Գագիկ Ծառուկյանի դեպքը և խտրական արդարադատության վտանգները

Տիգրան Գրիգորյան

#DemocracyWatch — Հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց և բերման ենթարկվեց Քննչական կոմիտե։ Օրվա ընթացքում քննչական գործողություններ իրականացվեցին նաև Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրա դեմ քրեական հետապնդում է հարուցվել «առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելու», «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելու» և մի քանի այլ հոդվածներով։   

Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ պարբերաբար փոխվել են տարիների ընթացքում՝ կախված նրա քաղաքական ակտիվության մակարդակից։ 2015-ին սահմանադրական փոփոխությունների դեմ ընդդիմադիր շարժումը առաջնորդելու պատճառով նա հայտնվեց Սերժ Սարգսյանի կառավարության ճնշման տակ, ինչի արդյունքում ի վերջո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մասին։

Սա կրկնվեց 2018-ի հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատելուց, նրա հրաժարականը պահանջելուց և ընդդիմադիր շարժումներին աջակցելուց հետո Ծառուկյանը դարձավ մի քանի քրեական գործերով մեղադրյալ, այդ թվում՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, թեև հետագայում նա այդ գործով արդարացվեց։ 

Մի խոսքով, իրավապահ մարմինների ուշադրությունը Ծառուկյանի նկատմամբ մեծանում է նրա քաղաքական ակտիվացմանը զուգահեռ։ Ավելի չեզոք դիրքորոշում ընդունելու դեպքում Ծառուկյանը և խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչներ հնարավոր հանցագործներից ինքնաբերաբար վերածվում են օրինապահ գործարարների։ 

Այսպես, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Ազգային ժողով չանցնելուց և ակտիվ քաղաքական գործունեությունը սառեցնելուց հետո Ծառուկյանի հարաբերությունները կառավարության հետ բարելավվեցին։ Իշխանությունները նույնիսկ հավանություն տվեցին նրա բիզնես շահերին առնչվող մի քանի վիճահարույց նախագծերի, ներառյալ՝ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման թույլտվությանը՝ ի հեճուկս հնչեցվող բնապահպանական ու մշակութային մտահոգությունների։

Ծառուկյանը՝ նորից թիրախ

Ներկայիս զարգացումները ևս տեղավորվում են այդ տրամաբանության ներքո։ Հունիսի խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում Ծառուկյանի քաղաքական ակտիվացման ֆոնին նրա նկատմամբ կրկին քրեական հետապնդում է նախաձեռնվել։

Հարուցված քրեական գործերի բովանդակությունը թողնելով իրավաբանների վերլուծությանը՝ անհրաժեշտ է արձանագրել, որ այս իրավիճակում հերթական անգամ ականատես ենք լինում ընտրողաբար կիրառվող, քաղաքականացված արդարադատության դրսևորմանը, որի գլխավոր շարժիչ ուժը իշխանության նեղ քաղաքական շահերն են։ 

Իրավունքի գերակայության սկզբունքը խարխլվում է, երբ օրենքը կիրառվում է ընտրողաբար։ Արդյունավետ Իրավական համակարգում նույնատիպ գործողությունները պետք է առաջացնեն նույնատիպ իրավական հետևանքներ՝ անկախ անձի քաղաքական նախապատվություններից ու դիրքորոշումներից։

Ավելի լայն պատկերում այս օրինաչափությունը հիշեցնում է հետխորհրդային տարածքի այլ հիբրիդային քաղաքական համակարգերում տեղի ունեցող գործընթացները։ Օրինակ, Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահական առաջին ժամկետի ընթացքում Կրեմլը խոշոր օլիգարխների հետ ձևավորեց լուռ պայմանավորվածություն․ նրանք կարող էին պահպանել իրենց կարողություններն ու պետական ռեսուրսներին արտոնյալ հասանելիությունը, եթե չխախտեին քաղաքականությամբ չզբաղվելու պայմանը։ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հայտնի քրեական հետապնդումը դարձավ այդ չգրված համաձայնությունը խախտելու հետևանքների ամենախոսուն օրինակը։

Խոդորկովսկու գործի շուրջ բանավեճերը այդ ժամանակահատվածում երբեք չէին սահմանափակվում նրա անձնական մեղավորության կամ անմեղության թեմայով։ Քչերն էին վիճարկում, որ ռուս օլիգարխներից շատերը 1990-ականներին օգտվել էին իրավական առումով կասկածելի սեփականաշնորհման գործընթացներից ու ամենայն հավանականությամբ ներգրավված էին հակաօրինական այլ գործունեության մեջ։ Քննադատության առանցքը այն էր, որ հետապնդվում էր միայն քաղաքականապես ոչ լոյալ դերակատարը, մինչդեռ նույնանման կենսագրություններ ունեցող, բայց քաղաքականապես լոյալ մյուս օլիգարխները որևէ իրավական խնդիրների չէին առնչվում։

Արդեն իսկ կան լուրջ նախանշաններ, որ Հայաստանը գնում է այդ նույն ճանապարհով, երբ իրավական ինստիտուտները աստիճանաբար վերածվում են քաղաքական մրցակցությունը կառավարելու գործիքների՝ անաչառ արդարադատություն ապահովելու փոխարեն։

Վերջին զարգացումները խորացնում են այս մտահոգությունները։ Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ։ Թեև այդ քննությունների մանրամասները դեռևս հստակ չեն, դրանց ժամանակագրությունը համընկնում է վարչապետ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության հետ՝ ուղղված իր բնորոշած «պատերազմի եռագլուխ կուսակցության» դեմ։ 

Իհարկե, միայն ժամանակագրությունը դեռ չի ապացուցում քաղաքական շարժառիթների առկայությունը։ Սակայն երբ քրեական հետապնդումները հետևողականորեն համընկնում են տարբեր դերակատարների քաղաքական դիրքորոշումների փոփոխության հետ, դրանք անխուսափելիորեն հիմնավոր հարցեր են առաջացնում իրավապահ և դատական համակարգերի անկախության և ինքնավարության վերաբերյալ։

Ավելի լայն իմաստով այս զարգացումները հուշում են, որ Հայաստանը շարունակում է հեռանալ 2018-ի Թավշյա հեղափոխության խոստումներից և օրակարգերից։ Ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարական հաշվետվողականության ամրապնդման փոխարեն վերջին շրջանում ավելի են խորանում միտումներ, որոնք բնորոշ են վարչական ռեսուրսի, քաղաքականացված և ընտրովի արդարադատության վրա հիմնված հետխորհրդային կառավարման մոդելներին։ 

Ծառուկյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը ի ցույց է դնում նաև Հայաստանի քաղաքական համակարգի մեկ այլ լրջագույն մարտահրավեր․ երբ ընդդիմադիր դաշտը մենաշնորհի է ենթարկվում օլիգարխիկ ուժերի կողմից, այն ստեղծում է խոցելիություններ, որոնք չարաշահվում են իշխող ուժի կողմից։ Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի պարագայում ևս սա կարևոր գործոն է։ Այս իրավիճակը նաև հնարավորություն է ստեղծում իշխանությունների համար բոլոր տեսակի քննադատությունները տեղափոխել բևեռացված խոսույթի դաշտ, որտեղ սեփական բացթողումներն ու հակաիրավական գործողությունները արդարացվում կամ չեզոքացվում են առկա ընդդիմության որակներով ու անցյալով։ 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։