Ովքեր և ինչպես են թիրախավորում արցախցիներին. անուններ, փաստեր և պատումներ

Ովքեր և ինչպես են թիրախավորում արցախցիներին. անուններ, փաստեր և պատումներ

22.04.2025

 

Տիգրան Գրիգորյան, Արամ Թադևոսյան

 

Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից հետո նրանց նկատմամբ իշխանությունների ու նրանց մեդիաների կողմից ատելության արշավը չի դադարում։ Հանրահավաքի հիմնական պատճառն ու առիթը կառվարության կողմից կեցության ծախսերը հոգալու սոցիալական ծրագրի կրճատումն էր։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ եղան նաև վերադարձի իրավունքի ու այլ հարցերի մասին։

 

Հայաստանի իշխանությունների և նրանց սպասարկող մեդիառեսուրսների՝ արցախցիների դեմ ատելության արշավի ծավալներն այնքան են աճել, որ կա փախաստականների թիրախավորման, նրանց դեմ ատելության խոսքի տարածման ամենահնչեղ դեպքերը փաստագրելու անհրաժեշտություն։ Այդ դեպքերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ պաշտոնատար անձանց ու իշխող ուժին պատկանող կամ դրա հետ ասոցացված լրատվամիջոցների կողմից տարածվող ատելության խոսք։

 

ՔՊ-ական պաշտոնյաները՝ ընդդեմ փախստականների

 

Մարտի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանրահավաքին մասնակցած արցախցիներին անվանեց «մսացու»՝ պնդելով, որ նրանք օգտագործվում են ընդդիմության կողմից իշխանափոխության համար։ «Շատ ավելի ուշագրավ է, որ իշխանափոխության պահանջ հնչեցնողների մեծամասնությունը անգամ ՀՀ քաղաքացի չէ, իսկ շատերը հայտարարում են, որ երբեք չեն դառնա ՀՀ քաղաքացի»,- գրեց նա։

 

Չախոյանի այս գրառումը ոչ միայն հստակ ատելության խոսք է պարունակում, այլև ապատեղեկատվություն, որովհետև հանրահավաքի ընթացքում ներքաղաքական բնույթի պահանջներ չեն հնչեցվել (այստեղ պետք է ընդգծել, որ քաղաքական պահանջներ հնչեցնելու մեջ ևս որևէ դատապարտելի բան չկա։ Հայաստանում բնակվող բոլոր մարդիկ ունեն այդպիսի իրավունք)։

 

Ավելին, փախստականներին որպես «ռեսուրս» կամ «գործիք» ներկայացնելու միտումը գերիշխող է Հայաստանի հանրային խոսույթում 2023-ի բռնագաղթից հետո։ Հատկանշական է, որ այդ գրառումների տակ արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանող բազմաթիվ մեկնաբանություններ են արվում, որոնց Չախոյանը ոչ մի կերպ չի անդրադառնում։

 

Չախոյանի այսօրինակ գրառումների մյուս խնդրահարույց ասպեկտը, իհարկե, այն է, որ նա, լինելով քաղծառայող, պարտավոր է իր հրապարակային գործունեության մեջ քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Այս պաշտոնյայի խնդրահարույց գործելաոճի մասին ժամանակին առանձին անդրադարձ ենք կատարել Democracy Watch նախաձեռնության շրջանակում։

 

Մյուս պաշտոնյան, որը արցախցիների հանրահավաքից անմիջապես հետո վնասակար կարծրատիպեր սկսեց տարածել փախստականների մասին, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ պնդում էր, թե ԼՂ հարցը միշտ ծառայել է իշխանությանը տիրանալու և այն պահելու համար։ «Եվ հիմա նույն այդ քաղաքականությունը փորձում են իրականացնել Հայաստանում այդ նույն մարդկանց հետևորդները՝ Հայաստանի ժողովրդի այսքան զոհողություններից հետո՝ մոռանալով նույնիսկ, թե ինչպես ընդունեց Հայաստանի ժողովուրդը իր քույրերին և եղբայրներին մեր երկրում տեղահանությունից հետո»,- գրեց նա։

 

Թորոսյանը, լղոզելով տարբերությունը փախստականների և ղարաբաղյան էլիտայի միջև, հստակություն չմտցնելով իր կողմից օգտագործվող բառապաշարի մեջ, ատելություն է խթանում մարդկանց նկատմամբ՝ ակնարկելով նաև, որ հանրահավաքի մասնակիցները անշնորհակալ են։ Հիմնականում սոցիալական պահանջներ պարունակող հանրահավաքի մասին գրառման մեջ նմանատիպ շեշտադրումներ անելով՝ Թորոսյանը խթանում է «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին քարոզչական պատումի տարածումը։

 

Վերջին օրերի ընթացքում իշխանական պաշտոնյաների կողմից հնչեցվող ատելության խոսքի ամենաակնառու դեպքը ՔՊ-ական պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանություններն էին արցախցի փախստականների վերաբերյալ։ Սուքիասյանը, պատասխանելով 24News.am-ի լրագրողի հարցին, հայտարարել է․ «Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդ ա … եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա, զոհ չեն ունեցել, էդ սկզբի մի կռիվն ա էղե, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել»։



Սուքիասյանի այս հայտարարությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն էր։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

 

Այս հանգամանքը ավելի ուշ ընդունեց նաև Խաչատուր Սուքիասյանը։ Նրա ներկայացուցիչը գրառում արեց և «ներողություն խնդրեց», բայց ոչ թե փախստականներին թիրախավորելու, այլ սխալ թիվ արտաբերելու համար։ Ավելին, հաջորդ օրը, լրագրողների հետ ճեպազրույցում Սուքիասյանն արդեն մոլորեցնող պնդումներ արեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին արցախցիների մասնակցության վերաբերյալ։ Նա, մասնավորապես, հայտարարեց․ «44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ ա արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն»։

 

Սուքիասյանի այդ հայտարարությունները ակնհայտ ապատեղեկատվություն լինելուց բացի (44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակիչներից զոհվել է 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ) նաև լեգիտիմացնում ու բազմապատկում են «դասալիք ղարաբաղցիների» վերաբերյալ տարածված քարոզչական պատումը՝ նպաստելով փախստականների նկատմամբ ատելության աճին։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործում են այսպիսի պատումներ՝ փախստականներին թիրախավորելու համար։ Ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախցիները 2023-ի սեպտեմբերին պետք է «մնային ու կռվեին»։

 

Իշխանական մեդիայի հակաարցախյան արշավը

 

Իշխանական մեդիան ակտիվ շահարկում է հակաարցախյան բոլոր պատումները, իսկ հաճախ ուղղակի մերկապարանոց ատելության խոսք է տարածում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ ասոցացվող լրատվականն իր վերաբերմունքը արցախցիների նկատմամբ քողարկում է ֆեյսբուքյան տարբեր գրառումներ արտատպելով, որոնք ատելություն և ապտեղեկատվություն են պարունակում։ «Մեր ճակատին համբալա գրա՞ծ, աշխատեք, ապրեք» վերնագրով նյութը լրատվականը վերցրել է ոմն Հայկ Թորոյանի ֆեյսբուքյան էջից։ Նրա մեկ այլ գրառում հրապարակել են «Ընդամենը 1,5 տարում կառավարությունը արցախցիներին մոտ 292 մլն դոլար է հատկացրել, ու դեռ բողոքու՞մ են» վերնագրով։

 

Ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանի ֆեյբուքյան գրառումները նույնպես տեղ են գտնում Medianews-ում «Դուք պարտվել եք։ Վերցրեք պատասխանատվություն։ Հերիք է պահանջեք։ Ժամանակն է՝ լքել զոհի դերակատարը և ընդունել, որ Հայաստանը չի կարող անընդհատ վճարել ձեր սխալների գինը», «Բավական է Ղարաբաղը փաթաթեք մեր երեխաների վզին ու դուք ձեր կյանքը վայելեք»։ Կամ Վահագն Խաչատրյանի գրառումը․ «Սիրելի արցախցիներ ջան դուք ձեր տուն եք ուզում, մենք էլ մեր զոհված հարազատներին ենք ուզում որ կորցրել ենք հավերժ, ումից պահանջենք ասեք իմանանք»։

 

Ֆեյսբուքյան գրառումներից բացի medianews-ն ունի նաև «խմբագրական» թիրախավորող կոնտենտ։ «Ինչու են արցախցիները խուսափում ՀՀ քաղաքացիությունից․ մինչ օրս դիմել է 8437 անձ» վերնագրով հրապարակման մեջ գրում են «արցախցիների շրջապատից մեր աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքացիություն համար չեն դիմում հիմնականում մեկ պատճառով՝ որպեսզի պարտադիր զինվորական ծառայության չանցնեն»։ Դրանից բացի լրատվականը տարածում է նաև այլ իշխանական մեդիայում հրապարակվող հակաարցախցյան հրապարակումները։

 

Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի, ՔՊ-ի Civic.am կայքի և նույն Medianews-ի վերջին օրերի գլխավոր հերոսներից է քաղաքական մեկնաբան Հարություն Մկրտչյանը։ Արցախցիների հանրահավաքի վերաբերյալ նա թեզեր է տարածում, թե իբր նրանք Հայաստանի Հանրապետության դեմ են, որ «ոչ մի բանով առավել չեն հայաստանցիներից», չպետք է արտոնյալ վիճակում լինեն, թիրախային մոտեցում նրանց խնդիրների նկատմամբ չի կարելի թույլ տալ։ Մկրտչյանի «Կարճ ու շատ կոնկրետ հանրահավաք իրականացնողներին` Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու» ֆեյսբուքյան գրառումը տեղ է գտել «Հայկական ժամանակում»։ «Արցախցիների բնակարանային ապահովությունն առաջնային խնդիր դարձնելը կբերի սոցիալական անհավասարության»,- ասում է նա Civic.am-ի հարցազրույցում՝ հավելելով․ «Իսկ ո՞վ ասեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք ա դառը քրտինք թափեն, հարկեր գեներացնեն․․․ և պետական բյուջեից ոչ քաղաքացիները ստանան արտոնություններ և գումարային աջակցություններ»։ Նմանատիպ մտքեր Հարություն Մկրտչյանը հնչեցնում է «Հայկական ժամանակ»-ին «Քաղաքացիություն մասայաբար չեն ընդունում։․․․ Ուղղակի Հայաստանի Հանրապետությունում խնդիր են դրել ներքաղաքական կյանքը հնարավորինս դեստաբիլիզացնել և այդ դեստաբիլիզացման արդյունքում սպասել դրսից ազդակների։ Այ, օրինակ հայ-ադրբեջանական սահմանին որևէ արկածախնդրության Ադրբեջանի կողմից»։ Այս թեմայով վերոնշյալ պառակտիչ հայտարարություններ անելուց հետո Հարություն Մկրտչյանը հրավիրվեց նաև Հայաստանի հանրային հեռուստատեսություն և հնարավորություն ստացավ այդ մտքերը հնչեցնել երկրի ամենամեծ լրատվամիջոցի եթերում։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա հերթական անգամ թիրախավորեց արցախցիներին։ Խոսելով արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին՝ նա հայտարարեց. «Կա աղետի գոտի մինչև էսօր։ Ինչի էս մարդիկ տուն չե՞ն կորցրել։ Ասեմ ավելին, էդ մարդիկ առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հարկատուների հաշվին գնված զենքը բանձիգով» Ադրբեջանին չեն հանձնել»։ Մկրտչյանի այս հայտարարությունը կարելի է որակել ոչ միայն որպես խեղաթյուրիչ, այլև Հայաստանում բնակվող տարբեր սոցիալական խմբերի միջև ատելության սերմանում։

 

Ֆեյսբուքյան տարբեր գրառումներ կամ մեկնաբանների խոսքեր հրապարակելուց բացի՝ Civic.am-ը ունի նաև հակաղարաբաղյան արշավն ի մի բերող «խմբագրական»։ «Ղարաբաղյան կլանն անցել է Հայաստանի պետականության ոչնչացման պլան Բ-ին» հրապարակման մեջ կարդում ենք․ «Ղարաբաղցիները շատ հստակ պետք է հասկանան, որ այլևս պետք է դադարեն լինել հացկատակ, աշխատեն, ՀՀ քաղաքացին պարտավոր չէ օր ու գիշեր աշխատել ու աշխատելու կարողություններ ունեցող ղարաբաղցիներին կերակրել: Հայաստանի քաղաքացիություն ընդունելու դեմ մեծ արշավը, ցավոք, ապացուցում է, որ շատ ղարաբաղցիների համար Հայաստանի պետականությունը զրո արժեք ունի: Այլապես կուլիսներում չէին ասի՝ քաղաքացիություն ընդունենք, որ մեր երեխեքը գնան Հայաստանի բանա՞կ»։

 

Հատկանշական է, որ հակաղարաբաղյան խոսքով հայտնի մի շարք իշխանամետ բլոգերներ, հանրային դեմքեր ընդունելության են արժանանում ամենաբարձր մակարդակով։ Մասնավորապես, վարչապետի տիկնոջ Ֆեյսբուքի էջում ամիսներ առաջ հրապարակված կարճ տեսանյությում կարելի է նկատել ղարաբաղցիների դեմ ատելության խոսք տարածող «գլխավոր հերոսներից» շատերին, որոնց հետ Աննա Հակոբյանը հանդիպել է որպես «հանրային կարծիք ձևավորողների» և քննարկել կրթության հարցերը։ Այդ հանդիպման մասնակիցներից էին վերոհիշյալ Հարություն Մկրտչյանը, Հայկ Թորոյանը, ժամանակին Բարձրագույն դատական խորհրդի անդամի իշխանական թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը և Ռոման Բաղդասարյանը։ Վերջինս արցախցիների դեմ ատելության արշավի «առաջամարտիկներից» է։ Վերջերս ֆեյսբուքյան գրառումներից մեկում նա, օրինակ, նշել էր․ «Օգնություն ստացել են ազնիվ մարդիկ, ովքեր հանցագործություններ չեն կատարել։ Նրանց թիվը կազմում է Արցախից բռնի տեղահանվածների մոտ 12-14%-ը»։

 

Այս բոլոր օրինակները հստակ ի ցույց են դնում, որ փախստականների դեմ ապատեղեկատվության ու ատելության լուրջ արշավ գոյություն ունի, որը ահագնացել է վերջին շաբաթների ընթացքում։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկում այդ արշավը կանխելու, այլև դրա ամենաակտիվ մասնակիցներից են։ Ներքաղաքաքական նպատակներով Արցախից բռնի տեղահանված մարդկանց թիրախավորումը խորացնում է Հայաստանում առկա բաժանումները, ավելի խոցելի դարձնում բռնի տեղահանվածներին և խաթարում ներհասարակական համերաշխությունը։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։