Հաղորդակցությունը որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին

Հաղորդակցությունը որպես անվտանգության գործիք. ԱՄԷ արձագանքը ճգնաժամին

20.03.2026

 

 

Փետրվարի 28-ին, ԱՄՆ–Իրան ատոմային բանակցությունների ձախողման արդյունքում իրավիճակը, ինչպես կանխատեսվում էր, սրվեց՝ վերածվելով ԱՄՆ–իսրայելական համատեղ ռազմական գործողությունների Իրանի տարածքում։ Այս հարձակմանը հաջորդեց Իրանի կողմից հարևան այն երկրների ռմբակոծությունները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները և ռազմական հենակետերը, նավատորմը։ Ռմբակոծվող երկրների շարքում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ 

 

Ռազմական գործողություններին զուգահեռ զարգանում է հաղորդակցական ճակատը, որտեղ տեղեկատվությունը, նարատիվը և հանրային ընկալումները դառնում են ռազմավարական ռեսուրս։ Առկա տեղեկատվության հիման վրա այս հոդվածում փորձել է արվում վերլուծել, թե ինչպիսի ներքին ճգնաժամային հաղորդակցություն է վարում ԱՄԷ կառավարությունը և գնահատել դրա կարճաժամկետ ազդեցությունը հանրային ընկալումների, վստահության, սոցիալական և տնտեսական կայունության տեսանկյունից։

 

Մինչ բուն թեմային անցնելն, անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ է հետապնդում ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում պետությունների կողմից իրականացվող հաղորդակցությունը։ Ճգնաժամային հաղորդակցության (այսուհետ՝ ՃՀ) ռազմավարությունները ենթադրվում են որպես պետության և կառավարության մոտեցումները վարած քաղաքականությունները ամրապնդող կամ դրանք արտացոլող գործիքներ ճգնաժամերի ընթացքում և վերականգնման փուլերում։ Դրանք հնարավորություն են տալիս խորացնել վստահությունը կառավարությունների և պետական ինստիտուների նկատմամբ՝ սոցիալական համախմբվածության ապահովման, խուճապի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցով՝ կրճատելով կամ բացառելով տեղեկատվական վակուումների ստեղծումը։ Որպես երկարաժամկետ նպատակ ՃՀ-ն թիրախավորում է պետության ինստիտուցիոնալ վստահության և լեգիտիմության պահպանումն ու ամրապնդումը և հանրության շրջանում վերահսկելիության զգացողության խրախուսումը։

 

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ հաղորդակցությունների ռազմավարությունները կարող են ունենալ հակառակ էֆեկտ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, ինչին մենք ականատես եղանք 2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ և զգում ենք դրա ազդեցությունը մինչ օրս՝ հանրային համերաշխության և պետության վստահելիության տեսանկյունից։ Հաշվի առնելով բազմաշերտ, բազմազգ և որպես միջազգային գործարարական, ֆինանսական, ինչպես նաև զբոսաշրջային հաբ դիրքավորվելու իրողությունները` ԱՄԷ ճգնաժամային հաղորդակցությունն իրականացվում է հենց այս հարթություններին համահունչ։ Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրությունները, որոնք շրջանառվում են ԶԼՄ-ների, սոցիալական մեդիայի, հայտնի մարդկանց և ինֆլուենսերների միջոցով թիրախավորում են երկրի քաղաքացիներին, բիզնեսին, դրանց սեփականատերերին, ինչպես նաև զբոսաշրջիկներին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ռազմավարական հաղորդակցությունը կիրառվում է ոչ միայն որպես անվտանգության ապահովման, այլ նաև տնտեսական և սոցիալական կայունության պահպանման գործիք։

 

