Արցախցիների կենսական խնդիրների լուծումը բարի կամքի դրսևորում չէ, այլ կառավարության ուղիղ պատասխանատվությունը

Արցախցիների կենսական խնդիրների լուծումը բարի կամքի դրսևորում չէ, այլ կառավարության ուղիղ պատասխանատվությունը

03.04.2025

 

 

Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի նպատակը բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանությունն էր։ Չնայած հանրահավաքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին, սակայն ակնհայտ է, որ այդ հավաքի գլխավոր պատճառն ու առիթը կառավարության որոշումն էր ապրիլի 1-ից արցախցիների մեծամասնության համար դադարեցնել ամենամսյա 40+10,000 դրամ աջակցության ծրագիրը, որի նպատակը փախստականների օգնությունն է կեցության և այլ ծախսերը հոգալու հարցում։

 

Այս ծրագիրը, որը սկսվեց իրականացվել Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանումից անմիջապես հետո, Հայաստանում հաստատված արցախցիներին հնարավորություն էր տալիս լուծել բնակարանի վարձակալության խնդիրը։ Մեծ հաշվով՝ այդ ծրագրի իրականացումն է հիմնական պատճառը՝ ինչու բռնի տեղահանվածների մեծամասնությունը անօթևան չի մնացել։

 

Ուղիղ մեկ տարի առաջ կառավարության ընդունած բնակարանային ապահովման ծրագիրը բռնի տեղահանվածների համար մի շարք խնդիրներ ունի և, ի հեճուկս վերջին շրջանում արված փոփոխությունների, դեռ խիստ անարդյունավետ է։ Միայն այն հանգամանքը, որ ծրագրի մեկնարկից մեկ տարի անց ընդամենը 50-ից ավելի ընտանիք է կարողացել իրացնել այդ ծրագրով հատկացվող հավաստագրերը, դրա անարդյունավետության կարևոր ցուցիչ է։ Բնակարանային խնդրի լուծման ձախողման պայմաններում 40+10 աջակցության ծրագրի դադարեցումը էլ ավելի անտրամաբանական է թվում։

 

Իշխանության տարբեր ներկայացուցիիչներ և նրանց բազմաթիվ քարոզիչներ ագրեսիվ արձագանքեցին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ցույցին մասնակցած փախստականներին անվանեց «մսացու» և պնդեց, որ ընդդիմությունը նրանց օգտագործում է իշխանափոխության համար։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արցախցիների հանրահավաքից հետո ևս գրառում արեց՝ ակնարկելով, թե ցույցի մասնակիցները ուրացել են Հայաստանի ժողովրդի ջերմ ընդունելությունը՝ հայտարարելով, որ ինչ-որ անձինք և ուժեր կրկին հայաթափում են ուզում, այս անգամ՝ Հայաստանում։

 

Այս բոլոր գրառումները կատարվել են այն պարագայում, երբ հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները ներքաղաքական որևէ պահանջ չեն հնչեցրել, ավելին՝ բացառել են ներքաղաքական օրակարգ ունեցող գործիչների ելույթները հարթակից։ Չնայած հանրահավաքի ընթացքում հնչեցին մի շարք պահանջներ, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը և արցախցիների հավաքական իրավունքներին, այնուամենայնիվ, անկհայտ էր, որ հիմնական պահանջը կապված է մարդկանց սոցիալական վիճակի և դրա հնարավոր կտրուկ վատթարացման հետ՝ վերոնշյալ որոշումը չչեղարկելու դեպքում։

 

Այդ առումով իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը, նրանց քարոզիչների կողմից արցախցիների նպատակաուղղված թիրախավորումը խիստ անաադեկվատ արձագանք էր, որ ատելության նոր ալիքի պատճառ դարձավ փախստականների նկատմամբ։

 

Ինչ վերաբերում է կառավարության անելիքներին արցախցիների խնդիրների լուծման գործընթացում, ապա դրանք առաջին հերթին պատասխանատվության դաշտում պետք է դիտարկել։ Չնայած իշխանությունները փախստականների համար իրականացվող ծրագրերը փորձում են ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, դա այդքան էլ այդպես չէ։

1990-ականներից սկսած՝ Հայաստանի բոլոր կառավարությունները ստանձնել էին Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, որը տեղ էր գտնում Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացառություն չէր։ Այդ ձևակերպումը ներառվել էր ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլև դրանից հետո՝ ընդունված կառավարության ծրագրում։

 

Չնայած հետպատերազմական փուլում ակնհայտ էր, որ ռազմական առումով Հայաստանն այդ գործառույթն արդեն ի վիճակի չէր իրականացնել, այնուամենայնիվ, այդ գործառույթի սոցիալ-տնտեսական բաղադրիչը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո միայն ամրապնդվել էր։



Ավելի կարևոր է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականությունը ուղիղ ազդեցություն է ունեցել 2023-ի սեպտեմբերի վերջնարդյունքի՝ Արցախի հայաթափման վրա։

 

Նախ, 2020-ին նախորդած շրջանում սեփական ոչ կոմպետենտությամբ և արկածախնդիր արտաքին քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունները արագացրին պատերազմի մեկնարկը՝ առանց դրան պատշաճ պատրաստվելու, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում ձախողեցին կառավարումը՝ խուսափելով նաև մարտական գործողությունները կանգեցնելու պատասխանատվությունը ստանձնելուց, երբ պատերազմի վերջնարդյունքը արդեն պարզ էր։

 

Իսկ 2020-ից հետո, երբ ՀՀ իշխանությունները իջեցնում էին նշաձողը, համաձայնում էին խաղաղության պայմանագրի տեքստից դուրս հանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը, Պրահայում հանձն էին առնում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո հրաժարվում էին նույնիսկ այդ հարցով բանակցությունների մասնակցել, այդ որոշումը պատճառաբանելով մտավախությամբ, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմից Մեղրիով միջանցք են պահանջելու։ Նրանք այս բոլոր որոշումներով դիվանագիտական քարտ-բլանշ էին տալիս Ադրբեջանին՝ ավարտին հասցնելու Արցախի հայաթափման գործընթացը։

 

Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ուղիղ պատասխանատվություն է կրում արցախցիների կենսական խնդիրների լուծման հարցում, որովհետև ներդրում է ունեցել դրանց ստեղծման մեջ, ինչպես նաև պարտավորություն էր ստանձնել այդ խնդիրները առաջացրած իրողությունները կանխելու համար։ Այդ պատասխանատվությունը չի չեղարկվելու ինչքան էլ արսենթորոսյանները, տարոնչախոյանները և իշխանական քարոզիչները փորձեն խնդիրը տանել ներազգային թշնամանք հրահրելու դաշտ՝ ամենաբարձր մակարդակով հակաարցախյան խոսույթներ տարածելով։ Քանի դեռ կառավարությունը չի արել նվազագույնը և չի լուծել արցախցիների մշտական բնակապահովման խնդիրը, այն մշտապես գտնվելու է այդ պատասխանատվության բեռի տակ։

 

Տիգրան Գրիգորյան,

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

 

Հոդվածը նախապես հրապարակվել է Սիվիլնեթում