Հանրային խոսքի քրեականացնումը ժողովրդավարական հետընթացի ակնհայտ դրսևորում է

Իշխող ուժի քննադատների դեմ հրապարակային խոսքի հիման վրա քրեական գործերի հարուցումը Հայաստանում վերջին տարիների ժողովրդավարական հետընթացի կարևոր դրսևորումներից է։ Երբ 2022-ին հանրային ճնշման ներքո ապաքրեականացվեց «ծանր վիրավորանքի» հոդվածը, հրապարակային խոսքի համար քրեական հետապնդման պրակիտիկան, այնուամենայնիվ, չանհետացավ, այն շարունակվեց այլ քրեական հոդվածների կիրառման միջոցով։ Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած երկու աղմկահարույց դեպքի պատճառով այս խնդիրը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։

Հոկտեմբերի 7-ին երկու ամսով կալանավորվեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը։ Նրան նախ մեղադրանք առաջադրվեց Ֆեյսբուքում կատարած գրառման համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանության հատկանիշներով, հետո մեղադրանքը լրացվեց մեկ այլ հոդվածով, որը նախատեսում է պատիժ Ֆեյսբուքում գրառման միջոցով Ազգային անվտանգության ծառայությունն արատավորելու համար։ Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեն չի հայտնում, թե որ գրառման համար է մեղադրվում Դանիելյանը։

Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործին նախորդել էր թատերագիր Վահրամ Սահակյանի քրեական հետապնդումը։ Սեպտեմբերի 29-ին Սահակյանը ձերբակալվեց, նրան ևս մեղադրանք առաջադրվեց ֆեյսբուքյան գրառման համար՝ մեկ այլ հոդվածով, որը ենթադրում է պատիժ ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու համար։ Դատարանը Սահակյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն՝ արգելելով նրան հանրային գրառումներ կատարել։

Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան համայնքը խիստ քննադատության ենթարկեց Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի դեմ վարույթները։ Այսպես, Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է․ «Արթուր Դանիելյանի կալանավորումը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ էլ Վահրամ Սահակյանի ձերբակալությունը, պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է»։

Պապյանը համարում է, որ երբ քննադատական խոսքը քրեականացվում է, խոսքի ազատությունը վերածվում է ֆիկցիայի, իսկ պետությունը կորցնում է իր ժողովրդավարական դեմքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային Handyside v The United Kingdom (1976) վճռում սահմանում է խոսքի ազատության պաշտպանության անկյունաքարային սկզբունքը։ Ըստ Եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը վերաբերում է ոչ միայն «տեղեկություններին» կամ «գաղափարներին», որոնք ընդունվում են բարեհաճորեն կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլև այն դեպքերին, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետության կամ բնակչության որևէ հատվածի։ Դրանք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»։

Վահրամ Սահակյանն ու Արթուր Դանիելյանը Հայաստանի բևեռացված հանրային դաշտի հայտնի դերակատարներից են, որոնք սոցիալական ցանցերում և այլ հարթակներում հաճախ են հանդես գալիս կոշտ, վիճահարույց և վիրավորական հրապարակումներով և հայտարարություններով։ Սակայն ժողովրդավարական համակարգում նույնիսկ ամենածանր վիրավորանքի կամ քննադատության համար քրեական հետապնդումը չպետք է ընդունելի լինի։ Այս հարցի շուրջ, կարծես թե, կար կոնսենսուս ինչպես Հայաստանի քաղաքացիական հասարակությունում, այնպես էլ միջազգային տարբեր դերակատարների շրջանում, երբ 2021-2022 թվականներին ակտիվ քննարկումներ էին ընթանքում «ծանր վիրավորանքի» հոդվածի ապաքրեականացման անհրաժեշտության վերաբերյալ։

Այս խնդիրը ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ այսօրինակ հոդվածներով քրեական գործերը հիմնականում հարուցվում են իշխանության ներկայացուցիչներին թիրախավորողների դեմ։ Դեռ 2025-ին Freedom House-ը արձանագրել էր, որ բռնության հրահրման վերաբերյալ դատական գործերի գրեթե 95 տոկոսը վերաբերում էր վարչապետ Փաշինյանի և նրա աջակիցների հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքներին, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից արված նույնօրինակ հայտարարությունները նույն չափով քննության առարկա չէին դառնում։

Այս գործընթացի ընտրողական բնույթը ակնհայտ է դառնում հատկապես խոցելի խմբերին թիրախավորող ատելության խոսքի պարագայում։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի շարունակական մշտադիտարկում և փաստագրում է իրականցնում։ Փախստականների դեմ տարածվող ատելության խոսքի ամենածանր դրվագներով ԺԱՏԿ-ն վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ դիմել էր իրավապահ մարմիններին՝ քրեական հետապնդում հարուցելու համար։ Այդպիսի մի դրվագում հանրային գործիչներից մեկը Ֆեյսբուքում գրել էր, թե ղարաբաղցիները Հայաստանի թշնամին են։ Այս դրվագներից որևէ մեկով նույնիսկ վարույթ չի նախաձեռնվել։

Սահակյանի և Դանիելյանի դեմ քրեական գործերը, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում իրավապահ համակարգի գործիքայնացման և ընտրովի արդարադատության բազմաթիվ այլ դրվագների պարագայում, կարող են բարոյական դիլեմաներ առաջացնել քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների մոտ։ Հաշվի առնելով այդ գործերով թիրախավորվող անհատներից շատերի հակասական կերպարները, նախկինում նրանց կողմից քաղհասարակության ներկայացուցիչների թիրախավորման դեպքերը, շատ դերակատարներ հակված են աչք փակել պետության կողմից օրենքի չարաշահման, դրա ընտրողական կիրառման այս ակնհայտ դրվագների վրա։

Այս մոտեցումը սակայն չափազանց վտանգավոր է և նպաստում է հակաժողովրդավարական ու հակաիրավական գորճելաոճի լեգիտամացմանն ու նորմալացմանը։ Խիստ խնդրահարույց միտումների ու հակաժողովրդավարական քայլերի քննադատությունը ամենևին չի նշանակում հետապնդման ենթարկվող գործիչների հանրային կամ այլ գործունեությանը աջակցություն։ Միայն այս կարևոր տարբերության գիտակցումը կարող է նպաստել հակաիրավական գործիքակազմի կիրառման դեմ ավելի լայն հանրային համախմբմանը ու ժողովրդավարական հետընթացի դիմակայմանը։

Տիգրան Գրիգորյան

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։