Մայիսի 28-ին տեղի ունեցավ Հանրապետության օրվան (Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը) նվիրված ռազմաշքերթ, որի ընթացքում ի ցույց դրվեց Հայաստանի կողմից վերջին տարիներին տարբեր երկրներից ձեռք բերված նոր սպառազինությունը։ Ցուցադրված սպառազինության մի մասի ձեռքբերման մասին նեղ փորձագիտական շրջանակները տեղյակ էին, բայց ռազմաշքերթի ընթացքում ցուցադրվեցին նաև նոր զինատեսակներ, որոնց առկայության մասին նախկինում հրապարակային տեղեկություններ չկային։Ռազմաշքերթում ցուցադրված տեխնիկայի ու սպառազինության, հայաստանյան համատեքստում դրանց կիրառելիության թեման առանձին վերլուծության առարկա է։ Սակայն գլխավոր տեսանկյունը, որից պետք է դիտարկել տեղի ունեցած շքերթը, ակնհայտորեն նախընտրականն է։
Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ հինգ խոշոր ռազմաշքերթ է կազմակերպվել, որոնք հիմնականում նվիրված էին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձներին՝ 1996-ին, 1999-ին, 2006-ին, 2011-ին և 2016-ին։ Այդ բոլոր ռազմաշքերթները տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանի պատմության մեջ երբևէ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, ռազմատեխնիկայի ցուցադրմամբ խոշոր ռազմաշքերթներ չէին կազմակերպվել։
Այդ առումով մայիսի 28-ին ռազմաշքերթի անցկացման վերաբերյալ որոշումը կարող է բացատրվել միայն ընտրությունների գործոնով։ Հայաստանի իշխանությունները ընտրությունների շեմին ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ ցանկանում են հանրությանը ապացուցել, որ վերջին տարիներին բավականաչափ քայլեր են ձեռնարկվել զինված ուժերի կարողությունները վերականգնելու համար։ Ուշագրավ է, որ ռազմաշքթերից առաջ Կառավարության որոշմամբ փոփոխվել էր նաև բանակի զինանշանը։ Դրա վրա հայտնվել է Հայաստանի քարտեզը ճիշտ այն գույնով (նարնջագույն), որով այն օգտագործվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նախընտրական քարոզորշավի ընթացքում։ Փաշինյանի կողմից ընտրարշավի ընթացքում օգտագործվող քարտեզներին դիզայնով քարտեզները ընտրական փորձագետների կողմից քարոզչանյութ են համարվում, իսկ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից դրա տարածումը կամ օգտագործումը՝ վարչական ռեսուրսի չարաշահում։ Զինված ուժերի օգտագործումը ներքաղաքական քարոզչության նպատակներով, սակայն, այս ռազմաշքերթով չի մեկնարկել։ Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարությունը լրագրողների, փորձագետների և այլ քաղաքացիների խմբերի այցեր էր կազմակերպում հայ-ադբեջանական սահմանի այն հատվածներ, որտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվել։ Ինչ-որ փուլից տարբեր խմբերի այցեր սկսեցին կազմակերպվել նաև նոր ռազմատեխնիկայի տեղակայման վայրեր։ Այս այցերի նպատակը նաև այն էր, որ ընտրություններից առաջ տեղեկատվական ֆոն ստեղծվի, որ կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Բայց եթե այդ ժամանակահատվածում դեռ կարելի էր վերապահումներով մտածել, որ կառավարությունը այդ այցերի կազմակերպման միջոցով ցանկանում է նաև կատարված աշխատանքի առումով հաշվետու լինել հասարակությանը, ապա ընտրություններից 10 օր առաջ ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ խոշոր զորահանդեսի կազմակերպումը այլ բացատրությունների համար տեղիք չի թողնում։
2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում արձանագրված ամենալուրջ խախտումները հիմնականում առնչվում են կամ ընտրակաշառքի բաժանման կամ էլ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին։ Այդ առումով տեղի ունեցած ռազմաշքերթը կարելի է համարել մինչ այժմ նախընտրական փուլում վարչական ռեսուրսի ամենախոշոր կիրառումը և պետք է արձանագրվի որպես այդպիսին նաև դիտորդական կազմակերպությունների կողմից։
Բայց վարչական ռեսուրսի չարաշահումն ու պետական ռեսուրսներով ընտրողների վրա ազդեցությունը ռազմաշքերթի հետ կապված ամենախնդրահարույց հանգամանքը չէ։ Իշխանությունների այս գործելաոճը կարող է շատ ավելի լուրջ մարտահրավեր դառնալ Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում։ Կայացած ժողովրդավարություններում զինված ուժերի և անվտանգային այլ կառույցների քաղաքական չեզոքությունը պետական կառավարման կարևորագույն հիմնասյուներից է։Այս սկզբունքը առանցքային նշանակություն ունի ինչպես ժողովրդավարական կայունության պահպանման, այնպես էլ արհեստավարժ, կշռադատված և պատասխանատու արտաքին և անվտանգային քաղաքականություն վարելու տեսանկյունից։Քաղաքագետներ Ալան Սթամը և Դան Ռայթերը իրենց «Ժողովրդավարությունները պատերազմելիս» (Democracies at War) գրքում այդ թվում նաև այս գործոնով են բացատրում հանգամանքը, որ համեմատ այլ քաղաքական ռեժիմների՝ կայացած կամ կոնսոլիդացված ժողովրդավարությունները շատ ավելի արդյունավետ են ինչպես այն պատերազմներում, որոնք իրենք են նախաձեռնում, այնպես էլ հարձակման ենթարկվելու դեպքում։ Հիմնական պատճառն այն է, որ կայացած ժողովրդավարությունները շատ ավելի զգուշավոր ու մանրակրկիտ հաշվարկներ են անում պատերազմների մեջ ներգրավվելու հարցում։ Ավելին, չքաղաքականացված բանակներում կադրային քաղաքականությունը գլխավորապես հիմնված է լինում պրոֆեսիոնալիզմի, այլ ոչ թե լոյալության սկզբունքի վրա։ Հայաստանի նորագություն պատմությունը ևս կարևոր դասեր է պարունակում այն մասին, թե ինչպիսի վտանգներով է լի զինված ուժերի քաղաքականացումը, բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին։ Այդ առումով զինված ուժերի այսպիսի ակներև օգտագործումը իշխող ուժի նախընտրական քարոզչության նպատակներով կարելի է երկրում ժողովրդավարական տեսանելի հետընթացի հերթական դրսևորումը համարել։
Իշխող ուժին սպասարկող քարոզչական թիմը սույն հոդվածում արտահայտված քննադատությունը կփորձի ներկայացնել որպես դժգոհություն սպառազինությունների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ կամ հակակրանքի դրսևորում զինված ուժերի նկատմամբ։
Նախ, արձանագրենք, որ քարոզչական այս պատումները գրեթե նույնական են Հայաստանի նախահեղափոխական իշխանությունների կողմից ժամանակին օգտագործվող պատումներին, երբ բանակի թեման տաբուացված էր, իսկ զինված ուժերի վերաբերյալ որևէ քննադատություն ներկայացվում էր որպես սադրանք Հայաստանի անվտանգության դեմ։ Այս մոտեցումը աղետալի հետևանքներ է ունեցել։ Բացի այդ, բանակի նկատմամբ իրական հակակրանքի դրսևորումը այն է, երբ կառույցը, որի գլխավոր առաքելությունը երկրի անվտանգության, ինքնիշխանության և քաղաքացիների անվտանգության ապահովումն է, վերածվում է մեկ քաղաքական ուժի համար օգտագործվող հասարակ քարոզչական գործիքի։
Հոդվածը նախապես տպագրվել էր Սիվիլնեթում։
Տիգրան Գրիգորյան