Անցած շաբաթ Ադրբեջանը ցուցադրեց զինված ուժերի զարգացման միանգամից մի քանի ուղղություն։ Իրականացվել են նոր՝ JF-17 Block III կործանիչների ուսումնական թռիչքներ, մեկնարկել են ցամաքային զորքերի լայնամասշտաբ զորավարժություններ, իսկ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները մասնակցել են Սերբիայի զինծառայողների հետ համատեղ պատրաստությանը։ Այս միջոցառումներն ամբողջության մեջ արտացոլում են Բաքվի համալիր մոտեցումը բանակի մարտունակության բարձրացմանը, որը համատեղում է վերազինումը, ինտենսիվ մարտական պատրաստությունը և միջազգային ռազմական համագործակցության ընդլայնումը։
JF-17 Block III-ի պաշտոնական ցուցադրությունը վկայում է Ադրբեջանի ՌՕՈւ կազմում չին-պակիստանյան կործանիչների լիարժեք շահագործման փուլի մեկնարկի մասին։ Հասանելի տվյալների համախումբը թույլ է տալիս եզրակացնել, որ թռիչքներն իրականացվել են «Նասոսնայա» ավիաբազայից։ Վերջին տարիներին ավիաբազայում իրականացվել է ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում, ներառյալ՝ մարտական ավիացիայի համար պաշտպանված ծածկարանների կառուցումը, ինչը վկայում է կործանիչների նոր պարկի համար մշտական բազայի նախապատրաստման և ավիացիոն խմբավորման կենսունակության բարձրացման մասին։
Հրապարակված կադրերում ֆիքսվել է 24-501 և 24-502 կողային համարներով երկու JF-17 կործանիչների շարժը։ Տվյալ տիպի ևս առնվազն երկու ինքնաթիռների քթամասերը գտնվել են ծածկարաններում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բազայում առկա է կործանիչների ավելի մեծ քանակություն, քան պաշտոնապես ցուցադրվել է։
JF-17 Block III-ը հանդիսանում է այս տիպի հարթակների ամենաժամանակակից ձևափոխումը (մոդիֆիկացիան)։ Շուրջ 4,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը նախատեսում է 40 ինքնաթիռի մատակարարում և հանդիսանում է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն արտահանման գործարքը։
Չնայած չինական WS-13 շարժիչին անցնելու ծրագրերին՝ ադրբեջանական JF-17-ները, ըստ եղած տվյալների, շարունակում են համալրվել ռուսական ՌԴ-93 (РД-93) շարժիչներով։ Սա նշանակում է, որ ծրագրի կախվածությունը ռուսական բաղադրիչներից պահպանվում է՝ չնայած ինքնաթիռի չին-պակիստանյան ծագմանը։
JF-17-ի ընտրությունն արտացոլում է մարտական ավիացիայի գնումների նկատմամբ Բաքվի մոտեցումների փոփոխությունը։ Բացի մարտավարատեխնիկական բնութագրերից, որոշիչ դեր են խաղացել հասանելիությունը, շահագործման համեմատաբար ցածր արժեքը և պայմանագրի ժամանակին կատարումն ապահովելու մատակարարի պատրաստակամությունը։
Ոչ պակաս կարևոր տարր է մնում ցամաքային զորքերի մարտունակության պահպանումը՝ կանոնավոր օպերատիվ և համազորային զորավարժությունների միջոցով։
Հուլիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց ցամաքային զորքերի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին։
Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին օպերատիվ ծավալման ամբողջական փուլը՝ տեխնիկայի դուրսբերումը մշտական տեղակայման վայրերից, տեղափոխումը երկաթուղային շարժակազմերով և ծանր քարշակներով, ծավալումը նշանակված շրջաններում և անցումը զորավարժությունների ակտիվ փուլին՝ մարտական հրաձգության իրականացմամբ։
Մանևրներում ներգրավված են Տ-72 և Տ-90 տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, քարշակվող հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Հատուկ ուշադրություն է դարձվում գրոհային ստորաբաժանումների գործողություններին, հարձակողական գործողությունների վարմանը, խրամատային համակարգերի հաղթահարմանը, քաղաքային կառուցապատման մաքրմանը (զտմանը) և ցերեկային ու գիշերային ժամերին անընդհատ մարտական գործողությունների կազմակերպմանը։
Նման ձևաչափը վկայում է այն մասին, որ խոշոր մեխանիզացված միավորումների մասնակցությամբ բարձր ինտենսիվության համազորային գործողությունների նախապատրաստումը շարունակում է առաջնահերթություն մնալ։ Նման զորավարժությունները թույլ են տալիս միաժամանակ ստուգել զորքերի կառավարման համակարգը, տարբեր զորատեսակների փոխգործակցությունը, լոգիստիկան, ուժերի ռազմավարական տեղափոխումը և խոշոր խմբավորումների գործողությունները համակարգելու հրամանատարության կարողությունը։
Բացի զորքերի ներքին պատրաստությունից, Ադրբեջանը հետևողականորեն ընդլայնում է նաև գործնական ռազմական համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները և Սերբիայի զինված ուժերի 63-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացրել դաշտային պայմաններում գոյատևման և ինքնուրույն գործողությունների թեմայով։ Ծրագիրը ներառում է գաղտնի տեղաշարժ, ժամանակավոր կացարանների կառուցում, սննդի հայթայթում, ջրի հավաքում և մաքրում, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերում։ Զորավարժություններին այցելել է Սերբիայի Գլխավոր շտաբի պետը՝ դրական գնահատելով ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։
Չնայած նման միջոցառումներն ունեն սահմանափակ մասշտաբ, դրանք արտացոլում են երկկողմ ռազմական համագործակցության կայուն զարգացումը և երկու երկրների էլիտար ստորաբաժանումների միջև շփումների աճը։ 2025 թվականի մայիսին ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն ադրբեջանական հրաձգարաններում արդեն իսկ անցկացրել էին մարտական պատրաստության պարապմունքներ սերբ զինծառայողների համար՝ կիրառելով թուրքական մեթոդիկան և սեփական փորձը։
Սերբիայի հետ համագործակցության զարգացումը ցույց է տալիս Ադրբեջանի ձգտումը՝ դիվերսիֆիկացնել միջազգային ռազմական կապերը ոչ միայն Թուրքիայի և Պակիստանի հետ դաշնակցության, այլև եվրոպական պետությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով։
2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ անցկացրել են մի շարք լայնամասշտաբ համատեղ զորավարժություններ։ Այս պահի դրությամբ կողմերն անցկացրել են առնվազն 6 խոշոր միջոցառում (ներառյալ բազմազգ ձևաչափերը)։ Դրանց թվում են՝ ծայրահեղ պայմաններում մարտական գործողությունների մոդելավորման համար համակարգչային սիմուլյատորների կիրառմամբ «Անսասան եղբայրություն — 2026» ձմեռային զորավարժությունները, «ԹուրԱդ Արծիվ — 2026» մարտավարական-թռիչքային զորավարժությունները, գումարտակի մարտավարական խմբի մակարդակով անցկացված «Հեյդար Ալիև — 2026» զորավարժությունները, ինչպես նաև «EFES-2026» լայնածավալ միջազգային զորախաղերը, «Անատոլիական արծիվ — 2026» թռիչքային-մարտավարական և հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ — 2026» վարժանքները։
Տարվա երկրորդ կեսին Բաքուն ու Անկարան, հավանաբար, կանցկացնեն ևս մի քանի խոշոր զորավարժություններ։
Այս ֆոնին զգալիորեն տարբերվում են Հայաստանի զինված ուժերի պատրաստության մոտեցումները։ Չնայած բանակի շարունակվող բարեփոխումներին և Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Հունաստանի ու մի շարք այլ պետությունների հետ համագործակցության զարգացմանը՝ Երևանի հիմնական ուշադրությունը նախկինի պես կենտրոնացած է առանձին ստորաբաժանումների պատրաստության, շտաբային միջոցառումների և մարտավարական մակարդակի զորավարժությունների վրա։ Լայնամասշտաբ համազորային զորավարժություններ՝ մի քանի զորատեսակների, խոշոր մեխանիզացված միավորումների միաժամանակյա ներգրավմամբ և ուժերի տեղափոխմամբ, գրեթե չեն անցկացվում, ինչը սահմանափակում է զորքերի կառավարման համակարգի և փոխգործակցության համալիր ստուգման հնարավորությունները։
Հայաստանն առայժմ կենտրոնացած է գերազանցապես կառուցվածքային փոփոխությունների, սպառազինության գնման և առանձին ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացման վրա։ Սակայն, առանց խոշոր օպերատիվ մանևրների ընթացքում զորքերի կառավարման ամբողջ համակարգի և միջզորատեսակային փոփոխությունների կանոնավոր ստուգման, այս վերափոխումների ներուժն անխուսափելիորեն կիրացվի միայն մասնակիորեն։
Օպերատիվ և օպերատիվ-մարտավարական զորավարժությունները թույլ են տալիս ստուգել բանակի՝ որպես մեկ միասնական համակարգի գործելու ունակությունը՝ հետախուզությունից ու կառավարումից մինչև լոգիստիկա և ինժեներական ապահովում։ Ուստի կանոնավոր համաբանակային զորավարժությունների բացակայությունը մնում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների գործընթացի ամենից նկատելի սահմանափակումներից մեկը։
Չի կարելի բացառել, որ մարտական պատրաստության բնույթի վրա ազդող գործոններից մեկը շարունակում է մնալ նաև քաղաքական համատեքստը։ Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն խուսափում է քայլերից, որոնք հարևան պետությունները կարող են մեկնաբանել որպես էսկալացիայի նախապատրաստություն։ Այս տրամաբանության մեջ լայնամասշտաբ համազորային զորավարժությունների անցկացումը կարող է դիտարկվել նաև որպես քաղաքական խնդիր, որն ընդունակ է անցանկալի արձագանք հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Հոդվածը նախապես հրապարակվել է Սիվիլնեթում։