Հայկ Խանումյան
2026թ․ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը վերջացավ հունիսի 5-ին, իսկ հունիսի 7-ին տեղի ունեցավ քվերակությունը։ Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքով հագեցած մայիսի համեմատ հունիսը աչքի չէր ընկնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, համայնքապետերի կամ այլ քաղաքական դերակատարների մասնակցությամբ միջադեպերով, ինչը չի կարելի ասել իշխանամերձ օգտատերերի մասին, որոնք քարոզարշավի վերջին օրերին էլ շարունակում էին թիրախավորել բռնի տեղահանած անձանց՝ փորձելով նրանց ապամարդկայանցնել, նսեմացնել արժանապատվությունը, զարգացնել հակաարցախյան կեղծ պատումները, խարանել մի ամբողջական խմբի։
Արցախցիների թիրախավորումը շարունակվում էր նաև ընտրությունների ավարտից հետո՝ նախընտրական քարոզչության տրամաբանությունից դուրս։
Այսպես, հունիսի 11-ին իր ֆեյսբուքյան էջում օգտատեր Արա Ներսիսյանը գրել է․ «Կարծում եմ ժամանակնա անկեղծ խոսելու։ Չէ, դա ինձ պետք չի, ես միշտ էլ ասել եմ, գալույա ժամանակը, որ ՀՀ առաջի թշնամիները լինելու են Ղարաբաղն ու ղարաբաղցիները։ Ղարաբաղը ղարաբաղցիները պուտինի հետ ծախին, մնաց թշնամի ղարաբղցիները»։
Ներսիսյանը փախստականների թիրախավորումը շարունակել է մեկ այլ ֆեյսբուքյան գրառմամբ․ «երկրորդ մասը։ Ղարաբաղցիք էդպես էլ, էս 38 տարում ՀՀ-ն չհամարեցին իրենց հայրենիքը։ Իրենց հայրենիքը մեծա, իրենց հայրենիքը Բաղրամյանի, Բաբաջնյանի և այլ սովետաան մարդկանց հայրենիքնա, այսինքնՍ ռուսաստանը։ Բան չասի։ Բայց էն բոլորը, ում հարենիքը ՀՀ թշնամի ռուսաստաննա, իմ թշնինա։ Հետևաբար ղարբաղցիք ՀՀ թշնամին են, իրանց հավաքական կերպարով։ Ովա՞ դեմ, արտաայտվեք, փաստերով։ Առանց էմոցիոնալ ղալմաղալի»։
Այս գրառման մեջ Ներսիսյանը, առանց որևէ փաստական տվյալներ ներկայացնելու, մի ամբողջ խմբի թիրախավորող պնդում է անում՝ իր նախորդ գրառման մեջ արված պիտակավորումը հիմնավորելու համար։
Արա Ներսիսյանը բացահայտորեն նույնականացնում է մի ամբողջ հանրույթի թշնամու հետ՝ ստեղծելով արհեստական ու վտանգավոր բաժանում «մենքի» (հայաստանցիներ) և «նրանց» (ղարաբաղցիներ)։ Սա թշնամանքի հրահրման և թշնամու կերպարի ստեղծման դասական օրինակ է․ մարդկանց որոշակի խմբին որպես հավաքական թշնամի պիտակավորելը հող է նախապատրաստում նրանց հանդեպ ագրեսիայի, խտրականության և սոցիալական մեկուսացման համար։
Ատելության խոսքի ամենատարածված եղանակներից է կոլեկտիվ պատասխանատվության կիրառումը, երբ ողբերգական իրադարձությունների մեղքը դրվում է ամբողջ խմբի վրա։ Օգտատիրոջ գրառման մեջ կիրառված է այս հնարքը ևս։
Գրառումը կիրառում է ատելության խոսքի սահմանումների մեջ նկարագրվող ապամարդկայնացման և թիրախավորման բաղադրիչները։ Ղարաբաղցիների համար ստեղծելով մշտական «թշնամու» կերպար՝ հեղինակը նվազեցնում է հասարակության մեջ բռնի տեղահանված անձանց նկատմամբ կարեկցանքը, ինչը կարող է արդարացնել նրանց խարանումը և նույնիսկ պոտենցիալ բռնությունը։
Նման հրապարակային խոսքերը վտանգավոր են ոչ միայն բարոյական, այլ ժողովրդավարական համախմբվածության տեսանկյունից։ Ներազգային թշնամանքի տարածումը կարող է ընդլայնել ներհասարակական ճգնաժամը, խորացնել տրավմատիկ վիճակում հայտնված փախստականների նկատմամբ անհանդուրժողականությունը։
Միջազգային չափանիշներով և ՀՀ օրենսդրությամբ նման հայտարարությունները դիտարկվում են որպես հանրային հնչեղություն ունեցող վտանգավոր խոսք, որը դուրս է խոսքի ազատության սահմաններից։ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, որը վերնագրված է «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» նախատեսում է ազատազրկում «անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու» հիմքով։
Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) Արա Ներսիսյանի գրառման կապակցությամբ հաղորդում է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե, սակայն հաշվի առնելով փորձը՝ վստահ չենք, որ քրեական վարույթ կհարուցվի։
ԺԱՏԿ-ն 2026-ի ապրիլի 15-ին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն և Քննչական կոմիտե՝ Ռոման Բաղդասարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները առևերույթ կատարելու կապակցությամբ։
Հաղորդում տալու հիմք էր ծառայել Բաղդասարյանի մի տեսանյութ, որտեղ նա ղարաբաղցիներին՝ որպես սոցիալական խմբի անվանում է «անասուն», «անմարդկային կենդանի», մեղադրում է «փախչելու», «Հայաստանի բյուջեն թալանելու», հայտարարում է, որ «ղարաբաղցիները մեծամասնությամբ նորմալ մարդիկ չեն», «չեն կռվել հայրենիքի համար», «պատերազմի ժամանակ խփել են զինվորների մեջքին» և այլն։
Հաղորդումը տալուց երկուսուկես ամիս անց միայն, երբ մենք ակտիվորեն զանգահարում էինք Քննչական կոմիտե ու գրություններ ուղարկում նրանց, քննիչը տեղեկացրեց, որ քրեական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումն ուղարկել է դատախազություն։ Նախկինում, տարբեր հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ հարուցվել էին, սակայն քրեական հետապնդում չի իրականացվել, ինչը թույլ է տվել Ռոման Բաղդասարյանին տարիներ շարունակ զբաղվել ատելության խոսքի տարածմամբ։
Արցախցիների դեմ ատելության խոսքը մնում է անպատիժ, Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգը դժվարությամբ է արձագանքում նման դեպքերին, արձագանքելու դեպքում էլ իրական պատժի կրում չի նշանակում։ Հաճախ, եթե վարույթներ հարուցվում են, ապա դրանք քնեցվում են նախաքննական մարմնի կողմից։
Հունիսին արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ կրկին աչքի են ընկել նաև իշխանամետ ակտիվիստները։ Մեր նախորդ զեկույցներում ներառված Թաթուլ Ասիլյանը իր էջում տեղադրել է «Արցախի մռազները» վերնագրով տեսանյութ, որտեղ ատելության խոսքով աչքի ընկնող մեկ այլ անձի՝ Արամ Ավետիսյանի մեկնաբանությունն է Նիկոլ Փաշինյանին քննադատող արցախցիներին։ Տեսանյութում Արամ Ավետիսյանն ասում է «…ուրեմն, 30 տարի, ա՛յ անաղուհաց քրդի շներ, 30 տարի հայ ժողովուրդը ոչ միայն փող է տվել, իր երեխեքի բերնից է կտրել, իր երեխեքին է տվել, արա, ա՛յ տվարներ, այդ Ղարաբաղի պոստերում մեր հայ զինվորն է եղել Շիրակի մարզից, Սյունիքից, Երևանից, Արտաշատից, Աշտարակից, ա՛յ համբալներ, մի հատ ղարաբաղցի ցույց տվեք որ ծառայել է որպես զինվոր, իրենց դաուները տունը դիվանին պառկած էին կամ այստեղ ինստիտուտներն էին սովորում այն 90 համարով նիվով բանով»։
Այս դրվագում Ավետիսյանն օգտագործում է ծայրահեղ նվաստացուցիչ և վիրավորական պիտակներ։ «Անաղուհաց քրդի շներ» կամ «տվարներ» (անասուններ) արտահայտությունները ոչ միայն անձնական վիրավորանքներ են, այլև հասարակական խմբի ապամարդկայնացման փորձեր։ Սա ատելության խոսքի ամենաբարձր ռիսկայնության մակարդակն է, քանի որ թիրախին մարդկային կերպարից զրկելը հոգեբանորեն հեշտացնում է նրա հանդեպ ագրեսիան և խտրականությունը։
Ավետիսյանի ատելության խոսքը հագեցած է ապատեղեկատվությամբ և պատմական ճշմարտության ժխտմամբ։ Ղարաբաղցիների չծառայած լինելու մասին պատումներն հակասում են պաշտոնական տվյալներին։ Կեղծ տվյալների վրա հիմնված այս պատումները ՀՀ բնակիչների շրջանում կարող են առաջացնել անարդարության սուր զգացում և արդարացնում փախստականների թիրախավորումը։
Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսքի առկայությունը (տե՛ս մարտ և մայիս ամսվա զեկույցները), իրավապահ մարմինների կողմից ատելության տարածող տարբեր օգտատերերի նկատմամբ բարձր հանդուրժողականությունը/ իրավապահ մարմինների անգործությունն ատելության խոսքի տարածման և լեգիտիմացման ամենավտանգավոր գործոններն են ցանկացած հասարակության մեջ։ Իրավապահների հանդուրժողականությունը կոնկրետ ատելության խոսք տարածող դերակատարների նկատմամբ նրանց դարձնում է անձեռնմխելի։
Ատելության խոսքի նկատմամբ հանդուրժողականությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։ Երբ խտրականություն հրահրող դերակատարները տեսնում են, որ իրենց վնասարար գործուենությունը որևէ հետևանքների չի հանգեցնում, նրանց խոսքի ագրեսիվության աստիճանը օրեցօր բարձրանում է։ Սա բերում է նրան, որ վիրտուալ տիրույթում հնչող ատելության խոսքը սկսում է տեղափոխվել իրական կյանք՝ վերածվելով կենցաղային խտրականության։
Ատելության խոսքի մշտադիտարկումը ցույց է տալիս նաև, որ գործ ունենք ոչ թե էմոցիոնալ պոռթկումների, այլ արդեն ձևավորված պատումներով, ատելության խոսք տարածող գործիչներով և իրավապահ մարմինների լուռ համաձայնությամբ ստեղծված իրականության հետ, որի նպատակը մի ամբողջ հանրույթի սոցիալ-քաղաքական մեկուսացումն ու խարանումն է։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։