Լիլի Դյուբուա-Հարունյան
Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI) սպառնալիքների հանդեպ Հայաստանի և Մոլդովայի համեմատությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում եվրոպական խոսույթում: Տեղեկատվական միջամտությանը հակազդելու հարցերին նվիրված վերջին համաժողովում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հստակ զուգահեռներ անցկացրեց երկու երկրների միջև՝ նշելով, որ Մոլդովայի ընտրական միջավայրի վրա ազդելու (ինչը լայնորեն ընկալվեց որպես անհաջող) փորձից հետո Ռուսաստանը, ըստ ամենայնի, նմանատիպ գործառնական մեթոդներ է կիրառել Հայաստանում, սակայն այս անգամ՝ առավել կանխատեսելի և կառուցվածքային ձևով:
Այս համեմատությունն արտացոլում է միջազգային դերակատարների շրջանում առկա ավելի լայն միտումը՝ վերլուծել Հայաստանն ու Մոլդովան ընդհանուր վերլուծական շրջանակների միջոցով՝ ընդգծելով ռուսական ազդեցության ռազմավարությունների ընդհանուր դինամիկան այն տարածքում, որը Մոսկվան դեռևս ընկալում է որպես իր «մերձավոր արտասահման»: Սակայն, թեև այս համեմատությունը ցույց է տալիս ռուսական տեղեկատվական գործելակերպերի տարածման իրական միտումներ, այն նաև կարող է չափազանց պարզեցնել երկու էապես տարբեր համատեքստեր։ Չնայած Հայաստանն ու Մոլդովան կիսում են խորհրդային ժառանգությունը, դրանց քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ուղիները զգալիորեն տարբեր են, ինչն էլ ձևավորում է ռուսական տեղեկատվական գործողությունների բնույթն ու ազդեցությունը։
Համեմատությունն օգտակար է միայն այն դեպքում, եթե հաշվի են առնվում այն կառուցվածքային տարբերությունները, որոնք պայմանավորում են տեղեկատվական ազդեցության ստեղծումը, տարածումը և ընկալումը։
Հետևաբար, համեմատությունն օգտակար է, բայց միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն կառուցվածքային տարբերությունները, որոնք պայմանավորում են տեղեկատվական ազդեցության ստեղծման, տարածման և ընկալման ձևերը:
Սույն հոդվածը ներկայացնում է ավելի մանրամասն զեկույցի ամփոփագիրը, որը հասանելի է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
Ընդհանուր կառուցվածքային խոցելիություններ
Չնայած տարբեր զարգացման ուղիներին՝ Հայաստանը և Մոլդովան ունեն մի շարք ընդհանուր կառուցվածքային խոցելիություններ, որոնք հնարավորություն են ստեղծում ռուսական տեղեկատվական ազդեցության համար։
Երկու երկրներն էլ աստիճանաբար մերձենում են Եվրոպական միությանը, թեև տարբեր ձևաչափերով։ Մոլդովայի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը ապահովում է անդամակցության պաշտոնական գործընթաց։ Հայաստանի հարաբերությունները Բրյուսելի հետ ավելի քիչ ինստիտուցիոնալացված են և հիմնականում կառուցված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) շուրջ, սակայն վերջին տարիներին զգալիորեն խորացել են քաղաքական երկխոսության և ռազմավարական համագործակցության ընդլայնման շնորհիվ։
Այս մերձեցումը արտացոլում է արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման և Ռուսաստանից կախվածության նվազեցման ձգտումը։ Այդ համատեքստում Ռուսաստանը կիրառում է հիբրիդային գործիքների լայն շրջանակ՝ տնտեսական ճնշումներից և կիբերհարձակումներից մինչև տեղեկատվական գործողություններ՝ նպատակ ունենալով դանդաղեցնել կամ հակազդել այդ գործընթացին։
