ԺԱՏԿ զեկույցի շնորհանդես․ Ռուսական տեղեկատվական ազդեցության համեմատությունը Մոլդովայում և Հայաստանում

Մայիսի 21-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը Երևանում կազմակերպել էր քննարկում՝ նվիրված «Ռուսական տեղեկատվական ազդեցության համեմատությունը Մոլդովայում և Հայաստանում. օրինաչափություններ, մարտահրավերներ և առանձնահատկություններ» զեկույցի արդյունքներին: Քննարկմանը ելույթ ունեցավ զեկույցի հեղինակ, ԺԱՏԿ հետազոտող Լիլի Դյուբուա-Հարունյանը, իսկ հանդիպումը վարում էր ԺԱՏԿ տնօրեն Տիգրան Գրիգորյանը:

Զեկույցի հեղինակը ներկայացրեց, թե ինչպես են ռուսական տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտության արշավները տեղայնացնում իրենց պատումներն ու առցանց գործողությունները Հայաստանի և Մոլդովայի քաղաքական ու աշխարհաքաղաքական համատեքստերին:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երկու երկրներում նմանատիպ ապատեղեկատվական պատումների տարածմանը, անվտանգային մարտահրավերների ու տարածքային կորուստների պայմաններում հայաստանյան տեղեկատվական միջավայրի հատուկ խոցելիություններին, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմակայունություն կառուցելու գործում Մոլդովայի փորձն ավելի լավ հասկանալու կարևորությանը:

Մենք ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ դիվանագիտական համայնքի, ուղեղային կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնց տեսակետները մեծապես նպաստեցին մտքերի փոխանակմանը քննարկման ընթացքում։