Մայիսի 28-ին Երևանում անցկացված ռազմական շքերթը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման տարեդարձին, առաջին հերթին ունի ակնհայտ ներքաղաքական նշանակություն։ Պաշտոնապես իշխանությունները ներկայացնում են միջոցառումը որպես «հաշվետվություն հանրության առաջ» և բանակի նոր հնարավորությունների ցուցադրում։ Սակայն շքերթի անցկացումը հենց մայիսի 28-ին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության քվեարկությունից տասը օր առաջ, ցույց է տալիս դրա ուղիղ կապը նախընտրական քարոզարշավի հետ։
Ռազմական շքերթներն ու սպառազինության ցուցադրությունը սովորաբար ունեն քաղաքական և ռազմավարական կոնկրետ ազդակներ։ Դրանք կարող են ուղղված լինել թե՛ հակառակորդներին, թե՛ դաշնակիցներին՝ բանակի նոր հնարավորությունների, մարտական ներուժի մակարդակի, զսպման պատրաստակամության և անմիջապես պատերազմի պատրաստ լինելու ցուցադրությամբ։
Այս շքերթը գրեթե չի պարունակում նման իմաստային բեռ։ Այն չի ազդում տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա և չի դառնում ազդակ, որ Հայաստանը ձեռք է բերել ռազմավարական զսպման հնարավորություններ։ Իր էությամբ շքերթի գլխավոր և փաստացի միակ հասցեատերը մնում է ներքին ընտրազանգվածը։
Ինչ նոր բան կար շքերթում
Եթե շքերթը չդիտարկենք որպես նախընտրական հաղորդակցության մաս, ապա պետք է նշել, որ վերջին տարիներին բանակը սկսել է համալրվել մի շարք սպառազինություններով, այդ թվում՝ հարվածային բնույթի։
Հայաստանը գրեթե երեք անգամ ավելացրել է ռազմական ծախսերը, մասամբ փոխհատուցել է 2020-ի պատերազմի կորուստները և սկսել է սպառազինության աղբյուրների բազմազանեցում։ Եթե նախկինում սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն էր, ապա 2022-ից հետո Երևանն ակտիվացրել է այլընտրանքային գնման ուղղությունների որոնումը՝ ընդլայնելով համագործակցությունը Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։
Այս տեսանկյունից շքերթը հետաքրքիր էր հենց այդ բազմազանեցման առարկայական ցուցադրությամբ։ Հնդկաստանից և Ֆրանսիայից գնված սպառազինության համակարգերի մի մասը արդեն նախկինում հայտնի էր թե՛ մասնագիտական, թե՛ լայն հանրությանը և սկզբունքորեն նոր տեղեկատվական պատկեր չի ձևավորում։
Առանձին ուշադրության է արժանի շքերթում ռուսական արտադրության որոշ զինատեսակների ներկայացումը, այդ թվում՝ Тор М2КМ զենիթահրթիռային համալիրները, ПТРК Корнет-М հակատանկային հրթիռային համալիրները, որոնք գործնականում ապացուցել են իրենց մարտական արդյունավետությունը, ինչպես նաև ТОС-1А ինքնագնաց ծանր հրանետային համակարգերը։ Սա նաև անուղղակիորեն վկայում է, որ 2022-ից հետո հետաձգված, բայց ավելի վաղ վճարված ռուսական մատակարարումների մի մասը, հավանաբար, այնուամենայնիվ հետագայում փոխանցվել է Հայաստանին՝ չնայած Ուկրաինայում պատերազմի և ռուսական պաշտպանական արդյունաբերության ընդհանուր ճգնաժամի ֆոնին Մոսկվա–Երևան ռազմատեխնիկական համագործակցության լուրջ խնդիրներին։
Հետաքրքիր է այն սպառազինության ցանկը, որի մատակարարումների մասին նախկինում հրապարակային չի հաղորդվել։
Դրանց թվում են՝ չինական CH-4B ԱԹՍ-ները («Աղեղ» անվանմամբ), GAM-120LR հակատանկային հրթիռները («Նիզակ» անվանմամբ), ռադիոտեղորոշիչ կայանների և ՀՕՊ համակարգերի տարրերի խոցման համար նախատեսված հակառադիոտեղորոշիչ դրոնները՝ ASN-301։
Շատ ավելի հետաքրքիր էր իրանական AD-08 զենիթահրթիռային համալիրի ներկայացումը՝ անհայտ մոդելի ռադարով՝ Kashef-99-ի փոխարեն («Կարիճ» անվանմամբ) և մեծ հավանականությամբ՝ իրանական արտադրության Kavosh ցածրթռիչքային թիրախների հայտնաբերման ռադարով, որը ռուսական Каста-2 ռադիոտեղորոշիչ կայանի նմանակն է։ Լայնորեն ներկայացված էր նաև հայկական արտադրության սպառազինության և համակարգերի մի շարք, նախևառաջ՝ տարբեր նշանակության անօդաչու հարթակներ։
Չինական դրոններն ու իրանական ՀՕՊ համակարգերը արդեն ունեն կիրառման որոշակի գործնական և մարտական փորձ, որը թույլ է տալիս նախնական եզրակացություններ անել դրանց հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ։
Որպեսզի չխորանանք մանրամասների մեջ՝ մարտավարատեխնիկական բնութագրերի, նշենք, որ CH-4B ԱԹՍ-ները ծառայում են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում և կիրառվել են Իրաքում ու Եմենում հակամարտությունների ժամանակ, որտեղ օգտագործվել են թե՛ հետախուզության, թե՛ հարվածային նպատակներով։
Իրանական ՀՕՊ համակարգերը վերջին ամիսներին փորձարկվել են բարձր ինտենսիվության օդային հարձակումների պայմաններում, այդ թվում Իսրայելի և ԱՄՆ-ի ավիացիայի, հրթիռների ու դրոնների հետ դիմակայության ժամանակ։
Ուշագրավ է, որ վերջին մարտերում AD-08 ԶՀԿ-ն արդյունավետություն է ցուցաբերել լիակատար գաղտնիության շնորհիվ, քանի որ համալիրը չի օգտագործում ակտիվ ռադիոտեղորոշիչ ճառագայթում և գրեթե անտեսանելի է ավիացիայի նախազգուշացման համակարգերի համար։ Առկա տվյալներով՝ համալիրը խոցել է ամերիկյան ավելի քան 24 խոցված ծանր MQ-9 Reaper ԱԹՍ-ների զգալի մասը, ինչպես նաև իսրայելական Hermes 900 և Heron անօդաչուները։ Բացի այդ, անկախ աղբյուրները AD-08-ը կապում են ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչի խոցման, ինչպես նաև 5-րդ սերնդի F-35 կործանիչի վնասման հետ։ Հենց սա է թույլ տալիս կոնկրետ գնահատել նման համակարգերի իրական շահագործողական բնութագրերը, գերծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրությունը և ժամանակակից օդային պատերազմի պայմաններում աշխատանքի հնարավորությունները։
Հայկական ռազմարդյունաբերական համալիրը նաև ցուցադրեց սեփական արտադրանքի լայն տեսականի նախևառաջ անօդաչու համակարգերի հատվածում՝ փոքր, մարտավարական մակարդակի կամիկաձե դրոններից մինչև օպերատիվ մակարդակի հարվածային անօդաչուներ, ներառյալ ռեակտիվ քաշով սարքեր և թեթև դրոն-ռմբակոծիչներ։ Ժամանակակից հակամարտություններում անօդաչու համակարգերը արդեն դարձել են հետախուզության, հարվածների, ՀՕՊ-ի ճնշման և հակառակորդի պաշտպանական հնարավորությունների հյուծման հիմնական գործիքներից մեկը։
Սակայն հայկական ռազմարդյունաբերության արտադրանքի զգալի մասի վերաբերյալ միանշանակ գնահատականներ տալը դեռ վաղ է։ Դրանց իրական արդյունավետությունը կարող է որոշվել միայն բարդ պայմաններում շահագործման հիման վրա և, առաջին հերթին, իրական մարտական միջավայրում հնարավոր կիրառման արդյունքներով։
Այս փուլում հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները ավելի շուտ մարտավարական խաղացողներ են, որոնք ունակ են լուծել առանձին խնդիրներ։ Նրանց ռազմավարական նշանակությունը ապագայում կսահմանի արտադրության մասշտաբավորման, արտադրանքի ինքնարժեքի և ժամանակակից պատերազմի մշտապես փոփոխվող միտումներին հարմարվելու հարցը, որտեղ տեխնոլոգիաները, անօդաչու համակարգերի կիրառման մարտավարությունը և հակազդման միջոցները զարգանում են ծայրահեղ արագ։
Դրվագներ 2016-17-ից
Ներկայիս շքերթը որոշ ասոցիացիաներ է առաջացնում տասնամյակ առաջ անցկացված ռազմական շքերթի հետ՝ 2016-ի ապրիլյան պատերազմի անհաջողություններից հետո։ Այն ժամանակ հայկական իշխանությունները որոշ սպառազինությունների ներկայացումը օգտագործեցին որպես հոգեբանական փոխհատուցման, ներքաղաքական մոբիլիզացիայի և մարտունակ բանակի կերպար ձևավորելու գործիք՝ 2017-ի գարնան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հայաստանը հանրային ցուցադրության հանեց տարբեր դասի երեք հրթիռային համակարգ՝ օպերատիվ-մարտավարական Скад-Б և Искандер համալիրները, ինչպես նաև Точка-У մարտավարական հրթիռային համալիրը։ Դրանցից բացի, ցուցադրվեցին Смерч համազարկային կրակի ռեակտիվ համակագրեգ, БУК զենիթահրթիռային համալիր, նոր ՌԷՊ համակարգեր և հետախուզական դրոնների մի քանի տեսակ։ Այս համակարգերի ցուցադրությունը պետք է հասարակության մեջ ձևավորեր զսպման և ռազմական պարիտետի զգացում՝ ապրիլյան մարտերից հասցված հոգեբանական հարվածից հետո։
Սակայն դա չկանխեց պարտությունը 2020-ի պատերազմում և վճռորոշ ազդեցություն չունեցավ մարտական գործողությունների ընթացքի վրա։ Խնդիրը, սակայն, ոչ այնքան հենց սպառազինության համակարգերն էին, որքան դրանց կիրառման առանձնահատկությունները։ Հայկական տեխնիկայի զգալի մասը անպաշտպան եղավ, վատ ինտեգրված կառավարման համակարգերի մեջ և չպատրաստված՝ նոր սերնդի պատերազմի պայմաններին։
Ուստի միայն նոր սպառազինության նմուշների ցուցադրությունը դեռ չի թույլ տալիս ինքնըստինքյան դատել բանակի իրական մարտունակության մակարդակի մասին։ Շատ ավելի կարևոր են անձնակազմի պատրաստվածության, կառավարման համակարգերի կայունության, ինչպես նաև բանակի՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիական պատերազմին հարմարվելու ունակության հարցերը։
Հրետանին, դրոններն ու ՀՕՊ համակարգերը նախևառաջ պատերազմի վարման գործիքներ են և ժամանակակից հակամարտությունների պայմաններում ընկալվում են որպես սպառվող ռեսուրս։ Նոր սպառազինության առկայությունն ինքնին չի երաշխավորում ո՛չ ռազմական հաջողություն, ո՛չ կայուն զսպում։ Կան այլ խնդիրներ, որոնք շատ ավելի հեռու են տեխնիկայի գնումների շրջանակներից։ Խոսքը ոչ միայն կազմակերպչական հարցերի, կառավարման որակի, կարգապահության մակարդակի և բանակի տարբեր տարրերի միջև կոորդինացիայի մասին է, այլ նաև անձնակազմի հոգեբանական վիճակի, մոտիվացիայի, կադրերի պատրաստման և ամբողջ համակարգի՝ ժամանակակից պատերազմի իրողություններին հարմարվելու կարողության մասին։
Իշխանությունները շքերթն օգտագործում են նաև որպես «նոր մտածողությամբ բանակի» ցուցադրություն և ռազմական վերականգնման խորհրդանիշ։ Սակայն բանակի իրական ուժը կդրսևորվի միայն այն դեպքում, եթե նոր մոտեցումները, նոր տեխնիկան և հենց բանակային համակարգը կարողանան ապացուցել իրենց արդյունավետությունը իրական ճգնաժամերի և հնարավոր ռազմական գործողությունների պայմաններում։ Վերջիվերջո հենց դա է որոշում պատերազմների ելքն ու զսպման համակարգի կայունությունը։
Ի վերջո, հայկական իրական բանակն այսօր Երևանի կենտրոնի շքերթային հրապարակում չէ։ Այն հիմնականում տեղակայված է հեռավոր կայազորներում և զորամասերում, ինչպես նաև մարտական դիրքերում՝ Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով՝ թերի համալրված տարբեր տարիքի՝ թույլ պատրաստված պահեստազորայիններով։
Էդուարդ Առաքելյան
Հոդվածը նախապես հրապարակված է Սիվիլնեթում։