Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ ապրիլ, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ ապրիլ, 2026

13.05.2026

 

Հայկ Խանումյան 

 

Հայաստանում 2026թ․ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, սակայն ընտրությոններին մասնակցող ուժերն արդեն մի քանի ամիս է ինչ քարոզչական ակտիվություն են ցուցաբերում։ Քաղաքական մրցակցության սրումը բևեռացված քաղաքական մթնոլորտում բերում է ատելության խոսքի դեպքերի ավելացման, որը նկատվում է թե՛ սոցցանցերի օգտատերերի մոտ, թե՛ տարբեր քաղաքական դերակատարների, հատկապես՝ իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը նախընտրական շրջանում իրականացնում է հանրային տիրույթում արցախցի փախստականներին թիրախավորող ատելության խոսքի մշտադիտարկում և ամսական զեկույցների հրապարակում։ Մարտ ամսվա զեկույցը կարող եք ընթերցել այստեղ։ 

 

Ապրիլին, ի տարբերություն մարտ ամսվա, չեն արձանագրվել իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցների կողմից արցախցիներին թիրախավորող խոսույթի տարածում իրենց հարթակներում։ Ի տարբերություն նախորդ ամսվա՝ ատելության խոսքով, թիրախավորող, նվաստացնող լեզվով հայտարարություններով աչքի չեն ընկել նաև գործող բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Ապրիլ ամսվա ընթացքում սակայն շարունակվել է սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից արցախցիների դեմ ատելության խոսքի գեներացումը։ Շատ նյութեր հավաքել են հարյուր հազարավոր դիտումներ։


Փախստականների դեմ ատելության գեներացումը սոցիալական ցանցերում

Ապրիլի 10-ին տիկտոկյան streettalk_armenia  էջը, որը vox pop ոճի կարճ տեսահոլովակներ է պատրաստում,  հրապարակել էր կարճ հարցազրույց  անհայտ անցորդի  հետ, որը թիրախավորում է բոլոր արցախցիներին և հատկապես՝ արցախցի կանանց․«սհենց մի բան ասեմ, ղարաբաղցին էլ հայ չի, էն կինը, հազար անգամ կներեք, որ տեղաշոր է կիսել թուրքի հետ, թուրքի լամուկներ է ծնել, միլիոն տոկոսով, էտենց կին գոյություն չունի Ղարաբաղում, որ թուրքի հետ եղած չլինի»։ 

 

Այս նույն անձը նույն հարթակում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղցիների փախած լինելու մասին պիտակավորմանը։ «[Փաշինյանը] ճիշտ է ասել, լավ էլ արել է, ինչի՞ են փախել, իրենց հողն ու ջուրը թողել՝ փախել են, ու՞մ վրա են հույսը դրել, հայերի՞ վրա, էստեղի, ինչի՞ համար, ձեր հողն ու ջուրը պաշտպանեիք, մեզանից, էստեղից, Հայաստանից 3000-6000 զոհված ունենք իրանց հողը պաշտպանելու համար, իրա՛նց հողը, թուրքի ձեռից, իսկ իրանք փախնում-գալիս են էստեղ ապրելու համար, հլա պահանջում էլ են որ լավ ապրեն, ինչի՞ համար, շատ լավ է արել, որ անպատվել ա, պիտի վռնդի սաղին, մի հատ ղարաբաղցի չպետք է մնա էստեղ»։ 

 

Նշված խոսույթը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, ապամարդկայնացման ծայրահեղ դրսևորումներ, ամբողջ արցախցիներին ներկայացնում է «ոչ հայ»՝ այսինքն ժխտում է հայկական հանրությանը նրանց պատկանելու իրավունքը, ինչը դասական բացառող հռետորաբանություն է՝ նպատակ ունենալով մեկուսացնել, օտար համարել որևէ խոցելի խմբի։ Արցախցի կանանց թիրախավորելը ոչ միայն վիրավորական, այլ սեռականացված և ապամարդկայնացնող խոսույթ է։ Բռնի տեղահանվածների նկատմամբ վիրավորական խոսքերը, զոհին մեղադրելը, ուժի սպառնալիքի հետևանքով տեղահանված անձանց ներկայացնում է որպես «անարժան խումբ», իսկ նրանց սոցիալական պահանջները որպես «անհիմն պահանջ»։ Առավել վտանգավոր են տեսանյութերի հերոսի արցախցիներին Հայաստանից վռնդելու կոչերը։ Ատելության խոսքի միջազգային սահմանումներում խմբի նկատմամբ վտարելու կամ հեռացման կոչերը դիտվում են որպես ատելության առավել վտանգավոր ձևերից մեկը։

 

Այս տեսանյութերի հետքերով հարուցվել է քրեական վարույթ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, փախստականների դեմ ատելության խոսքի տարածման վերաբերյալ այս վարույթներում սովորաբար որևէ զարգացումներ չեն լինում, մարդկանց մեղադրյալների կարգավիճակ չի տրվում։ Իրավիճակը լիովին տարբերվում է այն դեպքերում, երբ ատելության խոսք տարածում են իշխանության հակառակորդները․ նրանք շատ արագ հայտնվում են մեղադրյալի կարգավիճակում և կալանավորվում։ 

 

Փախստականների դեմ ատելության խոսքի տարածմամբ  աչքի ընկած իշխանամետ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ապրիլի 28-ի ֆեյսբուքյան գրառմամբ կրկին թիրախավորեց արցախցիներին․ «Տուպոյ մաթեմատիկա եմ անում։ Ղարաբաղից տեղահանված առողջ տղամարդկանց թիվը խի ա Ղարաբաղի "համար" զոհված հայաստանցիների օբշի թվից պակաս?

25.000 կարգի զոհ, եռապատիկ վիրավոր տա Շիրակը, Շամշադինը, Մասիսը, Գորիսը, Կոնդը, Յոնջլախը, Ղարաբաղից տեղահանված ստանամ առողջ 60.000 ղարաբաղցի  տղամարդ???

Առխային դատի տվեք))))»։ 

 

Սիրունյանի գրառումը ոչ միայն մանիպուլացնում է փաստերը, այլև զարգացնում  իշխանության կողմից քաջալերվող «դասալիք ղարաբաղցիների» պատումը։  Այսպես, առաջին ղարաբաղյան պատերազմում Ղարաբաղում զոհվածներից 2034-ը եղել են Հայաստանից, իսկ 2700-ը՝ Արցախից։ 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 4000-ից ավելի զոհվածներից և անհետ կորածներից մոտ 794-ը են եղել Արցախից։ 

 

Իր այս գրառմամբ փաստաբան Սիրունյանը խորացնում է հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, թիրախավորում է արցախցիներին՝ նրանց ներկայացնելով որպես չկռվող, սեփական հայրենիքը պաշտպանելու կամք չունեցող մարդկանց։ 

 

Այս փաստաբանը հայտնի է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ իր կապերով: 2025-ի հունվարին իշխող խմբակցությունը ներկայացրել էր նրա թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար։ Աժ-ում թեկնածության քննարկումից հետո, իշխողը խմբակցությունը հանրային ճնշման տակ, ինչպես նաև հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուի բարեվարքության բացասական գնահատականը, ի վերջո, հրաժարվեց նրա թեկնածությունից։

Արցախցի փախստականներին հերթական անգամ թիրախավորել է մեծ լսարան ունեցող իշխանամետ օգտատեր Ռոման Բաղդասարյանը։ Այս անգամ ևս իշխանամետ օգտատիրոջը զայրացրել էր, որ որոշ արցախցիներ տաքսիներում կամ այլ վայրում քննադատում են Նիկոլ Փաշինյանին։

 

«Մարդիկ ինչքան պետք է փտած լինեն, դուք երեք տարի է Հայաստանում եք, հարգելի՛ ղարաբաղցիներ, ես խոսում եմ 95 տոկոս ղարաբաղցիների մասին, 5 տոկոսը նորմալ են, երեք տարի է կառավարությունը ձեզ այդքան գումարներ է տալիս, դուք ո՞նց եք ռիսկ անում վարչապետի դեմ ընդհանրապես խոսել, ո՞նց։ Ու այն հայաստանցին, ով լսում է ղարաբաղցուն, էդ փսլնքոտ զրույցները և հավատում է, ինքն էլ է տուպոյ, բա Հայաստանի Հանրապետության բնակիչ, քո հարկերից է վարչապետը փող տալիս, որ ղարաբաղցին տուն սարքի, կոմպենսացիա ստանա ու իրա հազար հարցն է լուծում, բժիշկներ է, համալսարաններ է, միլիարդներ է ծախսել ու ծախսում վարչապետը, մեր հարկերից, ժողովուրդ ջան, դու երբ լսում ես, որ առանձին ղարաբաղցին խոսում է վարչապետի դեմ, դու հարց չես տալիս՝ ա՛յ դարմոյեդ, դու ու՞մ գումարներով ես ապրում Հայաստանում, որ մի հատ էլ բերան ես բացում վարչապետի վրա, դուք էդ հարցը չե՞ք տալիս այդ մարդկանց»,-ասում է Ռոման Բաղդասարյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Իրենք թողեցին ամեն ինչ ու փախան, իսկ հիմա Հայաստանի բյուջեի հաշվին ուզում են շքեղ ապրել։ Ասում են՝ «մենք հյուր ենք»։ Ոչ, դուք հյուր չեք, դուք պարտավորություն ունեք այս երկրի առաջ, որին տարիներով թալանել եք ձեր ղեկավարների հետ միասին»,-մեկ այլ հատվածում նշում է Ռ․Բաղդասարյանը, շարունակելով,- «Տեսեք՝ ինչ մեքենաներով են ման գալիս։ Էդ փողերը որտեղի՞ց իրենց։ Էդ թալանած փողերն են, որ հիմա օգտագործում են Հայաստանը ներսից քանդելու համար։ Իրենց ձեռնտու է, որ հայը հայի դեմ դուրս գա»։

 

Այսպիսով, տասնյակ հազարավոր դիտումներ ունեցող տեսանյութում, իշխանամետ օգտատերը զարգացնում է «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին պատումը, մի ամբողջ խմբի ներկայացնում է որպես «թալանչի» կամ «սադրիչ», փախստականների միայն 5 տոկոսին է «նորմալ» անվանում։ Պատերազմի և կորուստների ողջ մեղքը բարդվում է զոհի (տեղահանվածի) վրա։
 

Հատկանշական է, որ Ռոման Բաղդասարյանի հրապարակումների հիման վրա կան նախաձեռնված վարույթներ, սակայն նրա պահվածքի վրա դրանք որևէ իրական ազդեցություն չեն ունեցել․ օգտատերը անարգել շարունակում է ատելություն գեներացնել՝ թիրախավորելով փախստականներին։ 

 

Իրավապահ մարմինները, սակայն, բավականին ուշադիր են, երբ սպառնալիք է հնչում այս օգտատիրոջ նկատմամբ։ Այսպես, 2024թ․ Ռոման Բաղդասարյանին քննիչի որոշմամբ հատկացվել է պետական պաշտպանություն, նրան փողոցում ուղեկցում էին քրեական ոստիկանության ծառայողներ։  

 

Ատելության խոսքի հեղինակները մնում են անպատիժ և շարունակում են իրենց գործունեությունը հանրային դաշտում, ինչը կարող է խրախուսել արցախցիների դեմ ատելության խոսքի տարածումը։

 

 

Ատելության խոսք տարածողների լեգիտիմացումը պաշտոնյաների կողմից
 

Ապրիլին Ստամբուլ կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Թուրքիայում բնակվող իշխանամետ օգտատեր Նատալի Ալեքսանյանի հետ։ Նրանց համատեղ լուսանկարը մեծ տարածում ստացավ։ Ալեքսանյանը հաճախ է ատելություն գեներացնում արցախցիների նկատմամբ։ Փախստականներին թիրախավորող նրա գրառումներից մեկը, որը տարածվել էր նաև իշխանական լրատվամիջոցների կողմից, տեղ էր գտել մեր մարտ ամսվա զեկույցի մեջ։ Արցախցիներին թիրախավորող նրա գրառման հիման վրա անցյալ տարի քրեական վարույթ էր նախաձեռնվել, սակայն, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, վարույթի նախաձեռնվելուց հետո որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Իր ապրիլյան տեսանյութում Նատալի Ալեքսանյանը նշում է, որ ինքն է խնդրել հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նրան նվիրել է հայկական արտադրության ժամացույց՝ ԱԺ նախագահի ստորագրությամբ, քաղցրավենիք և Հայաստանի քարտեզ-կրծքազարդ։ 

 

Ապրիլի 25-ին «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանը լուսանկարվել է արցախցիներին թիրախավորող մեկ այլ անձի՝ Թաթուլ Ասիլյանի հետ։

Ասիլյանը վերջին տարիներին աչքի է ընկել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք պարունակող գրառումներով։ Մասնավորապես, նա ֆեյսբուքյան հարցում էր կազմակերպել, որով նա հարցնում էր իր հետևորդներին․ «Իսկ դուք կո՞ղմ եք, որ Ղարաբաղցիները մնան Հայաստանում»։ Մեկ այլ գրառման մեջ նա նշել էր, որ Ղարաբաղյան բարբառը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունում։ Այս գրառումները ժամանակին մեծ աղմուկ էին բարձրացրել Հայաստանում և հանրային զայրույթ առաջացրել։ 

 

Սիմոնյանի հետ լուսանկարը հրապարակվել է Ասիլյանի ֆեյսբուքյան էջում։ Թաթուլ Ասիլյանը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագրից», սակայն կուսակցության վարչության որոշմամբ հեռացվել է կուսակցությունից՝ «կանոնադրությունը խիստ խախտելու համար»։ Թաթուլ Ասիլյանին 2025թ․ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։ Նա դատապարտվել էր ազատազրկման և նրանից բռնագանձվել էր 25 միլիոն դրամ (մոտ 65000 դոլար)։ (Տե՛ս Դատալեքս․ամԴատական Գործ N: ՀԿԴ/0182/01/25

 

Ապրիլի 22-ին Ասիլյանը լուսանկար է  հրապարակել նաև իր նախկին կուսակցության առաջնորդի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչ այդ նա նաև ռիլզ էր հրապարակել Փաշինյանի մասնակցությամբ։ 

 

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ արցախցիներին թիրախավորող օգտատերերի հետ լուսանկարվելը կամ բարեկամական հարաբերությունների ցուցադրումը կարող է բերել արցախցիների դեմ ատելության խոսքի լեգիտիմացման կամ նորմալացմանը։ Հասարակության մի հատվածի մոտ կարող է ձևավորվել տպավորություն, որ նման խոսույթը ընդունելի է կամ հանդուրժելի։ Պաշտոնյաների այս պահվածքը կարող է նաև անպատժելիության մթնոլորտ ստեղծել ատելության խոսք տարածողների մոտ։ 


Եզրակացություն


Այսպիսով, 2026-ի ապրիլ ամսվա ընթացքում արցախցիների թիրախավորումը և բռնի տեղահանված բնակչության դեմ ատելության խոսքը հիմնականում գեներացվել է պաշտոնյա չհանդիսացող հանրային դեմքերի կողմից, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ։
 

Միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արցախցիներին թիրախավորող հայտնի օգտատերերի հետ լուսանկարները, բարեհաճ վերաբերմունքը կարող են հանգեցնել ատելության խոսքի և դրա տարածողների լեգիտիմացմանը, երբ արցախցիներին նվաստացնող, նրանց դեմ ատելություն բորբոքող խոսքը կամ կոչերը կարող են դառնալ հանդուրժելի։

 

Իրավապահ մարմինների անգործությունը շարունակում է մնալ փախստականների դեմ ատելության խոսքի տարածմանը նպաստող գլխավոր հանգամանքներից մեկը։ Չնայած ատելության խոսքի հիմքով վարույթներ նախաձեռնվում են,  դրանք որևէ ընթացք չեն ստանում։ Ավելին, ինչպես ցույց է տալիս Ռոման Բաղդասարյանի օրինակը, իրավապահ համակարգը ավելի հակված է պաշտպանություն տրամադրել փախստականների դեմ ատելություն տարածող գլխավոր դերակատարներին։ 


 

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։