Ընդհանուր հաղորդագրությունների մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ԱՄԷ կառավարությունը կարևորում է ընդհանուր անվտանգ և ապահով միջավայրը, մարդկանց անվտանգությունը, փոխադարձ հոգատարությունն ու համախմբվածությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը և ենթակառուցվածքների պաշտպանությունը։ ԱՄԷ-ում գտնվող զբոսաշրջիկների դիտարկումները վկայում են, որ նույնիսկ ակտիվ ռմբակոծությունների պայմաններում, հանրության շրջանում խուճապային տրամադրություններ տեսանելի չեն, նկատելի է հանգստություն և վստահություն կառավարության նկատմամբ։ Հատկանշական է, որ ռմբապաստարանների բացակայության պայմաններում ևս պահպանվում է վստահություն, որ ըստ անհրաժեշտության տեղեկատվությունը տրամադրվելու է ժամանակին և անվտանգությունն ապահովվելու է համապատասխան մարմինների կողմից։

 

ԱՄԷ-ում գործում է ինտեգրված հանրային ծանուցման համակարգ (Public Warning System)։ Հաղորդագրություններն ուղարկվում են բջջային ցանցերի միջոցով, տվյալ տարածաշրջանում գտնվող միացված բոլոր սարքերին՝ անկախ համացանցի և հեռախոսահամարի առկայության՝ քաղաքացիների, բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում։ Ուղարկվող հաղորդագրությունները կրում են վտանգի մասին նախազգուշացնող և դրա բացակայության մասին բնույթ, ինչն իրավիճակը դարձնում է վերահսկելի անհատական մակարդակում։ ԶՄԼ-ներում և սոցիալական մեդիայի տարբեր ինֆլուենսերների միջոցով հանրությանը հասցնում են հետևյալ հաղորդագրությունները.

- կառավարության համապատասխան մարմինները անընդհատ մշտադիտարկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կտրամադրեն։ 

 

- Այս մեսիջը սպասարկում է հանրության շրջանում պետական ինստիտուտների նկատմամբ վստահության և նրանց կողմից իրավիճակի վերահսկելիության նարատիվը։

- ԱՄԷ-ն ունի աշխարհի ամենազարգացած պաշտպանական համակարգերը, որոնք ի վիճակի են պաշտպանել մարդկանց և ենթակառուցվածքները։

- Նմանատիպ մեսիջների նպատակն է հանրության շրջանում ապահովել պաշտպանված և անվտանգ լինելու զգացումը, որը բերում է վստահելիության ապահովման, ինչպես նաև պակասեցնում խուճապային տրամադրությունները։

- Ինչպես արտաքին խաղաղությունն է կարևոր, այնպես էլ ներքինը, ուստի որևէ բան տարածելուց մտածեք, թե ինչպես է այն ազդելու այլ մարդկանց ներքին խաղաղության վրա։

 

Ճգնաժամային իրավիճակների ժամանակ ռազմավարական հաղորդակցության կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը։ ԱՄԷ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները, օրենքով սահմանված տուգանքներն ու այլ պատժամիջոցները կարևոր դեր են խաղում այս համատեքստում։ ԱՄԷ-ում գործող օրենսդրությունը սահմանում է 100.000 - 500.000 դիրհամ տուգանքից (27.000$ - 136.000$) մինչև քրեական պատասխանատվություն՝ ապատեղեկատվության տարածման համար։ 

 

Քարոզչական նյութեր են տարածվում էմիրությունների ղեկավարությունների վերաբերյալ։ Տվայլ վիզուալ նյութերը խորհրդանշում են հետևյալը. «ԱՄԷ-ն այնքան անվտանգ է և իրավիճակն այնքան վերահսկելի, որ անգամ երկրի բարձրագույն ղեկավարությունը հանգիստ այցելում է առևտրի կենտրոններ, ու սնվում այնտեղ»։ ԱՄԷ թագավորի և թագաժառանգի իմիջը ամրապնդող, ինչպես նաև ռազմական կարողության վերաբերյալ արշավ է իրականացվում հետևյալ տեքստով. «Չեք վախենու՞մ Դուբայում տիրող իրավիճակից։ Ոչ քանի որ նրանք են մեզ պաշտպանում»։ Նմանատիպ քարոզչական տեսանյութերը նպատակ ունեն ամրապնդելու երկրի ղեկավարների իմիջը, սպասարկելով ուժեղ, խիզախ, իմաստուն և վերահսկող արխետիպային նարատիվը։ 

 

Անվտանգության և վստահության միջավայրը ապահովելու համար, տեղեկատվություն է տարածվում խոցված զինամթերքի մասին։ Այս հաղորդագրությունները ուղեկցվում են իրազեկվածության բարձրացմամբ, որը նաև խրախուսում է խուճապային տրամադրությունների մարելուն և պատկան մարմինների կողմից վերահսկելիության միջավայրի ապահովմանը։ Այս տեղեկատվությունը ամրապնդում է «ԱՄԷ-ն ունի աշխարհի ամենազարգացած պաշտպանական համակարգերը» նարատիվը։ Ճգնաժամային հաղորդակցության պլանավորումն ու իրականացումը ներդրված է ոչ միայն պետական մակարդակում, այլ նաև՝ ծառայությունների ոլորտում։ Հետաքրքիր է, հատկապես տարբեր խողովակներով տարվող քարոզչությունը, որը նույնպես սպասարկում է ԱՄԷ պետության շահերը, որոնք նշել եմ վերևում. Անվտանգ, բազմաշերտ, բազմազգ, միջազգային ֆինանասական և գործարարական հաբ։

 

Տարածված հաղորդագրություն. «Burj Khalifa lit up tonight in the colors of UAE flag, standing in solidarity with citizens and everyone calls UAE home»։ «Բուջ Խալիֆան լուսավորվել է ԱՄԷ դրոշի գույներով ի նշան քաղաքացիների համերաշխության և բոլոր նրանց ով ԱՄԷ-ն կոչում է իրենց տունը»։ Այս տեսանկյունից, ԱՄԷ հյուրերի պաշտպանված և գնահատված լինելու զգացումը ապահովեց պետության որոշումը ամբողջությամբ ապահովել կեցության և սնունդի ծախսերն այն մարդկանց համար, ովքեր ճգնաժամի պատճառով չեն կարող լքել երկիրը։

 

Իրանի շուրջ զարգացող իրադարձություններով պայմանավորված՝ ԱՄԷ տարածքի ռմբակոծությունների համատեքստում հասանելի տեղեկատվության կարճաժամկետ վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ԱՄԷ-ում ճգնաժամային հաղորդակցությունը անվտանգության քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Երկրում ռազմավարական հաղորդակցության համակարգեր են ներդրված թե պետական, թե մասնավոր ոլորտում՝ ձևակերպված հստակ նպատակներով և սկզբունքներով, որոնք նպաստում են պետության հիմնական ռազմավարական ուղղությունների պահպանմանն ու զարգացմանը. անվտանգ և ապահով միջավայր անհատի և բիզնեսի համար։ Օրենսդրական կարգավորումները, տեղեկատվության արագ փոխանցման ինտեգրված համակարգերը, տարբեր նպատակներ թիրախավորող հաղորդագրությունները և ապատեղեկատվության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը թույլ են տալիս կառավարությանը վերահսկել ոչ միայն իրավիճակը, այլև հանրային տրամադրությունները՝ խուսափելով խուճապային իրավիճակներից։ Արդարացիորեն պետք է նշել, որ ռազմավարական հաղորդակցության՝ այս պարագայում ճգնաժամային հաղորդակցության արդյունավետութանը նաև խրախուսում են ԱՄԷ-ում առկա սոցիալ-մշակութային և օրենսդրական գործոնները։ ԱՄԷ-ի փորձը վկայում է, որ ժամանակակից ճգնաժամերում պայքարը տեղի է ունենում ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև տեղեկատվական տարածքում, որտեղ վստահությունն ու վերահսկելիության զգացողությունը երբեմն նույնքան կարևոր են, որքան ռազմական կարողությունները՝ կրելով փոխլրացնող բնույթ։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ ճգնաժամային հաղորդակցության ռազմավարությունները տարբեր են լինում անվտանգության տարբեր մակարդակների պայմաններում։

 

 

Քրիստինե Ասատրյան

 

 

Ռազմավարական հաղորդակցության մասնագետ