Ինչո՞ւ են Հայաստանում ընդդիմադիր շարժումները ձախողվում. կենսունակ այլընտրանքի պահանջը
15.10.2024
Տիգրան Գրիգորյան
Հոկտեմբերի 2-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքով փորձեց ակտիվացնել իր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Գալստանյանը շարժումը սկսել էր ապրիլին՝ սկզբում բողոքելու Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ կառավարության մոտեցման դեմ, իսկ ավելի ուշ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Սակայն հանրահավաքը ազդարարեց շարժման անկումը: Հանրահավաքին մասնակցեց ընդամենը մոտ 2000 մարդ, մինչդեռ մայիսի 9-ի՝ Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքին մասնակցում էր մի քանի տասնյակ հազարը, և այն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ ընդդիմադիր հավաքն էր:
Շարժման հեռանկարն ավելի խամրեց արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ ունեցած անհաջող հարցազրույցից հետո։ Հոկտեմբերի 2-ի հանրահավաքից հետո Սրբազանն իր կողմնակիցներին առաջնորդեց Հանրային հեռուստաընկերություն՝ պահանջելով եթեր տրամադրել՝ ժողովրդին դիմելու համար: Հեռուստաալիքի ղեկավարության հետ որոշ բանակցություններից հետո նրան հնարավորություն ընձեռվեց՝ պայմանով, որ Ղազարյանը նրա ելույթից հետո հարցազրույց կանցկացնի։ Սակայն իր 12 րոպեանոց ելույթից հետո Գալստանյանը դժվարացավ պատասխանել Ղազարյանի հարցերին՝ լուրջ կասկածներ առաջացնելով իր քաղաքական կարողությունների վերաբերյալ։
Շարժման ձախողումը մի քանի պատճառներ ունի։ Սակայն դրանցից առանձնահատուկը ընդդիմադիր վերնախավերի մեծ մասի անկարողությունն է հասկանալու 2018-ի հեղափոխության հաջողության գործոնները։ Այս շրջանակներում գերակշռող պատմույթն այն է, որ 2018-ի հեղափոխությունը քաղաքական տեխնոլոգիաների և մանիպուլյացիայի, այլ ոչ թե իրական հանրային դժգոհության արդյունք էր: Սխալ այս պատկերացումն ընկած է 2020-ի պատերազմից ի վեր ընդդիմադիր բոլոր շարժումների հիմքում, ինչը խանգարում է նրանց հաջողությանը:
Այս համոզմունքը 2020-ից հետո բոլոր շարժումների առաջնորդներին ստիպել է ընդօրինակել Նիկոլ Փաշինյանի 2018-ի մարտավարությունը՝ ճանապարհների փակում, կառավարական շենքեր մուտք գործելու փորձեր, շարժման պաշտոնական երգերի ընդունում և նույնիսկ նմանատիպ հռետորաբանության օգտագործում։ Այնուամենայնիվ, քաղաքական այս մարտավարությունների լոկ կրկնօրինակումը ո՛չ ապահովել է հանրային աջակցություն, ո՛չ էլ հասել նրանց նպատակներից որևէ մեկին:
Թավշյա հեղափոխության սխալ ընկալման էական հետևանքն է շարժման առաջնորդների՝ Հայաստանի նախկին իշխող վերնախավից հեռու մնալու դժկամությունը: Վերջերս արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, և հրաժարվել հրապարակայնորեն նրանցից դիստանցավորվել և այդ որոշումը հիմնավորել ազգային միասնության անհրաժեշտությամբ։
Այնուամենայնիվ, հայաստանցիների մեծամասնությունը նախկին էլիտաներին դիտարկում է որպես խնդրի մաս, այլ ոչ թե լուծում: Գալստանյանի և շարժման մյուս առաջնորդների կողմից այս տրամադրությունները հաշվի չառնելը նրա բազմաթիվ հնարավոր աջակիցների վանում է։
Երրորդ պատճառը, որ Գալստանյանը և մյուսները չեն կարողանում լայն շերտերի մոբիլիզացիա ապահովել և հաջողությամբ մարտահրավեր նետել կառավարությանը, իշխող կուսակցության քաղաքականությանը իրատեսական այլընտրանքներ ներկայացնելու նրանց անկարողությունն է: Փոխարենը նրանք դիմում են պոպուլիստական հռետորաբանության, ինչպես օրինակ՝ Ոսկեպարով Արցախ վերադառնալու խոստումն է։ Հանդիպելով պոպուլիզմի երկու մրցակցող տեսակների՝ հայ հասարակությունը շարունակում է մնալ քաղաքականապես անտարբեր:
Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի ամենամեծ խոչընդոտներից մեկը կենսունակ, ժողովրդավարական ընդդիմության բացակայությունն է: 2020-ից ի վեր ընդդիմադիր շարժումները դժվարացել են հեռու մնալ ոչ պոպուլյար նախկին էլիտաներից կամ ներկայացնել իրատեսական, ներկայիս իրողություններն արտացոլող և հայ հանրության մտահոգություններին ուղղված գործող օրակարգ։
Իշխող կուսակցությունը պահպանում է իր դիրքերը։ Առանց ուժեղ, ձեռնհաս ընդդիմության կողմից լուրջ մարտահրավերի հանդիպելու՝ նրանք կենտրոնացրել են իշխանությունը և իրենց վերահսկողության տակ վերցրել անկախ պետական ինստիտուտները: Նրանք օգտվել են ունակ ընդդիմության բացակայությունից՝ իրենց ներկայացնելով որպես Հայաստանի՝ ժողովրդավար լինելու միակ հույսը՝ միաժամանակ վարկաբեկելով ժողովրդավարական ցանկացած հնարավոր այլընտրանք:
Այս իրավիճակը երկարաժամկետ էական ռիսկ է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար։ Ծաղկող ժողովրդավարությունը պահանջում է ավելին, քան պարզապես ազատ և արդար ընտրությունները. այն կարիք ունի մրցակցային քաղաքական դաշտի՝ իմաստալից այլընտրանքներով: Առանց ուժեղ ընդդիմության, Հայաստանի քաղաքական համակարգը կարող է աստիճանաբար շարժվել դեպի իշխանության անառողջ կենտրոնացում՝ խարխլելով ժողովրդավարական սկզբունքները: Կենսունակ և վստահելի ընդդիմությունը չափազանց կարևոր է զսպումների և հավասարակշռության պահպանման, հաշվետվողականության ապահովման և ժողովրդավարական կառավարումը պաշտպանելու համար:
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: