Ինչպես կազդի Թրամփի երկրորդ ժամկետը Հայաստանի արտաքին միջավայրի վրա

Ինչպես կազդի Թրամփի երկրորդ ժամկետը Հայաստանի արտաքին միջավայրի վրա

13.11.2024

 

Տիգրան Գրիգորյան

 

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միջազգային դիտորդները և վերլուծաբանները փորձում են գնահատել, թե հաջորդ չորս տարիներն ինչ կնշանակեն ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Թրամփի նախորդ նախագահությունը վերաձևեց ԱՄՆ գլոբալ հարաբերությունները՝ բացելով մի դարաշրջան, որը բնութագրվում էր մեկուսացման և անկանխատեսելիության աճով: Հայաստանի համար ԱՄՆ վարչակազմի այս փոփոխությունը կարող է էապես ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա և բարդացնել նրա տարածաշրջանային դիրքը:

Հիմնական մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունը կարող է էապես նվազել: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է հեռանալ Ռուսաստանից՝ նպատակ ունենալով քաղաքական և դիվանագիտական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և ԵՄ-ից: Սակայն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձով, այս մոտեցումը կարող է դժվար իրագործելի լինել: Իր առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփը առաջնահերթություն չէր համարում Հարավային Կովկասը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում ԱՄՆ ներգրավվածությունը պատմական նվազագույնի վրա էր: 2020-ի Ղարաբաղյան պատերազմը բռնկվեց նրա վարչակազմի օրոք, իսկ Վաշինգտոնի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը զուտ խորհրդանշական բնույթ ունեցան:

Հիմքեր չկան պնդելու, որ այս անգամ տարածաշրջանի նկատմամբ նրա մոտեցումը էապես կտարբերվի: ԱՄՆ նվազող ներգրավվածությունը կարող է նոր հնարավորություն բացել Ադրբեջանի համար՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը ավելի կոշտացնելու: Այս պայմաններում ԵՄ-ն, հավանաբար, կփորձի ավելի մեծ դեր խաղալ, սակայն կարող է չունենալ տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ազդեցությունը:

Թրամփի արտաքին քաղաքականության գործարքային բնույթը, նվազող ներգրավվածության ռիսկից զատ, կարող է փոխել Հարավային Կովկասի դինամիկան: Թեև ոմանք հույս ունեն, որ սա կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների առաջընթացի, փորձը՝ հատկապես Սիրիայում, ցույց է տալիս, որ Էրդողանի նման առաջնորդներն այս մոտեցումը արդյունավետ օգտագործել են իրենց օգտին: Նույնը կարող է վերաբերել Ալիևին, որի բացահայտ նախընտրած թեկնածուն Թրամփն էր։ 

Երևանում հույսեր կան, որ Թրամփի վարչակազմը, նպաստելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, դա կարող է ներկայացնել որպես իր արտաքին քաղաքականության վաղաժամ հեշտ հաղթանակ: Սակայն խիստ կասկածելի է, որ Թրամփը պատրաստ կլինի անհրաժեշտ ռեսուրսները ներդնել գործընթացը հանգուցալուծման տանելու համար:

Մեկ այլ կարևոր գործոն է Իրանը: Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն դուրս եկավ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, որ հայտնի է որպես Իրանի միջուկային համաձայնագիր: Հրապարակումներ  կան, որ Իրանի հանդեպ բացահայտ քննադատական դիրքորոշում ունեցող Բրայան Հուկը գլխավորելու է Թրամփի անցումային թիմը Պետդեպարտամենտում։ Հավանական է, որ նոր վարչակազմի առանցքային այլ պաշտոնյաներ նույնպես կպաշտպանեն Իրանի հանդեպ առավել կոշտ դիրքորոշումը: ԱՄՆ-ի ավելի ագրեսիվ մոտեցումը կարող է զգալիորեն սահմանափակել Թեհրանի հետ հարաբերություններում Հայաստանի հնարավորությունները: Քանի որ Իրանը Հայաստանի հետ բաց սահման ունեցող երկու հարևան երկրներից մեկն է, նրա դերը Երևանի համար շարունակում է վճռորոշ մնալ:

Ի՞նչ սպասել Հայաստանի կառավարությունից

Հայաստանի կառավարությունը և Բայդենի վարչակազմում նրա գործընկերները կձգտեն մինչև հունվարի 20-ը ավարտին հասցնել ընթացիկ հնարավորինս շատ նախաձեռնություններ: Դրանից հետո Երևանը, հավանաբար, կկենտրոնանա Թրամփի գալիք վարչակազմի հետ կապեր ունեցող խմբերի հետ շփումների վրա, այդ թվում՝ Հայաստանին ծանոթ ԱՄՆ քաղաքական գործիչների, քրիստոնեական կազմակերպությունների և կոնգրեսական պատվիրակությունների անդամների, որոնք վերջերս այցելել են Հայաստան և կարող են կարևոր դեր խաղալ Կոնգրեսում:

Այնուամենայնիվ, այս ջանքերի արդյունավետությունը անորոշ է՝ հաշվի առնելով այն լայն միտումները, որոնք ձևավորելու են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Այս անորոշությունը, մեծ հավանականությամբ, Հայաստանի կդրդի ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքական հռետորաբանություն և գործողություններ որդեգրել: Այս տեղաշարժն արդեն ընթացքի մեջ է՝ մասամբ պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով, այդ թվում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած ընտրություններով: Երևանը, հավանաբար, կմեծացնի իր մասնակցությունը տարածաշրջանային ձևաչափերում և ավելի զգուշավոր կլինի Արևմուտքի հետ հարաբերություններում: Սա չի նշանակում, որ ԵՄ-ի և արևմտյան այլ գործընկերների հետ համագործակցությունը կդադարի. ավելի շուտ, դա ենթադրում է, որ գործընթացում կլինեն լրացուցիչ սահմանափակումներ: