավարար քանակի մանդատներ չունի հանրաքվեն կազմակերպելու համար՝ քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն արդեն իսկ պատրաստվում են նոր սահմանադրության շուրջ հրապարակային առճակատման։ Թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմությունը արդեն իսկ ակտիվ քարոզչական աշխատանք են սկսել այս թեմայի վերաբերյալ՝ փորձելով որոշակի հանրային կոնսոլիդացիա ապահովել իրենց շուրջ։ 

Այս թեմայով որոշակի ակտիվություն է նկատվում նաև փորձագիտական շրջանակներում։ Քաղաքացիական հասարակությունում դիրքավորվող որոշ իշխանամետ դերակատարներ ևս սկսել են խոսույթներ զարգացնել այս թեմայով՝ նպատակ ունենալով նորմալացնել այն գաղափարը, թե սահմանադրության փոփոխությունը հանուն ավելի մեծ նպատակների միջազգայնորեն ընդունված պրակտիկա է։ Հատկանշական է, որ այդ խոսույթները հիմնականում Ադրբեջանի կողմից վերջին տարիներին օգտագործվող փաստարկներ են, որոնց պաշտոնական Երևանը ինչ-որ շրջանում փորձում էր հակադրվել։ 

Ամենայն հավանականությամբ սահմանադրական օրակարգն է պատճառը նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մեդիա ակտիվացման համար։ Լիպարտիյանը, որը վերջին տարիների ընթացքում առանձնակի հրապարակային ակտիվություն չէր ցուցաբերում, վերջին տասն օրվա ընթացքում երեք հարցազրույց է տվել։ Այդ հարցազրույցներից ամենահատկանշականը Պետրոս Ղազարյանի հետ նրա զրույցն էր Հանրային հեռուստատեսության եթերում։ 

Հարցազրույցի ամենակնառու դրվագներից մեկը Լիպարիտյանի կողմից Անկախության հռչակագրի հեռացման պահանջի լեգիտիմացման փորձն էր, երբ նա, հղում անելով Դաշնակցության անանուն ղեկավարի ու սփյուռքյան կառույցների հայտարարությունների, նշեց, որ հայկական տարբեր դերակատարների մոտ դեռ կա Ղարաբաղի պահանջ։ 

Սա մոլորեցնող պնդում է երկու պատճառով։ Առաջինը, որ տարբեր անանուն գործիչների հղում անելով՝ փորձ է կատարվում ստեղծել տպավորություն, որ Հայաստանում կան լուրջ դերակատարներ, որոնք Ղարաբաղը վերադարձնելու իրատեսական օրակարգ ունեն։ Այս պնդումը հերքվում է խորհրդարանական վերջին ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հրապարակային մոտեցումներով այս հարցի վերաբերյալ։ 

Առավելագույնը, ինչ ասվել է այս թեմայով ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի կողմից, վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի միջազգային արձանագրմանը, ինչը, իմ ընկալմամբ, արվել է ավելի շատ ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրություններին տուրք տալով, այլ ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն ունի կամ կարող է ունենալ այդպիսի իրատեսական օրակարգ։ Եզրահանգումը առ այն, որ դաշնակցական անանուն դերակատարների հայտարարություններն ու սփյուռքյան կառույցների գործունեությունը կարելի է հիմք համարել «Ղարաբաղը պահանջ է» պնդման համար, մաքուր մանիպուլյացիա է։ 

Այդ հայտարարության երկրորդ մոլորեցնող հատվածն այն է, որ Ղարաբաղի պահանջը որևէ կապ չունի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի առկայության կամ բացակայության հետ։ Լիպարիտյանի տրամաբանությամբ դաշնակցական անանուն ղեկավարներն ու սփյուռքյան կառույցները դադարելո՞ւ են խոսել Ղարաբաղի մասին սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո։ Այդ առումով, Ադրբեջանի նախապայմանը լեգիտիմացնելու կամ նույնիսկ նախապայմանի առկայությունը այսօրինակ փաստարկներով ժխտելու փորձերը առնվազն անլուրջ տպավորություն են թողնում։ 

Այնուամենայնիվ, Պետրոս Ղազարյանի հետ այս հարցազրույցի ընթացքում ամենաակնառու պնդումները Ժիրայր Լիպարիտյանն արել է Հայաստանի ներքին գործընթացների վերաբերյալ։ Ու եթե Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում Լիպարիտյանի պնդումները կարելի է քննարկել, համաձայնել կամ չհամաձայնել դրանց հետ, ապա ներքին գործընթացների վերաբերյալ նրա որոշ հայտարարություններ ու խոսույթներ պարզապես դժվար է չորակել որպես հակաժողովրդավարական։ 

Այսպես, խոսելով Կառավարություն-եկեղեցի առճակատման մասին՝ Լիպարիտյանը օգտագործում էր խոսույթներ ու զուգահեռներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում ժողովրդական համակարգերի վերաբերյալ նրա պատկերացումների վերաբերյալ։ Փաստացիորեն արդարացնելով վերջին տարվա ընթացքում իշխող ուժի կողմից եկեցեցու նկատմամբ իրականացվող գործողությունները, նա մասնավորապես, նշեց, որ Պոլսո պատրիարքությունը թուրքական պետության վերահսկողության ներքո է, իսկ Երուսուղեմի պատրիարքությունը՝ Իսրայելի կառավարության վերահսկողության ներքո, և հավելեց․ «Ամբողջ սովետական շրջանին Ամենայն հայոց կաթողիկոսությունը գրեթե 70 տարի Մոսկվայի մատի տակ էր: Դա նորմալ էր, դա նորմալ էր: Իսկ այսօր նորմալ չէ, որ պետությունն ասում է՝ չես կարող քաղաքականության մեջ խառնվել»։

Այս համեմատությունների համար ընտրված երկրների շարքը ինքնին հատկանշական է ։ Խոսքը հիմնականում ավտորիտար, իսկ որոշ դեպքերում՝ նաև տոտալիտար համակարգեր ունեցող պետությունների մասին է։ Թուրքիան ու Իսրայելը վերջին տասնամյակի ընթացքում քաղաքական ռեժիմների տիպաբանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կառույցների կողմից պարբերաբար ընդգրկվում են ժողովրդավարական լուրջ հետընթաց արձանագրած երկրների ցուցակում։  Սակայն նույնիսկ այս երկրներում կառավարությունները երբևէ եկեղեցու բարեփոխումը կամ հոգևոր առաջնորդի փոփոխությունը չեն դարձրել իրենց նախընտրական ծրագրի կամ կառավարության ծրագրի մաս։ 

Էլ ավելի հակասական է խորհրդային տարիների հետ տարվող զուգահեռը։ Եթե շարունակենք Լիպարիտյանի տրամաբանությունը, ապա կարելի է պնդել, որ Խորհրդային Միությունում այլախոհներին աքսորում էին գուլագներ, մինչդեռ այսօր նրանց պարզապես կալանավորում են, կամ որ խորհրդային տարիներին եկեղեցիները ոչնչացնում էին, իսկ այսօր դրանք միայն հանձնվում են Փաշինյանի կողմ անցած հոգևորականների վերահսկողությանը։ Սա ոչնչով չի տարբերվում իշխանական քարոզչության վերջին տարիների պատումներից, երբ տարբեր ռուսամետ գործիչների դեմ ընտրողական արդարադատության կիրառումը արդարացվում են Ռուսաստանում նույնանման պրակտիկայի գոյությամբ։ 

Հարցազրույցի ընթացքում Լիպարիտյանը, հղում անելով Սահմանադրությանը, եկեղեցու դեմ կառավարության գործողությունները արդարացրեց նաև այն փաստարկով, որ եկեղեցին քաղաքականութամբ զբաղվելու իրավունք չունի։

Եթե հարցին նայենք բարոյական ու քաղաքական տեսանկյունից, կարելի է համաձայնել Լիպարիտյանի այդ պնդման հետ, բայց եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մեջ նմանատիպ սահմանափակում չկա։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածում նշվում է, որ «արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա»։ Նույն օրենքի 18-րդ հոդվածում նշվում է, որ պետությունը «կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար»: 

Կարելի է, իհարկե, խոսել այն մասին, որ տվյալ պարագայում գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ․ եկեղեցին մտել է քաղաքական դաշտ, և իշխանությունը որոշել է պատասխանել քաղաքական գործիքակազմով։ Սակայն պետք է նաև արձանագրել, որ այդ գործիքակազմը հակասահմանադրական է։ 

Հանրայինի եթերում Լիպարիտյանը արդարացրեց նաև Հայաստանում վերջին շրջանում համակարգային բնույթ ստացած քաղաքականացված ու ընտրողական արդարադատության միտումը՝  մասնավորապես, նշելով․ «Քաղաքական գործիչները դարձան օլիգարխ, օլիգարխները դարձան քաղաքական գործիչ, իսկ երբ այսօր կառավարությունը ասում է՝ դու օլիգարխ ես և գողացել ես այդ փողերը, նրանք ասում են՝ դու մեզ հալածում ես որպես քաղաքական գործիչ, որովհետև ընդդիմադիր ենք»։

Այս գնահատականը, բնավ, անտեսում է այն հանգամանքը, որ այդ օլիգարխների խնդիրները կառավարության ու իրավապահ համակարգի հետ սկսել են միայն այն բանից հետո, երբ նրանք ակտիվացան քաղաքականապես։ Լիպարիտյանը նրբանկատորեն անտեսում է նաև այն իրողությունը, որ իշխող ուժի մերձավոր շրջապատում ևս կան մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ քիչ են տարբերվում քրեական հետապնդման ենթարկվող դերակատարներից, և ոչ ոք նրանց չի ասում՝ «օլիգարխ ես, գողացել ես»։ Ամենայն հավանականությամբ այս հարցում ևս Լիպարիտյանը որպես նշաձող է վերցնում Թուրքիայի կամ Ռուսաստանի պես քաղաքական համակարգեր ունեցող պետությունները։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է եզրահանգել, որ Լիպարիտյանի վաղեմի թեզը, թե պետք է հաշվի առնել մեր տարածաշրջանի իրողությունները և այն, թե ովքեր են մեր հարևանները, ազդում է նաև ժողովրդավարության մասին նրա պատկերացումների վրա։ 

Սկզբունքները, որոնք նա ջատագովում է այսօր, հենց այն սկզբունքներն են, որոնք ընդունված են մեր հարևան երկրներում՝ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, իսկ այժմ ինչ-որ չափով նաև Վրաստանում։ Ստացվում է, որ հարևանների հետ ընդհանուր լեզու գտնելը ենթադրում է նաև նրանց  քաղաքական համակարգերի հետ սինխրոնիզացիա։ 

Հ․Գ․ Լիպարիտյանի հանրային գործունեության հետ կապված կա ևս մեկ կարևոր հարցադրում․ պարոն Լիպարիտյանն արդյոք 2023-ից սկսած Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների կազմում մասնակցե՞լ է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների։ Եթե այո, ապա ինչքանո՞վ է ազնիվ հրապարակային մեկնաբանություններ տալ գործընթացների վերաբերյալ, որոնցում նա ուղղակիորեն ներգրավված է եղել՝ առանց լայն հանրությանը իրազեկելու շահերի այդ ակնհայտ բախման մասին։