Տալեբի գրառումն ու հայաստանյան քվազիռացիոնալիզմը

Տիգրան Գրիգորյան

Աշխարհահռչակ մտածող Նիկոլաս Նասիմ Տալեբը օգոստոսի 2-ին X-ի իր օգտահաշվում գրառում է կատարել՝ նշելով, որ քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է Բաքվում, նա այդ երկիր չի այցելի։ Գրառման մեջ Տալեբը, մասնավորապես, նշել է․ 

«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»։ 

Այս լուրը արագ տարածվեց հայկական մեդիա տիրույթում և հասարակության մի հատվածի մոտ հիացմունք առաջացրեց, իսկ իշխանամերձ որոշ շրջանակների մոտ հեգնանքի և նրա քայլի անշահախնդրությունը կասկածի տակ դնելու պատճառ դարձավ։ 

Ըստ իս՝ Տալեբի այս գրառումն ու որոշումը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ այն պատճառով, որ այն ամբողջությամբ հակադրության մեջ է վերջին տարիների ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային միտումներին։ 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունը, ինչպես նաև դրան հաջորդած գործընթացները, որոնց միջոցով Ադրբեջանը պարտադրեց Հայաստանին ընդունել իր գրեթե բոլոր խոսույթներն ու դիրքորոշումները, Հայաստանում պատճառ են դարձել իրատեսության, ռացիոնալության և պրագմատիզմի սկզբունքների ֆետիշացմանը։ Սա ինչ-որ չափով բնական գործընթաց է և պարունակում է նախկինում գոյություն ունեցած իռացիոնալ որոշումների և պահվածքի վերաիմաստավորման տարրեր։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, բոլոր հարցերում քվազիիրատեսությամբ ու քվազիռացիոնալությամբ շարժվելու այս մոլուցքը փաստացիորեն բարձրաստիճան պետական պաշտոնյաների և հասարակության տարբեր ակտիվ հատվածների մոտ ոչնչացրել է բարոյական ու սկզբունքային բոլոր կարմիր գծերը։ 

Այս մոտեցման վերջին դրսևորումը Միացյալ Նահագներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հանդիպումն ու հարցազրույցն էր Hudson Institute-ի փորձագետ Մայք Դորանի հետ։ Դորանը Ադրբեջանի ամենահայտնի քարոզիչներից է Արևմուտքում, որը տասնամյակներ շարունակ հակահայաստանյան արշավների առանցքային դերակատարներից էր ԱՄՆ-ում։ Ակնհայտ է նաև, որ Դորանի պես մարդկանց դեպքում խոսքը անկեղծ համոզմունքներ ունեցող դերկատարների մասին չէ, որոնց հետ երկխոսելով կարելի է տեսակետ փոխել։

Ավելին, նույնիսկ եթե այս տեսակի հանդիպումների սկզբունքային հարթությունը մի կողմ ենք դնում, դրանց արդյունավետությունն ու ռացիոնալությունը ևս խիստ կասկածելի բնույթ ունեն։ ԱՄՆ-ում բոլորը ճանաչում են Դորանի պես մարդկանց որպես կոնկրետ երկրի շահերը պաշտպանող լոբբիստի։ 

Հայաստանի դեսպանի հանդիպումը այդպիսի դերակատարների հետ ակտիվ և կրեատիվ դիվանագիտության շղարշի ներքո լեգիտիմացնում է նրանց և բարձրացնում նրանց վստահելիության աստիճանը։ Սա իր հերթին ավելացնելու է այս նույն դերակատարների կողմից ապագայում Հայաստանի դեմ տարածվող քարոզչական խոսույթների արդյունավետությունը։ Իսկ այն, որ նույնիսկ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Ադրբեջանը խաղաղության օրակարգին զուգահեռ շարունակում է պահպանել ավելի ագրեսիվ օրակարգեր, որոնց մեջ կարող են ներգրավվել նաև Դորանի պես դերակատարները, ակնհայտ է։ 

Այս ֆետիշացված քվազիռացիոնալությունը, սակայն, միայն պետական պաշտոնյաներին և դիվանագետներին չէ, որ բնորոշ է։ Հայաստանի փորձագիտական դաշտի տարբեր հատվածների մոտ ևս գերակշռում են այս մոտեցումները։ Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչների հետ ավելի լայն երկխոսության գործընթացում արդեն սովորական են դարձել հայ փորձագետների հարցազրույցները ադրբեջանական լրատվամիջոցների հետ, որոնք նախկինում Հայաստանի և հայերի դեմ ակնհայտորեն ֆաշիստական բնույթի քարոզ էին վարում։

Այստեղ ևս խնդիրը բարոյական ու սկզբունքային չէ միայն։ Այս պարագայում ևս այդ լրատվամիջոցների հետ հայ փորձագետների առնչությունը լեգիտիմացնում է դրանք ու արդյունավետացնում դրանց քարոզչական աշխատանքը, որը շարունակվում է։ Օրինակ, ադրբեջանական նորաստեղծ Anewz անգլալեզու լրատվամիջոցը հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ տարբեր քննարկումներ և հարցազրույցներ կազմակերպելուն զուգահեռ, շարունակում է քարոզչական ֆիլմեր թողարկել Հայաստանի վերաբերյալ։ Այսինքն, այստեղ ևս այս մոտեցումը նույնիսկ ռացիոնալության տեսանկյունից կասկածելի է։ 

Հայաստանյան այս միտումներին, որոնք 2020-ի պարտության կողմնակի էֆեկտներն են, ավելանում է նաև միջազգային հարաբերություններում գերակայող մոտեցումը՝ տրանզակցիոն (գործարքային) արտաքին քաղաքականությունը։ Տարածաշրջանային խոշոր պատերազմների ու դրանցից բխող էներգետիկ խնդիրների ֆոնին բոլոր հիմնական դերակատարները կա՛մ հրաժարվել, կա՛մ երկրորդ պլան են մղել արժեքների ու սկզբունքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը։ Այն, որ Ադրբեջանը՝ իր բոլոր ներքին խնդիրներով հարնդերձ, շարունակում է վստահելի գործընկեր համարվել միջազգային բոլոր հիմնական դերակատարների կողմից, այս միտումների վառ դրսևորումն է։ 

Պետական դերակարների կողմից արժեքահեն և սկզբունքահեն քաղաքականությունից հրաժարվելը չի նշանակում, որ նույն վարքագիծը պետք է որդեգրեն նաև ոչ պետական դերակատարները։ Ավելին, այս բացը պետք է լրացնեն հենց անկախ դերակատարները, որոնք անխտիր բոլոր հարցերում գերռացիոնալ ու գերպրագմատիկ մոտեցումներ դրսևորելու պատասխանատվություն ու անհրաժեշտություն չունեն։ 

Այդ առումով Տալեբի այս որոշումն ու դրա հրապարակայնացումը պետք է ազդակ դառնա ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանով զբաղվող այլ ոչ պետական դերակատարների համար, որ նույնիսկ գերպրագմատիզմի ու տրանզակցիոնիզմի դարաշրջանում կարող է տեղ լինել սկզբունքային քայլերի համար։ 

Հոդվածի բնօրինակը հրապարակվել է Սիվիլնեթում։