Երկու պետություններն էլ շարունակում են կառուցվածքային կախվածություններ ունենալ Ռուսաստանից, որոնք հիմք են ծառայում տեղեկատվական ազդեցության գործողությունների համար։ Մոլդովայի կախվածությունը ռուսական էներգակիրներից երկար ժամանակ եղել է առանցքային խոցելիություն, թեև 2022-ից հետո այն նվազել է եվրոպական շուկաների հետ ինտեգրման շնորհիվ։ Հայաստանը շարունակում է զգալիորեն կախված մնալ ռուսական գազից և պահպանել տնտեսական սերտ փոխկախվածություն Մոսկվայի հետ։
Չլուծված տարածքային հակամարտությունները ևս ուժեղացնում են այս խոցելիությունները։ Մոլդովայում Մերձդնեստրը և Գագաուզիան հաճախ օգտագործվում են՝ ԵՄ ինտեգրման հետ կապվող «անխուսափելի պատերազմի» մասին նարատիվներ տարածելու համար։ Հայաստանում 2023-ի Լեռնային Ղարաբաղի կորուստը և ավելի քան 100,000 մարդու տեղահանումը շարունակում են մնալ խոր քաղաքական տրավմա, որը հաճախ օգտագործվում է կառավարության լեգիտիմությունն ու արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը կասկածի տակ դնելու համար։
Պատումների համընկնող կառուցվածքներ
Ռուսական ազդեցության արշավները երկու համատեքստում էլ հիմնվում են ստանդարտացված, բայց տեղական պայմաններին հարմարեցված պատումների շրջանակների վրա:
Ընդհանուր թեմաները ներառում են կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, բարոյական անկումը, ինքնիշխանության քայքայումը և Արևմուտքի արտաքին վերահսկողության մասին պնդումները:
Մոլդովայում նախագահ Մայա Սանդուն հաճախ պատկերվում է որպես Բրյուսելի անունից գործող անձ: Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկայացվում է որպես ազգային շահերից կտրված և արևմտյան օրակարգերին հարող գործիչ:
Ինքնության կորստի վախերը նույնպես համընկնում են: Մոլդովայում լայնորեն տարածված են ռումինական կլանման և պետության կազմալուծման մասին թեզերը: Հայաստանում թուրքական և ադրբեջանական ազդեցության վերաբերյալ պատումն է հաճախ գործիքայնացվում։
Այս պատումները շրջանառվում են նմանատիպ թվային էկոհամակարգերի միջոցով, ներառյալ՝ Տելեգրամյան ալիքները, տարածման համակարգված ցանցերը և գնալով ավելի շատ արհեստական բանականությամբ (ԱԲ) աջակցվող բովանդակության արտադրությունը, ինչը նպաստում է դրանց արագ տարածմանը։
Կրոնական և բարոյական շեշտադրումները նույնպես դեր են խաղում: Մոլդովայում ուղղափառ ցանցերն ու դրանց հարող համայնքները հաճախ պահպանողական և հակաեվրոպական ուղերձներ են տարածում։
Հայ առաքելական եկեղեցին ենթակա չէ Ռուս ուղղափառ եկեղեցուն և չի կարող ընկալվել որպես բնականորեն ռուսական շահերին համահունչ գործող կառույց։ Փոխարենը, Հայաստանի դեպքում հենց եկեղեցի-պետություն դիմակայությունն է հաճախ գործիքայնացվում։
Երկու դեպքում էլ ընտրությունները ներկայացվում են ոչ միայն որպես քաղաքական, այլ որպես քաղաքակրթական որոշում՝ կապված ինքնության, ինքնիշխանության և աշխարհաքաղաքական հարման հետ:
Հայաստանի առանձնահատուկ տեղեկատվական միջավայրը
Չնայած նմանություններին՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրն ավելի մասնատված է և մրցակցային:
Ի տարբերություն Մոլդովայի, որտեղ ռուսական ազդեցությունն առավել գերիշխող է, Հայաստանը բախվում է միաժամանակ ռուսական, ադրբեջանական և թուրքական նարատիվների ազդեցությանը։ Դրանք միշտ չէ, որ համակարգված են, սակայն հաճախ համընկնում են Արևմուտքի ներգրավվածությունը որպես ապակայունացնող և արտաքինից պարտադրված գործընթաց ներկայացնելու հարցում։
Անդրազգային դերակատարներն էլ ավելի են բարդացնում այս դաշտը: Ռուսալեզու և թուրքալեզու ցանցերում գործող մեդիա դեմքերը հանդես են գալիս որպես խթանիչներ՝ ջնջելով լրագրության, քաղաքական ուղերձների և ազդեցության գործողությունների միջև առկա սահմանները:
Սա ստեղծում է ավելի բարդ և դժվար կարգավորվող տեղեկատվական էկոհամակարգ:
Սփյուռքի դերը
Սփյուռքի դերը հանդիսանում է երկու դեպքերի միջև հիմնական տարբերության կետը՝ արտացոլելով արտաքին քաղաքական ազդեցության հիմնովին տարբեր կառուցվածքներ:
Մոլդովայի պարագայում այն մեծ է, մոբիլիզացված և ընդգծված եվրոպամետ: Մոլդովական սփյուռքը վճռորոշ դեր խաղաց վերջին ընտրություններում. արտերկրում գտնվող ընտրողների շուրջ 82-83%-ը պաշտպանեց Մայա Սանդուին, ինչը վճռորոշ եղավ նրա վերընտրվելու համար:
Հայաստանի պարագայում սփյուռքն ավելի մեծ է և ավելի մասնատված, սակայն քաղաքականապես ավելի քիչ ուղղակի ազդեցություն ունի ընտրական կանոնների պատճառով, քանի որ համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն միայն բնակչության պետական ռեգիստրում գրանցված ՀՀ քաղաքացիները:
Դիմակայունության տարբերվող կարողությունները
Ինստիտուցիոնալ դիմակայունությունը ներկայացնում է ևս մեկ կարևոր տարբերություն:
Մոլդովան աստիճանաբար մշակել է արտաքին միջամտությանը հակազդելու մեխանիզմներ, ինչն արագացել է Ռուս-ուկրաինական պատերազմով և 2024 թվականի ընտրական փուլով: Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և ԵՄ գործընկերների միջև համակարգումը բարելավել է հայտնաբերման և արձագանքման կարողությունները:
Հայաստանի ինստիտուցիոնալ արձագանքն ավելի թարմ է: 2020 թվականից ի վեր, և հատկապես 2023 թվականից հետո, իշխանությունները սկսել են մշակել ապատեղեկատվությանը հակազդելու շրջանակներ: Այնուամենայնիվ, դրանք մնում են մասնակի և մեծապես կախված են քաղաքացիական հասարակությունից:
Արդյունքում, արտաքին միջամտության արշավներն ունենում են տարբեր հետևանքներ. Մոլդովայում դրանք գործում են ավելի իրազեկված ու զգոն միջավայրում, մինչդեռ Հայաստանում դրանք կարող են ավելի հեշտությամբ խորացնել անվտանգության և աշխարհաքաղաքական անորոշության հետ կապված առկա մտահոգությունները:
Ինչու է այս համեմատությունը կարևոր
Հայաստանի և Մոլդովայի համեմատությունը և՛ օգտակար է, և՛ սահմանափակ:
Այն օգտակար է, որովհետև բացահայտում է ռուսական ազդեցության ռազմավարությունների կրկնվող օրինաչափությունները, ներառյալ՝ նմանատիպ գործիքները, պատումները և ադապտացվող տրամաբանությունը:
Այն սահմանափակ է, որովհետև կարող է ստվերել հիմնարար համատեքստային տարբերությունները:
Մոլդովայի տեղեկատվական դաշտը ձևավորվում է հիմնականում ԵՄ ինտեգրման շուրջ քաղաքական բևեռացմամբ: Հայաստանինը ձևավորվում է հետպատերազմյան տրավմայով, անվտանգային անպաշտպանվածությամբ և տարածաշրջանային ավելի բարդ տեղեկատվական պատերազմի իրողություններով:
Թեև Մոլդովայի ինստիտուցիոնալ դիմակայունությունից կարելի է դասեր քաղել, դրանք չեն կարող ուղղակիորեն պրոյեկտվելլ Հայաստանի վրա: Ավելին, Հայաստանում ռուսական տեղեկատվական գործելակերպը թվում է գնալով ավելի հարմարվողական, ինչը հուշում է, որ նախորդ համատեքստերից (օրինակ՝ Մոլդովայից) դասեր են քաղվել:
Հետևաբար, արդյունավետ արձագանքները պետք է հաշվի առնեն Հայաստանի յուրահատուկ սահմանափակումները, ներառյալ՝ նրա անվտանգային կախվածությունը և իր տեղեկատվական դաշտում գործող օտարերկրյա դերակատարների բազմազանությունը:
Համեմատության արժեքը ոչ թե նույնականացման, այլ ավելի լայն օրինաչափությունների բացահայտման մեջ է՝ միաժամանակ պահպանելով վերլուծական ճշգրտությունը:
Քանի դեռ Հայաստանը մոտենում է ապագա ընտրական փուլերին, համեմատական պատկերացումների և համատեքստային առանձնահատկությունների միջև այս հավասարակշռությունը կմնա էական՝ տարածաշրջանում տեղեկատվական ազդեցության զարգացող դինամիկան հասկանալու համար: