Caucasus Analytical Digest-ի նոր համարում Տիգրան Գրիգորյանն ու Էդուարդ Առաքելյանը վերլուծում են Հայաստանի պաշտպանական քաղաքականության տրանսֆորմացիան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո։
«Կախվածությունից դեպի դիվերսիֆիկացում. Հայաստանի պաշտպանական քաղաքականության վերակողմնորոշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո» հոդվածում պնդվում է, որ 2022 թվականից հետո ընկած ժամանակահատվածը շրջադարձային է դարձել Հայաստանի անվտանգային ռազմավարության մեջ։ Ռուսաստանի դերի թուլացմանը զուգընթաց՝ չկատարված պարտավորությունների և ռազմավարական գերծանրաբեռնվածության ֆոնին, Երևանը սկսեց դիվերսիֆիկացնել իր գործընկերությունները և նվազեցնել կախվածությունը Մոսկվայից։
Հեղինակներն այս տեղաշարժը դիտարկում են մի քանի ուղղություններով՝ ռուսական սպառազինության մատակարարումների կրճատում, գնումների ընդլայնում այնպիսի գործընկերներից, ինչպիսիք են Հնդկաստանն ու Ֆրանսիան, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցում, ինչպես նաև երկկողմ ռազմական զորավարժությունների և պաշտպանական համագործակցության այլ ձևաչափերի դադարեցում։
Միևնույն ժամանակ ընդգծվում են այս գործընթացի սահմանափակումները։ Ռուսական համակարգերից և ժառանգված մեխանիզմներից կառուցվածքային կախվածությունը դեռևս զսպում է Հայաստանի ռազմավարական ինքնավարությունը։