Տեղահանվածների բնակապահովում. կառավարության թիրախը կրկնակի քիչ է առկա կարիքներից

Հայկ Խանումյան

Հայաստանի կառավարությունն իր 2026-31 թթ․ հնգամյա ծրագրի մեջ «Հավասար հնարավորությունների ապահովում» բաժնում նշել է, որ «շարունակելու է Ղարաբաղից տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագիրը»։

Փորձենք հասկանալ, թե ինչքա՞ն շահառու ընտանիք ունենք։ 2020-ի պատերազմից հետո, երբ կորցրել էինք Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքի մեծ մասը (թեև թերբնակեցված մասը), Արցախի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով տեղահանվել էր 38,284 մարդ կամ 9,599 ընտանիք, որոնք բնակվում էին մոտ 7,000 տան մեջ։ Եթե այս տրամաբանությունը պրոյեկտենք մինչև պատերազմը եղած մոտ 150,000 բնակչության վրա, ապա կունենանք մոտ 27,500 տուն և 37,610 ընտանիք։ Կառավարությունը 2023-ից հետո բնակարանի կարիք ունեցող արցախցի ընտանիքների թիվը գնահատում էր 25,000-ի չափ։

2022-ի բնակապահովման ծրագրով, որի շահառու էին 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված որոշ ընտանիքներ, մինչև հիմա աջակցության ծրագրից օգտվել և բնակարանների գնման իրենց վկայականներն են իրացրել մոտ 3,750 ընտանիք՝ ավելի քան 13,000 բնակչով։ 2023-ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը 2024-ի բնակապահովման նոր ծրագիր ընդունեց։ Մինչև հիմա ծրագրից օգտվելով տան տեր է դարձել 4,248 ընտանիք կամ մոտ 20,000 անձ։ Ընդհանուր ունենք մոտ 8,000 ապահովված ընտանիք՝ 33,000 անձով։ Եթե հաշվի առնենք Հայաստանից արտագաղթած մոտ 22,500 արցախցուն, կունենանք 95,000-ին մոտ անձ, որոնք դեռ բնակապահովման ծրագրով չեն անցել։ Կառավարությունը բնակապահովման ծրագրի շահառու չի ճանաչում այն ընտանիքներին, որոնք մինչև 2020-ի սեպտեմբերը Հայաստանում անշարժ գույք են ունեցել։ Հետևաբար 95,000 թիվը կարող է մի քանի հազարով նվազել։  

Անկախ այս բոլոր նվազեցումներից, ավելի քան 20,000 ընտանիք դեռ կարիք ունի բնակարանային ապահովության։ Ամենայն հավանականությամբ, կլինեն ընտանիքներ, որ չեն օգտվի կառավարության բնակապահովման ծրագրից և ինքնուրույն կլուծեն իրենց հարցերը, բայց նրանց թիվը կլինի փոքր։ 

Հավանաբար, կառավարությունը մտածում է, որ փոքր կազմ ունեցող ընտանիքների մի մասը կընտրի սոցիալական բնակարանը։ Սակայն այդ նույն փաստաթղթով 2026-2031 թթ․ կառավարությունը նպատակ ունի խոցելի խմբերի համար կառուցել հազար սոցիալական բնակարան։ Եթե այս բնակարանները նույնիսկ ամբողջությամբ արցախցիներին տրամադրվեն (ինչն անիրատեսական է), ապա խնդիրը կրկին չի լուծվում։

Հետևաբար, ունենալու ենք ևս 9-10,000 բռնի տեղահանված ընտանիքի տնով ապահովելու խնդիր։ Ակնհայտ է, որ կառավարության հնգամյա ծրագրում նշված նպատակը կրկնակի պակաս է եղած կարիքներից։ Կառավարությունը, հավանաբար, ելել է նրանից, որ բնակապահովման ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2027-ի դեկտեմբերի 31-ն է, և հաշվի առնելով այս տարվա դիմումների քանակն ու առկա միտումները, հնարավոր է, որ մինչև այդ վերջնաժամկետ վկայականների համար դիմած ընտանիքների թիվն ավելանա ևս 10,000 ընտանիքով։ Սա իրատեսական թիվ է, սակայն մոտ այդքան բռնի տեղահանված ընտանիք էլ դեռ կմնա բնակարանով չապահոված։

Սակայն կառավարության որոշմամբ նշված վերջնաժամկետը, ներկայում անձնագրավորման/քաղաքացիության շնորհման գործընթացում ի հայտ եկած դանդաղումների ֆոնին, այնքան էլ իրատեսական ժամկետ չէ, և վստահաբար, կառավարությունը ստիպված կլինի այն երկարաձգել։ Ընդունումից ի վեր կառավարությունն այս որոշումը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկել, և հնարավոր է, որ առաջիկա տարիներին նոր փոփոխություններ լինեն, ինչը հնարավորություն կտա շահառուներին ավելի ակտիվորեն դիմել ծրագրին։

Ամփոփելով վերոնշյալը, կարող ենք փաստել, որ բռնի տեղահանված ընտանիքների թիվը շատ ավելի է, քան արդեն բնակարանով ապահովվածներինը և նախատեսվող ևս 10,000 ընտանիքը։ Ամենայն հավանականությամբ  9-10,000 ընտանիք դրանից հետո կունենա բնակապահովության խնդիր, ընդ որում, այդ ընտանիքների մեջ մեծ թիվ կկազմեն սակավանդամ (մինչև 3 անդամ ունեցող) ընտանիքները։ Ի դեպ, գործող բնակապահովման ծրագրով բազմանդամ ընտանիքներն ավելի մեծ հնարավորություն ունեն տուն ձեռք բերել, քանզի բնակարանի գնման վկայականի արժեքը հաշվվում է ընտանիքի անդամների թվով։ 

Ճիշտ կլիներ, որ կառավարությունը հնգամյա ծրագրում ավելի մեծ թիրախ սահմաներ, ենթադրենք՝ 17,000 ընտանիք, ինչը նրան հնարավորություն կտար բնակապահովման ծրագրի հիմնական ժամկետի ավարտից հետո մտածել լրացուցիչ ծրագրերի մասին՝ լինեն դրանք նպատակային շինարարությունը, սոցիալական բնակֆոնդի նախատեսածից ավելի մեծ քանակը կամ բնակապահովման այլ միջոցառումներ։