Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) «Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը» ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը։ Այն ներկայացրել է ԺԱՏԿ նախագահ, զեկույցի համահեղինակ Տիգրան Գրիգորյանը։ Քննարկմանը մասնակցում էին օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
Տիգրան Գրիգորյանը ներկայացրեց արցախցիներին թիրախավորող հիմնական քարոզչական պատումները, ինչպես նաև դրանց տարածման մեջ ներգրավված հիմնական դերակատարներին։ Անդրադարձ եղավ ատելության խոսքի հրապարակային լեգիտիմացմանն ու իրավապահ մարմինների անգործությանը, որոնք նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։
Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես են նման դրսևորումները խոչընդոտում արցախցիների քաղաքացիական և քաղաքական ինտեգրմանը Հայաստանում։ Վերջում ներկայացվեցին առաջարկություններ միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության համար՝ ատելության խոսքին հակազդելու և այն կանխելու նպատակով։
Քննարկումը ավարտվեց ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Զեկույցը կարող եք գտնել մեկնաբանություններում։
Քննարկումը կազմակերպվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։