Հայկ Խանումյան
2020-ի պատերազմի և 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի տեղահանվեց։ Հայաստանի կառավարությունը 2022-ից սկսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տարբեր խմբերի բնակապահովման ծրագրերը։ Առաջին ծրագիրը մեկնարկեց 2022-ին՝ կառավարության ընդունած Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով։ Այս ծրագրի շահառու դարձան Լեռնային Ղարաբաղի տարածքում չծնված քաղաքացիները, որոնք բնակվում էին Ադրբեջանի կողմից 2020-ին գրավված կամ Ադրբեջանին անցած տարածքներում։
Ծրագրի շահառուն ընտանիքն էր, ամեն ընտանիքի հատկացվում էր 10 միլիոն դրամանոց վկայական (Երևանում՝ 8 միլիոնանոց) բնակարան ձեռք բերելու նպատակով։ Ծրագրի շահառու էին 4308 ընտանիք՝ 15,338 անձ։ Այս ծրագրով բնակարան գնելու հավաստագիր էր ստացել 3948 ընտանիք, իսկ այն իրացրել 3717-ը։ Ենթադրվում էր, որ այդ ընտանիքներում ներգրառված է ավելի քան 13,000 անձ։
Այս ծրագրով հավաստագիր ստացած, սակայն այն չիրացրած կամ ընդհանրապես հավաստագրի համար չդիմած շահառուներին ՀՀ կառավարությունը հնարավորություն տվեց դիմել արդեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, որն ընդունվեց 2024-ի մայիսին։
2024-ի նոր ծրագիրը․ ինչ փոխվեց
Ծրագիրը պահպանել էր բնակապահովումը հավաստագրերի միջոցով իրականացնելու սկզբունքը, սակայն որոշակի փոփոխություններ էին տեղի ունեցել տարբեր մեխանիզմների միջև։ Մասնավորապես, եթե առաջին ծրագրի համար քաղաքացիության պահանջ չկար, ապա երկրորդ ծրագիրը, որը վերաբերելու էր բնակչության ավելի մեծ հատվածի (Արցախի մնացած բնակչությունը՝ բացի այն ընտանիքներից, որոնք բնակարան ունեին Հայաստանի տարածքում) դրված էր ընտանիքի բոլոր անդամների՝ ՀՀ քաղաքացի լինելու պահանջ։
2023-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացի չեն և բնակապահովման ծրագիրը կապեց հայաստանյան նոր անձագիր ստանալու/ ՀՀ քաղաքացիություն ընդունելու հետ։ Եթե առաջին ծրագրի շահառու լինելու համար անշարժ գույք ունենալը արգելք չէր, ապա երկրորդ ծրագրի համար ՀՀ-ում բնակարան ունեցողները զրկվեցին այդ հնարավորությունից։
Մյուս հիմնական տարբերությունն այն էր, որ երկրորդ ծրագրով վկայագրի արժեքը հաշվում էր ելնելով ընտանիքի անդամների թվից և ընտանիքի՝ բնակարան ընտրելու աշխարհագրությունից։ Այսպես, սահմանվեցին բնակավայրերի ցանկեր, ըստ որոնց ընտանիքի անդամի հաշվով հատկացվում էր 3-5 միլիոն դրամ։ Ինչքան բնակավայրը սահմանամերձ ու քիչ հրապուրիչ էր, այնքան գումարի չափը բարձր էր։ 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ կատարված փոփոխությամբ 3 միլիոնանոց բնակավայր մնաց միայն Երևանը, երևանամերձ բնակավայրերի ու մարզկենտրոնների համար սահմանվեց 4 միլիոն դրամ, ինչը մեծացրեց ծրագրից օգտվողների թիվը։
Վերջին երկու տարիների ընթացքում դա այս ծրագրում միակ փոփոխությունը չէր։ Կառավարությունը վերացրեց մի շարք անտրամաբանական թվացող արգելքներ, ինչպիսին էին կառուցապատման նպատակով տրվող վկայագրի դեպքում հողամասի նվազագույն չափ սահմանելը, տուն կառուցելու համար պարտադիր շինարարական կազմակերպություն ներգրավելու պահանջը և այլն։Այս կետերը քննադատվել էին տարբեր ձևաչափերով՝ այդ թվում արցախցիների բողոքի ակցիաների ընթացքում։
Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև հիպոթեքային վարկով 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո բնակարան ձեռք բերած անձանց հավաստագիրն ուղղել վարկի մարմանը՝ մեկ շնչի հաշվով 2-3 միլիոն դրամի չափով։
Դանդաղ մեկնարկից՝ ակտիվ իրացման
Ծրագիրը սկզբից դանդաղ էր առաջ գնում։ 2024-ի ընթացքում հատուկենտ ընտանիքներ օգտվեցին դրանից։ Այն սկսեց ակտիվանալ 2025-ի կեսերից և ավելի լայն թափ հավաքեց 2026-ի գարնան ընթացքում՝ ծրագրի մեջ կատարված փոփոխություններից հետո։
Օրինակ, 2026-ի հունվարի դրությամբ բնակարան գնելու հավաստագիրն իրացրել էր 1768 ընտանիք, իսկ 2026-ի հուլիսին այդ թիվը հասել էր 3300-ի՝ ընդգրկելով շուրջ 15․000 անձի։ Ծրագրի դանդաղ մեկնարկը կապված էր նաև իմպլեմենտացիոն խնդիրների հետ, երբ գործընթացում ներգրավված բանկերը դեռևս հստակ ընթացակարգեր չէին մշակել և որոշակի ժամանակ էր պետք այդ ընթացակարգերը կառավարության հետ կոմունիկացնելու համար։
Ծրագրին դիմողների թվի աճի վրա, հավանաբար, ազդել է նաև կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության եվ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման սահմանափակումները։ Զրկվելով բնակվարձի փոխհատուցումից՝ շատ ընտանիքներ արագացրին հավաստագրի ձեռք բերելու և սեփական տուն ունենալու գործընթացը։
Այս փոփոխություններն անդրադարձան նաև Հայաստանից արտագաղթելու միտումների վրա։ Աջակցության սահմանափակումից հետո նկատվեց հեռացողների աճ, սակայն մեկ տարի անց այն կրկին կայունացավ։ 2026-ի ապրիլի դրությամբ մոտ 15,000 արցախցի էր հեռացել (ու դեռևս չէր վերադարձել) Հայաստանից (2023-ի բռնի տեղահանվելուց հետո), մոտ 7400-ն էլ հեռացել էր 2020 նոյեմբեր-2023-ի սեպտեմբեր ընթացքում։
Ինչպես քաղաքացիությունը փոխեց շահառուների շրջանակը
Քանի որ ծրագրի շահառու դառնալը կախված է քաղաքացիությունից, ապա գոյություն ունի կապ նաև ՀՀ քաղաքացիություն ստացողների և շահառուների թվի ավելացման մեջ։ Այսպես, եթե 2024-ի հուլիսին քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 3098 արցախցի, ապա 2026-ի հունիսի դրությամբ քաղաքացիության համար դիմել էր 39,650 անձ, որից 27296-ը արդեն ստացել էր քաղաքացիություն։ Այս թիվը ներառում է միայն չափահասներին։
Առաջիկայում ևս կշարունակվի բնակարաններ գնելու հավաստագրի ակտիվ իրացումը, քանզի 2026-ի հուլիսի դրությամբ հավաստագիր ստացել էր մոտ 7000 ընտանիք, այնինչ իրացումը կազմել էր 3300։ Դա նշանակում է, որ 3700 ընտանիք բնակարան գնելու համար ակտիվ փնտրտուքների մեջ են։ 2026-ի գարնանը կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս երևանամերձ բնակավայրերում հավաստագիրն իրացնել շնչին 4 միլիոն դրամ չափով, ավելի է մեծացնում ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը։
Ծրագրում մեկ այլ փոփոխություն, որը հնարավորություն է տալիս որոշակի տարիքային շեմ ունեցող ընտանիքներին բնակարանի գնման հավաստագրի փոխարեն 10 տարի շարունակ ստանալ ընտանիքի անդամի հաշվով 40 հազարական դրամ ամսական, նույնպես կարող է մեծացնել ծրագրից օգտվողների քանակը։
Երկուսից չորս տարի գործող բնակապահովման պետական ծրագրերի շնորհիվ արդեն տնավորվել է շուրջ 28,000 արցախցի։ Դժվար է գնահատել, -ի Արցախի բնակչության քանի տոկոսը մինչև 2020-ի պատերազմը բնակարան ուներ Հայաստանում։ Անկախ այդ թվից, կարող ենք փաստել, որ բռնի տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը, հնարավոր է՝ շուրջ 80 տոկոսը դեռևս սեփական կացարան չունի։
Հիպոթեքը՝ որպես անհրաժեշտ լրացում
Պետք է նկատել, որ բազմաթիվ դեպքերում, հատկապես Երևանում և երևանամերձ տարածքներում տուն ձեռք բերելու համար ընտանիքները բացի հավաստագրից նաև լրացուցիչ հիպոթեքային վարկ են վերցնում, ինչը ենթադրում է մշտական աշխատանքի և վարկունակության առկայություն։
Կարող ենք փաստել, որ վերջին ամիսներին ակտիվացել է բնակարանների գնման հավաստագրերի իրացման թիվը և այս միտումը կպահպանվի առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ հաշվի առնելով ստացած հավաստագրերի և քաղաքացիության համար դիմածների թիվը։ Եթե վերջին ամիսների տեմպը պահպանվի, ապա հնարավոր է, որ մինչև 2027-ի վերջ իրացվի ևս 6000 հավաստագիր՝ ներառելով շուրջ 27,000 անձի։
Սակայն սա չի նշանակում, որ միտումն անվերջ շարունակվելու է։ Անշարժ գույքի շարունակվող աճը, վարկունակ ընտանիքների սահմանափակ թիվը կբերեն նրան, որ հավաստագրերից օգտվողների թիվը կսկսի անկում ապրել։ Հետևաբար առաջիկա տարիներին տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձանց բնակապահովման խնդիրը կմնա չլուծված։
Բնակարանից անդին․ զբաղվածություն և մարզերի զարգացում
Որպեսզի 1,5-2 տարի հետո բնակապահովման հարցում չկանգնենք լուրջ խնդիրների առջև, հարկավոր է այսօրվանից լրացուցիչ մի շարք քայլեր ձեռնարկել։ Առաջին կարևոր հանգամանքը մարզերում, հատկապես աղքատ մարզերում (Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր) բնակապահովումը զբաղվածության ծրագրերի հետ զուգորդումն է։ Թեև երեք և ավելի անդամ ունեցող ընտանիքներն իրենց հավաստագրերի շրջանակներում կարող են տուն գտնել այս մարզերի բնակավայրերում, սակայն կանգնած են աշխատանք ունենալու խնդրի առջև։ Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ աշխատանք գտնելն ավելի հեշտ է՝ անշարժ գույքն ավելի թանկ է, իսկ հավաստագրերի արժեքն ավելի ցածր, քան աշխատանքի քիչ հնարավորություններ ունեցող բնակավայրերում։
Զբաղվածության ծրագրերը կարող են ենթադրել ինչպես տեղահանվածների բիզնեսների համար փոխառությունների ստեղծում, հատկապես գյուղատնտեսության ու վերամշակման ոլորտում, այնպես էլ թիրախավորված մարզերի գործող բիզնեսների համար արտոնյալ վարկային հնարավորությունների ստեղծում, որպեսզի նրանք ընդլայնեն իրենց ծավալները և ավելացնեն աշխատատեղերը՝ ընդգրկելով տեղահանվածների։ Զբաղվածության օժանդակության ծրագրերը չպետք է վերաբերեն միայն տեղահանվածներին, աջակցության մի մասը պետք է գնա ընդունող համայնքների բնակիչներին՝ հնարավոր լարվածությունը բացառելու համար։
Կառավարությունը հնարավորություն ունի նաև որոշակի ուղղորդում կատարելու։ Օրինակ, պայմանագրային զինծառայողների ընտանիքներին տներ առաջարկի ծառայությանը մոտ մարզերում։ Արցախում պայմանագրային զինծառայությունը կարևոր զբաղվածություն էր ապահովում գյուղական բնակչության շրջանում, հետևաբար որոշակի թվով ընտանիքների կարելի է ուղղորդել դեպի թիրախավորված մարզեր, հատկապես, երբ կառավարությունը և խոշորացված համայնքները մեծ ներդրումներ են անում բնակավայրերում դպրոցների, մանկապարտեզների, տարբեր ենթակառուցվածքների ստեղծման համար։ Այդ ամենը ավելի արդյունավետ կլինի, եթե բնակավայրերը օպտիմալ թվով բնակչություն ունենան։
Հետևաբար Արցախից բռնի տեղահանված բնակչության բնակապահովման խնդրին պետք է նայել նաև Հայաստանի մարզերի տնտեսական ակտիվացման, աղքատության կրճատման, պաշտպանունակության բարձրացման և ժողովրդագրական տեսանկյուններից։ Այս ուղղությամբ քաղաքականության համակարգումը կառավարության շնորհն է, բայց նա կարող է դրա շրջանակում ներգրավել տարբեր դոնորների, բարեգործական, հասարակական կազմակերպությունների ջանքներն ու միջոցները։ Ծրագիրը կարևոր է սկսել անմիջապես, դրա հետաձգումը կարող է սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներ ունենալ՝ բարձրացնել աղքատությունը տեղահանվածների շրջանում, մեծացնել արտագաղթի միտումները։