Պարենի իրավունքը և պարենային անվտանգությունը որպես հայաստանաբնակ մարդու արժանապատիվ կյանքի կարևոր անկյունաքար
Այս նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով: Որևէ նմանություն իրական մարդկանց կամ իրադարձությունների հետ պատահական է։
06/05/2026
Յուրաքանչյուր ոք ունի պարենի իրավունք, սակայն Հայաստանում 10 մարդուց միայն երեքն են պարենով ապահովված։ Պարենային անապահովությունը Հայաստանում շարունակում է բարձր մնալ։ Ըստ ՄԱԿ-ՊՀԾ-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և խոցելիության» 2024 թվականի գնահատման՝ հետազոտված տնային տնտեսությունների 20%-ը պարենային անապահով վիճակում է, իսկ 54%-ը պարենային ապահովվածության սահմանային շեմին է գտնվում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում 10 մարդուց յոթը, այսինքն բնակչության զգալի մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է։ Մինչդեռ, ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԻՀՀ) 25-րդ հոդվածի՝ բավարար, համարժեք և առողջ սննդի իրավունքը բավարար կենսամակարդակի իրավունքի մի մասն է։ Պարենի իրավունքը միջազգային իրավունքի համատեքստում պարտադիր է դարձել 1966 թվականին՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածով։ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականի հունիսի 9-ին միացել է այս դաշնագրին:
Միջազգային մակարդակով կարևոր քաղաքական առաջընթաց բերեց 1996 թվականին Հռոմում կայացած Համաշխարհային պարենի գագաթնաժողովը, որին, 186 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շարքում մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Գագաթնաժողովի շրջանակում սահմանվեց պարենային անվտանգության նոր ձևակերպումը, ըստ որի. «Պարենային անվտանգությունը իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ուղղված է անհրաժեշտ որակի և բավարար քանակով, առողջության համար անվտանգ, հասարակության սոցիալ-մշակութային և պատմական առանձնահատկությունների տեսանկյունից ընդունելի, լիարժեք պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի և կարող է սպառվել նրա կողմից ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում (այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ)՝ առողջ և բարեկեցիկ կյանք վարելու համար»: Բացի այդ, Համաշխարհային պարենի գագաթնաժողովի կողմից ընդունված գործողությունների ծրագրում պետությունները կոչ արեցին ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԿ) պարզաբանել պարենի իրավունքը և այն կոնկրետ պարտավորությունները, որոնք պետությունները պետք է կատարեն: Ի պատասխան՝ ՏՍՄԿ-ն հրապարակեց իր թիվ 12 (1999) ընդհանուր մեկնաբանությունը, որը սահմանում է պարենի իրավունքը: Ըստ այդմ, պարենի իրավունքն իրականացվում է «երբ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա […] ցանկացած պահի ունի բավարար սննդի ֆիզիկական և տնտեսական հասանելիություն կամ դրա ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցներ»։ Այսպիսով՝ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի անդամ պետությունները, այդ թվում Հայաստանը, պարտվորություն ունի հարգել, պաշտպանել և իրացնել պարենի իրավունքը։
Առհասարակ, պարենային անվտանգության դիրքը գնահատվում է պարենային անվտանգության գլոբալ ինդեքսով, որն առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականին և ամեն տարի կառավարվում ու թարմացվում է բրիտանական The Economist-ի և գործընկերների կողմից։ Ինդեքսը գնահատում է պարենի անվտանգությունը չորս հիմնական հենասյուներով՝ պարենամթերքի մատչելիություն, հասանելիություն, որակ և անվտանգություն, ինչպես նաև պարենային ապահովության կայունություն և հարմարվողականություն: Ինդեքսը հիմնված է մի դինամիկ մոդելի վրա, որը կառուցված է սննդի անվտանգության թվով 68 որակական և քանակական չափորոշչից: Պարենային անվտանգության գլոբալ ինդեքսի վերջին 2022 թվականի զեկույցում, որում գնահատված է պարենի անվտանգությունը 113 երկրներում, Հայաստանի վերաբերյալ տվյալները բացակայում են։
Պարենային անվտանգության բնորոշման հիմնական ցուցանիշ է պարենամթերքով ինքնաբավության մակարդակը: Հայաստանում պարենամթերքով ինքնաբավության մակարդակը հասկանալու համար կարևոր է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության պարենամթերքների ինքնաբավության մակարդակը և պարենային հաշվեկշիռը, որը ցույց է տալիս պարենամթերքի շարժն արտադրության պահից մինչև վերջնական օգտագործում: Պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալից, որ Հայաստանում պարենամթերքով ինքնաբավության մակարդակը շարունակում է մտահոգիչ ցածր մնալ։ Այսպես, 2024 թվականին առաջին անհրաժեշտության պարենամթերքներից Հայաստանում արտադրվել է ցորենի միայն 22.8%-ը, եգիպտացորենի 8.3%-ը, հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) 38.4%-ը, թռչնի մսի 26.0%-ը, խոզի մսի 49.7%-ը, շաքարի 55.0%-ը։ Հատկանշական է, որ 2025 թվականին Հայաստան ներմուծված ցորենի գինը նախորդ տարվա նկատմամբ աճել է 28.0%-ով։ Առհասարակ, 2025 թվականին 2024-ի համեմատ գնաճ է գրանցվել մի շարք կարևոր պարենային ապրանքախմբերի դեպքում, օրինակ, յուղերի և ճարպերի (ամբողջությամբ ներկրվող ապրանք) գինն աճել է 12.3%-ով, ձուկ և ծովամթերքինը՝ 18.1%-ով, բանջարեղենինը՝ 10.7%-ով, մրգինը՝ 6.9%-ով, հացաբուլկեղեն և ձավարեղենինը՝ 3.2%-ով, մսինը՝ 2.2%-ով: Միաժամանակ, բնակչության բարեկեցության և կենսամակարդակի գնահատման կարևոր ցուցանիշ է հանդիսանում աղքատության մակարդակը: 2024 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։
Պարենային ապրանքների ներմուծման մտահոգիչ ծավալների և վերջին տարիներին կարևոր պարենային ապրանքախմբերի շարունակական գնաճի պայմաններում կաևոր է անդրադառնալ նաև Հայաստանի ագրոպարենային համակարգի վիճակին, քանի որ երկրի պարենային անվտանգությունը և ինքնաբավությունը ապահովվում է հատկապես գյուղատնտեսության և տեղում սննդամթերքի արտադրության համակարգերի միջոցով: Հատկանշական է, որ Հայաստանի պարենային հաշվեկշռում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները չեն աճում՝ փոքր և մասնատված հողակտորների, տեղեկատվության, գիտելիքի ու ռեսուրսների պակասի, ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկայի ու անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայության, գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների սակավաթիվ լինելու, ինչպես նաև գյուղմթերքի ցածր ու անկանոն մատակարարումների ու ոչ ֆորմալ տնտեսվարողների առկայությամբ պայմանավորված։ Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում` ոռոգման ջրի անհասանելիության կամ անբավարար մատակարարումների, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման անմատչելիության, հողի բերրիության ցածր մակարդակի, հողօգտագործողի կամ հողի սեփականատիրոջ բացակայության, ցածր եկամտաբերության, անհրաժեշտ շրջանառու միջոցների անբավարարության և մի շարք այլ պատճառներով։ Միաժամանակ, թերի են ագրոպարենային համակարգի վերափոխման և զարգացման մասին պատկերացումները, հատկապես գիտության, քաղաքականության և գյուղատնտեսական պրակտիկ գործունեության կապի խզմամբ, ինչպես նաև ագրարային խորհրդատվական համակարգի բացակայությամբ պայմանավորված: Արդյունքում, տեղական արտադրության ծավալները մնում են փոքր, իսկ պարենամթերքի ինքնաբավության մակարդակը՝ ցածր:
Վերադառնանք պարենի իրավունքին։ Բրազիլիայի, Ուկրաինայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Մալիի, Նեպալի և մի շարք այլ պետությունների սահմնադրությունները ուղղակիորեն երաշխավորում են պարենի իրավունքը։ Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, և եթե պարենի իրավունքը դառնում է սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունք, ապա այն արտացոլվում է իրավունքի բոլոր ոլորտներում։ Հայաստանի սահմանադրությունում պարենի իրավունքը երաշխավորվում է անուղղակիորեն՝ ավելի լայն մարդու իրավունքների համատեքստում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանադրության Հոդված 84-ով սահմանվում է, որ յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք:
Առհասարակ, Հայաստանում պարենային անվտանգության ապահովման նպատակով ընդունվել են մի շարք իրավական ակտեր։
2020 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության 7.20 կետով նշվում է, որ պետությունը գործուն քայլեր է ձեռնարկելու բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող, բազմազանեցված սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ հավելելով, որ քաղաքականությունը միտված է պարենային անվտանգության համակարգի դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Պարենային անվտանգության հարցերը արտացոլված են նաև 2026 թվականին ընդունված «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում»։ Դոկտրնի 71-րդ կետվ պարենային անվտանգության ապահովման համատեքստում սահմանվել են գյուղատնտեսության նորարարական զարգացման, կայուն արտադրական մեթոդների ներդրման և սննդամթերքի արտադրության համակարգերի վերափոխման ուղղություններ։ Միաժամանակ նպատակ է սահմանվել ապահովել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացումն ու պարենային անվտանգությունը՝ հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բուսաբուծության և անասնաբուծության ինտենսիվ զարգացման խթանման, գյուղմթերքի վերամշակման և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման, գյուղատնտեսական ամբողջական արժեշղթայի զարգացման ապահովման միջոցով՝ համախմբելով փոքր և միջին ֆերմերային տնտեսությունները։
Պարենային անվտանգության նպատակներ և մեխանիզմներ են սահմանված նաև 2002 թվականին ընդունված «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև 2023 թվականին ընդունված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունում» և Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրում։ Հատկապես վերջինիս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչքանով են ակնկալվող հիմնական անմիջական ինչպես նաև երկարաժամկետ արդյունքները չափելի և առհասարակ, որ կառույցները և ինչպես են չափելու դրանք։
Իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած պարենի իրավունքը ուղակիորեն սահմանված չէ սահմանադրությամբ և իրավական ակտերով, այդուհանդերձ, պարենային անվտանգության խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները առնվազն հստակ նկարագրված են վերոշարադրյալ իրավական ակտերում։ Մնում է դրանց իրագործումը և որ ամենակարևորն է, չափելի արդյունքների կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունը հայաստանաբնակ մարդու կյանքի և բարեկեցության վրա։ Իհարկե Հայաստանում պարենային անապահովության բարձր մակարդակը հուշում է, որ դեռ ակտիվ աշխատանք է պետք տանել իրավական ակտերով սահմանված արդյունքներին հասնելու համար։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և գնահատել պետական, ակադեմիական, փորձագիտական, և առհասարակ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից համապատասխան իրավական ակտերով սահմանված նպատակներին հասնելու համար մինչ օրս իրագործած աշխատանքները, գրանցված հաջողությունները, քաղված դասերն ու ձախողումների քննադատական վերլուծությունները։ Հարկավոր է նաև հասկանալ, թե որ ինստիտուտներն են բացակայում նորարարական համակարգում և հաշվետվողականության ու մոնիթորինգի ինչ նոր մեխանիզմներ են հարկավոր փոփոխվող ազգային, տարածաշրջանային ու գյոբալ մարտահրավերներին դիմակայելու և սահմանված հավակնոտ տեսլակիններին ու ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ մեր ժամանակաների մարտահրավերները արդյունավետ հասցեավորելու համար կարևոր է միջոլորտային համագործակցության խթանումը։ Օրինակ, հաշվի առնելով Հայաստանում պարենային ապահովվածության սահմանային շեմին գտնվող մարդկանց թիվը, կարևոր կլինի համապատասխան պարենային ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման և արագ արձագանքման միջոլորտային հարթակի, ենթակառուցվածքների ու կարողությունների ստեղծումը։ Նմանատիպ մեխանիզմներ են անհրաժեշտ նաև Հայաստանի ագրոպարենային համակարգի արդար և կայուն անցումն ապահովելու և նոր իրողությունների համատեքստում հնարավորություննեը ճիշտ գնահատելու և օգտագործելու համար։
Եվ առհասարակ, անհրաժեշտ է բոլոր իրավական ակտերի, ներդրվող մեխանիզմների և ինստիտուտների գործողությունների կենտրոնում ունենալ հայաստանաբնակ մարդուն և նրա արժանապատիվ կյանքը, իսկ դրա կարևոր անկյունաքարն է պարենի իրավունքը և պարենային անվտանգությունը։
Էմիլ Գևորգյան
ՅՈւՍՏՈւՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի տնօրեն