Տիգրան Գրիգորյան
#DemocracyWatch — Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդած տարին աչքի էր ընկնում երկրում հակաժողովրդավարական միտումների շեշտակի խորացմամբ։ Իշխող ուժը, օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող պետական լծակները, թիրախավորում էր տարբեր ընդդիմախոսների, իրավապահ և դատական համակարգերը գործիքայնացնում էր նեղ քաղաքական օրակարգեր սպասարկելու համար, ակտիվ կիրառում էր ընտրովի արդարադատություն։
Այդ ողջ ընթացքում Democracy Watch նախաձեռնության միջոցով մենք փորձում էինք ուշադրություն սևեռել այս խնդիրների վրա, կազմակերպում էինք նաև այս թեմաներին նվիրված քննարկումներ, մի շարք այլ գործընկեր կազմակերպությունների հետ միասին տարածում էինք այս քայլերը դատապարտող հայտարարություններ՝ կոչ անելով պահպանել օրենքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական նորմերն ու ընթացակարգերը։
Քաղաքացիական հասարակության որոշ դերակատարներ արդարացնում էին իշխանության այս գործելաոճը` հիմնավորելով դա նրանով, որ այս հակաիրավական քայլերը կիրառվում են հակաժողովրդավարական կամ ռուսամետ դերակատարների դեմ։ Նրանցից որոշները բաց տեքստով նշում էին, որ նույնիսկ եթե ապացույցներ չկան, որ տարբեր դերակատարներ Ռուսաստանի ազդեցությա տակ են, նրանց դեմ կարելի է հակասահմանադրական գործիքակազմ կիրառել, քանի որ Հայաստանը իրավական գործիքակազմով արտաքին միջամտությանը հակազդելու կարողություններ չունի։
Այս ողջ ընթացքում մենք մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ զգուշացնում էինք, որ տվյալ մոտեցումը չափազանց վտանգավոր է, պնդում էինք, որ ժողովրդավարական սկզբունքներն ու ընթացակարգերը պետք է պահպանվեն՝ անկախ դերակատարներից։
Մեր գլխավոր մտավախությունն ու զգուշացումն այն էր, որ այս գործելաոճի հանդուրժումը հայաստանյան և միջազգային տարբեր դերակատարների կողմից պարզապես նորմալացնելու և լեգիտիմացնելու է հակաժողովրդավարական և հակասամանադրական գործիքակազմի կիրառումը կառավարության կողմից։ Եվ եթե տվյալ փուլում այդ գործիքակազմը օգտագործվում է տարբեր դերակատարների դեմ, որոնք կարող են ընկալվել որպես ռուսամետ կամ հակաժողովրդավարական, ապա վաղը այն կամայականորեն կիրառվելու է իշխանության բոլոր քննադատների դեմ՝ անկախ նրանց հայացքներից և այս կամ այն ուժի հետ կապից։
Այս մտավախություններն ու զգուշացումները կյանքի կոչվեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց և երկու ամսով կալանավորվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային բանավեճից հետո։ Այդ միջադեպի և դրան հաջորդած քրեական գործի մասին կարող եք կարդալ Democracy Watcհ-ի շրջանակում գրված մեր նախորդ հոդվածում։
Հայաստանի իրավապաշտպան համայնքում և նույնիսկ մասնատված քաղաքացիական հասարակությունում կա միաձայնություն, որ Օսիպյանի դեմ հարցուցված քրեական գործն անհիմն է, հանցակազմ չի պարունակում և քաղաքական դրդապատճառներ ունի։ Վերջին շաբաթների ընթացքում քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ հայտարարություններ, նամակներ և երաշխավորագրեր են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Օսիպյանին։ Այս ճնշման արդյունքում հունիսի 10-ին Օսիպյանի խափանման միջոցը փոփոխվեց և նա ազատության մեջ հայտնվեց։
Օսիպյանը, ի հեճուկս Փաշինյանի մեղադրանքների, որ նա «ղարաբաղյան պսևդոէլիտայի» մաս է, երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել, կապ չունի Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունների հետ, որևէ առնչություն չունի նաև Ռուսաստանի հետ։ Ավելին, երբ նա Լեռնային Ղարաբաղում էր, բողոքի ցույցեր էր կազմակերպում ռուսական խաղաղապահ առաքելության դեմ։ Սա հենց այն դեպքն է, երբ քաղաքականացված արդարադատությունը կիրառվում է արդեն ոչ միայն նախկին իշխանությունների և Ռուսաստանի հետ ասոցացվող դերակատարների, այլև իշխանության այլ քննադատների դեմ։
Եվ սա ընդամենը մեկուսի մտահոգիչ դրվագ չէ, ոչ էլ պատահական անախորժություն։ Սա Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող գործընթացների տրամաբանական և անխուսափելի հետևանքն է։ Որևէ իշխանություն, որը ժողովրդավարական հաշվետվողականության չի ենթարկվում, վաղ թե ուշ բռնում է ժողովրդավարական հետընթացի ճանապարհը։
Հատկանշական է, որ նույնիսկ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով հարուցված այս քրեական հետապնդումը որևէ լուրջ միջազգային հրապարակային արձագանքի պատճառ չի դարձել։ Այս հանգամանքը ևս շարժառիթներ է ստեղծում իշխող ուժի մոտ շարունակելու առաջ շարժվել այս գործելաոճով։
Արթուր Օսիպյանի դեպքի հետ կապված միակ դրական հանգամանքն այն է, որ այդ գործն առնվազն ժամանակավորապես միավորել է Հայաստանի մասնատված քաղաքացիական հասարակությունը։ Բազմաթիվ կազմակերպություններ և գործիչներ, որոնք տարբեր այլ հարցերով լուրջ տարաձայնություններ ունեն, համատեղել էին ջանքերը Օսիպյանի ապօրինի կալանավորումը դադարեցնելու համար։ Այս ջանքերը ստացել էին ստորագրահաավաքների, միջազգային ատյաններ նամակների և հրապարակային քննադատության տեսք։ Քաղաքացիական հասարակության այս իրավիճակային համախմբումը որոշիչ դեր ունեցավ Օսիպյանի ազատ արձակման հարցում և ցույց տվեց, որ վերջին տարիների ճգնաժամի ֆոնին այն, ցանկության դեպքում, կարող է լուրջ հակակշիռ լինել իշխանական կամայականությանն ու հակաժողովրդավարական գործելաոճին։
Սակայն կա լուրջ վտանգ, որ Օսիպյանի գործով պայմանավորված այս համախմբումը պարզապես փոքր դրվագ է ավելի լայն պատկերին։ Եթե տարբեր դերակատարներ շարունակեն արձագանքել տեղի ունեցող խնդրահարույց զարգացումներին և իշխանության չարաշահման դեպքերին անձնական նախապատվություններից ու նախասիրություններից ելնելով, ապա մենք գալիք տարիներին անխուսափելիորեն կունենանք նոր Արթուր Օսիպյաններ։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։