Իրան-ամերիկա-իսրայելական հակամարտություն. պատերազմի դինամիկան և հետևանքները Հայաստանի համար

Իրան-ամերիկա-իսրայելական հակամարտություն. պատերազմի դինամիկան և հետևանքները Հայաստանի համար

2026 թվականի փետրվարի 28-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունները դարձան Իրանի և նրա հակառակորդների՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ամենամասշտաբային ուղիղ բախումը։ ԱՄՆ/Իսրայելի նախնական ավիացիոն և հրթիռային հարվածները Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին առաջացրին Թեհրանի պատասխան արձագանքը։

Չնայած հարվածների զգալի մասշտաբներին, հակամարտությունն առայժմ մնում է հիմնականում հեռահար՝ առանց ցամաքային գործողությունների անցման։ Այնուամենայնիվ, հարվածների ինտենսիվությունը մատնանշում է երկարատև հակամարտության աստիճանական ձևավորումը, որը տարածաշրջանի համար վտանգավոր հետևանքներ ունի։

 

ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի ռազմավարությունը

ԱՄՆ-Իսրայել կոալիցիան կիրառում է ռազմավարական և մարտավարական ավիացիա, ծովային և օդային բազավորման թևավոր հրթիռներ, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք, հարվածային ԱԹՍ-ներ և նույնիսկ հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Հիմնական թիրախներն են Իրանի ռազմական ենթակառուցվածքները՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային բազաները, ռազմական արդյունաբերության օբյեկտները, սպառազինության պահեստները, երկրի կենսագործունեության ռազմավարական օբյեկտները, ինչպես նաև Իրանի ղեկավարությունը և բարձրագույն հրամանատարությունը։

Բացի ուղղակի հարվածներից, ակտիվանում է համագործակցությունը Իրանի ծայրամասերում գտնվող զինված խմբավորումների հետ։ Խոսքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող որոշ քրդական կազմավորումների և արևելքում բելուջական խմբերի մասին է։ Այս ուժերը կարող են օգտագործվել դիվերսիոն գործողությունների, հետախուզության և իրանական ուժային կառույցների վրա ճնշում գործադրելու համար։

 

Իրանի պատասխան ռազմավարությունը

Իրանական ռազմավարությունը հիմնված է տարբեր հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռների ու հարվածային անօդաչուների կիրառմամբ համակցված պատասխան հարվածների վրա։ Հարվածներ են հասցվում Իսրայելին, ամերիկյան ռազմական օբյեկտներին, ինչպես նաև տարածաշրջանի էներգետիկ հատվածի հետ կապված ենթակառուցվածքներին։ Պատասխան ռազմավարության կարևոր տարրերից մեկը դարձան հարվածները Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական ներկայության հետ կապված օբյեկտներին։ Ամերիկյան ռազմական ենթակառուցվածքը բաշխված է Ծոցի մի քանի պետություններում, ինչը դրանք դարձնում է հարձակման պոտենցիալ թիրախ։ Առանձին հաղորդումներ վկայում են ԱՄՆ ՀՕՊ համակարգի հետ կապված վաղ նախազգուշացման թանկարժեք ռադիոլոկացիոն կայանների խոցման մասին, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի ճարտարապետության մեջ։

Զուգահեռաբար Իրանի հիմնական թիրախներն են դառնում նավթային արդյունաբերության օբյեկտները։ Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի խաթարումը կարող է ազդել նավթի համաշխարհային շուկաների վրա և բարձրացնել տնտեսական ռիսկերը տարածաշրջանի երկրների համար։ Նման գործողությունները էապես մեծացնում են Ծոցի արաբական պետությունների՝ ԱՄՆ/Իսրայելի կողմից հակամարտության մեջ ուղղակի ներգրավման ռիսկը։

 

Հրթիռային համակարգերի և հակահրթիռային պաշտպանության դիմակայությունը

Ընթացիկ հակամարտության առանցքային առանձնահատկություններից մեկը հարձակողական հրթիռային համակարգերի և բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության համակարգերի դիմակայությունն է։

Իրանը տնօրինում էր ՀՕՊ բազմամակարդակ համակարգի, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ինտենսիվությունն ու տեխնոլոգիական մակարդակը հանգեցնում են նրան, որ այն ի վիճակի չէ կանխել թիրախների խոցումը։ Ավիահարվածների մեծ մասը հասնում է երկրի տարածքում գտնվող օբյեկտներին։

Միևնույն ժամանակ, Իսրայելի ՀՀՊ համակարգը համարվում է աշխարհում ամենաբարդերից ու էշելոնավորվածներից մեկը։ Այն ներառում է որսման մի քանի մակարդակ, ներառյալ տարածաշրջանային բազաներում տեղակայված ամերիկյան THAAD համակարգի լրացուցիչ տարրերը։ Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրների տեսանյութերը ցույց են տալիս, որ իրանական հրթիռները պարբերաբար ճեղքում են հակահրթիռային պաշտպանության համակարգը և հասնում թիրախներին։

 

Օդային տիրապետության նշանակությունը

Ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս, որ օդում առավելություն ապահովելու կարողությունը էապես ազդում է ուժերի ընդհանուր հավասարակշռության վրա։ Օդային տարածքի վերահսկողությունը թույլ է տալիս իրականացնել համակարգված հարվածներ և սահմանափակել հակառակորդի բանակի մանևրելու ազատությունը։ Կոալիցիան ունի լիակատար առավելություն ավիացիոն հնարավորությունների և հետախուզական միջոցների հարցում, սակայն իրանական հրթիռային ուժերը շարունակում են մնալ զսպման լուրջ գործոն։

 

Պատերազմի տնտեսական ասիմետրիան

Հրթիռների և անօդաչուների որսումը պահանջում է բարձրտեխնոլոգիական հակահրթիռների կիրառում, մինչդեռ հարձակվող միջոցները զգալիորեն ավելի էժան են։ Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում պաշտպանական համակարգերի համար և ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել պաշարների սպառման ու պատերազմի վարման ֆինանսական ծախսերի ավելացման։ Այսպիսով, հակամարտությունն աստիճանաբար ձեռք է բերում հյուծման պատերազմի հատկանիշներ։

 

Հակամարտության ծովային չափումը

Իրանը սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով և հարվածներ հասցրել մի քանի նավթային տանկերների։ Այս գործողություններն արդեն իսկ առաջացրել են գների աճ համաշխարհային նավթային շուկաներում։ Իրանի նավատորմի մի մասը, հատկապես հրթիռային կատերները և փոքր սուզանավերը, պահպանում են իրենց կենսունակությունը և վտանգ են ներկայացնում նեղ ջրային տարածքներում։

 

Հումանիտար հետևանքները

Ռազմական գործողություններն ուղեկցվում են զգալի հումանիտար կորուստներով։ Իրանում զոհվածների մեջ զգալի մաս են կազմում քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ (ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան երկու հարյուր երեխա)։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումները նույնպես հանգեցնում են ավերածությունների և զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։

 

Տեղեկատվական և կիբերպատերազմ

Տեղեկատվական դաշտը լցված է հակասական հաղորդագրություններով։ Հաղորդվել է նաև իրանական ենթակառուցվածքների վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին։ Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը երկրի ներսում։ Երկուստեք նկատվում է տեղեկատվության տարածման խիստ վերահսկողություն և գրաքննություն։

 

Տարածաշրջանային հետևանքներ. Հարավային Կովկաս

Տարածաշրջանային հնչեղություն ստացած առանձին դրվագ դարձավ Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հետ կապված միջադեպը։ Ադրբեջանական իշխանությունները հանդես եկան Իրանի հասցեին կոշտ հայտարարություններով։ Իրանն իր հերթին զգուշացրեց Ադրբեջանին, որ Բաքուն պետք է երկրից դուրս բերի իսրայելցի ռազմական մասնագետներին, այլապես համապատասխան օբյեկտները կարող են դառնալ իրանական հարվածների թիրախ։

Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները կարող են պատերազմի մեջ ներքաշել նաև Թուրքիային՝ ԱՄՆ/Իսրայելի կողմից։

 

Հետևանքները Հայաստանի համար

Հայաստանի համար հակամարտության հետևանքները բարդ են և մեծապես հակասական։ Իրանը Հայաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է, տարանցիկ ուղղություն և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության գործոններից մեկը։

Իրանում տևական անկայունությունը կարող է հանգեցնել առևտրային հոսքերի կրճատման, տրանսպորտային երթուղիների արդյունավետության անկման և տնտեսական ու լոգիստիկ ռիսկերի աճի։ Միևնույն ժամանակ, Իրանի թուլացումն ի վիճակի է լիովին փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ինչը Հայաստանի համար լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում։

 

Ընդհանուր եզրակացություն

Գործոնների համախումբը մատնանշում է, որ հակամարտությունն արդեն դուրս է գալիս տեղային դիմակայության շրջանակներից։ Կողմերը դեէսկալացիայի պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Ընդհակառակը, ճնշման նոր գործիքների ներգրավումը վկայում է պատերազմի շարունակման հավանականության մասին։ Նման պայմաններում Մերձավոր Արևելքը և հարակից տարածաշրջանները, ներառյալ Հարավային Կովկասը, բախվում են տևական անկայունության ռիսկի հետ։

 

Էդուարդ Առաքելյան 

ԺԱՏԿ

Բնօրինակը հրապարակվել է ռուսերենով՝ civilnet.am-ում