ԺԱՏԿ քննարկում․ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրերի արդյունքներն ու առկա խնդիրները

Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրերի միջանկյալ արդյունքներին։ Բանախոսներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկման մոդերատորը ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էր։

Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով բնակարանի վկայականներ ձեռք բերած և դրանք իրացրած անձանց թվերը։ Երկու ծրագրերով մինչև այժմ բնակարանի հարցը լուծել է մոտ 8000 արցախցի ընտանիք կամ ավելի քան 33 հազար անձ։

Անուշ Շահրամանյանը խոսեց շահառուների մոտ հաճախ հանդիպող խնդիրների մասին, որոնց մի մասը լուծվում են դատական ճանապարհով։ Այս ամենը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու որոշ բարդություններ (շահառուների՝ տարբեր փաստաթղթեր վերականգնելու անհրաժեշտությունը, անձնագրային բաժինների ծանրաբեռնվածությունն ու գործընթացի՝ խոստացածից ավելի տևելը) բերում է բնակապահովման ծրագրից օգտվելու խնդիրների։

Քննարկման երկրորդ մասում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին։