Ցանկացած զինված ուժի մասնագիտական հասունության գլխավոր ցուցանիշը ոչ միայն լայնածավալ ռազմական շքերթներն ու ժամանակակից սպառազինության համակարգերի ձեռքբերումումներն են, այլև այն, թե որքանով է պետությունը ի վիճակի խաղաղ պայմաններում պահպանել սեփական զինվորի կյանքն ու առողջությունը։ Այդ առումով Հայաստանում 2024-ի փետրվարից շփման գծում հակառակորդի կրակից մարտական կորուստների գործնական բացակայության պայմաններում ոչ մարտական մահերի խնդիրը դրսևորվել է ամբողջ խորությամբ։ Զինծառայողների՝ զորանոցներում և մարտական հերթապահության ժամանակ մահվան մասին հաղորդագրություններն այլևս հասարակության կողմից չեն ընկալվում որպես միմյանցից անկախ պատահականությունների շղթա։ Դրանք փորձագիտական շրջանակների և երկրի ղեկավարության առջև դնում են առանցքային հարցը․ արդյո՞ք ռազմական համակարգն ի վիճակի է պաշտպանել նրանց, ում կանչել է ծառայության։
Վերջին տասնհինգ տարիների կորուստների դինամիկայի վերլուծությունը բացահայտում է խորապես մտահոգիչ միտումներ։ Վիճակագրական տվյալների և իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) բազմամյա ուսումնասիրությունների համաձայն՝ 2018–2025 թվականներին նախորդ ութամյա ժամանակահատվածի համեմատ Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահերի թիվը աճել է 45 տոկոսով։ 2026-ին իրավիճակը շարունակում է մնալ կայուն ծանր․ ՀՔԱՎ գրասենյակի պարբերական մշտադիտարկման զեկույցների համաձայն՝ միայն առաջին յոթ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից ավելի քան մեկ երրորդը պաշտոնապես դասակարգվում է որպես ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել և կանխամտածված սպանություն։
Միևնույն ժամանակ պաշտպանական գերատեսչության և ռազմական դատախազության վիճակագրությունը էականորեն տարբերվում է հասարակության ընկալումից։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համակարգված կերպով կիրառում է «մահվան դեպք կապված չէ ծառայության հանգամանքների հետ» ձևակերպումը՝ գերատեսչական պաշտոնական հաշվետվությունների շրջանակից դուրս թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարները, քրոնիկական հիվանդությունները կամ արձակուրդի և ազատ արձակման ժամանակ տեղի ունեցած ինքնասպանության դրսևորումները։ Նման մոտեցումը արհեստականորեն քողարկում է ողբերգությունների հիմնարար պատճառը։ Բանակում ցանկացած իրավախախտում կամ ապակառուցողական վարքագծի ամեն մի ծայրահեղ դրսևորում պատճառահետևանքային հստակ շղթայի վերջնական օղակն է՝ կենցաղային պայմաններից և կառավարման որակից մինչև բարոյահոգեբանական վիճակն ու մոտիվացիան, ապա՝ կարգապահական խախտումը։ Խնդիրը բացառապես խիստ վարչական պատժամիջոցներով և քրեական հետապնդմամբ լուծելու փորձերը՝ առանց համակարգային պատճառների վերացման, հակառակ արդյունք են տալիս՝ միայն խորացնելով լարվածությունը զինվորական կոլեկտիվներում։
Այս ողբերգական դրսևորումների մեծ մասի հիմքում կայունացած քրեական ենթամշակույթն ու բանակային ռեկետն են։ Բանկային քարտերի միջոցով դրամական միջոցների շորթումը, առցանց վարկավորումն ու կուտակված խաղային պարտքերը ստորաբաժանումներում մշտական ճնշման և վախի մթնոլորտ են ձևավորում։ Իրավիճակն ավելի է սրվում զորակոչիկների իրավական և կանոնադրական պատրաստվածության անբավարարությամբ․ երիտասարդները չգիտեն իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, չեն տիրապետում կոնֆլիկտային իրավիճակներում գործելու հմտություններին և կարգապահությունն ընկալում են բացառապես որպես պատժիչ գործիք, այլ ոչ թե որպես մասնագիտական անվտանգության համակարգ։
Բանակային միջավայրը նյութական խթանների միջոցով առողջացնելու փորձը նույնպես առայժմ բախվում է լուրջ համակարգային խնդիրների։ Պաշտպանական ոլորտի բարեփոխումների շրջանակում ներդրված զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգը դարձել է սոցիալական շերտավորման լրացուցիչ գործոն։ Մի կողմից այն հաջողությամբ ատեստավորում անցած զինծառայողներին հնարավորություն է տվել բազային 205 հազարից բարձրացնել դրամական ապահովությունը մինչև 470 հազար դրամ և ավելի։ Մյուս կողմից Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի վիճակագրության համաձայն՝ 2024–2025 թվականներին ատեստավորումը կարողացել է անցնել մասնակիցների միայն մոտ 57 տոկոսը՝ 13,500-ից շուրջ 7,700 զինծառայող։
Այս բարեփոխման հիմնական թերությունն այն է, որ գործող ատեստավորումը գնահատում է բացառապես անհատական մակարդակով կրակային, մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը։ Այն ամբողջությամբ անտեսում է սպայական կազմի մանկավարժական հմտությունները, կոլեկտիվը կառավարելու, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ պահպանելու և կանոնադրությամբ չնախատեսված հարաբերությունները կանխելու կարողությունը։ Ավելին, ստորաբաժանումներում ֆինանսական անարդարության հիմքով վտանգավոր հակասություն է առաջացել․ նույն պաշտոններում գտնվող զինծառայողները ստանում են էապես տարբեր վարձատրություն։ Արդյունքում ատեստավորումը չանցած սպաները հաճախ սաբոտաժի են ենթարկում ծառայողական պարտականությունների կատարումը՝ դրանք թողնելով ավելի բարձր վարձատրվող գործընկերներին։
Այս ֆինանսական և բարոյական պառակտումն ավելի է բարդանում ծառայության կազմակերպման և մարտական ստորաբաժանումների համալրման խորքային խափանումների պատճառով։ Առաջնագծում հերթապահություն իրականացնող գումարտակներ պարբերաբար ուղարկվում են առողջական սահմանափակումներ ունեցող զորակոչիկներ։ Գործնականում գումարտակի անձնակազմի մի մասը առողջական վիճակի պատճառով պաշտոնապես ազատվում է մարտական դիրքերում հերթապահությունից։ Սա հանգեցնում է ծայրահեղ անհամաչափության, երբ մարտական հերթապահության ողջ ծանրությունն ընկնում է ստորաբաժանման մնացած՝ «առողջ» հատվածի վրա՝ առաջացնելով քրոնիկական ֆիզիկական և հուզական հյուծում։ Միևնույն ժամանակ զորանոցներում մնում են հերթապահությունից ազատված տասնյակ զինվորներ՝ ընդամենը մեկ սպայի հսկողության ներքո, որտեղ պլանային մարտական պատրաստության բացակայության պայմաններում անխուսափելիորեն առաջանում են կոնֆլիկտային օջախներ։
Մինչ այժմ մեկ այլ չլուծված առանցքային հարցերից է մարտական հերթապահության ժամանակ ստորաբաժանումների գտնվելու տևողությունը։ Գործող գրաֆիկները և հենակետերում անընդմեջ գտնվելը քայքայիչ ազդեցություն են ունենում նույնիսկ պատրաստված հրամանատարների վրա՝ հանգեցնելով կենտրոնացվածության անխուսափելի կորստի։
Դրան ավելանում է սկզբնական ադապտացման ծանր ֆիզիոլոգիական ցնցումը։ Մինչև զորակոչվելը շատ երիտասարդներ տարիներ շարունակ ապրում են որոշակի ռիթմով՝ սովորելով քնել կեսգիշերից շատ ավելի ուշ։ Հայտնվելով բանակում՝ խիստ օրակարգով 6։30-ին վեր կենալով և 22։30-ին քնելով, և իրականացնելով մարտական հերթապահություն՝ նրանք բախվում են սուր անքնության խնդրին։ Ֆիզիկական հյուծվածության պատճառով զինվորները քնում են դիրքապահի պարտականությունները կատարելիս, սակայն բժշկական օգնության և ադապտացման շրջանի փոխարեն ստանում են կարգապահական տույժեր կամ ենթարկվում ծառայակիցների և ոչ ֆորմալ առաջնորդների խիստ ճնշմանը։
Այս ճգնաժամերի հաղթահարմանը խոչընդոտում է բանակային միջավայրում ձևավորված «լռության դավադրությունը»։ Հրամանատարությանը բողոքելը ավանդաբար ընկալվում է որպես թուլության դրսևորում և հանգեցնում է ոչ ֆորմալ առաջնորդների կողմից խիստ պատժամիջոցների, որովհետև զինվորը զրույցից հետո վերադառնում է նույն ստորաբաժանում։ Հրամանատարները նույնպես շահագրգռված չեն խնդիրների օբյեկտիվ վերհանմամբ, քանի որ նրանց օպերատիվ-ծառայողական գործունեության գնահատականն ուղղակիորեն կախված է հաշվետվություններում արտակարգ դեպքերի բացակայությունից։ Արդյունքում ձևավորվում է փոխադարձ քողարկման համակարգ, երբ սպայի համար ձեռնտու է թաքցնել շորթման կամ ծեծկռտուքի փաստը, իսկ համակարգային ռիսկերը՝ այդ թվում հնացած ավտոտրանսպորտի շահագործումը բարդ լեռնային ճանապարհներին, կուտակվում են մինչև հերթական ողբերգական դեպքը։
Ստեղծված իրավիճակի շրջադարձային փոփոխության համար անհրաժեշտ է հրաժարվել զուտ ռեպրեսիվ մեթոդներից և անցնել կառավարման, համալրման ու վերահսկողության համակարգի խորքային բարեփոխման։
Առաջնահերթ քայլ պետք է լինի ռազմական օմբուդսմենի՝ Զինված ուժերի գործերով մարդու իրավունքների պաշտպանի անկախ ինստիտուտի ստեղծումը՝ այն ադապտացնելով հայկական իրողություններին և հիմք ընդունելով Բունդեսթագի զինծառայողների հարցերով լիազորի (Wehrbeauftragter) հաջողված մոդելը։ Այս մարմինը պետք է ընտրվի ՀՀ Ազգային ժողովի կողմից, ենթարկվի բացառապես խորհրդարանին և լիովին անկախ լինի Պաշտպանության նախարարությունից ու Գլխավոր շտաբից։ Սահմանամերձ մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում և Վայոց ձորում, շարժական աշխատանքային խմբերի ձևավորման միջոցով Օմբուդսմենի գրասենյակը կկարողանա շուրջօրյա և անակնկալ ստուգումներ իրականացնել ցանկացած զորամասում և զինծառայողներին ապահովել կապի գաղտնի ուղիներով։
Անհրաժեշտ է նաև վերանայել սպայական կազմի ատեստավորման մոտեցումը՝ առանձին վերցրած զինվորականի գնահատումից անցնելով հրամանատարի՝ որպես ղեկավարի, համալիր գնահատման։ Ատեստավորվող սպայի գնահատականը և դրամական հավելավճարի չափը պետք է ուղղակիորեն կախված լինեն նրան վստահված ստորաբաժանման իրական վիճակից՝ մարտական պատրաստության ընդհանուր մակարդակից, զինվորական կարգապահության վիճակից, արտակարգ դեպքերի, կանոնադրությամբ չնախատեսված հարաբերությունների, վնասվածքների և շորթման դեպքերի բացակայությունից։ Անհրաժեշտ է ներդնել կառավարչական և մանկավարժական կարողությունների, կոնֆլիկտների կարգավորման հմտությունների և անձնակազմի հետ աշխատանքի պարտադիր ստուգում։ Այն սպան, որի ստորաբաժանման մեջ արձանագրվում է վնասվածքների կամ կանոնադրությամբ չնախատեսված դրսևորումների բարձր մակարդակ, չի կարող համարվել ատեստավորումը հաջողությամբ անցած, նույնիսկ եթե անձամբ բոլոր ֆիզիկական և կրակային նորմատիվները հանձնել է «գերազանց»։
Վերը նկարագրված գործնական փորձի հիման վրա չափազանց կարևոր է վերանայել ծառայության կազմակերպման գրաֆիկները և կրճատել մարտական հերթապահության ժամանակ ստորաբաժանումների անընդմեջ գտնվելու օրերի թիվը։ Հենակետերում անընդմեջ գտնվելը հանգեցնում է կենտրոնացվածության անխուսափելի նվազման ու հյուծման, ուստի ռոտացիոն ցիկլերը պետք է օպտիմալացվեն, իսկ հերթապահությունների միջև ժամանակը պետք է լրացվի լիարժեք հանգստով և մարտական պատրաստությամբ։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է վերջնականապես առաջնագծից դուրս բերել բժշկական սահմանափակումներ ունեցող զինծառայողներին՝ նրանց մարտական ստորաբաժանումներից ամբողջությամբ տեղափոխելով մասնագիտացված ապահովման ստորաբաժանումներ։
Բանակային ռեկետը կանխելու համար անհրաժեշտ է ներդնել պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների բանկային քարտերով գործարքների մոնիթորինգ՝ կասկածելի փոխանցումները բացահայտելու նպատակով, ինչպես նաև նորակոչիկների համար սահմանել պարտադիր 30-օրյա ադապտացման շրջան՝ օրական ռիթմի փուլային վերակառուցմամբ և իրավական ուսուցմամբ։
Զինված ուժերի բարեփոխումը հնարավոր չէ սահմանափակել միայն ժամանակակից սպառազինության ձեռքբերմամբ։ Բանակի իրական ուժը թափանցիկ, արդար և պրոֆեսիոնալ համակարգի ստեղծումն է, որն ի վիճակի է պահպանել զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը։
Գրիգորի Սահակյան
պահեստազորի գնդապետ