ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ու Հարավային Կովկասը
17.12.2025
Դեկտեմբերի սկզբին հրապարակվեց ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Փաստաթուղթն արձանագրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա փաստացի վարվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանում։
Ռազմավարությունը ուղիղ տեքստով խոսում է Մոնրոյի դոկտրինի թրամփյան շարունակության մասին, որի նպատակը արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության պահպանումն ու արտաքին խաղացողների դերի սահմանափակումն ու նվազեցումն է։
Ռազմավարության մեջ ներառված արտաքին քաղաքական կենսական շահերի ցանկում են նաև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպումն ու ամերիկյան գերակայության պահպանումը, Եվրոպայի ազատության ու անվտանգության պահպանումն, ինչպես նաև «քաղաքակրթական ինքնավստահության ու արևմտյան ինքնության վերականգնումը»։ Հատկանշական է, որ այս կետը ավելի շատ վերաբերում է Եվրոպայի ներսում տեղի ունեցող գործընթացներին: Մամուլում հայտնվել էր նաև ռազմավարության ավելի երկար, չհրապարակված տարբերակը, որում հակաեվրոպական պատումները ավելի գերակայող էին, և որի մեջ խոսք էր գնում Եվրոպայի աջ կառավարություններ ունեցող երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու մասին։
Փաստաթղթի մեջ թվարկվող արտաքին քաղաքական մյուս երկու շահը Մերձավոր Արևելքում հակառակորդ ուժերի գերիշխման կանխումը և ԱՄՆ տեխնոլոգիական գերիշխանության պահպանումն է։
Ռազմավարության մեջ ընդգծված կերպով բացակայում են գաղափարական և արժեքային բաղադրիչներ։ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խիստ պրագմատիկ և գործարքային է, և այս իրողությունը կարմիր գծով անցնում է ողջ փաստաթղթի միջով։ Միացյալ Նահանգները հրաժարվում են սեփական քաղաքական և տնտեսական մոդելը աշխարհի այլ երկրներում ներդնելու երկարամյա քաղաքականությունից, պատրաստ են սերտորեն համագործակցել ոչ ժողովրդավարական համակարգեր ունեցող կարևոր խաղացողների հետ, Ռուսաստանից բխող վտանգները դիտարկվում են միայն եվրոպական մտահոգությունների տեսանկյունից, որոնց համատեքստում ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական ջանքերի միջոցով Եվրասիայում ռազմավարական կայունություն հաստատել և մեղմել եվրոպական պետությունների և Ռուսաստանի միջև հակամարտության ռիսկերը։ Այսինքն, ինչպես ուկրաինական հակամարտության պարագայում, այնպես էլ հիմա` Եվրոպա-Ռուսաստան դիմակայության դեպքում, Վաշինգտոնը չեզոք միջնորդի է վերածվում՝ հրաժարվելով Ռուսաստանին զսպելու և Եվրոպայի անվտանգությունը երաշխավորելու գործառույթից։
Փաստաթղթում գնահատական է տրվում նաև Սառը պատերազմի ավարտից հետո ստեղծված համակարգին, որում ԱՄՆ-ն գերակայող դեր ուներ։ Նոր ռազմավարության մեջ նշվում է, որ այս մոդելը չէր սպասարկում Միացյալ Նահանգների կենսական շահերը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար սկզբունքների մեջ հստակ նշվում է, որ Վաշինգտոնը մերժում է գլոբալ գերակայության հայեցակարգը և փոխարենը անցում է կատարում ուժերի հավասարակշռման ռազմավարությանը։ Սա փաստացիորեն գլոբալ մակարդակում արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների և սեփական սահմանափակումների արձանագրում է։
Հետևություններ Հարավային Կովկասի համար
ԱՄՆ ռազմավարության մեջ տեղի ունեցած այս անկյունաքարային փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե այս մոտեցումներից որոնք են արտահայտում Թրամփի թիմի սուբյեկտիվ մոտեցումները և կարող են փոփոխվել նոր՝ դեմոկրատական կամ նույնիսկ ավելի ավանդական հանրապետական վարչակազմի իշխանության գալու պարագայում, և որոնք են օբյեկտիվ ու երկարատև միտումները և իրողությունները։
Այդօրինակ իրողություններից ամենակարևորը թերևս այն արձանագրումն է, որ ԱՄՆ-ն ոչ թե այլևս աշխարհակարգի հեգեմոնն է, այլ այդ համակարգի ամենաազդեցիկ և ամենահզոր դերակատարը՝ ի շարս այլ մեծ տերությունների։ Կարծես թե, առաջին անգամ այս մակարդակի փաստաթղթում արձանագրվում է միաբևեռ աշխարհակարգի ավարտը։ Իհարկե, նոր վարչակազմերը կարող են վիճարկել ռազմավարության մեջ տեղ գտած այն պնդումը, որ ամերիկյան միանձնյա գերակայության շրջանը, որը հաստատվել էր Սառը պատերազմի ավարտից հետո, չէր սպասարկում ԱՄՆ ազգային շահերը, բայց ժամանակակից աշխարհում Ամերիկայի այս նոր կարգավիճակի վերաբերյալ գնահատականը օբյեկտիվ իրողություն է, և դժվար թե լրջորեն վիճարկվի այլ դերակատարների կողմից։ Միջազգային հարաբերությունների բազմաթիվ տեսաբաններ այս գնահատականը տալիս էին վերջին 10 տարիների ընթացքում։
Այս գնահատականից է բխում նաև ԱՄՆ համար կենսական նշանակության տարածաշրջանների և խնդիրների հստակ արձանագրումը ու դրանց վրա արվող շեշտադրումը։ Փաստաթղթի այն դրույթը, որ ԱՄՆ-ն չի կարող և չպիտի աշխարհի բոլոր մասերում որոշիչ դերակատարում ունենա, ևս բխում է օբյեկտիվ իրողություններից։ Այդ առումով, եթե ռազմարությանը և հնարավոր ապագա զարգացումներին հարավկովկասյան դիտանկյունից նայենք, կտեսնենք, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանները՝ Եվրոպան ու Մերձավոր Արևելքը, կորցնում են իրենց կարևորությունը Միացյալ Նահանգների համար։
Եվրոպայի դեպքում խնդիրը նաև Թրամփի թիմի մոտեցումների մեջ է, և ԱՄՆ քաղաքականությունը ավելի ավանդական վարչակազմի իշխանության գալու դեպքում վստահաբար փոխվելու է։ Այնուամենայնիվ, հարաբերություններին հասցված վնասը ամենայն հավանականությամբ երկարաժամկետ հետևանքներ է ունենալու։ Մերձավոր Արևելքի վերաբերյալ ամերիկյան մոտեցումները ավելի երկարատև և հետևողական են։ Դեռևս Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն սկսեց իր շրջադարձը դեպի Ասիա (Pivot to Asia)` Չինաստանին զսպելու համար։ Այս քաղաքականությունը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատճառով որոշակի փոփոխությունների էր ենթարկվում, բայց շարունակում ու շարունակելու է արդիական մնալ, քանի որ ռազմավարական տեսանկյունից մոտակա տասնամյակների ընթացքում ԱՄՆ գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը լինելու է Չինաստանը։
TRIPP-ն ու նոր ռազմավարության տրամաբանությունը
Շարադրվածի լույսի ներքո ընթերցողի մոտ կարող է երկու հիմնական հարց առաջանալ․ վերոնշյալը հաշվի առնելով, ինչպե՞ս է բացատրվում ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած վաշինգտոնյան գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև ու ամերիկյան ներգրավվածությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում՝ TRIPP պրոյեկտի միջոցով։ Երկրորդը հարցը կարող է լինել ԱՄՆ երկարաժամկետ դերակատարության մասին Հարավային Կովկասում։
Այս հարցերի պատասխանը կա ռազմավարության մեջ։ ԱՄՆ արտաքին, պաշտպանական, հետախուզական քաղաքականության հիմարար սկզբունքների վերաբերյալ բաժնում կա «Խաղաղության միջոցով վերադասավորում» կետ, որում նշվում է, որ նույնիսկ ԱՄՆ կենսական շահերի տեսանկյունից ծայրամասային տարածաշրջաններում նախագահական դիվանագիտության միջոցով խաղաղության պայմանագրերի կնքման խթանումը «արդյունավետ միջոց է ամրապնդելու կայունությունը, մեծացնելու Ամերիկայի գլոբալ ազդեցությունը, երկրները ու տարածաշրջանները վերադասավորելու մեր շահերի ուղղությամբ և բացելու նոր շուկաներ»։ Այս դրույթի վերջում արձանագրվում է, որ այս քաղաքականությունից բխող դիվիդենդները կարող են մեծապես գերազանցել այն հարաբերականորեն քիչ ռեսուրսները, որոնք կծախսվեն։
Ամերիկյան հետաքրքրությունն ու ներգրավվածությունը TRIPP ծրագրի մեջ հենց վերոնշյալ կետի տրամաբանությամբ պետք է դիտարկել՝ մինիմալ ռեսուրսներ ծախսելով լուրջ դիվիդենդների ձեռքբերում։ TRIPP-ը լիովին տեղավորվում է նաև ռազմավարության մեջ գործարքային արտաքին քաղաքականության, ինչպես նաև Միացյալ Նահանգների տնտեսական շահերի առաջնահերթության վրա շեշտադրման տրամաբանության մեջ։
Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի պարագայում ամենաառանցքային խնդիրներից մեկը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի դերի ու նշանակության սթափ ընկալումն է։ Վաշինգտոնյան գագաթնաժողովին հաջորդած շրջանում որոշ դերակատարներ առաջ են մղում Հարավային Կովկասում ամերիկյան դերակատարության վերաբերյալ խիստ ուռճացված գնահատականներ ու պատումներ։ Այս փաստաթուղթը այդ առումով լավ հնարավորություն է հասկանալ ամերիկյան առաջնահերթությունները՝ այդ թվում նաև երկարաժամկետ կտրվածքով, և ավելի իրատեսական ակնկալիքներ ունենալ Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերություններում՝ միևնույն ժամանակ օգտագործելով նաև ի հայտ եկած նոր հնարավորությունները։