Սեքսիզմ, կարծրատիպեր և վիրավորանքներ. իշխող կուսակցության մտահոգիչ հռետորաբանությունը

24.03.2025
Տիգրան Գրիգորյան
Վերջին շաբաթներին հայ քաղաքական գործիչների, հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների վիրավորական և քաղաքականապես անպատշաճ բառապաշարը լուրջ մտահոգություններ է հարուցում։ Այս միջադեպերը ընդգծում են ավելի մեծ հաշվետվողականության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քաղաքական խորացող բևեռացման պայմաններում:
Անդրանիկ Քոչարյանի սեքսիստական հարձակումները կին լրագրողների վրա
ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կին լրագրողների հանդեպ սեքսիստական և նվաստացնող արտահայտություններ անելու փորձ ունի: Նրա վերջին թիրախը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էր, որի հարցերին նա հրաժարվել էր պատասխանել՝ ասելով «շրթունքներդ մաքրիր»: Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել՝ պնդելով, որ իր մեկնաբանությունները վիրավորական չեն:
Սա առաջին անգամ չէ, երբ Քոչարյանը խտրական բառապաշար է օգտագործում կին լրագրողների դեմ: Տարիներ առաջ մի հարցազրույցում նա վիրավորել էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ ասելով, որ նա պետք է «փաստերով խոսի, ինչպես օրինակ իր մոր և անհայտ հոր անունները տալով»: Քոչարյանը հրաժարվել էր պատասխանել լրագրող Անի Գևորգյանի հարցին՝ «գնա վարսավիրանոց» արտահայտությամբ:
Քոչարյանի մեկնաբանությունները լայն քննադատության են արժանացել լրագրողական հանրության կողմից, կոչեր են հնչել բոյկոտելու նրան և հրաժարվելու նրանից հարցազրույց վերցնել: Այս հռետորաբանությունն արտացոլում է հայկական քաղաքական մշակույթի ավելի լայն խնդիրը, որտեղ սեքսիզմը նորմալացված է և մեծամասամբ անտեսվում է քաղաքական վերնախավի կողմից: Չնայած հաշվետվողականության կոչերին, այդ թվում՝ Էթիկայի հանձնաժողովի կողմից քննության անցկացման պահանջներին, պաշտոնական հետևանքներ չեն եղել:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի վիրավորական բառապաշարը
Վերջերս Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը վիրավորական կարծրատիպ օգտագործեց՝ դիմելով իր քաղաքական ընդդիմախոսներին: Ավինյանը նշեց, որ անկախ նրանից, թե որքան է ընդդիմությունը փորձում հեռանալ նախկին իշխանություններից, դա անհնար է: «Ներեցեք, բայց մարդիկ «փափախով քուրդ» չեն»:
Այս հայտարարությունը ոչ միայն վիրավորական էր, այլև վտանգավոր կերպով բաժանարար՝ էթնիկական և մշակութային կարծրատիպ է տարածում: Թեև Ավինյանի մեկնաբանությունը գուցե նպատակ ուներ քննադատել ընդդիմությանը, այն ընդգծում է ավելի լայն օրինաչափություն, որում քաղաքական առաջնորդները դիմում են նվաստացնող բառապաշարի՝ իրենց քննադատներին նսեմացնելու համար՝ կառուցողական բանավեճի փոխարեն ստեղծելով թշնամանքի մթնոլորտ:
Գևորգ Պապոյանի հակասական հայտարարությունը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերջին հայտարարություններից մեկը ևս մտահոգություններ է հարուցել: Ֆեյսբուքյան գրառման մեջ Պապոյանը, խոսելով Ամուլսարի ծրագրի մեկնարկի մասին, կառավարության քննադատներին նմանեցրել էր «հաչող շներին»՝ օգտագործելով «շունը հաչում է, քարավանը գնում է» արտահայտությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն քննադատությունից հետո նա ջնջեց գրառումը, սակայն ներողություն չխնդրեց:
Հայաստանի քաղաքական դիսկուրսում այս միջադեպերը վկայում են մտահոգիչ միտումի մասին, երբ պաշտոնյաներն օգտագործում են վիրավորական, սեքսիստական և բաժանարար բառապաշար՝ առանց զգալի հետևանքների: Նման հռետորաբանությունը ոչ միայն խարխլում է ժողովրդավարական արժեքները, այլև խորացնում քաղաքական բևեռացումը, խոչընդոտում կառուցողական բանավեճը և օտարում մարգինալացված համայնքներին: Եթե Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր նորաթուխ ժողովրդավարությունը, քաղաքական առաջնորդները պետք է պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար և խթանեն հարգանքի մշակույթը հանրային դիսկուրսում: Այս խնդիրների լուծումը պահանջում է թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, թե՛ հասարակական փոփոխություն՝ պաշտոնյաներից ավելի բարձր ստանդարտներ պահանջելու ուղղությամբ:
#Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: