Տիգրան Գրիգորյան, Հայկ Խանումյան
2026թ․ մայիսի 8-ին մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Մայիս ամիսը աչքի ընկավ ատելության խոսքի աննախադեպ ծավալներով, որի գեներացնողները հիմնականում կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցներն էին։ Արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքի թիվ մեկ դերակատարն այս անգամ ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։
Ամենաաչքի ընկնող միջադեպերը տեղի ունեցան մայիսի 18-ին, երբ կառավարող ուժը քարոզարշավ էր անում Երևանի Արաբկիր թաղամասում։ Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը հեռախոսով ցույց էր տալիս այդ պահին շատ չտարածված, կասկածելի ծագումով մի տեսանյութ, որտեղ դիմակավոր անձինք, հավանաբար ինքնաձիգներ ձեռքներին, Ղարաբաղի բարբառով մեղադրում են վարչապետ Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ և սպառնում նրան՝ ասելով, որ հետևում են և գիտեն որտեղով է անցնում նրա շարասյունը։
Նիկոլ Փաշինյանը սկսեց բորբոքված մեկնաբանել այս տեսանյութը, դիմակավորներին նույնացնելով ընդդիմության առաջնորդների հետ, շեշտում էր նրանց «Ղարաբաղի ակցենտը», չնայած խոսքն ուղղված էր դիմակավորներին, այնուամենայնիվ Փաշինյանը այնպիսի շեշտադրումներ էր անում, որով ընդհանրական մեղադրանքներ էր հնչեցնում՝ վերահաստատելով նախկինում իր կողմից հնչեցված «փախած ղարաբաղցիների» մասին պատումը։ Ավելին, նա նոր շտրիխներ ավելացրեք այդ պատումին, որոնց մեծ քանակով կարելի է հանդիպել սոցցանցերի տարբեր գրառումների տակ ատելության խոսք պարունակող մեկնաբանություններում։ Դիմակավորներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանել դիմակները, որպեսզի բոլորը տեսնեն, որ նրանք ֆերարիներով Ղարաբաղից փախած, մարտադաշտը լքած, չի բացառում նաև «մեր երեխեքին թիկունքից խփած» լակոտներ են։ «Հատ-հատ պատասխան եք տալու, մեր երեխաներին խրամատներում մենակ թողնել փախնելու համար»,-սպառաց Փաշինյանը արցախյան բարբառով խոսող անհայտ ծագում ունեցող տեսանյութի անհայտ անձանց։
Տեսանյութի «հերոսներին» կոնկրետ դիմելու փոխարեն, Փաշինյանը նրանց ընդհանրացեց բոլոր արցախցիների՝ «Ղարաբաղի ակցենտով» խոսացողների հետ, վերագրեց մտացածին ծանր հացագործություններ՝ «[մեր] երեխեքին թիկունքից խփելը», «[մեր] երեխաներին խրամատներում մենակ թողնել-փախնելը», ինչն առաջացնում է բնազդային խորը ատելություն տվյալ խմբի նկատմամբ։ Այստեղ ատելության խոսքը վտանգավոր է նրանով, որ անհայտ անձանց նկատմամբ քննադատությունը վերածվում է հավաքական մեղադրանքի՝ թիրախավորելով Արցախից բռնի տեղահանվածներին, նրանց բարբառը։
Այս թեման Նիկոլ Փաշինյանն առաջ տարավ նաև բժշկուհի Արփինե Սողոյանի հետ միջադեպի ժամանակ։ Կինը մոտեցավ իր բնակարանի մերձակայքում քարոզարշավ անող վարչապետին, նշեց, որ իր եղբայրը 2020թ․ պատերազմի ժամանակ անհետ կորած բարձարստիճան սպա է և նրան մեղադրեց «երկիրը քանդելու» մեջ։ Այս քննադատությունը հունից հանեց Փաշինյանին, նա բժշկուհուն սկսեց նույնացնել ընդդիմության առաջնորդների հետ, գոռգոռալ նրա վրա, իսկ երբ կինը փորձեց հեռանալ, ձեռքով քաշեց իր կողմը և ստիպեց լսել իրեն մինչև վերջ։ «Դուք փորձեցիք մեզ կզացնել»,-ասաց վարչապետը, բայց ինքը «կզացնելու ու սատկացնելու է Ռոբին, Սերժին, Կալուգացուն և Գագոյին»՝ նկատի ունենալով նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։ Թեև կինը Արցախից բռնի տեղահանված չէր, այլ մի քանի տասնամյակ Երևանի այդ թաղամասի բնակիչ, վարչապետը չմոռացավ նաև Արցախի մասին․ «Դուք եք քանդել, դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք»:
Ցանկացած քննադատության Ղարաբաղի հետ կապված պնդումներով հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը արցախցի փախստականներին թիրախ է դարձնում՝ նույնիսկ այն դեպքերում, երբ քննարկվող հարցերը նրանց հետ առնչություն չեն ունենում։
«Ինչո՞ւ ես ողջ». պիտակավորում և հավաքական մեղք
Մայիսի 18-ի կուլմինացիան, սակայն, արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի մասնակցությամբ միջադեպն էր, որտեղ վարչապետը զերծ չմնաց արցախցիների դեմ ատելություն բորբոքելուց։ Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոտեցավ նրան և մեղադրեց Արցախում կոռումպացված պաշտոնյաներին պաշտպանելու և հովանավորելու մեջ։ Սա հունից հանեց Փաշինյանին․ «Էկել են մատ թափ տալով [խոսում են] էս Ղարաբաղի պսևդոէլիտաները: Ռադներդ քաշեք, արա։ Ընդհանրապես, ո՞վ եք դուք, արա, «Արթուր Օսիպյանն եմ»։ Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում, այ տականք, ինչի՞ ես կենդանի»:
Այստեղ մենք գործ ունենք ստիգմատիզացիայի (խարանման) երևույթի հետ։ Ատելության խոսքի միջազգային իրավական և փորձագիտական սահմանումներում ստիգմատիզացիան (խարանումը) դիտարկվում է որպես ատելության խոսքի հիմնական գործիքներից և վտանգավոր հետևանքներից մեկը։ Միջազգային կառույցները ստիգմատիզացիան սահմանում են որպես մի գործընթաց, որի միջոցով որոշակի խումբ կամ անհատ (իրենց ազգային, տարածաշրջանային, կրոնական կամ այլ հատկանիշներով) հանրության աչքում պիտակավորվում է բացասական, արատավոր կամ «դավաճանական» որակումներով, ինչը նրանց դարձնում է լուսանցքային և խոցելի բռնության հանդեպ։ «Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը, դու խի՞ ես կենդանի» հռետորաբանությամբ Փաշինյանը փորձ է անում հանրության մեջ ներարկել մի գաղափար, որ ցանկացած արցախցի, ով ողջ է մնացել պատերազմից հետո և համարձակվում է քաղաքական պահանջներ ներկայացնել, «դավաճան» կամ «դասալիք» է, քանի որ չի զոհվել։
Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակեց կրկնել այս պատումները նաև միջադեպին հաջորդած օրերի ընթացքում։ «Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել Ղարաբաղի հարցն առաջ է տանում,- նշեց վարչապետը լրագրողների հետ մայիսի 28-ի իր ճեպազրույցի ընթացքում։ Արթուր Օսիպյանը 2020թ․ պատերազմի մասնակից է, դրա մասին վկայում են նաև նրա մարտական ընկերները։
Այս միջադեպի ընթացքում և դրան հաջորդած օրերին Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված պնդումները վերջին տարիների ընթացքում իշխող ուժից կողմից փախստականներին թիրախավորող հիմնական քարոզչական պատումների մասն են, որոնք նպատակ ունեն արցախցիներին ներկայացնել որպես դասալիք, էթնիկ զտման պատասխանատվությունը դնել զոհի վրա։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «դու խի՞ ես կենդանի» մեղադրանքը մոտ մեկ տարի առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված «չեք կռվել, մնայիք բա կռվեիք» աղմկահարույց հայտարարության տրամաբանական շարունակությունն է։ Արթուր Օսիպյանի հետ միջադեպի ընթացքում Փաշինյանը, փաստացիորեն, բարձրաձայնեց Սիմոնյանի հայտարարության լռելյայն հատվածը։
Այս խոսույթում, ինչպես նաև փախստականների վերաբերյալ իշխանական և իշխանամետ գործիչների կողմից օգտագործվող նմանատիպ խոսույթներում, ակնհայտ է նաև «մենք ընդդեմ նրանց» բևեռացնող պատումի օգտագործումը։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Օսիպյանը պետք է զոհվեր «մեր երեխեքի» փոխարեն, նա փաստացիորեն բաժանարար գծեր է ստեղծում պատերազմի մասնակիցների միջև՝ դասակարգելով նրանց տարբեր խմբերի մեջ։
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից անմիջապես հետո Արթուր Օսիպյանը կալանավորվեց երկու ամսով, մեղադրանքները երեքն են՝ խուլիգանութուն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտում և բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Օսիպյանը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Քաղաքացիական հասարակության ճնշման տակ միայն հունիսի 10-ին՝ հացադուլի 24-րդ օրը, Արթուր Օսիպյանի նկատմամբ կալանքը վերացվեց, քաղաքական ակտիվիստը դուրս եկավ հացադուլից և խոստացավ Նիկոլ Փաշինյանին պարտադրել ներողություն խնդրել դատարանի միջոցով։
Հավաքական մեղքի թեզի տարածումը իշխանամետ օգտատերերի կողմից
Արթուր Օսիպյանի միջադեպը խթան դարձավ նաև, որպեսզի իշխանամետ տարբեր բլոգերներ ու օգտատերեր, որոնք աչքի են ընկնում փախստակնների դեմ ատելության խոսք գեներացնելով, կրկին թիրախավորեն արցախցիներին։ Այսպես, իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքում հետևյալ բովանդակությամբ գրառում էր հրապարակել․ «Երբ դու ղարաբաղցի ես… երբ ոտքերիդ արանքում ոչինչ չկա, բացի միջադիրից… երբ փախչում ես՝ խրամատներում լքելով Հայաստանից եկած 18 տարեկան զինվորներին… երբ թքած ունես բանակում ստորագրածդ պայմանագրի վրա… երբ կարող ես 8 ժամ ղեկ պահել, բայց չես կարողանում ավտոմատ պահել, և երբ չես պաշտպանում քո եկեղեցիները։ Հարևան երկրի զորքերին տեսնելիս վախից տաբատները կեղտոտած տասնյակ հազարավոր ղարաբաղցի տղամարդիկ… բողոքում են, թե եկեղեցիները պղծում են. իսկ ո՞վ էր խանգարում փախչելու փոխարեն պաշտպանել այդ եկեղեցիները։ Եվ սեփական հողի այսպիսի դավաճանները քննադատում են Փաշինյանին»,- եզրափակում է իր գրառումը մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան օգտատերը։
Արցախցիների դեմ պարբերաբար ատելության խոսք գեներացնող Ռոման Բաղդասարյանը վայլելում է Հայաստանի իրավապահների անթաքույց աջակցությունն ու հովանավորչությունը (տե՛ս ապրիլ ամսվա զեկույցը)։ Բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ նման բացահայտ, ծայրահեղ ատելության խոսքը նպատակ ունի ապամարդկայնացնել կոնկրետ հանրույթի, նրանց ներկայացնել որպես «դասալիք», լեգիտիմացնել արցախցիների նկատմամբ իրականացվելիք հնարավոր բռնությունները, քանզի «դասալիք արցախցիները մենակ են թողել 18 տարեկան զինվորներին և մեղավոր են մեր երեխեքի զոհվելու մեջ»։ Արցախցիներին հավաքական ձևով պիտակավորելով որպես դասալիք՝ Ռոման Բաղդասարյանը նպաստում է այն քարոզչական կարծրատիպի խորացմանը, որի համաձայն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գնացած զինվորները կռվել են, իսկ արցախցիները՝ փախել։ Դրանով գեներացվում է խորը ատելություն հանրության տարբեր հատվածների միջև։ Ի վերջո, գրառման հանգուցալուծումն այն է, որ ոչ մի արցախցի իրավունք չունի քննադատել իշխանություններին։ Սկզբից արցախցիները ապամարդկայնացվում են, ապա նրանք զրկվում են խոսքի իրավունքից։
Բաղդասարյանը միակ իշխանամետ օգտատերը չէր, ով Օսիպյանի միջադեպից հետո ատելության խոսք տարածեց արցախցի փախստականների նկատմամբ։ Իշխող կուսակցության կողմնակից, ՔՊ քարոզարշավին ակտիվորեն մասնակցող, նախկինում արցախցիների դեմ ատելության խոսքով աչքի ընկած Թաթուլ Ասիլյանը կոչ արեց արցախցիներին արտաքսել Հայաստանից․ «Էդ կյարաբաղցիների լեզուները, ումը երկարա՝ պետքա կտրվի քյոքից։ Վարչապետ ջան, վտարի մեր երկրից»։ Այս օգտատիրոջը մենք անդրադարձել էինք նաև մեր ապրիլ ամսվա զեկույցում։
Օսիպյանի հետ միջադեպը առիթ էր նաև իշխանամետ մեկ այլ օգտատիրոջ՝ Անիտա Հարությունյանի կողմից արցախցիներին թիրախավորելու, նրանց հայհոյելու և Հայաստանի իշխանությունների կողմից խրախուսվող մեկ այլ քարոզչական պատում՝ «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումն առաջ տանելու համար։ Այս օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ակտիվորեն մասնակցում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, ՔՊ շապիկով այլ ազդեցիկ կուսակցականների հետ քարոզչական նյութեր էր բաժանում քաղաքացիներին։
Մայիսի 18-ի իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում իշխանամետ օգտատերը հարձակվեց վարչապետին քննադատած Արթուր Օսիպյանի վրա, ապա խոսքն ընդհանրացնում բոլոր արցախցիների նկատմամբ․ «․․․ մենք բա՞ն չենք արել ձեր համար, ա՛յ տականքի վաստակներ, մենք բա՞ն չենք արել ձեր համար, մենք ձեզ չե՞նք օգնել, մենք ձեզ տուն չե՞նք տվել, մենք ձեզ դեղորայքով չե՞նք օգնել, մենք ձեզ չե՞նք փրկել, մենք ձեր համար պատերազմ չե՞նք գնացել, մեր վերջին կոպեկը ձեր համար չե՞նք ծախսել, մեր տան ուտելիքը ձեր համար չե՞նք բերել, մեր շորերը չե՞ք հագել։ Մենք ձեր համար բան չ՞ենք արել, անասունի վաստակ։ Ինձ ինֆարկտ կտա հիմա սրանց ձեռը ու սաղ էսօր ղարաբաղցիներն են վրա տվել։ Մենք ձեր համար բան չե՞նք արել․ հիսուն հազարները, որ դուք ստանում եք, դա ոչ մի բա՞ն ա, ա՛յ կեղտ, այ վիժվածք, ոչ մի բա՞ն ա դա»։
Այնուհետև, զարգացնելով վարչապետի «ինչու՞ ես դու ողջ» թեզը, Հարությունյանը շարունակում է ,- «այո՛, դու խի՞ ես, դու վաբշե խի ես կենդանի, խի՞ ես ապրում, գնայիր մեռնեիր տղերքի հետ, գոնե կիմանայինք, որ մի բանի պիտանի ես եղել, կասեինք գոնե անմահ ձևով մեռել ա, չի մեռել, սատկել ա, մորդ արգանդը չորանա, քո նման վիժվածքի չբերեր, այս ի՞նչ ձև է վարչապետի հետ խոսալու, այս ի՞նչ ձև է վաբշե առհասարակ արտահայտվելու, այս ի՞նչ ձև է վաբշե առհասարակ մարդու չհարգելու, ես ձեր պես երևույթ չեմ տեսել, ես օր օրի, ժամ առ ժամ, վայրկյան առ վայրկյան համոզվում եմ, որ ղարաբաղցիների նման տականք չկա, մի երկու հոգի մարդ կա լավը, էն էլ ձեր պատճառով ըսկի էդ մարդկանց էլ չենք ուզում տեսնենք։ Այո՛, մենք ինչի՞ պիտի ձեզ օգնենք։ Մենք խի՞ պիտի, մեր տղերքը չպիտի արյուն թափեին ձեր համար, խի՞ պիտի մենք գայինք Ղարաբաղ պահեինք, որ ձեր նման տականքի վաստակները հելնեն, ասեն ի՞նչ եք արել մեր համար, խի՞ պիտի անեինք, խի՞ խի՞ պիտի այսօր մենք դաժե ծնողների աչքերին չկարողանայինք նայեինք 44 օրվա պատերազմին, ա՛յ համբալի վաստակ․․․»:
Պետական աջակցությունը՝ որպես քաղաքական լոյալության և ճնշման գործիք
Ակնարկները այն մասին, որ քաղաքականապես ոչ լոյալ արցախցիները պետք է լքեն երկիրը, անում էին նաև պաշտոնյաներ։ Մայիսին` նախընտրական քարոզչության ժամանակ, նման մի միջադեպ էլ գրանցվեց Թալինի բնակավայրերից մեկում, երբ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը մտել էր բռնի տեղահանված արցախցու տան տարածք և փորձում էր նրան փոխանցել կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական նյութերը։ Արցախից բռնի տեղահանված կինը նշեց, որ ինքը չի խառնվում քաղաքականությանը, հարգում է համայնքապետին, սակայն քաղաքական ուժերն իրեն չեն հետաքրքրում։ Ի պատասխան Թալինի համայնքապետը հայտարարեց, որ մարդ չպետք է անաղուհաց լինի։
«-Էս տունը, որ բնակվում եք, ու՞մն ա,-հարցեց համայնքապետը։
Կին։ -Իմն է այս պահին։
Համայնքապետ։ -Ո՞վ է տվել այդ գումարը։
Կին։ -Այդ գումարը տվել է պետությունը, պետությունը՛, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց գրպաններից։
Համայնքապետ։ -Տեսեք, պետության գլխին կանգնած ենք մենք, Նիկոլ Փաշինյանը, իսկ ձեր տան երեխաներին ո՞վ է օգնել առաջին օրը։
Կին։ -Ես շնորհակալ եմ եղել այն մարդկանց, ովքեր մեզ օգնել են, թե ով ի՞նչ է ակնարկում՝ մեզ հետաքրքիր չի, մեզ քաղաքականությունը հետաքրքիր չի։
Համայնքապետ։ -Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում․․․ կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կառնեմ։
Կին։ -Ինչու՞,էս էլ ա թշնամունը դրա՞ համար, ո՛չ, նախընտրում եմ արժանապատիվ մեռնել, քան ստորացված սատկել։
Համայնքապետ։ -Մեռնող էիր, Ղարաբաղումդ մեռնեիր»։
Համայնքապետի կողմից բռնի տեղահանված անձի նկատմամբ իրականացրած հոգեբանական ճնշման, սպառնալիքի և ատելության խոսքի այս ցուցադրությունը մի քանի շերտեր ունի։ Առաջինը, պետական աջակցության ծրագրերի քաղաքական մոնետիզացիան է և պարտքի զգացման պարտադրումը («անաղուհաց» լինելու մեջ պիտակավորելը)։ Բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից աջակցության ծրագրերը պետության պարտավորությունն է, ոչ թե ողորմություն կամ բարեգործություն։ Համայնքապետը փորձում է հանրային միջոցներով տրվող աջակցությունը ներկայացնել որպես կուսակցական նվեր և դրա դիմաց ստանալ քաղաքական լոյալություն և/կամ քվե։ Երբ կինը հրաժարվում է այդ գործարքից, նա պիտակավորվում է որպես անշնորհակալ։
Իր խոսքում, Տ․Սափեյանը ջնջում է նաև պետության և իր քաղաքական ուժի միջև սահմանը։ Հայտարարելով, որ պետության գլխին կանգնած են իրենք՝ Նիկոլ Փաշինյանը։ Դրանով համայնքապետն ուզում է ցույց տալ, որ ով որ դեմ է իրենց՝ դեմ է պետությանը։
Համայնքապետն այնուհետև անցնում է սպառնալիքի՝ նշելով, թե «այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»՝ մեկ անգամ արդեն տնից զրկված կնոջն ակնարկելով, որ ինքը Հայաստանում հյուր է և ոչ լոյալ քաղաքական վարքագծի դրևսորման դեպքում պետք է լքի երկիրը։ Այս էպիզոդը խորացնում է տեղահանվածների շրջանում անպաշտպանվածության և օտարման զգացումը։
Եզրակացություն
Ամփոփելով մայիս ամսվա ընթացքում կատարած մեր մշտադիտարկումները արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման հետ կապված՝ կարող ենք եզրակացնել, որ արցախցիների դեմ ատելություն հիմնականում բորբոքել են իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը համակարգված ձևով զարգացնում է տարբեր պատումներ արցախիների նկատմամբ, որոնք լայնորեն տարածվում են։ Արցախցիների դեմ բացահայտ ատելության խոսքով հանդես են գալիս նաև իշխանամետ օգտատերեր՝ ընդհուպ արցախցիներին Հայաստանից վտարելու կոչերով։ Իրավապահ մարմիններն այս դեպքերի կապակցությամբ շարունակում են անգործություն ցուցաբերել։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։