Փաշինյանը և արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի գործիքայնացումը
26.03.2026
Տիգրան Գրիգորյան
2025-ի հուլիսին երբ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետներով հրապարակել էինք արցախցի փախստականների դեմ տարածվող ատելության խոսքի վերաբերյալ զեկույց, մենք այդ երևույթի հետ կապված մի քանի կարևոր օրինաչափություններ էինք արձանագրել։ Դրանցից առաջինը այն էր, որ փախստականների նկատմամաբ ատելության խոսքի ծավալները աճում են ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում։ Այդ առումով գալիք խորհդրանական ընտրությունների հետ կապված գլխավոր մտավախություններից մեկը այն էր, որ արցախցի փախստականները կրկին կդառնան քաղաքական դերակատարների հարձակումների և նրանց կողմից տարածվող ապատեղեկատության թիրախ։
Հայաստանում նախընտրական շրջանի փաստացի մեկնարկից հետո այս մտավախությունները աստիճանաբար սկսել են կյանքի կոչվել։ 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմեց արցախցի մի կնոջ (Արմինե Մոսիյանին) և իր երեխային, առաջարկեց նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվեց, ներկայացնելով իր պատճառները, ինչից հետո Փաշինյանը շարունակեց բանավիճել նրա հետ՝ ի հեճուկս վերջինիս խնդրանքին չշարունակել զրույցը։ Այնուհետ, Փաշինյանը բարձրացրեց ձայնը, կնոջ հետ խոսեց մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ նա նշեց, որ կխոսի այդպես, հայտարարելով, որ Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Հատկանշական է, որ կնոջ կողմից նույնիսկ այդպիսի պնդում չէր արվել այդ ողջ միջադեպի ընթացքում։
Այդ օրվա ընթացքում վարչապետ Փաշինյանը, ի սկզբանե հերքեց, որ արցախցի կնոջը «փախած» էր անվանել, հայտարարելով, որ դա բացառված է, որոշ ժամանակ անց փորձեց հիմնավորել և մեկնաբանել իր ասածները, իսկ արդեն օրվա վերջում որոշ վերապահումներով ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից։
Այնուամենայնիվ, նույնիսկ Փաշինյանի ներողությունից հետո իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ շարունակեցին թիրախավորել Արմինե Մոսիյանին։ Araratnews-ն ու Medianews-ը վերագրեցին Մոսիյանին խոսքեր, որոնք նա չէր ասել Փաշինյանի հետ միջադեպի ընթացքում։ Մասնավորապես, այս լրատվամիջոցները իրենց հրապարակած նյութերում պնդել են, որ Մոսիյանը Փաշինյանին ասել էր, որ «չի ընդունում Հայաստանը, թքած ունի և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»։ Այս կեղծիքը ամենայն հավանականությամբ հորինվել էր Փաշինյանի պահվածքը ռացիոնալիզացնելու և արդարացնելու համար։
Հատկանշական է, որ ԺԱՏԿ կողմից հրապարկված վերոնշյալ զեկույցում մենք արձանագրել էինք, որ գոյություն ունի լավ մշակված մեխանիզմ, որի միջոցով իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները տարածում են ատելության խոսքը՝ միասնական ջանքերով տիրաժավորելով ֆեյսբուքի պրոիշխանական բլոգերների ատելության խոսք պարունակող գրառումները։ Այս բոլոր լրատվամիջոցների դերակատարությունը արձանագրվել էր զեկույցում։
Փաշինյանի մասնակցությամբ այս միջադեպից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Փաշինյանի և իշխանական մեդիայի պահվածքը և կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքը սանձելու համար։
Փաշինյանի պահվածքը այս միջադեպի ընթացքում ատելության նոր ալիք բարձրացրեց փախստականների նկատմամբ։ Սրան մեծապես նպաստեց նաև իշխանական մեդիայի և պրոիշխանական տարբեր գործիչների խտրական ու փախստականներին թիրախավորող գրառումներն ու հարցազրույցները։
Հատկանշական է նաև, որ միջադեպի ընթացքում Փաշինյանը օգտագործել էր փախստականների դեմ կիրառվող երկու տարածված պատում, որոնք արձանագրվել էին նաև նախորդ տարվա մեր զեկույցում։ Այդ պատումները արցախցիներին ներկայացնում են որպես դասալիք և անշնորհակալ։ Այն, որ Փաշինյանը խոսում էր ծախսված միլիարդների մասին և հավելում, որ նա իրավունք ունի բարձր տոնով խոսել փախստականների հետ, «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումի վերարտադրումն էր։ Բռնի տեղահնվածներին «փախածներ» անվանելով՝ նա վերատադրում էր «դասալիք ղարաբաղցիների» մասին պատումը, որը նախկինում կիրառվում էր նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։
Փաշինյանի կողմից այս խտրական պատումների բարձրաձայնումը լեգիտիմացնում է դրանք և ավելի մեծ ծավալներով տարածում կենցաղային մակարդակում։ Նույն էֆեկտը ունի նաև իշխանական լրատվամիջոցների կողմից փախստականներին թիրախավորող, նրանց մասին ապատեղեկատվություն տարածող նյութերը։ Այսպես, օրինակ, Araratnews-ի և Medianews-ի կողմից Արմինե Մոսիյանին վերագրված կեղծ պնդման հրապարակումից հետո, այն որպես Փաշինյանի պահվածքի արդարացում օգտագործվել է սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի կողմից։
Արցախցի փախստականների դեմ տարածվող ատելության խոսքը, դրա գործիքայնացումը քաղաքական դերակատարների կողմից Հայաստանի հասարակական համախմբվածությունը խաթարող գլխավոր մարտահրավերներից է, որը լուրջ խոչընդոտ է կարող լինել նաև երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում։ Այս խնդիրը առանձնապես սրվում է ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում։ Այս մարտահրավերը հաղթահարելու համար անհրաժեշտ է ինչպես լայն հանրային, այնպես էլ միջազգային կոնսոլիդացված ճնշում բոլոր այն դերկատարների նկատմամբ, որոնք անհետևանք շահագործում են այս թեման՝ սեփական սխալները սրբագրելու և նեղ քաղաքական նպատակների հասնելու համար։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: