Հակասահմանադրական և հակաժողովրդավարական. իրավապահ համակարգի գործիքայնացումը Հայաստանում
22.12.2025
Տիգրան Գրիգորյան
Վերջին օրերին Հայաստանի իշխող կուսակցության և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը հասել է սրացման նոր մակարդակի։ Դեկտեմբերի 17-ին բարձրաստիճան մի խումբ հոգևորականներ, որոնք ավելի վաղ հրապարակավ պահանջել էին Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդես եկան հայտարարությամբ՝ հանրությանը կոչ անելով հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ պահանջելու կաթողիկոսի հրաժարականը։
Կարճ ժամանակ անց Արագածոտնի թեմը, որը հավատարիմ է մնացել Գարեգին Բ-ին, հայտարարեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղի չի ունենա։ Փոխարենը այն կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին: Թեմը կոչ արեց հավատացյալներին ներկա լինել և միասին աղոթել «անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»։ Շուտով հայտնի դարձավ, որ արարողությանը ներկա կլինի նաև Գարեգին Բ կաթողիկոսը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ընդդիմության հիմնական դերակատարները հանդես եկան սեփական կոչերով՝ աջակիցներին հորդորելով դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին ներկա գտնվել Էջմիածնի Մայր տաճարի տարածքում։
Արդյունքում, հաջորդ օրը տաճարի մոտ հավաքվեցին երկու տարբեր խմբեր։ Առաջինը և զգալիորեն ավելի բազմամարդը կաթողիկոսի կողմնակիցներն էին, այդ թվում՝ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ և համակիրներ։ Երկրորդ խմբում կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն էին, ներառյալ՝ իշխանական ճամբարի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։
Աղոթքի ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Տաճարի ներսում էր։ Դրսում լսվում էին երկու խմբերի հակադիր վանկարկումները։ Մայր տաճար մուտք գործելու որոշ ցուցարարների փորձերը կանխվեցին։
Մինչդեռ կաթողիկոսի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսները տաճարի տարածք ժամանեցին մեքենաներով։ Նրանց ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, որոնք քաղաքացիական հագուստով էին։ Կաթողիկոսի աջակիցների բարձրաձայն և կշտամբող վանկարկումների ներքո մոտենալով տաճարին՝ նրանք վերահաստատեցին իրենց հրաժարականի պահանջը, դիմումը հանձնեցին Մայր Աթոռի դիվանատուն և հեռացան տարածքից։ Առճակատումն ավարտվեց առանց լուրջ բախումների։
Մայր Աթոռում հանրահավաք անցկացնելու գաղափարը ամիսներ առաջ առաջինը հրապարակավ արտահայտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցու հետ առճակատման սկզբնական փուլում։ Այն ժամանակ նա առաջարկել էր մի խումբ հավատացյալների հետ միասին մասնակցել նման հանրահավաքի։ Սակայն այդ նախաձեռնությունը հաջորդող ամիսներին այդպես էլ չիրականացվեց։
Այն փաստը, որ հանրահավաքն ի վերջո կայացավ առանց Փաշինյանի մասնակցության, հավանաբար վկայում է իշխանությունների փորձի մասին՝ իրավիճակը ներկայացնել որպես ներեկեղեցական վեճ և խուսափել եկեղեցու ներքին գործերին ուղղակի միջամտության վերաբերյալ աճող մեղադրանքներից։
Այնուամենայնիվ, թե՛ նախկինում, թե՛ ներկայիս զարգացումներում դժվար է այս գործընթացը դիտարկել որպես զուտ ներեկեղեցական՝ հաշվի առնելով պետական ինստիտուտների և կառավարության հետ փոխկապակցված դերակատարների ակնհայտ ներգրավվածությունը։
Էջմիածնի հավաքին ներկա էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» բազմաթիվ անդամներ և աջակիցներ։ Նրանց թվում էին ՔՊ-ական քաղաքապետեր Գարիկ Սարգսյանը (Վեդի) և Տավրոս Սափեյանը (Թալին), որոնք կաթողիկոսի դեմ բողոքի ցույցին մասնակցում էին աշխատանքային ժամերին:
Սափեյանն ուշադրություն գրավեց նաև իր անպարկեշտ վարքագծով, այդ թվում՝ հանրահավաքի ընթացքում այլոց հասցեին հնչեցրած վիրավորանքներով ու հայհոյանքներով։ Սա ուշագրավ է այն առումով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերջերս ընդունել է էթիկայի կանոնագիրք։ Հարց է ծագում՝ նրա վարքագիծն արդյոք կստանա՞ որևէ ներքին գնահատական կամ կունենա՞ հետևանքներ։
Իշխանությունների ազդեցության ևս մեկ հստակ ցուցիչ էր անվտանգության ուժերի ներգրավվածությունը։ «Ազատություն» ռադիոկայանը նույնականացրել է քաղաքացիական հագուստով մի քանի անձանց, որոնք ուղեկցում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին տաճարի տարածք և խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։
Նույնականացվածների թվում էին ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայողներ (առավել հայտնի որպես «կարմիր բերետավորներ»), ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներ։ Այս մարմինների ներգրավվածությունը չունի որևէ ակնհայտ իրավական հիմնավորում և կարող է բացատրվել միայն քաղաքական հրահանգով։
ԱԱԾ-ն և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործը
ԱԱԾ-ի մասնակցությամբ հերթական դրվագը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին։ Ի պատասխան իշխանական civic.am լրատվամիջոցի հարցման՝ ԱԱԾ-ն հրապարակեց մի փաստաթուղթ, որով պնդում էր, թե արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ կաթողիկոսի եղբայրը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը, 1986-1988-ին համագործակցել է խորհրդային ՊԱԿ-ի (КГБ) հետ։
Civic.am-ի հրապարակման մեջ նշվում էր նաև, որ ըստ առկա տեղեկությունների, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին։
Նույնիսկ մի կողմ դնելով հրապարակված փաստաթղթի իսկության վերաբերյալ հարցերը և ենթադրելով, որ թե՛ փաստաթուղթը, թե՛ մեղադրանքները ճիշտ են, այս դեպքը միևնույն է՝ լուրջ մտահոգություններ է առաջացնում պետական ինստիտուտների գործունեության և իրավապահ մարմինների քաղաքականացման առումով։ Նշենք, որ փաստաթղթի իսկության վերաբրյալ մտահոգություններն անհիմն չեն՝ հաշվի առնելով անցյալի դեպքերը, երբ իրավապահները հրապարակել էին ապակողմնորոշիչ տեղեկություններ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով։ Հատկանշական է նաև, որ հրապարակված փաստաթուղթը կարծես թե ավելի ուշ ժամանակահատվածի տեղեկանք է, այլ ոչ թե բնօրինակ փաստաթուղթ ենթադրյալ համագործակցության մասին, հատկապես որ այն միայն հայերեն է։
Առաջին խնդիրը նման տեղեկատվության ընտրողական հրապարակումն է։ Ընդամենը մեկուկես ամիս առաջ ՍիվիլՆեթը նմանատիպ հարցում էր ուղարկել ԱԱԾ-ին՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ։ Այն ժամանակ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ վկայակոչելով անձնական և ընտանեկան գաղտնիքի պաշտպանությունը։ Ինչպես ցույց է տալիս ներկայիս դեպքը, երբ քաղաքական նպատակահարմարությունը փոխվում է, գաղտնիության և անձնական կյանքի վերաբերյալ մտահոգություններն արագ նահանջում են։
Երկրորդ խնդիրը ևս առնչվում է ընտրողական մոտեցմանը։ Կա՛մ ընդունվում է քաղաքական որոշում՝ իրականացնելու համապարփակ լյուստրացիայի գործընթաց (ինչպես դա տեղի է ունեցել հետկոմունիստական մի շարք երկրներում), կա՛մ ընտրովի բացահայտումը դառնում է հերթական վարչական գործիքը, որն իշխող կուսակցությունը կիրառում է իր հակառակորդների դեմ։
Այս իրավիճակի ամենամտահոգիչ կողմը, սակայն, այն է, որ ԱԱԾ-ն, իշխանական լրատվամիջոցի միջոցով, փաստացի պնդում է, թե տեղեկություններ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող կոնկրետ անձանց մասին, սակայն տարիներ շարունակ որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Տեղեկատվությունը դարձավ արդիական միայն կառավարության և եկեղեցու միջև առճակատման ակտիվ փուլում։
Այլ կերպ ասած՝ իշխանությունների և եկեղեցական ղեկավարության միջև քաղաքական հակամարտության բացակայության պայմաններում այս իրավիճակը, ըստ ամենայնի, ընդունելի է համարվել Հայաստանի անվտանգային կառույցների կողմից։ Այժմ էլ իրավական գործընթացների փոխարեն արձագանքը տրվում է հանրահավաքների և համակարգված մեդիաարշավների տեսքով։
Դժվար է պատկերացնել կայացած ժողովրդավարական համակարգ, որտեղ օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության մեղադրանքներին պատասխանում են ոչ թե դատական մեխանիզմներով, այլ քաղաքական մոբիլիզացիայի և տեղեկատվական պատերազմի միջոցով։
Այս բոլոր զարգացումները հուշում են, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե արտաքին սպառնալիքներին կամ օտարերկրյա ազդեցությանը հակազդելու փորձ է, ինչպես պնդում են իշխող կուսակցության ներկայացուցիչները, այլ ներքաղաքական պայքար, որտեղ իշխանությունները կիրառում են բոլոր հասանելի միջոցները՝ կաթողիկոսի հրաժարականին հասնելու համար։
Այս նպատակով Ազգային անվտանգության ծառայության և իրավապահ այլ մարմինների օգտագործումը հակասահմանադրական է և հակաժողովրդավարական։ Անվտանգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական առճակատումներին շարունակվում է, ինչը կրկին դրսևորվեց Էջմիածնի դիմակայության ժամանակ նրանց դերակատարմամբ և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմամբ։
Անվտանգության ծառայությունների օգտագործումը ներքաղաքական նպատակներով բնորոշ է ավտորիտար և տոտալիտար համակարգերին։ Նման գործելաոճի նորմալացումը միայն կարագացնի Հայաստանի ժողովրդավարական հետընթացը և կխորացնի երկրի սահուն անցումը դեպի ավտորիտարիզմ։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: