Տաթևիկ Ղազարյան
#DemocracyWatch — Հուլիսի 1-ից 3-ը ՀՀ Ազգային ժողովը երկու ընթերցմամբ, փաստացիորեն 24-ժամյա ռեժիմում և առանց նախնական հանրային քննարկումների, ընդունեց փոփոխություններ ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնցով ընտրելու իրավունքը պայմանավորվում է Հայաստանում փաստացի բնակության ժամկետով։
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու համար այսուհետ բավարար չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և 18 տարեկան լինելու պայմանը։ Օրենքն ավելացնում է երրորդ պայման՝ նստակեցության (բնակության) ցենզ. քվեարկելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի եղել են առնվազն 366 օր։ Բացառություն է արվում միայն հանրային ծառայության մեջ և ծառայողական նպատակով արտերկրում գտնվող անձանց, ինչպես նաև արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար։
Այլ կերպ ասած՝ օրենքը երկրից երկարատև բացակայությունը (աշխատանքային միգրացիա, ուսում, ընտանեկան հանգամանքներ, մշտական բնակություն արտերկրում) դարձնում է ընտրական իրավունքից փաստացի զրկելու հիմք։ Այս հանգամանքի վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է ներկայացրել՝ նշելով որ նոր կարգավորումը նախատեսվում է կիրառել արդեն իսկ 2026-ի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին, այսինքն ունի հետադարձ ազդեցություն այն մարդկանց վրա, որոնք վերջին երկու տարում իրենց աշխատանքային, ուսումնական կամ այլ որոշումները կայացրել են՝ չիմանալով, որ դա կարող է հանգեցնել ընտրական իրավունքից զրկման։
Օրենքի ընդունման խնդրահարույց ընթացակարգ
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այս փոփոխությունների ընդունման ընթացակարգը, քանի որ այն ինքնին հիմնավոր փաստարկ է դառնում դրանց դեմ՝ անկախ բովանդակային վերլուծությունից։ Նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2026-ի հունիսի 12-ին, և, ինչպես փաստում են դիտորդական և իրավապաշտպան կազմակերպությունները, այն որևէ հանրային քննարկման չի արժանացել։ Փոխարենը, օրինագիծը արդեն իսկ ընդգրկվել էր Ազգային ժողովի հունիսի վերջի/հուլիսի սկզբի նստաշրջանի օրակարգում և երկու ընթերցումներով ընդունվել գրեթե անմիջապես, ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ առանց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե տեխնիկական բնույթի կարգավորման, այլ սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար քաղաքական իրավունքին առնչվող փոփոխության, որի համար պատշաճ իրավաստեղծ պրակտիկան նախատեսում է հատկապես լայն ու երկարատև հանրային մասնակցություն։ Այս կապակցությամբ «Ականատես» դիտորդական առաքելությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ նման կարգավորումների քննարկումը պետք է դառնա լայն մասնագիտական և հանրային քննարկումների առարկա։
Հատկապես կարևոր է նշել, որ նախագծի հեղինակների հիմնական փաստարկը՝ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում արտերկրից ընտրողների կազմակերպված տեղափոխման ու ուղղորդման դեպքերն են, ինչը սակայն չի հաստատվում առկա պաշտոնական տվյալներով։ «Ինֆոքոմը» գրավոր հարցումներ է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել վերջին հինգ տարում մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանց թիվը՝ խնդրելով նաև առանձին նշել, թե նրանցից քանիսն է եղել ՀՀ, քանիսը՝ ՌԴ և քանիսը երկքաղաքացի։ Ըստ ԱԱԾ տրամադրած պաշտոնական տվյալների՝ 2026-ի մայիսի 1-ից հունիսի 7-ը ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է եղել ընդամենը 3,358-ով։ Այս տվյալները ցույց են տալիս, որ ընտրություններին օտարերկյա ուղղորդմամբ մասնակցած քաղաքացիների հնարավոր թվի վերաբերյալ պնդումները ուռճացված են։
Ինչու է օրենքը հակասահմանադրական
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ընտրելու իրավունքի համար սահմանում է ընդամենը երկու պայման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և 18 տարեկանը լրացած լինելը։ Նույն հոդվածն ինքնին սպառիչ շարադրում է այն դեպքերը, երբ քաղաքացին կարող է զրկվել ընտրական իրավունքից։
Այս օրինագծի համար ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունը տվել է ձևակերպում այն մասին, որ օրենսդիրն իրավասու է կարգավորել ընտրական իրավունքի իրականացման ընթացակարգը, սակայն իրավասու չէ սահմանել այնպիսի լրացուցիչ ցենզ, որը դուրս է սահմանադրությամբ նախատեսված բացառությունների սպառիչ ցանկից։ Ընդ որում, քաղաքացին, անկախ նրանից՝ ժամանակավորապես բնակվում է Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, շարունակում է կրել սահմանադրական պարտականություններ և օգտվել պետության պաշտպանությունից. հետևաբար հենց քաղաքացիությունն է այն իրավական կապը, որի հիման վրա ծագում է ընտրական իրավունքը, և «լրացուցիչ կապի աստիճան» սահմանելը փաստացի վերանայում է քաղաքացիության ինստիտուտի բուն էությունը։
Ազգային ժողովի փորձագիտական վարչության եզրակացության հիմնական պնդումն այն է, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումը չի բացատրում, թե ինչու հենց 183 (հետագայում դարձավ 366) օրը պետք է վկայի քաղաքացու և պետության միջև «բավարար կապի» մասին, և ոչ օրինակ նշված օրերից ավելի նվազ օրերի քանակը։ Առանց նման հիմնավորման անհնար է նույնիսկ գնահատել՝ արդյոք սահմանափակումը պիտանի, անհրաժեշտ և համարժեք է, թե պարզապես կամայական։
Սահմանափակման անտրամաբանականությունը երևում է, երբ համեմատական ենք անցկացնում ընտրելու և ընտրվելու ցենզերի միջև։ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով և ընտրական օրենսգրքով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի համար կիրառվում է նստակեցության պահանջ։ Պատգամավոր դառնալու համար բավական է վերջին չորս տարվա ընթացքում ընդամենը այդ ժամանակահատվածի կեսը Հայաստանում լինելը։ Այս նոր փոփոխություններով, սակայն, ընտրողից պահանջվում է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի (366 օր) փաստացի Հայաստանում լինել։
Այսինքն, ընտրողի «դիտարկման պատուհանը» կրկնակի կարճ է, քան թեկնածուինը, ինչը գործնականում ընտրողի համար ստեղծում է ավելի խիստ և նվազ ճկուն շեմ։ Արդյունքում ստացվում է տրամաբանական հակասություն. քաղաքացին կարող է լինել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, բայց միևնույն ժամանակ չկարողանալ մասնակցել այն ընտրություններին, որոնցում առաջադրվել է որպես թեկնածու։
Երկրորդ օրինակը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ենթակա երիտասարդներին։ Ստացվում է` արտերկրից երիտասարդը կարող է Հայաստան վերադառնալ 18 տարին լրանալուց քիչ առաջ կամ անմիջապես դրանից հետո՝ ենթարկվելով պարտադիր զորակոչի և կատարելով իր սահմանադրական պարտականություններից մեկը։ Սակայն, քանի որ նախորդող երկու տարվա ընթացքում 366 օր Հայաստանում լինելու պահանջը չի բավարարել, նույն այդ քաղաքացին զրկվում է ընտրելու իրավունքից։ Այսինքն, պետությունը քաղաքացուց պահանջում է առավելագույն ներգրավում պաշտպանության մեջ, բայց միևնույն ժամանակ զրկում է նրան ամենատարրական քաղաքացիական իրավունքից՝ քվեարկելու հնարավորությունից։ Սա ուղղակիորեն հակասում է այն տրամաբանությանը, որի վրա կառուցված է ժամանակակից ժողովրդավարական պետության հայեցակարգը. ով կրում է պետության հանդեպ ամենածանր պարտականությունները, պետք է ունենա նաև դրա կառավարմանը առավելագույն մասնակցության իրավունք։
Ինչ են ասում միջազգային նորմերը
Ընդունված փոփոխությունները հակասում են նաև ընտրական իրավունքի վերաբերյալ միջազգային կառույցների նորմերին ու ստանդարտներին։ Այսպես, հունիսի 24-ին ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն իր եզրակացության մեջ մեջբերում է նաև ԵԽԽՎ-ի դիրքորոշումը առ այն, որ մարդկանց աճող շարժունակության պայմաններում անդամ պետությունները պետք է նպաստեն, այլ ոչ թե սահմանափակեն արտերկրում բնակվող իրենց քաղաքացիների ընտրական իրավունքների իրացումը։
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կանոնագիրքն ավելի խիստ է մոտենում այսպիսի փոփոխություններին՝ խորհուրդ տալով, որ փաստացի բնակության ցենզի պահանջներ կիրառվեն միայն տեղական կամ տարածքային, բայց ոչ թե համապետական ընտրությունների կամ հանրաքվեների դեպքում։
Ընտրական իրավունքը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է որպես անվերապահ քաղաքական իրավունք, որը կապված է բացառապես քաղաքացիության և տարիքի հետ։ Հուլիսի սկզբին ընդունված փոփոխությունները այդ իրավունքին ավելացնում են սահմանադրությամբ չնախատեսված նստակեցության պայման և զգալիորեն սահմանափակում են ընտրական իրավունքը՝ ուղղակիորեն հակասելով Սահմանադրության հիմքում ընկած ժողովրդավարական կառավարման և համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքներին։
Կամայականորեն իրականացված այս փոփոխությունը նաև հերթական օրինակն է, թե ինչպես է իշխող ուժը փոփոխում խաղի կանոնները՝ սեփական քաղաքական նախապատվությունների հիման վրա և առանց լայն հանրային կոնսենսուսի։ Այս գործելաոճը նպաստում է ինչպես ինստիտուտների քայքայմանը, այնպես էլ դրանց նկատմամբ հանրային վստահության նվազմանը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով Հայաստանի ժողովրդավարական զարգացան գործընթացում։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի ու Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։