Հայաստանի քաղհասարակություն շատ ներկայացուցիչներ շփոթում են իրենց դերը

Հայաստանի քաղհասարակություն շատ ներկայացուցիչներ շփոթում են իրենց դերը

30․09․2024

 

Կարինա Ավետիսյան

 

Որպես Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) ավագ վերլուծաբան՝ ես մասնակցել եմ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նրանց աջակցող արևմտյան գործընկերների տասնյակ հանդիպումների: Որպես կանոն, մենք՝ վերլուծաբաններս, հերթով տեղեկացնում ենք գործընկերներին երկրում տեղի ունեցող կարևոր զարգացումների մասին՝ օգնելով նրանց հասկանալ համատեքստը: Բայց հաճախ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, կարծես, սխալ է հասկանում, թե ինչու է մասնակցում այդ հանդիպումներին առաջին հերթին:

 

Հայաստանն այժմ Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից շարժվում է դեպի Արևմուտք: Ի տարբերություն այս ճանապարհին ավելի երկար գտնվող Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի՝ արևմտյան շատ գործընկերներ համեմատաբար անծանոթ են հայաստանյան համատեքստին և հաճախ թերի պատկերացումներ ունեն երկրի մասին: Պաշտոնական տեսակետ ստանալու նպատակով պետական ​​պաշտոնյաների հետ հանդիպումներին զուգահեռ՝ իրավիճակն ավելի լիարժեք հասկանալու համար նրանք լսում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու փորձագետներին: Այս համակարգը կառուցված է այնպես, որ արևմտյան գործընկերներին տրամադրի Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների և կարիքների անաչառ, խոր վերլուծություն, որը ավելին կլինի պետական ​​ներկայացուցիչների հետ հանդիպումներում ստացած տեղեկությունից։

 

ՀԿ-ները հաճախ ոչ քննադատաբար են պատկերում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և շատ հպանցիկ են անդրադառնում խորքային մարտահրավերներին։ Խնդիր է նաև Արցախի հայերի հիմնախնդրի ներկայացումը, որին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։ 

 

Այս հանդիպումներում ես նկատել եմ, որ Հայաստանի ժողովրդավարական լանդշաֆտում մտահոգիչ որոշակի միտումներ անտեսվում են։ Դրանք վերաբերում են քաղաքական բռնաճնշումներին, ոստիկանության ոչ պատշաճ գործողություններին, քաղաքացիներին վերաբերող որոշումների, ինչպես նաև պաշտոնյաների ծախսերի թափանցիկության բացակայությանն ու լրագրողների նկատմամբ ոտնձգությունների աճող դեպքերին:  

 

Անկասկած, Հայաստանը շատ առումներով օբյեկտիվորեն ժողովրդավարական առաջընթաց է գրանցում, և գովաբանելու շատ բան կա։ Սակայն այս խնդիրները հատուկենտ միջադեպեր չեն, այլ խնդրահարույց դեպքերի աճող միտում: Այս հանդիպումներում Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամները հակված են նսեմացնել այս միտումները՝ դրանք դիտարկելով որպես դրական օրինաչափությունից դուրս փոքր խախտումներ: Թեև ես ներկայիս կառավարությունը չէի անվանի ոչ ժողովրդավարական, բայց կան մտահոգիչ միտումներ, որոնց անտեսումը կարող է էական խնդիրների հանգեցնել:

 

Հայաստանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը գործընկերներից մեկը, որը քաղհասարակության սակավաթիվ քննադատական ​​ձայներից մեկն է, ընդգծեց ոստիկանության բարեփոխումների հետ կապված խնդիրները: Արտասահմանցի դիվանագետն ակնհայտորեն զարմացած էր, քանի որ նրան ներկայացվել էր Հայաստանի առաջընթացի շատ ավելի լավ պատկեր։ Նրա արձագանքը վկայում էր, որ արևմտյան հյուրերին իմ գործընկերները թերի կամ չափազանց լավատեսական գնահատականներ են տալիս։

 

Վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ նկատեցի, որ որոշ գործընկերներ արևմտյան գործընկերներին կրկին չափազանց լավատեսական պատկեր են ներկայացնում՝ անտեսելով  կարևոր խնդիրները: Երբ գերմանացի գործընկերները կարծիք հարցրին իրենց դերի վերաբերյալ, մատնանշեցի կոնկրետ դեպքեր, երբ ԵՄ-ն թերացել է: Գործընկերներիս արձագանքը գրեթե այնպիսին էր, կարծես կեղծիք եմ տարածել կամ անքաղաքավարի եմ ինձ պահել։ Թեև նրանք կոնկրետ այդ դեպքում չէին պաշտպանում իշխող կուսակցությանը, բայց նրանց պահվածքը նման էր խորհրդային մտածելակերպի, որտեղ հանդիպումներն ավելի շատ կապեր հաստատելու և մակերեսային բարի կամքի դրսևորման, քան բովանդակային քննարկումների մասին էին: Այս արձագանքն ընդգծում է մեր դերի շուրջ ունեցած հիմնարար թյուրըմբռնումը: Քննադատելը անքաղաքավարի չէ. դա մեր հիմնական գործն է:

 

Իշխող կուսակցության գործողությունները դրական ներկայացնելուն մի քանի գործոն է նպաստում։ Հայաստանի 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո նախկին վարչակարգի վերադարձի սպառնալիքն իրական էր։ Շատերը զբաղվում էին ինքնագրաքննությամբ՝ վախենալով, որ հեղափոխության ձեռքբերումները փխրուն են և շրջելի: Այն ժամանակ միասնական ճակատի պահպանումն անհրաժեշտ էր թվում՝ հին գվարդիային հեռու պահելու համար:

 

Սակայն դա ավելի քան չորս տարի առաջ էր: Դրանից հետո շատ բան է փոխվել: 2020-ի պարտությունը, 2022-ի ադրբեջանական հարձակումը և 2023-ին Արցախի անկումը Հայաստանի կառավարությանը դրել են անկայուն իրավիճակում: Թեև կարող է տպավորություն լինել, որ իշխող կուսակցությունը բարդ վիճակում է նրան քննադատության արժանացնելու համար, սակայն «բարդ վիճակը» չի կարող արդարացում լինել ժողովրդավարական բարեփոխումներում հապաղելու համար։ 

 

Այժմ, շատերը ձեռնպահ են կառավարությանը քննադատելուց, բայց ոչ թե հին էլիտաների վերադարձի, այլ այն վախից, որ իրենց կարող են ասոցացնել նախկինների հետ, մի բան, ինչը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն օգտագործում են փակ դռների հետևում իրենց՝ ավելի քննադատական մոտեցում դրսևորող գործընկերներին վատաբանելու համար: Հայաստանում շատ-շատերի մոտ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակակրանքն այնքան մեծ է, որ նրանք  նախընտրում են իշխող կուսակցության մտահոգիչ գործողությունների մասին լռել։ Այս լռությունը, ցավոք, խանգարում է, որ ավելի մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմություն ասպարեզ գա։

 

Փորձագետների չքննադատող ​​դիրքորոշմանը նպաստող մեկ այլ գործոն է 2018-ի հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամների «միգրացիան» դեպի պետական ​​պաշտոններ։ Քաղաքացիական հասարակության մեջ մնացածները հաճախ խուսափում  են քննադատել պաշտոնավոր իրենց նախկին գործընկերներին և ընկերներին: Անձնական հարաբերությունները և սոցիալական կապերը շարունակում են էական դեր ունենալ։

 

Ամենաքիչ ներելի պատճառը թերևս այն է, որ քաղաքացիական հասարակության որոշ անվանապես անկախ անդամներ կառավարության գծի մեջ են և արժանանում են իշխանության բարեհաճ վերաբերմունքին: Բարենպաստ լույսի ներքո ներկայացնելով կամ կրկնելով կառավարության պատմույթները՝ նրանք պարգևատրվում են՝ հայտնվելով Հանրային հեռուստաընկերության եթերում, բացառիկ հասանելիություն են ստանում ինսայդերական տեղեկատվությանը և հրավիրվում են դռնփակ հանդիպումների կառավարությունում: Մի խոսքով, նրանց փոխհատուցում են քննադատության պակասի համար։ Իրերի այս դրությունը ստեղծում է սիմբիոտիկ հարաբերություններ, որտեղ փորձագետը համբավ է ձեռք բերում ու մատչում ստանում տեղեկատվությանը, իսկ կառավարությունը շահում է իր գործողությունների վերաբերյալ իբր անկախ գնահատականից:

 

Կար ժամանակ, երբ Վրաստանը համարվում էր որպես ժողովրդավարության հաջողության պատմություն: Այնուամենայնիվ, երբ երկիրը հետզհետե սկսեց նահանջել ժողովրդավարությունից, եվրոպացի շատ գործընկերներ անտեսեցին նախազգուշական ազդանշանները։ Երբ նրանք հասկացան անկման տեմպը, արդեն ուշ էր։ Հայաստանն այժմ կանգնած է նմանատիպ ռիսկի առջև։

 

Այս ոչ քննադատական ​​մոտեցման վտանգները զգալի են։ Երբ քաղաքացիական հասարակությունը չի կարողանում ապահովել խիստ, օբյեկտիվ վերլուծություն, դա նպաստում է քաղաքականության մշակման գործընթացում սխալ որոշումների կայացմանը: Արևմտյան գործընկերները ներկայում զգալի ռեսուրսներ են ներդնում Հայաստանում, բայց առանց անկախ ձայներից եկող անկեղծ արձագանքների գոյություն ունի տեղում առկա առանցքային փաստերի անտեսման վտանգ: Սա կարող է նրանց անպատրաստ դարձնել ապագա մարտահրավերների առաջ, ինչպիսիք են սոցիալական համախմբվածության անկումը, տնտեսական աճը կամ մարդու իրավունքների պաշտպանությունը:

 

Հայաստանի ժողովրդավարական զարգացումը իրական մարտահրավերների առաջ է կանգնած։ Բոլոր հարցերում արդարացնելով կառավարությանը՝ քաղաքացիական հասարակությունն անտեսում է այս խնդիրները՝ ի ցույց դնելով իր դերի վերաբերյալ հիմնարար թյուրըմբռնումը: Հայաստանը և, այո՛, այս կառավարությունը քայլեր է արել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: Բայց առանց իրականությանն առերեսվելու՝ այդ առաջընթացը շուտով կարող է կանգ առնել:

 

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության  տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախագիծն է։

 

Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: