Էկրանապատկերում՝ Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի բանավեճը։
Տիգրան Գրիգորյան, Հայկ Խանումյան
#DemocracyWatch — Հայաստանում նախընտրական շրջանը աչքի է ընկնում քաղաքական բևեռացման նոր մակարդակով, որն ուղեկցվում է վիրավորանքներով, ատելության խոսքով և իշխանության քննադատների դեմ իրավապահ մարմինների գործողություններով։
Մայիսի 14-ին Երևանի թաղամասերից մեկում հանդիպման ժամանակ նախկին նախագահ, Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով Նիկոլ Փաշինյանի՝ «ազգային ինքնության և եկեղեցու դեմ հարձակումները», վիրավորեց ՔՊ առաջնորդին․ «Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ ժողովրդին»։ Սրան հաջորդեց վարչապետ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Քոչարյանին վիրավորելու արշավը։ Սակայն հետագա օրերը ցույց տվեցին, որ վիրավորանքի թիրախը ոչ միայն քաղաքական մրցակիցներն են։
Քարոզարշավի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաճախ էր վիրավորում իր քննադատներին՝ նրանց նկատմամբ նաև ատելություն գեներացնելով։ Հատկանշական է մայիսի 18-ի դեպքը, երբ վարչապետը քարոզարշավ էր անում Երևանի Արաբկիր թաղամասում։ Նրան մոտեցած բժշկուհի Արփինե Սողոյանը վարչապետին մեղադրեց 2020-ի պատերազմի կառավարումը տապալելու և հազարավոր զոհեր պատճառելու, հայրենիքի կորստի մեջ։ Սողոյանը նշեց, որ իր եղբայրը ևս՝ բարձրաստիճան սպա, համարվում է անհետ կորած։ Նա Փաշինյանին մեղադրեց նաև պետությունը քանդելու մեջ։
Այս քննադատությունը բորբոքեց Փաշինյանին, նա կնոջը նույնացրեց ընդդիմադիր ուժերի հետ, սկսեց գոռգոռալ նրա վրա, որ «դուք փորձեցիք մեզ կզացնել», բայց ինքը «կզացնելու ու սատկացնելու է Ռոբին, Սերժին, Կալուգացուն և Գագոյին»՝ նկատի ունենալով նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։
Բժշկուհու՝ Փաշինյանին ուղղված երկիրը քանդելու քննադատությանը վերջինիս հակադարձեց․ «Դուք եք քանդել, դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք»: Կինը Արցախից բռնի տեղահանված չէր, այլ մի քանի տասնամյակ Երևանի այդ թաղամասի բնակիչ, որտեղ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում։
Փաշինյանը նաև բարկացավ, թե ՀՀ վարչապետի հետ կարելի՞ է այդպես խոսել․ «Ինքը Ղարաբաղի որևէ, ասենք, վարչության պետի տեղակալի տեղակալի տեղակալի տեղակալի հետ կարա՞ր տենց խոսար, կտանեին կսատկացնեին, կտանեին Պողոս Պողոսյան կանեին… [Պողոս Պողոսյանը 2001-ին սպանվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից ծեծի հետևանքով — հեղինակի կողմից]: Հերիք էղավ, բոլ էղավ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, թե անհետ կորածի քույրը պետք է շնորհակալություն հայտնի, որ իրեն զուգարանում չեն սպանել:
Կնոջ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն Արփինե Սողոյանին նաև անվանեց «ողորմելի»՝ հեռացող կնոջը ձեռքերով իր կողմ քաշեց և սկսեց բղավելով ներկայացնել իր փաստարկները։
Թիկնազորով շրջապատված վարչապետի կողմից իշխանական դիրքի օգտագործմամբ քաղաքացուն վիրավորանքը, նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը խախտելը, հեռացող կնոջը ձեռքերով քաշքշելը, նրա վրա գոռգոռալը քաղաքացու նկատմամբ ուժի ցուցադրական կիրառում է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի [և առհասարակ] էթիկայի տարրական նորմերին։
Այս միջադեպը նաև փախստականների դեմ ամենաբարձր մակարդակով ատելության խոսքի տարածման, նրանց թիրախավորող կարծրատիպերի լեիգիտիմացման հերթական դրվագն է։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ ասոցացվող դերակատարների այսպիսի պահվածքը համակարգային բնույթ է ստացել նախընտրական փուլում, ինչը փաստագրվել է վերջին ամիսներին ԺԱՏԿ կողմից հրապարկված երկու զեկույցում (մարտի զեկույցը; ապրիլի զեկույցը)։
Արթուր Օսիպյանի դեպքը․ ատելության խոսք և իրավապահ համակարգի գործիքայնացում
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը արցախցիների դեմ ատելություն գեներացրեց մեկ այլ նախընտրական հանդիպման ընթացքում, երբ նույն թաղամասում նրան մոտեցավ արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը, որը Փաշինյանին մեղադրեց Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին պաշտպանելու համար։ Օսիպյանը նշեց, որ ինքը պայքարում էր Արցախում կոռուպցիայի դեմ, ապօրինությունների դեմ, իսկ Փաշինյանը պաշտպանում էր ապօրինություններ կատարող պաշտոնյաներին և չի հակազդել Արայիկ Հարությունյանի կողմից, իր խոսքով, 2020-ի ընտրություններին ընտրակաշառքի բաժանելուն։
Օսիպյանը Փաշինյանին հարցեր տվեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից՝ վերջնականապես նրան հանելով հունից։ «Էկել են մատ թափ տալով [խոսում են] էս Ղարաբաղի պսևդոէլիտաները: Ռադներդ քաշեք, արա։ Ընդհանրապես, ո՞վ եք դուք, արա, «Արթուր Օսիպյանն եմ»։ Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում, այ տականք, ինչի՞ ես կենդանի»:
Այնուհետև, Փաշինյանը առանձին տեսանյութով մեկնաբանեց Արթուր Օսիպյանի՝ մինչ իրեն հանդիպելը արած ֆեյսբուքյան գրառումը։ Օսիպյանը գրառման մեջ նշել էր․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։ Արձագանքելով այդ գրառմանը՝ Փաշինյանն անցավ վիրավորանքների՝ թիրախավորելով ոչ միայն Օսիպյանին, այլև «խրամատում չզոհված Ղարաբաղից Երևան եկածներին»։
«Հլը տականքին նայի, հլա էս ստահակներին, ասենք եկել են այստեղ ի՞նչ են անում, արա՛, ա՛յ, ստահակ, բացատրի՝ դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել, ա՛յ ստահակ, եկե՞լ ես Երևան դվիժենիներ անելու, ուրեմն, դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրենց Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, նախարար հորջորջվող չգիտեմ, ասում եմ՝ վեր ընկեք տեղներդ, դուք այստեղ անելու բան չունեք, քանի դեռ խելոք չեք մտել Հայաստանի քաղաքացիների տրամաբանության մեջ ․․․ որ հիմա թողեինք բմբուլները քամուն տային, մեծ կտոր ականջը կմնար, ասելու են՝ սխալ եք անում։ Լակոտ, ոտի տակ չընկնես, և լակոտներ ոտի տակ չընկնեք: Ինչքա՞ն կարող ա մեր համեստությունը չարաշահեն, ժողովուրդն էլ գիտի, թե մենք էլ օլո՞ւխ ենք, արա»։
Փաշինյանի նման բառապաշարը ոչ միայն էթիկապես անընդունելի է և հարվածում է պետական ինստիտուտների հեղինակությանը, նպաստում է քաղաքական դաշտի խորը բևեռացմանը, այլև թիրախավորում է բռնի տեղահանված անձանց՝ նրանց դեմ հանրային ատելություն բորբոքելով։ Պատերազմ և բռնի տեղահանություն վերապրած քաղաքացուն ողջ մնալու մեջ մեղադրելը բարոյական և մարդասիրական տեսնակյունից որևէ արդարացում չունի։ Սա կարող է ստեղծել մթնոլորտ, որտեղ պատերազմից ողջ մնացածները թիրախավորվեն կամ մեղավոր զգան պարզապես ապրելու համար։
Հատկանշական է, որ Արթուր Օսիպյանը 2018-ից հետո ընդդիմադիր գործունեությամբ էր զբաղվում Արցախում և իշխող էլիտայի մաս չի եղել։
Օսիպյանի հասցեին Փաշինյանին հրապարակային սպառնալիքներից և վիրավորանքներից քիչ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալեց նրան։ Քննչական կոմիտեն Օսիպյանին մեղադրանք առաջադրեց միանգամից երեք հոդվածներով՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Մայիսի 21-ին Արթուր Օսիպյանը կալանավորվեց երկու ամսով։ Նա քրեական հետապնդման է ենթարկվել վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով ՀՀ իրավապահ մարմինների անհամաչափ ու կողմնակալ արձագանքը այս միջադեպին։ Հայատարարության մեջ նշվում է, որ Օսիպյանի քրեական հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է, անօրինական և ընտրությունների նախաշեմին քննադատական խոսքը լռեցնելուն ուղղված։
Ուշագրավ է նաև, որ այդ միջադեպի օրը Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր «կզացնել» և «սատկացնել» իր քաղաքական հակառակորդներին, ինչը սակայն իրավապահների ուշադրությունը չէր գրավել։
Արթուր Օսիպյանի՝ վարչապետին քննադատելու համար րոպեներ անց անազատության մեջ հայտնվելը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում առկա մտահոգիչ միտումները։ Այս միջադեպը կարող է հանրության մեջ վախի մթնոլորտ սերմանել՝ դրդելով մարդկանց խուսափել իրենց կարծիքը հայտնելուց և իշխանությունների նկատմամբ հրապապարակային քննադատություն հնչեցնելուց։
Միջադեպը նաև իրավապահ համակարգի քաղաքականացման և գործիքայնացման հերթական դրվագն է, երբ օրինականությունը պահպանելու կոչված մարմինները վերածվում են իշխանության քմահաճույքով աշխատող պատժիչ գործիքի։
Փաշինյանի «դուք այստեղ անելու բան չունեք, քանի դեռ խելոք չեք մտել Հայաստանի քաղաքացիների տրամաբանության մեջ» խոսքերը պետական մակարդակով արցախցիներին թիրախավորելու օրինակ են։ Պատերազմ և բռնի տեղահանում տեսած բնակչությանը «տեղները վեր ընկնելու» կոչ անելը և նրանց քաղաքական ու հանրային ակտիվությունը «Երևանում դվիժենիներ անել» որակելը ամենաբարձր մակարդակով ատելության խոսքի տարածում է։ Նման խոսույթը ստեղծում է տպավորություն, որ արցախցիները Հայաստանում ունեն երկրորդական կարգավիճակ և իրավունք չունեն քննադատել իշխանություններին։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։