Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր քննարկում խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ։
Քննարկմանը որպես բանախոս հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը և պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Քննարկումը վարեց ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ բանակում առկա մի շարք համակարգային խնդիրների՝ կրտսեր հրամանատարական օղակներում կադրերի և մասնագիտական պատրաստվածության պակասին, զորամասերում խնդիրների մասին վերադասին չզեկուցելու արատավոր պրակտիկային, զորակոչային համակարգում առկա անհավասարություններին և զինծառայողների նկատմամբ պատժի կիրառման խնդրահարույց ձևերին։
Գնդապետ Գրիգորի Սահակյանը նշեց, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան և ինքնասպանության դեպքերի կանխարգելման համար անհրաժեշտ է համակարգային ախտորոշում՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելով։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը կարևորեց բանակում խնդիրների վերաբերյալ իրական և չֆիլտրացված տեղեկատվության փոխանցման մեխանիզմների բարելավումը և ընդգծեց պետական կառույցների, փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների ու պահեստազորի սպաների միջև երկխոսության անհրաժեշտությունը։
Արթուր Սաքունցն անդրադարձավ մահվան դեպքերի վիճակագրությանն ու դրանց դասակարգման տարբերություններին, մանրամասներ ներկայացրեց որոշ դեպքերի քննությունից։
Բանախոսները պատասխանեցին քննարկման մասնակիցների հարցերին և դիտարկումներին։