Գլոբալ ավտորիտարիզմը և Հայաստանի պայքարը հանուն ժողովրդավարության
21.11.2024
Կարինա Ավետիսյան
2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ինձ թևաթափ արեց․ երկու օր անկողնուց դուրս չեկա, այնքան անհավանական էր գաղափարը, որ ԱՄՆ-ը ղեկավարելու է ավտորիտար մտածելակերպով, սեռական ոտնձգություններ իրականացրած անձը: Սակայն այս ընտրություններից հետո, չնայած ավելի կոշտ աջակողմյան քաղաքականության, ժողովրդավարական հաստատությունների արագ քայքայման և խոցելի համայնքներին հասցվող երկարաժամկետ վնասի ուրվականին, ես վեր կացա և սովորականի նման գնացի աշխատանքի:
Երկար ժամանակ, բայց հատկապես 2016-ից ի վեր, Ամերիկայի ժողովրդավարությունը խորքային թերությունների նախանշաններ է դրսևորում: Սոցիալական անվտանգության ցանցը քայքայվել է՝ ապակայունացնելով կյանքը, քանի որ տների և սննդի գները բարձրանում են, աշխատավարձերը՝ լճանում, իսկ կայուն աշխատատեղերը՝ նվազում։ Զուգահեռաբար ԱՄՆ-ը շարունակում է ֆինանսավորում բռնի հակամարտությունները տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ պաղեստինցիների դեմ Իսրայելի շարունակվող ցեղասպանությունը: Կանանց և ԼԳԲՏՔ+ իրավունքները վտանգված են, մինչդեռ ոստիկանության բյուջեն աճում է սոցիալական ծրագրերի հաշվին:
Դեմոկրատական կուսակցությունը, որը հայտարարում է այս իրականությանն այլընտրանք առաջարկելու մասին, չի կարողացել ըմբռնել փոփոխվող գլոբալ և ներքին դինամիկան, ձևակերպել այս փոփոխություններին համահունչ տեսլական կամ բավարարել ամերիկացիների լայն շրջանակների կարիքները: Եվ մեզ այս հանգրվանին է հասցրել հենց նրանց անկարողությունը՝ տեսնելու սոցիալական ազատականների և սոցիալական պահպանողականների միջև խորը մշակութային անջրպետը և այն, թե ինչպես են այս արժեքները վերածվում ավտորիտար-պոպուլիստների աջակցության ամբողջ աշխարհում:
Ամերիկան բացառություն չէ: Հիասթափված ընտրազանգվածները և ժողովրդավարական հետընթացը թափ են հավաքում ամբողջ աշխարհում: 2022-ին Իտալիան ընտրեց ծայրահեղ աջակողմյան վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ նեոֆաշիստական արմատներ ունեցող կուսակցությունից: Նույն թվականին Մարին Լը Պենը Ֆրանսիայում հավաքեց մոտ 40 տոկոս ձայն՝ բարելավելով 2017-ի իր արդյունքը, մինչդեռ Շվեդիայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը դարձավ երկրորդ ամենամեծը խորհրդարանում:
Հայաստանի նման նորելուկ ժողովրդավարություն ունեցող երկրները, որոնք իրենց ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեծապես կախված են արևմտյան աջակցությունից, հատկապես զգայուն են Արևմուտքում ժողովրդավարական հետընթացի նկատմամբ:
Հայաստանն արդեն ցույց է տալիս նույն մտահոգիչ նախանշանները, որոնք տեսնում ենք այնտեղ: Տասնամյակներ շարունակ Արևմուտքը հարյուր միլիոնավոր դոլարներ է ուղղել քաղաքական կուսակցությունների ամրապնդմանը, հասարակական կազմակերպությունների աջակցմանը և կանանց զորեղացմանը ժողովրդավարություններում, մի մոտեցում, որը կարևոր է եղել սահմանափակ տեղական ֆինանսավորման պայմաններում:
Այնուամենայնիվ, արևմտյան ժողովրդավարությունների աճող անկայունությունն ավելի ու ավելի պարզ են դարձնում, որ Հայաստանի նման երկրները չեն կարող կայուն ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել՝ ապավինելով միայն արտաքին աջակցությանը:
Անտարբերության գինը․ ինչպես է «չարյաց փոքրագույնի» քաղաքականությունը քայքայում ժողովրդավարությունը
Թրամփը հաղթել է ընտրություններում, բայց գուցե ավելի ճիշտ է դա դիտարկել որպես Քամալա Հարիսի և Դեմոկրատական կուսակցության պարտություն, որի ղեկավարությունը ձախողել է ամերիկացիների առօրյայի վրա ազդող նյութական մարտահրավերների հասցեագրումն ու էական փոփոխությունները ջատագովելու փոխարեն հիմնվում է ինքնության վրա կենտրոնացած ուղերձների վրա («մենք ծաղրանկարի չար կուսակցությունը չենք»): Լուրջ հենքից զրկված «չարյաց փոքրագույնի» այս մոտեցումը թևաթափ է արել ընտրողներին՝ հանգեցնելով հուսալքության և 2024-ին 2020-ի համեմատ՝ ցածր մասնակցության:
Այս իրավիճակը նման է Փաշինյանի մոտեցմանը։ Նախկին կոռումպացված վարչակարգերից փոքր-ինչ ավելի ընդունելի լինելը բավարար չէ ընտրողների երկարաժամկետ աջակցությունը վայելելու համար։ Հայաստանում քաղաքական անտարբերությունը ռեկորդային բարձր մակարդակի վրա է. Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումը ցույց է տվել, որ հայաստանցիների գրեթե երկու երրորդը չի վստահում բոլոր քաղաքական գործիչներին։ Ավելին, Հայաստանում արմատացած քաղաքական անտարբերության վտանգը լրջորեն թերագնահատվում է։ Եթե Փաշինյանի կառավարությունը հենվի միայն «նախկիններից ավելի լավը լինելու» սկզբունքի վրա՝ առանց շոշափելի բարեփոխումներ իրականացնելու կամ լայնատարած դժգոհությունները հասցեագրելու, նրա կառավարությունն առերեսվելու է հասարակության օտարացման և ժողովրդավարական կառավարման նկատմամբ վստահության խարխլման ռիսկերի։ Երբ քաղաքացիները զգում են, որ իրենց առաջնորդները պարզապես փոքր-ինչ ավելի լավն են կոռումպացված նախորդներից, նրանք կորցնում են հավատը ժողովրդավարական գործընթացի նկատմամբ՝ ընտրությունները համարելով անարդյունավետ, իսկ կառավարումը՝ անարձագանք։
Այս անտարբերությունը պարարտ հող է ստեղծում ավտորիտարիզմի կամ պոպուլիզմի համար, քանի որ հիասթափված ընտրողները կարող են հավատալ առաջնորդների, որոնք արմատական փոփոխություններ են խոստանում՝ անգամ ժողովրդավարական սկզբունքների հաշվին։
Քաղաքական գործիչների նկատմամբ բարձր անվստահությունը նաև դժվարացնում է ամուր, ներկայացուցչական հաստատությունների կառուցումը, թուլացնում է քաղհասարակության ազդեցությունը և Հայաստանն ավելի խոցելի դարձնում արտաքին ճնշումների նկատմամբ, հատկապես տարածաշրջանում ժողովրդավարացմանը դեմ հանդես եկող ավտորիտար ռեժիմների կողմից։
Հայաստանում քաղաքական անհաղորդությունը և ինստիտուցիոնալացված քաղաքականության բացակայությունը, որը մարդկանց կտար գործելու իրական հնարավորություն, հանգեցրել են այնպիսի կերպարների ի հայտ գալուն, ինչպիսին է վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը»։ Նախկին ոստիկան Ղուկասյանն իր տեղեկատուների ցանցը և հարթակն օգտագործում է լսարան ձևավորելու համար՝ դիմելով սենսացիաների, շանտաժի և սպառնալիքների։ Գրանցելով վարկանիշի աճ՝ նա ձեռնոց է նետում ընդդիմադիր կուսակցություններին, սակայն նա պարզապես լրացնում է այն բացը, որն առաջացել է քաղաքականությունից և չսիրված քաղաքական ղեկավարությունից հասարակության օտարման հետևանքով։
Այս միտումները վտանգում են Հայաստանի ժողովրդավարության հետագա կայունությունը։ Հանրությունը, զգալով, որ քաղաքական դաշտն անհաղորդ է իր պահանջներին, ավելի ընկալունակ է դառնում հետադիմական քաղաքականության նկատմամբ՝ անգամ ժողովրդավարական նորմերի քայքայման հաշվին, որոնք ընկալվում են որպես անօգտակար։
Թրամփի վերադարձի գլոբալ սպառնալիքը
Թրամփի վերադարձը ավտորիտարիզմի գլոբալ տարածման մեծ ռիսկ է պարունակում հատկապես Հայաստանի նման զարգացող ժողովրդավարությունների համար, որոնք խոցելի են առանց եվրոատլանտյան աջակցության։ Նրա պաշտոնավարումը, անկասկած, կնվազեցնի ԱՄՆ-ի հանձնառությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին՝ չնայած այս հարցերում Վաշինգտոնի արդեն իսկ անհետևողական դիրքորոշմանը, և կգոտեպնդի ավտորիտար ռեժիմներին, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Այն կարող է նաև նվազեցնել ժողովրդավարական ծրագրերի և տեխնիկական աջակցության ֆինանսավորումը, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։
Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասում միակ երկիրը, որն ակտիվորեն աշխատում է ժողովրդավարացման և Արևմուտքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, հակադրվում է տարածաշրջանային ավտորիտար ռեժիմներին, ինչպիսիք են Ռուսաստանը և Ադրբեջանը։ Սակայն Հայաստանի ժողովրդավարական նկրտումները ավելի ու ավելի են լուսանցք մղվում։
Եվրոպական ինտեգրման երբեմնի համահայցվոր Վրաստանում տարիներ շարունակ գրանցվող զգալի ժողովրդավարական հետընթացն իր կիզակետին հասավ վերջին ընտրություններում։ Երկրի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», ընդլայնել է վերահսկողությունը պետական հաստատությունների նկատմամբ, միջամտել է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների գործունեությանը և դիմել ընտրախախտումների։
Թրամփի նախագահությունը զարգացող ժողովրդավարությունների ընտրազանգվածների շրջանում ամրապնդում է այն ընկալումը, որ պոպուլիստական, ավտորիտար գաղափարախոսությունները ժողովրդավարության կենսունակ այլընտրանքներ են։ Գլոբալ ժողովրդավարական նորմերի այս քայքայումը, որը տեղի է ունեցել նաև Դեմոկրատական վարչակազմերի օրոք՝ նման արտաքին քաղաքականությամբ և արտերկրում մարդու իրավունքների անտեսմամբ, կարող է խաթարել Հայաստանի ժողովրդավարական ընթացքը։
Վերաձևելով Հայաստանի քաղաքական ապագան. ձախողված ստատուս քվոյից անդին
2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը համեստ, բայց նշանակալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել։ Այնուամենայնիվ, 2020-ի արցախյան պատերազմից հետո նկատվում են ժողովրդավարական հետընթացի անհանգստացնող նշաններ, ինչն էլ ստիպեց ինձ և իմ գործընկեր Տիգրան Գրիգորյանին հիմնել Democracy Watch ձևաչափը։ Հաշվի առնելով արևմտյան ժողովրդավարությունների ներկայիս փխրունությունը՝ միամտություն կլինի արտերկրից ակնկալել կայուն աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը։
Տասնամյակներ շարունակ Հայաստանն առանձնացել է հետխորհրդային տարածքում իր անկախ քաղաքացիական շարժումներով և ամուր քաղաքացիական ակտիվիզմով։ Սակայն 2020-ի պարտությունից հետո Ադրբեջանի շարունակվող սպառնալիքներին դեմ հանդիման՝ Հայաստանի երբեմնի ակտիվ քաղաքացիական դաշտը քաղաքական բևեռացման խորացման պայմաններում թուլացել է։ Քաղաքացիական ներգրավվածության այս անկումը էապես ազդում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վրա։
Ի վերջո, կայուն ժողովրդավարությունը պետք է հասունանա ներսից՝ ծնվելով տեղական հասարակական ջանքերից։ Կայուն ժողովրդավարական դիմակայունությունը կախված է ներքին լեգիտիմությունից, համայնքային իրավատիրությունից և ազգային առանձնահատուկ կոնտեքստին համապատասխանությունից։ Թեև Արևմուտքի աջակցությունն ապահովում է արժեքավոր ռեսուրսներ և պաշտպանություն, արտաքին դերակատարներին չափից շատ ապավինելը վտանգում է կայուն ժողովրդավարության համար կարևոր օրգանական աճը։
Հայաստանին անհրաժեշտ է, որ իր ժողովուրդն ունենա կառուցողական բանավեճի տարածք և կառավարության հաշվետվողականություն ապահովող մեխանիզմներ։ Փոխօգնության ոգին, որը նկատվում է ժողովրդավարության ձգտող արևմտյան համայնքներում, բնականաբար արդեն գոյություն ունի հայկական հասարակությունում, որտեղ մարդիկ շփվում և հոգ են տանում միմյանց մասին։ Միահամուռ նման համայնքներում, երբ մարդիկ, անկախ տարբերություններից, ամենօրյա ռեժիմով սերտ շփվում են, միմյանց սևացնելը շատ դժվար է դառնում։ Քաղաքացիական այս ներգրավվածությունը գործելու իրավունք է տալիս քվեարկությունից անդին, երբ մարդկանց գործողություններն անմիջական և իմաստալից ազդեցություն ունեն իրենց համայնքների վրա։
Հայաստանի ղեկավարությունը, ինչպես ամերիկյան Դեմոկրատական կուսակցությունը, շարունակում է գործել այնպես, կարծես հին ստատուս քվոն դեռ գործում է։ Բայց այդ դարաշրջանն ավարտված է։ Արևմուտքում Թրամփի հաղթանակները ոչ միայն նյութական դժգոհությունների, այլև խորապես արմատավորված մշակութային պատերազմների արդյունք են։ Ամբողջ աշխարհում պահպանողական ընտրողներն իրենց ավելի ու ավելի օտարված են զգում՝ գնալով պոպուլիստ առաջնորդների հետևից, որոնք պնդում են, թե խոսում են այդ մարդկանց անունից, մինչդեռ քաղաքական գործող առաջնորդները իրականությունից կտրված են։
Այս նոր իրականության մեջ դեպի ապագա Հայաստանի ճանապարհը խորդուբորդ է և պահանջում է զգույշ խուսանավում։ Մարտահրավերները լուրջ են՝ քաղաքական անտարբերության հաղթահարում, հաստատությունների նկատմամբ վստահության վերականգնում և քաղաքական մշակույթի խթանում, որը խրախուսում է իրական ներկայացուցչություն և հաշվետվողականություն։
Առանց խորքային բարեփոխումների Հայաստանը կանգնած է հանրային հուսալքության խորացման վտանգի առաջ՝ ճանապարհ հարթելով օպորոտւնիստների և արտաքին ճնշումների համար, որոնք կարող են լցնել այդ վակուումը։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի՝ երևանյան վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: