Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների խնդիրները և որոշ լուծումներ
10․02․2026
Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված հիմնական երկարաժամկետ աջակցության ծրագիրը բնակապահովման ծրագիրն է, ինչը ենթադրում է աջակցել ընտանիքներին կացարան ձեռք բերել։ Աջակցության չափը տատանվում է ընտանիքի անդամի հաշվով 2-5 միլիոն դրամի միջև։ Ծրագրի շահառու դառնալու հիմնական պահանջներից է ՀՀ նոր քաղաքացիություն ընդունելը։ Հոդվածի նպատակը չէ քննարկել, թե ինչու՞ ՀՀ քաղաքացի համարվող Արցախի բնակիչները կառավարության մեկ որոշումով սկսեցին չհամարվել ՀՀ քաղաքացի և նրանց ուղղորդեցին կրկին քաղաքացիություն վերցնելու։ Սակայն այս գործընթացում առաջանում են բազմաթիվ խութեր, որոնք հաճախ չեն հանրայնացվում և սովորաբար մնում են քաղաքացի-զինկոմիսարիատ-ՀՀ ՊՆ զինվորական արխիվ շրջանակի մեջ։
2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակումն Արցախի դեմ բերեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարմանը։ Այդ պահին ՊԲ-ում ծառայող բոլոր զինծառայողները, այդ թվում պարտադիր ժամկետով զորակոչվածները, զորացրվեցին։ Պարտադիր զորակոչիկները 2-22 ամսվա զինծառայողներ էին, սակայն զորացրվեցին միաժամանակ։ Նրանցից շատերն Արցախից տեղահանվելու ժամանակ անվտանգային նկատառումներով ոչնչացրին իրենց զինգրքույկները։ Այսօր մինչև 35 տարեկան այլ պահեստազորայիններ ևս, տարբեր պատճառներով, իրենց մոտ չունեն զինվորական գրքույկ՝ կամ ոչնչացրել են, կամ չեն կարողացել վերցնել (Արցախի որոշ բնակավայրեր գրավվել են թշնամու կողմից բավավականին արագ, որոշ գյուղերի բնակիչներ ոտքով են կարողացել անցնել դեռևս թշնամու կողմից չվերահսկվող տարածքներ)։ Այս և նմանատիպ իրավիճակներում հայտնված արական սեռի քաղաքացիները քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպում են խոչընդոտների։ Որոշակի տարիքի արական սեռի քաղաքացու համար հաշվառման վայրի զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելը պարտադիր է նոր անձնագիր ստանալու գործընթացում։ Սակայն զինվորական գրքույկ չունեցող քաղաքացիները զինկոմիսարիատներում կանգնում են խնդիրների առջև, մինչև 35 տարեկան անձանց առաջարկվում է կրկին պարտադիր զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում։ Սա բերում է քաղաքացիություն ստանալուց խուսափելուն, ինչն էլ հանգեցնում է ծանր սոցիալական հետևանքների բնակապահովման ծրագրից օգտվելու պատրաստ ընտանիքի համար։
Մեկ այլ խնդիր է ՊԲ-ում ծառայած և Հայաստանում զինվորական թոշակի անցնող պայմանագրային զինծառայողների արդար թոշակի հարցը։ Սովորաբար, զինվորական թոշակառուները ստանում են լրավճար մարտական հերթապահության օրերի հաշվարկով։ Սակայն հիմա Պաշտպանության նախարարությունը զանգվածաբար կտրում է մարտական հերթապահության համար տրվող լրավճարը՝ թոշակի անցած պայմանագրայիններին (շարքային և սպայական անձնակազմ) պատճառաբանելով, որ չունի նրանց մարտական հերթապահության անցած լինելու մասին ապացույցներ։ Ի դեպ, ՊԲ զինծառայող ասելով նկատի չունենք զինծառայողի ծագումը, խոսքը վերաբերվում է Արցախի Պաշտպանության բանակում ծառայած զինծառայողներին՝ անկախ ծննդյան կամ գրանցման վայրից։ Սա բերում է պետության նկատմամբ վստահության անկման։
Հաջորդ կարևոր կետը պատերազմով անցած զինվորականների նկատմամբ հատուկ վերաբերմունքնի բացակայությունն է։ Ծանր պատերազմներով անցած, պարտված ու կոտրված զինծառայողները կարիք ունեն հատուկ հոգեբանական ծրագրերի և հասարակության մեջ ինտեգրման։ Ավելին, զինվորականները թոշակի կարող են անցնել 20 տարի ծառայությունից հետո, սա նշանակում է, որ թոշակառուների տարիքը կարող է սկսել 38-ից։ Այսինքն, մենք ունենում ենք անըդնհատ լարված վիճակում գործած, ֆորսմաժորներով և էսկալացիաներով անցած, ուժերի ծաղկման շրջանում գտնվող մեծաքանակ մի խումբ, որին թողնում ենք մենակ՝ տրամադրելով ընդամենը զինվորական թոշակ։ Սա մեծ շռայլություն է մեզ պես ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներում։ Սա հատկապես անարդար է պատերազմով անցած զինծառայողների նկատմամբ։
Վերոշարադրյալ խնդիրների լուծման համար կարևոր է պետական համակարգում արագ արձագանքը և խնդիրների արագ լուծումը։ Բնականաբար այս խնդիրների փաթեթը կարգավորելու ամենամեծ հնարավորությունն ունի պաշտպանության նախարարությունը՝ թե համապատասխան նորմատիվ ակտերի ստեղծումը նախաձեռնելու, թե գործնական կիրառման տեսանկյունից։
Մասնավորապես, ստեղծել հատուկ ներգերատեսչական հանձնաժողով, զինգրքույկ չունեցող նախկին ՊԲ զինծառայողների խնդիրները լուծելու, նրանց զինվորական գրքույկները վերականգնելու համար։ Այդ հանձնաժողովի կազմում կարող են լինել նաև Արցախի զինկոմիսարիատների նախկին ծառայողներն ու պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների նախկին զինծառայողներ։ Զինվորական գրքույկի վերականգնումը, հնարավորություն կտա այս մարդկանց ընդունել ՀՀ քաղաքացիություն, գրանցվել ՀՀ պահեստազորի շարքերում, օգտվել իրենց հասանելիք սոցիալական ծրագրերից։ Թողնելով անորոշ այս խնդիրը՝ Հայաստանն ուղղակի զրկվում է որոշակի քանակի հիմնականում մարտական փորձ ունեցող պահեստազորայիններից։
Զինվորական թոշակների ճշգրիտ որոշման համար ևս պետք է գնալ հանձնաժողովներով անհատական մոտեցմամբ հարցը լուծելու ճանապարհով։ Ընդ որում, հատկապես վերջին երկու տասնամյակին վերաբերող ծառայության հարցերը կարող է արագ լուծվել, հաշվի առնելով այն փաստը, որ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողները ստանում էին հավելավճարներ և դա արտացոլված է պաշտպանության նախարարության կողմից նրանց ուղղված բանկային փոխանցումներում։ Հետևաբար շատ հեշտ է պարզել, թե զինծառայողը ինչքան ժամանակ է մարտական հերթապահություն իրականացրել։ Պետության նկատմամբ վստահությունը կարևոր բաղադրիչ է, հատկապես պահեստազոր ուղարկված զինծառայողների դեպքում, երբ ամեն սրացման ժամանակ զինկոմիսարիատների ուշադրության կենտրոնում առաջինը հենց նրանք են հայտնվում։
ՊԲ լուծարումից հետո բազմաթիվ զինծառայողներ զինվորագրվեցին ՀՀ Զինված ուժերի այլ զորամիավորումներում ծառայելու։ Սակայն նրանց թիվը մնում է զգալիորեն քիչ, քան կարող էր լինել՝ հաշվի առնելով Պաշտպանության բանակի ներուժն ու թվաքանակը։ Զորացրված սպաների հետ շփումները ցույց են տալիս, որ հիմնական պատճառը ՀՀ զինված ուժերում առկա ցածր կարգապահությունն է, հատկապես ոչ կանոնադրական հարաբերությունները զինծառայողների միջև։ Կան նաև այլ հարցեր, որոնք համալիր լուծում են պահանջում՝ մասնավորապես զինծառայողների նշանակման վայրի, ընտանիքի բնակարանային ապահովման և այլ հարցեր։ Շատ կարևոր է անհատական աշխատանքը հատկապես մարտական փորձ ու հմտություններ ունեցող սպաների և շարքային պայմանագրայինների հետ՝ նրանց բանակ վերադարձնելու համար, քանզի ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողների կարիք ունեն։
Հաջորդը կետը տարբեր պատերազմներով անցած զորացրված զինծառայողների համար հատուկ ծրագրերի իրականացումն է, որը իր մեջ կարող է ներառել հոգեբանական ծառայություններից մինչև վերապրոֆիլավորման դասընթացներ, աշխատաշուկայում ինտեգրվելու, սեփական գործ սկսելու ծրագրեր։ Պաշտպանության բանակի՝ տարբեր զինծառայողների նկատմամբ ունեցող պարտականությունները (օրինակ բնակարանային հերթում գտնվող ծառայող կամ արդեն պահեստազոր անցած սպաների) կարելի է լրացնել համատեղելով բռնի տեղահանված արցախցիների համար գործող բնակապահովման ծրագրերը՝ վերջինով նախատեսվածին ավելացնելով որոշակի գումար։
Պաշտպանության բանակն ավելի քան 30 տարի Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից էր։ Ի հեճուկս առկա իրավական խառնաշփոթին՝ պետությունը պետք է կատարի ժամանակին իր կողմից ստանձնած պարտավորությունները։
Հայկ Խանումյան
ԺԱՏԿ