Արցախցիների զբաղվածությունը Հայաստանում. թվեր և առաջարկություններ

Հայկ Խանումյան

Արցախի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախապատերազմյան 2019թ․ դրությամբ Արցախի աշխատունակ բնակչության թիվը կազմում էր ավելի քան 105 հազար մարդ։ Աշխատունակ բնակչության մեջ ներառված էին 16-63 տարեկան անձինք։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ աշխատող և աշխատանք փնտրող անձանց թիվը մոտ 72 հազար էր։ Աշխատանքային ռեսուրսների բաշխումը ըստ տարիքային խմբերի բավականին կայուն էր՝ երիտասարդ ու միջին տարիքի բնակչությունը գերակշռող դիրք ուներ այս աղյուսակներում (այս բոլոր տվյալները տե՛ս ԱՀ պաշտոնական տարեգրքերում, զբաղվածության մասին բաժինը տե՛ս հղումում)։ 

2026թ․ մարտի տվյալներով Հայաստանում աշխատանք ուներ բռնի տեղահանված մոտ 25 հազար արցախցի։ Հետևաբար, այսօր Հայաստանյան աշխատաշուկայում ներգրավված է Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 35 տոկոսը կամ աշխատանքային ռեսուրսի մոտ 24 տոկոսը։ Չնայած բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը փորձում է արցախցիների զբաղվածության ծրագրեր իրականացնել (ծրագիր 1, ծրագիր 2), կարող ենք ֆիքսել, որ այդ ջանքերը բավարար չեն, հաճախ սահմանափակ շահառուների են վերաբերում կամ երկարաժամկետ ազդեցություն չեն ունենում։

Արցախի համայնքային և այլ առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների և դրանց հիման վրա պատրաստված զեկույցների համաձայն, զբաղվածության և սեփական բիզնես սկսելու համար փոխառու միջոցների հասանելիության հարցերը գտնվում են արցախցիների առաջնահերթ խնդիրների եռյակում՝ հաջորդելով միայն բնակապահովմանը։

Ակնհայտ է, որ զբաղվածության ցուցանիշները բավարար չեն և լրացուցիչ ջանքեր են հարկավոր դրանք բավարարելու համար։ Եթե համեմատենք զբաղվածների թիվը առկա բնակչության հետ, ապա արցախցիների զբաղվածության ցուցանիշը դեռևս զգալիորեն հետ է մնում հայաստանյան միջինից։ Այսպես, Հայաստանում պաշտոնապես զբաղվածները կազմում են բնակչության ավելի քան 26 տոկոսը (3․050․000 բնակչություն, 805․000 զբաղված), իսկ արցախցիների շրջանում ավելի քան 20 տոկոսը (առկա 121 հազար բնակիչ (2020թ․ եղած 150 հազար բնակչից հանած 2020-2026թթ․ արտագաղթած մոտ 22,500 արցախցիները, ինչպես նաև 2020-23թթ․ պատերազմների հետևանքով զոհված 1300 հոգուն), 25․000 զբաղված)։ Հայաստանյան միջինին մոտենալու համար, հարկավոր է, որ ևս 7-8 հազար արցախցի աշխատանք գտնի։

Աշխատանք գտնելու խնդիրը բերում է բռնի տեղահանված բնակչության կենտրոնացման Երևանում և Երևանի շուրջ։ Որպես կանոն առավել հեռավոր մարզերում հաստատված արցախցիների թիվն անընդհատ պակասում է, իսկ Երևանում և երևանամերձ բնակավայրերում՝ աճում։ 

Բռնի տեղահանումից հետո կադրերին իրենց ոլորտներում ներգրավելու գործում առավել արդյունավետ եղան կրթության և առողջապահության գերատեսչությունները՝ տարբեր մեխանիզմներով, այդ թվում վերապատրաստումների միջոցով հնարավորություն տալով արցախցի ուսուցիչներին և բուժաշխատողներին արագ լրացնել թափուր հաստիքները։ Որոշակի թվով զինծառայողներ շարունակեցին իրենց ծառայությունը ՀՀ զինված ուժերում, սակայն այս գործընթացը հանդիպեց արհեստական խոչընդոտի՝ ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ՀՀ ճանաչում էր որպես փախստական և վերցնում իր պաշտպանության տակ՝ չնայած Արցախի Հնարապետության բնակչության՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու փաստին։ 

Զինվորական ծառայության համար հարկավոր էր ՀՀ քաղաքացիություն, հետևաբար անմիջապես ծառայության անցնելու հարցին խանգարեցին նոր անձնագիր ստանալու հետ կապված բյուրոկրատական քաշքշուկները, ինչը խաթարեց բանակում ներգրավելու գործընթացի սահունությունը։ 

Այս միջոցները, սակայն, բավարար չափով չապահովեցին հնարավոր կադրային ներուժով թափուր հաստիքները համալրելու համար։ Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը բնակապահովման և զբաղվածության ծրագրերի զուգորդման բացակայությունն էր։ Կառավարությունը պետք է ավելի ակտիվ դեր ստանձներ տարբեր ոլորտներում առկա թափուր հաստիքները արցախցի կադրերով համալրելու գործում՝ միաժամանակ այդ նույն վայրերում օգտագործելով նաև բնակապահովման պետական մեխանիզմները։ 

Արցախում մոտ տասը հազար մարդ ինքնազբաղ էր, նրանց մեծ մասը՝ գյուղատնտեսության ոլորտում։ Քանի որ արցախցիները Հայաստանում սեփական հողեր չունեն, վարձակալության համար էլ չկան այնպիսի նպաստավոր պայմաններ, ինչպես Արցախում, պետք է ենթադրել, որ մեծ թվով մարդիկ այլևս այս ոլորտում գործունեություն չեն ծավալում։ Ինքնազբաղ մարդկանց մեծ քանակը զբաղվածների մեջ ցույց է տալիս, որ մարդիկ սեփական գործը ստեղծելու ջիղ ունեն։ 

Նրանց այս ջիղը խրախուսելու լավագույն տարբերակը սեփական գործը հիմնելու միջոցներ ստեղծելն է, կլինեն դրանք դրամաշնորհային ֆոնդեր, թե ռիսկային փոխառությունների համակարգ։ Պետք է ելնել այն հանգամանքից, որ այս մարդկանց ճնշող մեծամասնությունը վարկունակ չէ, գրավի առարկա չունի, հետևաբար մոտեցումները պետք է տարբերվեն սովորական վիճակից բխող լուծումներից։ Կառավարության ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը այս առումով կարևոր քայլ է, սակայն իր սահմանափակության պատճառով բավարար չէ։ Կառավարությունը կարող է համախմբել արցախցիների տնտեսական ներգրավման ուղղությամբ ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և այլ դերակատարների՝ նրանց հետ միասին ռիսկային փոխառությունների կամ դրամաշնորհային դրամագլուխ ստեղծելու և բռնի տեղահանվածների բիզնես գաղափարները ֆինանսավորելու համար։ 

Այս փոխառություններից կարող են օգտվել նաև այն գործող բիզնեսները որոնք արդեն որոշակի թվով արցախցի աշխատակիցներ են ներգրավել։ Կառավարությունը և դոնոր կազմակերպությունները կարող են խրախուսել տեղացի և փախստական բնակչության համատեղ տնտեսական նախաձեռնությունները հատկապես մարզերում։ Սա կնվազեցնի հնարավոր սոցիալական լարվածությունը ընդունող համայնքի և փախստականների միջև։ 

Հատուկ վերապատրաստման ծրագրեր պետք է իրականցվեն թոշակի անցած զինծառայողների հետ։ Օրենսդրությունը հնարավորություն է տալիս բանակային ծառայությունից թոշակի անցնել բավականին երիտասարդ, ընդհուպ 38 տարեկան հասակում։ Սա նշանակում է, որ միջին տարիքի հիմնականում տղամարդկանց մի մեծ խումբ է առկա, որը ունի որոշակի հատկանիշներ (սովոր է կարգապահության, պատասխանատվության, ամենօրյա համակարգված գործունեության և այլն)։ Կառավարությունը պետք է հատուկ ծրագրեր իրականացնի թոշակառու զինծառայողներին պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով վերապատրաստելու և նրանց ներուժն օգտագործելու աշխատաշուկայի պահանջարկը լրացնելու համար։ Այս հարցում կառավարությունը կարող է համախմբել մասնավոր ընկերությունների և դոնոր կազմակերպությունների ջանքերը։ 

Գյուղատնտեսության մեջ արցախցիների ներուժի օգտագործումը կարող է մի քանի արդյունք տալ։ Հայաստանում օգտագործվում է եղած վարելահողերի միայն կեսը։ Եթե գյուղատնտեսությամբ զբաղվողներին օգնելու և այդ վարելահողերը մշակելուն ուղղված ծրագրերը զուգորդվեն, արդյունքները կարող են սպասվածից ավելի մեծ լինել՝ հողերի արդյունավետ օգտագործման, պարենային անվտանգության, գյուղատնտեսական աճի և զբաղվածության խնդրի լուծման տեսանկյուններից։ 

Արցախցիների տնտեսական ներգրավումը չպետք է դիտարկել որպես լոկ սոցիալական բեռ․ ճիշտ պլանավորման դեպքում այն կարող է դառնալ Հայաստանի մարզային զարգացման, գյուղատնտեսության աճի և աշխատուժի համալրման լուրջ խթան։