Ռուսական ոճի քարոզչությունը Հայաստանում․ խնդրի մաս է նաև կառավարությունը

Ռուսական ոճի քարոզչությունը Հայաստանում․ խնդրի մաս է նաև կառավարությունը

05.01.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Անցյալ սեպտեմբերին, երբ հրավիրվել էի ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանի վերաբերյալ լսումներին, հայտնվեցի ռուսական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում։ Լսումների մասին հրապարակումները սկսեցին հայտնվել անմիջապես միջոցառման ազդարարումից հետո։ Ռուսական քարոզչական ամենամեծ տելեգրամյան ալիքներից մեկը՝ Рыбарь-ը, լսումների մասին գրառում արեց։

 

Լսումներից հետո Հայաստանում գործող տելեգրամյան ռուսամետ ալիքները հանկարծակի սկսեցին ջանասիրաբար հետևել ՍիվիլՆեթի իմ փոդքասթին, որը նվիրված է հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։ Նրանք ինչ-որ կերպ կապ գտան Կոնգրեսում իմ ելույթի և փոդքասթում իմ քննարկած շաբաթական թեմաների միջև։ Օրինակ, գրառումներից մեկում խաղաղության գործընթացի մասին հանրահայտ փաստերը ներկայացվում էին որպես բացառիկ տեղեկություն, որը ես իբր ստացել էի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ Փոդքասթի մեկնաբանություններից մի քանիսը այս և այլ գրառումներում կոպտորեն խեղաթյուրվել էին՝ իրենց պատմույթին համապատասխանեցնելու նպատակով։

 

Տելեգրամյան ռուսամետ ալիքները միակ գործիքը չեն Հայաստանում ապատեղեկատվություն տարածելու համար։ Վերջերս նկատվում է անանուն կայքերի աճ, որոնք որևէ տեղեկություն չեն տրամադրում իրենց սեփականատերերի կամ պատկանելության մասին։ Այս հարթակները տարածում են պատմույթներ և կեղծ լուրեր՝ թիրախավորելով Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և քաղաքական գործիչների։ Հասանելիությունն ընդլայնելու համար այս կայքերի նոր հրապարակումները տարածվում են որպես sponsored՝ վճարովի բովանդակություն։

 

Ուշագրավ է, որ այս կայքերի հետևում կանգնած անձինք չարաշահում են ժողովրդավարական հնչեղ բառերը՝ ժողովրդավարական դերակատարներին և գործընթացները թիրախավորելու համար։ Այսօրինակ ամենատեսանելի կայքերից է fact-check.am-ը։ Նպատակն ակնհայտ է՝ վստահելիության երանգ հաղորդել իրենց չարամիտ արշավներին։ Վերջին տարիներին Հայաստանում փաստերի ստուգման լրագրությունը զարգացել է, ինչն այս քարոզիչների համար հարմար է դարձրել իրենց լրատվամիջոցը լրագրության վստահելի այս տեսակի հետ կապելը՝ այդպիսով մոլորեցնելով հանրությանը և պղտորելով իսկական փաստեր ստուգողների աշխատանքը։

 

Այս կայքը ծավալուն հոդված է հրապարակել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի մասին՝ մեր վերլուծական կենտրոնը ներկայացնելով որպես հզոր կազմակերպություն՝ հսկայական ռեսուրսներով, որն իբր գործում է Արևմուտքի հրահանգներով։ Հոդվածը լի էր մանիպուլյացիաներով և բացահայտ կեղծիքներով, ինչպես այս նորաստեղծ անանուն կայքի մնացած բովանդակությունը։ Այս նյութերն այնուհետև տարածվում են վճարովի գովազդի միջոցով դրանց հետ կապված սոցիալական մեդիայի հաշիվներում։

 

Քարոզչական նման լրատվամիջոցների վերածնունդը մտահոգիչ միտում է Հայաստանի համար։ Վերջին տասնամյակում Ռուսաստանը և ավտորիտար այլ դերակատարներ տարբեր երկրների քաղաքական գործընթացներին միջամտելու համար լայնորեն կիրառել են հիբրիդային այսօրինակ մարտավարությունը։ Հայաստանը շուտով մտնելու է ընտրական շրջան, և կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել չարամիտ այս արշավները կասեցնելու և դրանց հետևում կանգնած անձանց կամ կազմակերպություններին բացահայտելու համար։ Այս խնդրի դեմը պետք է առնել, որպեսզի ապատեղեկատվությունը չխարխլի ժողովրդավարական գործընթացները և հանրային վստահությունը։

 

Լավագույնը կլինի, որ կառավարությունն ինքը լինի խնդրի լուծման առաջամարտիկը՝ մշակելով իրավական և ինստիտուցիոնալ ամուր շրջանակ, որն էապես կդժվարացնի հիբրիդային նման մարտավարության գործիքայնացումը։ Այս ոլորտում նախաձեռնողական մոտեցումը կօգնի պաշտպանել ժողովրդավարական գործընթացները և հասարակությունը ապատեղեկատվության ու քարոզչության վնասակար ազդեցությունից։

 

Իրականում, սակայն, կառավարությունը և իշխող կուսակցությունը լուծման մասը չեն, այլ խնդրի մասն են։ 2021-ին Infocom-ի հետաքննությունը բացահայտեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սեփականատեր է մի քանի անանուն կայքերի, որոնք զբաղված են ռուսական ոճի քարոզչությամբ։ Հետաքննությունը նաև բացահայտեց, որ անանուն այս կայքերի բովանդակությունը հաճախ վերահրապարակվում էր իշխող կուսակցության անդամներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող լրատվամիջոցներում։ Մտահոգիչ այս կապը ընդգծում է կառավարության մասնակցությունը ապատեղեկատվության տարածմանը՝ դրա դեմ պայքարելու փոխարեն։

 

Իշխող կուսակցության և ռուսական ոճի քարոզչության մեկ այլ նմանություն է այն, թե ինչպես է գործում Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ երկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցը։ Թեև այն անկասկած ավելի բաց է և պակաս թունավոր, քան ռուսական հեռուստաալիքները, և որոշ տարածք տրամադրում է իսկապես տարաձայն կարծիքների համար, դրա լուսաբանման ոճը և քաղաքական թոք-շոուների ձևաչափը խիստ նման են ռուսական քարոզչական լրատվամիջոցների հաղորդումներին։ Սա վերաբերում է քննարկումների շրջանակը կազմելուն, փաստերի խտրական ներկայացմանը և կառավարության օրակարգին համահունչ պատմույթներն ուժեղացնելու ջանքերին։

 

Ամփոփելով՝ Հայաստանում ապատեղեկատվության և քարոզչության աճող տարածումը, որը սնուցվում է թե՛ արտաքին դերակատարների, թե՛ ներքին ինստիտուտների կողմից, էական սպառնալիք է երկրի ժողովրդավարական զարգացման համար։ Ռուսական ոճի հիբրիդային մարտավարության, կառավարության մեղսակցության և հանրային հարթակների չարաշահման զուգակցումը ստեղծում է միջավայր, որտեղ ճշմարտությունը խեղաթյուրվում է և ժողովրդավարական գործընթացների հանդեպ վստահությունը խարխլվում է։ Այս խնդրի հասցեագրումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը վերաբերում է մեդիագրագիտության խթանմանը, հաշվետվողականության ապահովմանը և ժողովրդավարական իսկական պրակտիկայի առաջմղմանը։ Հայաստանը միայն թափանցիկության, դիմակայունության և հավաքական ջանքերի միջոցով կարող է պաշտպանել իր ժողովրդավարական ապագան և հակազդել քարոզչության վտանգավոր ազդեցությանը։

 

#DemocracyWatch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: