Զրպարտություն և ատելության խոսք․ արցախցիների դեմ կեղծ պատմույթների տարածումը

Զրպարտություն և ատելության խոսք․ արցախցիների դեմ կեղծ պատմույթների տարածումը

30.01.2025

 

Կարինա Ավետիսյան

 

Վերջերս Freedom House-ի իրականացրած՝ Հայաստանում խոցելի խմբերի դեմ ուղղված ապատեղեկատվությանը և ատելության խոսքին վերաբերող ծրագրի շրջանակում, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, որտեղ ես ավագ վերլուծաբան եմ, արցախցի փախստականների հետ ֆոկուս խումբ անցկացրեց։ Մեր նպատակն էր բացահայտել հայ հասարակության մեջ նրանց վերաբերյալ առավել տարածված կարծրատիպերը՝ հիմնվելով իրենց սեփական փորձի վրա։ Այս գաղափարները մեր զեկույցի հիմքն էին։ Մեր հիմնական բացահայտումները՝ ստորև։

 

2020-ի պատերազմից և 2023-ին Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու խաչմերուկում է։ Այս փոփոխությունների համատեքստում կարևոր է հանրային պատմույթների ըմբռնումը՝ տարբեր քաղաքական ուժերի նպատակները և ռազմավարությունները հասկանալու համար։

 

Մարտահրավերների դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման գործում առանցքային խնդիր է ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածումը, որը քաղաքական գործիչների ձեռքին հանրային վախերը շահարկելու, հանրությունը մասնատելու և պետական անվտանգության վերաբերյալ հանրային ընկալումների վրա ազդելու զենք է դառնում։ Այս պատմույթները հաճախ թիրախավորում են խոցելի համայնքները՝ քայքայելով սոցիալական համերաշխությունը։

 

Մինչ 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունը ապատեղեկատվական քարոզարշավները հիմնականում ուղղված էին մարգինալացված խմբերին՝ կանանց իրավունքների պաշտպաններ և ԼԳԲՏՔ համայնք, իսկ հեղափոխությունից հետո՝ անվտանգության ոլորտ։ 2023-ին Լեռնային Ղարաբաղի կորստից և փախստականների հոսքից հետո նրանք են դարձել կեղծ պատմույթների թիրախը․ նրանց ներկայացնում են որպես քաղաքական սպառնալիք և օտարածին տարր։ Թեև սա նոր կարծրատիպ չէ, Հայաստանում փախստականների ժամանելու պատճառով այն տարածվելու համար նոր նախադրյալներ են ստեղծվել։ Արմատավորված լինելով անցյալի քաղաքական դժգոհություններում՝ այս պատմույթները արցախցիներին ներկայացնում են որպես դասալիքներ, ոչ լոյալ տարրեր՝ առանց այն էլ խոցելի խմբին էլ ավելի մարգինալացնելով։

 

Հայաստանի կառավարությունը և իշխանամետ լրատվամիջոցները նշանակալի դեր են խաղացել այս կարծրատիպերի ամրացման գործում՝ օգտագործելով դրանք որպես քաղաքական գործիքներ ընդդիմադիր ձայներին վարկաբեկելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը արել է մեկնաբանություններ, որոնք բնութագրում են Արցախի հայերին որպես անշնորհակալ և քաղաքականապես ապակայունացնող։

 

Օրինակ, 2023-ի հուլիսի 25-ի մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառակտիչ մեկնաբանություններ էր արել՝ հավասարեցնելով Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից իշխանության քննադատությունը Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ երախտամոռության հետ։ «Հայաստանի ընտրված ղեկավարին մեղադրելով՝ այդ արցախցին իրականում ո՞ւմ է մեղադրում» հայտարարությամբ Փաշինյանն ակնարկել է, որ արցախցիները անշնորհակալ են վերջին երեք տասնամյակում Հայաստանից ստացած աջակցության համար։ Այս մեկնաբանությունները ոչ միայն ապալեգիտիմացնում են Փաշինյանի քաղաքականության հիմնավոր քննադատությունը, այլև ներկայացնում են արցախցիներին որպես քավության նոխազ Հայաստանի առջև ծառացած ավելի լայն քաղաքական և հասարակական մարտահրավերների համար։

 

Իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հակասական հայտարարություններ է արել Արցախի հայ փախստականների մասին՝ պնդելով, որ նրանք լքել են իրենց տները և պետք է Հայաստանում իրենց «հյուրերի» նման պահեն։ Թեև նրա հայտարարությունները հակասում են արցախցիներին Հայաստանում ինտեգրելու վերաբերյալ Կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, և չնայած այս հայտարարության պատճառով առաջացած հանրային զայրույթին, իշխող կուսակցությունը չի դատապարտել կամ դիստանցավորվել Մելքոնյանի այս խոսքերից։

 

Իշխանամետ լրատվամիջոցների նյութերը ևս ամրապնդել են այս պատմույթները։ Օրինակ, 2024-ի սեպտեմբերի 18-ին Հայկական ժամանակը հրապարակել է հաղորդագրություն՝ հայտնելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բացահայտված ենթադրյալ դավադրության մասին, որում ներգրավված էին երկրում իշխանությունը զավթելու ծրագրի մեջ մեղադրվող անձինք։ Հաղորդագրությունը կրկնել է իրավապահ մարմնի շեշտադրումը, որ կասկածյալները կապեր ունեին Լեռնային Ղարաբաղի հետ, նշելով. «…ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն…»։

 

Ենթադրյալ հեղաշրջման փորձի մասնակիցների ծագումը նշելով՝ այս պատմույթը խթանում է խոցելի խմբի հանդեպ հանրային կասկածանքն ու վախը։ Նման պիտակավորումը հայ հասարակության մեջ ամրապնդում է արցախցիների վերբաբերյալ վնասակար կարծրատիպերի տարածումը։

 

Ապատեղեկատվական այս քարոզարշավների հետևանքները ծանր են։ Դրանք ոչ միայն խորացնում են հայ հասարակության պառակտվածությունը, այլ խոչընդոտում են նաև ժողովրդավարական դիմակայունությանը, նպաստում են բացառմանը և մարգինալացված խմբերին առավել խոցելի են դարձնում խտրականության և բռնության հանդեպ։ Այս մարտահրավերների հաղթահարումը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և միջազգային դերակատարներին։

 

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն արդեն քայլեր է ձեռնարկել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Օրինակ՝ Mediaethics.am նախաձեռնությունը խթանում է լրագրողական էթիկան և զգայուն հարցերի պատասխանատու լուսաբանումը, մասնավորապես՝ փախստականների ինտեգրման թեմաներով։

 

Սակայն պետության կողմից հովանավորվող պատմույթների դեմ պայքարելու համար սա բավարար չէ։ Անկախ մեդիա կազմակերպությունները պետք է հզորացվեն՝ ճշտգրիտ, անկողմնակալ լուսաբանման համար, իսկ քաղաքացիական հասարակությունը պիտի ավելի մեծ աջակցություն ստանա՝ մարգինալացված համայնքների իրավունքների պաշտպանության համար։

 

Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման գործում հենց կառավարության դերը՝ այս հարցով պաշտոնյաների հետ ուղղակի շփումը կարող է սահմանափակ արդյունքներ տալ։ Այնուամենայնիվ, Եվրոպական միության հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ձգտումը հնարավորություն է ընձեռնում միջազգային դերակատարներին՝ խրախուսելու կառավարման ավելի լավ պրակտիկաներ։ ԵՄ-ն և այլ միջազգային գործընկերները պետք է աջակցեն Հայաստանի՝ ժողովրդավարական սկզբունքները պահպանելու, ատելության խոսքի դեմ պայքարելու և սոցիալական համերաշխությունը խթանելու պարտավորվածությունը։ Հանրության շրջանում մեդիագրագիտության խթանումը նույնպես կարող է օգնել խեղաթյուրող պատմույթների դեմ դիմակայունություն ձևավորել և ապատեղեկատվության ազդեցությունը նվազեցնել։

 

Հայաստանի ճանապարհը լի է մարտահրավերներով, սակայն պառակտում սերմանող վնասակար պատմույթների հաղթահարումը կարևոր է ավելի ներառական և կայուն հասարակություն կառուցելու համար։ Անկախ լրատվամիջոցներին աջակցելով՝ քաղաքացիական հասարակությունը ամրապնդելով և միջազգային գործընկերությունները օգտագործելով՝ Հայաստանը կարող է իմաստալից քայլեր ձեռնարկել այս խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: