Պետության միջամտությունը և կրոնական ազատության ու ինքնավարության ոտնահարումը Հայաստանում

Պետության միջամտությունը և կրոնական ազատության ու ինքնավարության ոտնահարումը Հայաստանում

09.12.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում է գերիշխել իշխող կուսակցության առճակատումը եկեղեցու ղեկավարության հետ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու իր փորձերում վարչապետ Փաշինյանը վերջին ամիսներին որդեգրել է երկակի մոտեցում։ Մի կողմից՝ նա ձգտում է պառակտում մտցնել եկեղեցու ներսում՝ գտնելով այնպիսի հավատարիմների, որոնք պատրաստ են կա՛մ հրապարակավ հանդես գալ կաթողիկոսի դեմ, կա՛մ անտեսել նրա հեղինակությունը՝ մատուցելով պատարագներ, որոնց ներկա է վարչապետը։

 

Այս մոտեցման երկրորդ տարրը իրավապահ մարմինների գործիքայնացումն է այն եկեղեցականների դեմ, ովքեր հրապարակավ ընդդիմանում են վարչապետի քաղաքականությանը, ինչպես նաև անվտանգության մարմինների ուղղակի միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին ընթացակարգերին և գործունեությանը։

 

Այս երկսայր ռազմավարությունն ամբողջությամբ դրսևորվեց անցած շաբաթվա ընթացքում։ Փաշինյանի համար կաթողիկոսի հեղինակությունը խաթարելու միջոցներից մեկը դարձել է տարբեր վանքերում և եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներին մասնակցելը՝ պաշտոնյաների և հավատարիմների ուղեկցությամբ։ Այդ պատարագների ընթացքում քահանաներից պահանջվում է չհիշատակել Գարեգին Բ-ի անունը, թեև դա պարտադիր է ըստ եկեղեցական կանոնակարգի։

 

Վերջին նմանատիպ պատարագը տեղի ունեցավ Գյումրիում, և հաղորդվում է, որ վարչապետի այցից առաջ գործընթացին ներգրավվել են հատուկ ծառայությունները։ Տեր Ռուբեն Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է, որ իրեն խնդրել են մասնակցել Փաշինյանի ներկայությամբ մատուցվող պատարագին, և տարբեր դերակատարներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), հորդորել են նրան չհիշատակել կաթողիկոսի անունը․ հրահանգ, որը նա հրաժարվել է կատարել։

 

Փաշինյանն ավելի ուշ հաստատեց ԱԱԾ-ի ներգրավվածությունը՝ նշելով, որ ինքը մասնակցում է միայն այն պատարագներին, որտեղ կաթողիկոսի անունը չի հիշատակվում։

 

Ուշագրավ է նաև, որ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի օրը Փաշինյանի մասնակցությամբ պատարագից առաջ իրավապահ մարմինները փակել էին եկեղեցին և այն վերցրել ամբողջական վերահսկողության տակ։ Քանի որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել առանց կաթողիկոսի անունը հիշատակելու, արարողությունը վարելու համար հրավիրվել էր քահանա Արմավիրի թեմից։ Սա ևս որակվեց որպես եկեղեցու ներքին կանոնների խախտում։

 

Պետական միջամտության մասին վկայող հավելյալ նշաններ ի հայտ եկան, երբ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց այն մասին, որ պատարագներից առաջ պետք է հնչի Հայաստանի օրհներգը, իսկ եկեղեցիների առջև տեղադրվի պետական դրոշը։ Այնուհետև նա հրապարակեց Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման ճանապարհային քարտեզ, որը ներառում է կաթողիկոսի հրաժարականը, ժամանակավոր առաջնորդի ընտրությունը և, ի թիվս այլ քայլերի, նոր Կանոնագրքի ընդունումը։

 

Այս ամենը Հայ առաքելական եկեղեցու կրոնական ազատության և ինքնավարության ակնհայտ ոտնահարում է։ Առավել մտահոգիչ է անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների ներգրավվածությունը՝ գործելակերպ, որը խիստ հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը։ Սա նաև ուղղակիորեն հակասում է Փաշինյանի ավելի վաղ արած պնդումներին, թե ինքը կաթողիկոսի հրաժարականը պահանջում է զուտ որպես «շարքային հավատացյալ»։ Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին հակառակը, և այդ փաստարկն այլևս չի շրջանառվում։ Ազգային անվտանգության ծառայությունը չի փորձում փոխել պատարագի բովանդակությունը շարքային հավատացյալների անունից։

 

Ինչպես նշվեց վերևում, բացի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց, իրավապահ մարմիններն օգտագործվում են նաև եկեղեցու ներսում իշխանության ամենակոշտ քննադատներից ոմանց թիրախավորելու համար։ Այս միտումը շարունակվեց վերջին օրերին, երբ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը կանչվեց Ազգային անվտանգության ծառայություն և մեղադրվեց 2018 թվականին կաթողիկոսի դեմ բողոքող ցուցարարի պայուսակում իբր թմրանյութ տեղադրելու մեջ՝ նրան վարկաբեկելու նպատակով։ Արքեպիսկոպոսը կալանավորվել է երկու ամսով։ Նա Հայ առաքելական եկեղեցու արդեն չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որը կալանավորվել է։

 

Արքեպիսկոպոս Խաչատրյանը նախկինում հայտնվել էր սեքս-սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ տելեգրամյան ալիքներից մեկով արտահոսեցին նրա մասնակցությամբ ենթադրյալ ինտիմ տեսանյութեր, որոնք տարածվեցին իշխանամետ լրատվամիջոցներով։ Չնայած դրան՝ նա շարունակում էր բարձրաձայն ընդդիմանալ եկեղեցու ղեկավարության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին ու գործողություններին և բացառում էր կաթողիկոսի հրաժարականի հնարավորությունը։

 

Յոթ տարի առաջ ենթադրաբար կատարված արարքի համար Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործի հարուցումը լիովին տեղավորվում է եկեղեցու ղեկավարության հետ կառավարության շարունակվող առճակատման տրամաբանության մեջ։ Ինչպես նշվել է «Democracy Watch»-ի նախորդ զեկույցներում, իրավապահ մարմինների և դատական համակարգի շարունակական գործիքայնացումը ներքաղաքական նպատակներով, ընտրովի արդարադատության կիրառման հետ մեկտեղ, մնայուն հետք կթողնի Հայաստանի հեռանկարի վրա՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ օրենքի գերակայությունն ու իշխանությունների տարանջատումն իսկապես անփոփոխելի կլինեն։


 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: