Իշխանության զրպարտչական արշավը՝ Ազատության դեմ
28.02.2025
Տիգրան Գրիգորյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զրպարտչական արշավ է սկսել Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության դեմ: Բարձրաստիճան երկու պաշտոնյա՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազատության դեմ ուղղված հարձակումների առաջնագծում են։
Հարությունյանը Ազատությանը մեղադրել է «կեղծ» լուրեր տարածելու մեջ և լրատվամիջոցի լուսաբանման ոճը նմանեցրել է ընդդիմադիր 5-րդ ալիք հեռուստաընկերության ոճին: Հարությունյանի զայրույթը պայմանավորված էր Ազատության մի ռեպորտաժով, որը, նրա պնդմամբ, խեղաթյուրել էր սոցիալական մեդիայում իր գրառման կոնտեքստը: Հայաստանում ձյան առատ տեղումների մասին նա հիացական գրառում էր արել, ինչի համար արժանացել էր շատերի քննադատությանը, քանի որ այդ օրը Երևանում տրանսպորտային կոլապս էր։ Հարությունյանը հետո հայտարարել էր, որ իր գրառման պահին ճանապարհների փակման կամ վտանգավոր պայմանների մասին լուրեր չկային և Ազատությանը մեղադրել էր ընդդիմության պատումները չափազանցնելու և իր դեմ զրպարտչական արշավի մեջ:
Նրա գրառումը հատկապես ագրեսիվ էր, քանի որ ուղղակիորեն դիմում էր Ազատության հայկական ծառայության տնօրեն Հեղինե Բունիաթյանին և լրատվամիջոցին կոչ անում «շարունակել իրեն խայտառակել մինչև վերջ»:
Այս տրամադրություններին մի քանի օր անց միացավ Ռուբեն Ռուբինյանը՝ Ազատությանը քննադատելով երկու առանձին հաղորդումներում ընդդիմադիր գործիչ Լևոն Զուրաբյանին ներկայացնելու համար: Նա լրատվամիջոցին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման համար Հայաստանին մեղադրող խոսույթը միտումնավոր առաջ մղելու մեջ: Ըստ Ռուբինյանի՝ Ազատության կողմից Զուրաբյանի հետ կրկնվող հարցազրույցները ցույց են տալիս օրակարգով պայմանավորված մոտեցում:
Ծաղրական տոնով Ռուբինյանն առաջարկում էր, որ Ազատությունը ստեղծի հաղորդաշար «100 պատճառ, թե ինչու է Հայաստանը մեղավոր» վերնագրով՝ Զուրաբյանի կողքին ներկայացնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ռուսական քարոզչամեքենայի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը:
Այս արշավն էլ ավելի ուժեղացավ իշխող կուսակցության տարբեր աջակիցների կողմից, ինչի արդյունքում եղան վիրավորանքներ և սպառնալիքներ լրատվամիջոցի և նրա լրագրողների հասցեին:
Հայաստանյան լրատվամիջոցների մոնիտորինգով զբաղվող մի շարք կազմակերպություններ արդեն դատապարտել են պաշտոնյաների կողմից Ազատության վրա հարձակումները: Նրանք ընդգծել են սոցիալական մեդիայում մեղադրանքների միջոցով լրատվամիջոցը թիրախավորելու աճող միտումը, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք կասկածի տակ են դրել լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմը և մեղադրել նրան կողմնակալության մեջ:
Այս կազմակերպությունների հայտարարությունը այս գործողությունները որակում է որպես խմբագրական անկախության անընդունելի միջամտություն: Կազմակերպությունները կոչ են անում իշխանություններին դադարեցնել լրատվամիջոցների դեմ զրպարտչական արշավները, հորդորում են լրագրողներին դիմակայել քաղաքական ճնշումներին և հասարակությանը խրախուսում պահանջել հավատարմություն ժողովրդավարական արժեքների, այդ թվում՝ մամուլի ազատության նկատմամբ:
Հայաստանի կառավարության հակակրանքը Ազատության նկատմամբ նոր չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում փակ դռների հետևում հանդիպումներում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները արևմտյան գործընկերների հետ հանդիպումներում դժգոհում են Ազատության հայկական ծառայությունից՝ կեղծ պատումներ տարածելով նրա խմբագրական քաղաքականության և ղեկավարության մասին: Ես դրա մասին գիտեմ առաջին ձեռքից, քանի որ մի քանի միջազգային զրուցակիցներ ինձ տեղեկացրել են այս պնդումների վավերականության մասին՝ նշելով, որ իրենց աղբյուրները բարձրաստիճան հայ պաշտոնյաներ են: Այս պատումները նաև առաջ են մղվում երկրի ներսում կառավարամետ բազմաթիվ դերակատարների կողմից:
Շարունակական այս արշավի հիմնական պատճառը թե՛ տարօրինակ է, թե՛ հեգնական. Ազատությունը հավասարակշռված և անկողմնակալ լրատվություն տրամադրող ամենամեծ լրատվամիջոցն է Հայաստանում: Կառավարական պաշտոնյաների հարձակումները դրա ապացույցն են: Փաստը, որ ընդդիմադիր գործիչներին հարթակ է տրվում կառավարության քաղաքականության նկատմամբ իրենց քննադատությունը հնչեցնելու համար, ընկալվում է որպես կողմնակալություն: Կառավարության գործողությունների քննադատությունն անընդունելի է համարվում: Այլ կերպ ասած, հիմնական լրագրողական սկզբունքների պահպանումը զենքի է վերածվել և դարձել է կողմնակալության մեղադրանք:
Հարկ է նշել, որ այս հարձակումներից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ազատությունը քննադատության էր ենթարկվել ընդդիմության կողմից՝ 1999-ին հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հետաքննություն հրապարակելուց հետո, որը հարցականի տակ էր դրել նախկին էլիտաների խոսույթները այդ հարցի վերաբերյալ:
Իշխող կուսակցության հարձակումները Ազատության և անկախ այլ լրատվամիջոցների դեմ համահունչ են մամուլի դիվայնացման աճող համաշխարհային միտումներին: Գտնելով նպաստավոր միջազգային միջավայր՝ իշխող կուսակցությունն այժմ սրել է այս հարձակումները հանրային ոլորտում:
Բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարը և տոնը ցույց են տալիս լրագրողներին և լրատվական կազմակերպություններին վարկաբեկելու հստակ մտադրությունը: Սա, իր հերթին, արտացոլում է այս պաշտոնյաների արժեքները, որոնք ակնհայտորեն ժողովրդավարական չեն:
Քաղաքական և լրատվական բևեռացման միջավայրում Ազատությունը և անկախ այլ լրատվամիջոցներ կարևոր դեր ունեն հասարակությանը տեղեկացնելու և կառավարությանը հաշվետու պահելու հարցում: Այս առումով, անկախ լրատվամիջոցների դեմ հարձակումները պետք է դիտարկել որպես ուղղակի հարվածներ Հայաստանի ժողովրդավարական համախմբման հեռանկարներին և համապատասխանաբար վերաբերվել դրանց։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: