Հայաստանի լրատվամիջոցներն ու քաղհասարակությունը՝ առանց ԱՄՆ օգնության

Հայաստանի լրատվամիջոցներն ու քաղհասարակությունը՝ առանց ԱՄՆ օգնության

17.03.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Ինչպես և սպասվում էր, Թրամփի նոր նախագահությունը լուրջ մարտահրավեր է դարձել քաղաքացիական հասարակության և անկախ մամուլի համար ամբողջ աշխարհում: Նրա վարչակազմի՝ արտաքին օգնությունը սառեցնելու և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը կրճատելու որոշումները կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա: USAID-ից բացի, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որը եղել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հիմնական աջակիցը, նույնպես դժվարություններ ունի Կոնգրեսից իրեն հատկացված միջոցների հասանելիության հարցում, ինչը ստիպել է նրանց մասամբ դադարեցնել գործունեությունը: Սա զգալի ազդեցություն է ունեցել հայկական ՀԿ-ների վրա:

 

Ֆինանսավորման դադարեցումն արդեն հանգեցրել է բազմաթիվ ծրագրերի չեղարկման, քանի որ շատ կազմակերպություններ չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները կամ նույնիսկ փակել հիմնական գործառնական ծախսերը, ինչպիսին է գրասենյակի վարձը: Քաղաքացիական հասարակության ավելի խոշոր կազմակերպությունները, չնայած կարողանում են գոյատևել, ստիպված են զգալիորեն կրճատել գործունեությունը և գործունեության շրջանակը: Սա թուլացրել է Հայաստանի ժողովրդավարական լանդշաֆտը այնպիսի ժամանակահատվածում, երբ անկախ ինստիտուտներին արտաքին աջակցությունը վճռորոշ է:

 

Հայաստանի անկախ լրատվամիջոցների ոլորտին հասցված վերջին և ամենանշանակալի հարվածը Թրամփի վարչակազմի որոշումն է՝ դադարեցնելու Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի (RFE/RL) ֆինանսավորումը: RFE/RL-ի հայկական ծառայությունը, որը հայտնի է որպես Ազատություն, առավել հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանում իրականացնող ամենամեծ լրատվամիջոցն է Հայաստանում: Ինչպես նշված է Democracy Watch-ի մեր նախորդ հոդվածում, Ազատությունը հաճախ թիրախ է դառնում և՛ կառավարության, և՛ ընդդիմության համար՝ հենց իր անկախ խմբագրական դիրքորոշման պատճառով: RFE/RL-ի համար ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումը սպառնում է էլ ավելի խարխլել Հայաստանի լրատվական դաշտը՝ թողնելով մի մեծ բաց, որը կարող է լցվել կուսակցական և այլ լրատվամիջոցներով:

 

Սա մեծ մարտահրավեր է Հայաստանի համար վճռորոշ այս հանգրվանում, երբ երկրի ժողովրդավարական ընթացքը կարող է անկանխատեսելի շրջադարձ ունենալ: Ուժեղ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները ժողովրդավարական հետընթացը զսպող գործոններ են:

 

Այս զարգացումների ավելի լայն հետևանքները խորապես մտահոգիչ են: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գոյատևման պայքարի և անկախ լրատվամիջոցների ֆինանսական կործանման պայմաններում Հայաստանում ժողովրդավարական դիսկուրսի տարածքը կարող է կրճատվել: Այսօր, երբ ժողովրդավարական հետընթացը կա ամբողջ աշխարհում, այս ֆինանսավորման կրճատումները վտանգում են կառավարման, հաշվետվողականության և մամուլի ազատության ոլորտներում տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացը:

 

Հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները երկար ժամանակ քննադատության են արժանացել տարբեր դերակատարների կողմից՝ օտարերկրյա ֆինանսավորում ստանալու համար: Ներկայիս ճգնաժամը ընդգծում է արտաքին ֆինանսական աջակցությունից չափազանց կախվածության ռիսկերը: Այնուամենայնիվ, այս փուլում անկախ կազմակերպություններն ու լրատվամիջոցները կենսունակ այլընտրանքներ շատ չունեն: Տեղական ֆինանսավորումը, չնայած այլընտրանք է, հաճախ գալիս է նշանակալի քաղաքական պայմաններով: Հնարավոր տեղական ֆինանսավորողներից շատերն ունեն այլ շահեր և քաղաքական կապեր, որոնք կարող են վտանգել այս կազմակերպությունների անկախությունը:

 

Չնայած ԵՄ-ն և այլ միջազգային գործընկերներ հավանաբար կփորձեն լրացնել ֆինանսավորման բացը, գործընթացը կպահանջի ժամանակ՝ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով: Եթե անգամ ֆինանսավորման նոր աղբյուրներ ի հայտ գան, դրանք կարող են լիովին չփոխհատուցել ԱՄՆ ֆինանսական աջակցության կորուստը: Առանց կայուն այլընտրանքների, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և լրատվական դաշտը կարող են դառնալ ավելի խոցելի քաղաքական ճնշումների և արտաքին ազդեցության համար:

 

Իդեալական կլիներ, եթե Հայաստանի կառավարությունը միջամտեր՝ անհապաղ օգնություն տրամադրելով, լինի հարկային արտոնությունների, թե օրենսդրական խթանների միջոցով՝ խրախուսելու մասնավոր նվիրատվությունները ոչ առևտրային կազմակերպություններին: Չնայած քաղաքացիական հասարակության խմբերի և կառավարության միջև այս փուլում որոշակի երկխոսություն կա, այս հարցում լուրջ առաջընթացը դեռևս չկա: Նման նախաձեռնությամբ հանդես գալու կառավարության դժկամությունը կարող է պայմանավորված լինել թերևս առաջիկա խորհրդարանական ընտրություններով և իշխող կուսակցության՝ աճող ավտորիտար մղումներով:

 

Չնայած հակաժողովրդավարական դերակատարները մեծապես խարազանել են քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին և չնայած այն մարտահրավերներին, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք մեր Democracy Watch շարքում, անժխտելի է, որ ուժեղ և եռանդուն քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները առանցքային դերակատարություն ունեն երկրի առաջընթացի և դիմակայունության համար: Առանց նրանց Հայաստանի ժողովրդավարական ապագան մշուշոտ է: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հետաքրքրված են երկրի ժողովրդավարական ապագայի մեջ, ակտիվ դեր ստանձնեն՝ պահպանելու ժողովրդավարության այս հիմնասյուները:

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: