Խոշտանգում ոստիկանության բաժնում և զրո մեղադրանք․ Տիգրան Ուլուբաբյանի դեպքը

28.03.2025
Արամ Թադևոսյան
Մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեյսբուքում գրառում արեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանների կողմից Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու և նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու վերաբերյալ։ Մի շարք լրատվամիջոցների շնորհիվ դեպքը հանրային լայն հնչեղություն ստացավ։ Կոնկրետ անձի իրավունքների խախտման պատմությունը արագ տեղափոխվեց ավելի լայն խոսույթի դաշտ՝ ոստիկանական ամեանթողությունից, բռնությամբ խոստովանավություն կորզելուց մինչև փաստաբանական աշխատանքի խոչընդոտում և խտրական վերաբերմունք արցախցիների նկատմամբ։ Փորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի համար ոչ եզակի բնույթ կրող այդ դեպքը դարձավ հասարակական համերաշխության խաթարման թեմա։
Հանցագործությունների կոծկում և անպատժելիություն
Տիգրան Ուլուբաբյանի գործի բոլոր շրջադարձերին հետևող Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ այս տարի Լոռու մարզային վարչության ոստիկանների կողմից բռնությամբ կամ սպառնալիքներով խոստովանություն կորզելու մասին ևս երկու ահազանգ է եղել, բայց որևէ ոստիկանի դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Ավելի ընդգրկուն վիճակագրություն Հայաստանի մասշտաբով ներկայացնում է Հետքը․ «Հայաստանում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ տարեկան միջինը 180 հաղորդում է ներկայացվում: 2018-2024 թթ. առաջին վեց ամիսներին 1167 նման հաղորդում է ներկայացվել։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 1112 քրեական վարույթ: Սակայն, վերջին 6,5 տարվա ընթացքում միայն 20 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»։ Այս առումով, լրատվամիջոցը հիմնավոր մտահոգություն է հայտնում, որ Տիգրան Ուլուբաբյանի գործով նշանակված ծառայողական քննությունը, որը հետագայում կասեցվեց և փոխարինվեց քրեական վարույթով, նույնպես կարող է ձևական բնույթ կրել։ Նույն մտահոգությունն է կիսում նաև տուժածի փաստաբանը, որը բողոքի ակցիայի կոչ արեց Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների ծառայողական պարտականությունները կասեցնելու և ձերբակալելու պահանջով։
Փաստաբանը, ինչպես նաև ակցիային միացած մի շարք գործիչներ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի դեպքի վերաբերյալ դիրքորոշումը որակեցին կանխակալ։ Նախարարը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում չեն հաստատվել բուժհաստատությունում նշած մարմնական վնասվածքները։ «Նորից եմ շեշտում, ես գնահատական չեմ տալիս, ֆիքսում եմ, որ կա քաղաքացու ահազանգ, որտեղ նշվում է, որ տասը րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, եղել է տարբեր վնասվածքներ, եղել են ութ հոգի, տասը րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձագիտական եզրակացությամբ, դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա»,- հայտարարեց նա: Նախարարը նաև հարցադրում արեց, թե կարող է նույն մարդը օրեր առաջ ոստիկանին բնորոշ պատշաճ վարքագիծ դրսևորել՝ պահպանելով օրենքը և ապահովելով այլ անձանց անվտանգությունը, օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի։ Արփինե Սարգսյանը հավաստիացրեց, որ ոստիկանների մեղքը չապացուցվելու դեպքում սուտ մատնության մեղադրանքով պատասխանատվության կենթարկեն համապատասխան անձանց։
Իրավական գործընթաց փաստաբանի նկատմամբ
Տիգրան Ուլուբաբյանի գործում հերթական շրջադարձը տեղի ունեցավ մարտի 22-ին, երբ համակարգը «պատասխան հարվածը» հասցրեց։ Այդ օրը նրա փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ ուժայինները արշավ են սկսել իր դեմ։ Նույն օրը պարզ դարձավ, որ քաղաքացու դիմումի հիման վրա քրեական վարույթ է հարուցել փաստաբանի նկատմամբ՝ խարդախությամբ գումար շորթելու կասկածով։ Երիցյանը հերքում է իր առնչությունը հանցավոր արարքի հետ և պնդում է, որ դիմում ներկայացրած քաղաքացուն ուժայինները միտումնավոր մոլորության մեջ են գցել։
Խտրականություն և պառակտիչ խոսք
Տիգրան Ուլուբաբյանի դեպքը կարճ ժամանակամիջոցում սկսեց դիտարկվել որպես արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունք և նպատակաուղղված թիրախավորում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, իր դեմ սկսված իրավական հետապնդմանն անդրադառնալիս, փաստաբանը հայտարարեց, որ համոզված է՝ այդ արշավն իրականացվում է իր արցախցի լինելու պատճառով։ Նրան երկրորդեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ամբողջ գործընթացը համարելով որպես իշխանություններ կողմից մեկնարկող արշավի նոր ալիք արցախցիների դեմ։ Ըննդիմադիր որոշ գործիչներ նույնպես սկսեցին որակել այդ դեպքը որպես արցախցիների դեմ ուղղված ակցիա։
Այս փուլում դժվար է միանշանակ պնդել, որ Տիգրան Ուլուբաբյանի դեպքը արցախցիների նկատմամբ խտրականության դրսևորում էր՝ հաշվի առնելով նույն բաժանմուքնում խոշտանգումների մասին նախորդ հաղորդումները։ Այն, ամենայն հավանականությամբ, ոստիկանական բռնությունների ավելի համակարգային խնդրի հետևանք է։
Այսպիսով, ներկայում Տիգրան Ուլուբաբյանի գործով կասկածվող որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Փորձը ցույց է տալիս, որ ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցած բռնության դեպքերի մեծագույն մասն անպատիժ է մնում։ Հայաստանի ուժային կառույցները շարունակում են մնալ փակ համակարգ, որտեղ հանցագործությունները կարող են քննվել օրենքի շրջանցումով։ Հնչեղությունը, որ կարողացել են ապահովել տուժածի փաստաբանն ու լրատվամիջոցները, կարևոր նշանակություն ունի, և հերթական անգամ ոստիկանական բռնությունը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում։ Սա ավելի շատ բացառություն է, որովհետև նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին հանրությունը չի իմանում, սակայն նույնիսկ այս պարագայում չկա երաշխիք, որ Տիգրան Ուլուբաբյանի գործն օբյեկտիվ քննության կարժանանա։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: