Ընդդիմադիրներին պատժելու միտումը. #DemocracyWatch
17․09․2024
Տիգրան Գրիգորյան, Կարինա Ավետիսյան
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գրիգոր Երիցյանը զրկվեց մանդատից, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես հեռացման պատճառ նշեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից բազմիցս բացակայելը։
Երիցյանը հայտարարել է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող որոշում է, որ ինքը և գործընկերները մտադիր են որոշումը վիճարկել դատարանում։
Ութ ամիս առաջ նախկին քաղաքապետ, այժմ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը նույնպես իշխող կուսակցության կողմից հեռացվեց քաղաքապետարանից՝ բացակայությունների մեծ թվի հիմնավորմամբ։
Սա արտացոլում է Հայաստանի քաղաքական ներկապնակում մտահոգիչ միտման մասին՝ իշխող կուսակցությունն ավելի ու ավելի հաճախ է կիրառում բարդ իրավական մանևրումներ և վարչական ռեսուրսներ՝ տեղական մակարդակում ընդդիմադիր գործիչներին հեռացնելու կամ որակազրկելու համար: Թվացյալ լեգիտիմ բյուրոկրատական գործընթացների միջոցով հաճախ իրականացվող այս ռազմավարությունն իշխող կուսակցությանը թույլ է տալիս ամրապնդել դիրքերը՝ վերացնելով հնարավոր մրցակիցներին, նախքան նրանք կարող են զգալի համբավ կամ ազդեցություն ձեռք բերել:
Կարևոր է նշել, որ և՛ Մարությանը, և՛ Երիցյանը ներկայացնում են ժողովրդավարական ուժեր և հանդես են գալիս իշխող կուսակցության դեմ։ Ճնշելով նրանց գործունեությունը՝ իշխող կուսակցությունը փաստացի վերացնում է հնարավոր մրցակիցներին, որոնք կարող են առաջարկել ժողովրդավարական այլընտրանք, և դրանով իսկ ամրապնդում է իր իշխանությունը: Ներկայիս «նախկին ռեժիմն ընդդեմ գործող իշխանության» երկփեղկվածությունը իշխող կուսակցության համար Հայաստանում իրեն միակ ժողովրդավարական տարբերակ ներկայացնելու նպատակահարմար միջոց է։
Արցախցի փախստականների թիրախավորում
Անցյալ շաբաթ 24News լրատվամիջոցին տված հարցազրույցում իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը թշնամական հայտարարություններ է արել արցախցի փախստականների հասցեին։ Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը կամավոր հրաժարվել են իրենց հողից և այժմ պետք է իրենց հյուրի պես պահեն Հայաստանում:
Մելքոնյանի հայտարարությունը խնդրահարույց է բազմաթիվ առումներով։ Նախ՝ այն քարոզում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված բարդ իրավիճակի և դրա հետևանքների շուրջ կեղծ պատմություն: Բացի այդ, նրա հայտարարությունը ատելության խոսք է փախստական խոցելի բնակչության դեմ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում:
Ավելին, Մելքոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որն ընդգծել է իր հավատարմությունը Արցախի հայ փախստականներին ինտեգրելու հարցում։ Սա պահանջում է նրանց ընդունել ոչ թե որպես ժամանակավոր հյուրերի, այլ որպես ազգի անբաժանելի հատվածի։ Իշխող կուսակցության անդամի հայտարարության և կառավարության հռչակած քաղաքականության միջև այս հակասությունը տարակուսանք է առաջացրել ինչպես արցախցիների, այնպես էլ ավելի լայն հայ հանրության շրջանում:
Նման հայտարարությունների հետևանքները դուրս են քաղաքական պարզ տարաձայնությունների սահմաններից։ Մելքոնյանի պառակտիչ հռետորաբանությունը սպառնում է սրել գոյություն ունեցող հասարակական լարվածությունը՝ փախստականների նման ռիսկային խմբի համար հնարավոր վնասակար հետևանքներով, և ընդգծում է պատասխանատու հանրային դիսկուրսի մեջ ներգրավվելու կարևորությունը:
Չնայած Մելքոնյանի հայտարարությունների շուրջ հասարակական հնչեղությանը՝ իշխող կուսակցությունը ո՛չ դատապարտել, ո՛չ էլ հրաժարվել է այդ հռետորաբանությունից։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախագիծն է։
Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: