Սահմանադրության վերաձևումը նեղ քաղաքական նպատակներով չի բխում ժողովրդավարության սկզբունքներից
25.02.2026
Տիգրան Գրիգորյան
Փետրվարի 12-ին նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարվեց, որ քաղաքական այդ ուժի վարչապետի թեկնածուն ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է լինելու։ Այս որոշման հետ կապված գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ սահմանադրությամբ պատգամավոր և կառավարություն անդամ կարող են ընտրվել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։
Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացիություն ունենալուց բացի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Ուժեղ Հայաստան կուսակցությունը նախատեսում է հաղթահարել այս սահմանադրական խոչընդոտը ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստանալուց հետո։ Կուսակցության համագումարի ընթացքում Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը․ «Ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
Սա վերջին տարիներին առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր խոշոր ուժի կամ շարժման առաջնորդը հավականում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ չբավարարելով սահմանադրությամբ ներկայացվող պահանջները։ 2024-ի մայիսին «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը ևս հայտարարեց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավականության մասին՝ լինելով երկքաղաքացի (Հայաստանի և Կանադայի)։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ պետք է հանրային ճնշում գործադրվի, որպեսզի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ սահմանադրության մեջ առկա սահմանափակումը հանվի։
Երկու դեպքում էլ տարբեր իրավաբաններ պնդել ու պնդում են, որ սահմանադրության այդ հոդվածը փոխելու կամ չեղարկելու վերաբերյալ հայտարարություններն ու մտադրությունները իրավական տեսանկյունից խնդրահարույց չեն և կարող են իրականացվել։ Նամանավանդ, եթե ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեն այդ ճանապարահային քարտեզի մասին նախօրոք հայտարարած քաղաքական ուժի օգտին։
Այնուամենայնիվ, այս մոտեցումը խիստ նեղ և միակողմանի հայացք է ժողովրդավարությանը և ժողովրդավարական կառավարմանը։ ժողովրդավարական զարգացումն ու ժողովրդավարական կայունությունը շատ հաճախ կախված են ոչ միայն գրված օրենքներից ու ընթացակարգերից, այլև չգրված քաղաքական նորմերից։ Ժողովրդավարությունների կայացմանը ու կայունությանը նպաստող գլխավոր պայմաններից մեկը քաղաքական պայքարին մասնակցող բոլոր դերակատարների կողմից ընդունված խաղի կանոնների առկայությունն է, որոնք չեն փոփոխվում ընտրությունից ընտրություն և կախված չեն նեղ խմբային նախապատվություններից։ Այդ խաղի կաննոները կարող են լինել ինչպես գրված, այնպես էլ չգրված։ Այդ առումով նեղ քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների իրականացումը կամ նոր սահմանադրությունների ընդունումը վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարական հետընթացի կարևոր ցուցիչներից են դարձել աշխարհի տարբեր մասերում։
Հայաստանի վերջին տասնամյակի պատմությունը ևս դրա մասին է խոսում։ 2015 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունների դեպքում ևս ֆորմալ առումով որևէ օրենքի կամ ընթացակարգի խախտում տեղի չէր ունեցել։ Ավելին, դրանք իրականացվել էին համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը նեղ քաղաքական էր՝ Սերժ Սարգսյանի համար իշխանության մնալու համար մեխանիզմ ստեղծելը, ինչը հակասում էր ժողովրդավարական հիմնարար նորմերին։
Սա, բնականաբար, չի նշանակում, որ սահմանադրություններում ժամանակի ընթացքում չեն կարող փոփոխություններ տեղի ունենալ կամ նոր սահմանադրություններ չեն կարող ընդունվել։ Նույնիսկ աշխարհի ամենակայացած ժողովրդավարություններում ժամանակ առ ժամանակ այդպիսի անհրաժեշտություն առաջանում է։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ սահամանադրության մեջ 27 փոփոխություն է կատարվել դրա գոյության 200-ից ավել տարվա ընթացքում։ Սակայն այս և նմանատիպ այլ դեպքերում փոփոխությունները հիմնականում տեղի էին ունենում հանրային լայն պահանջի, հասարակության մեջ առկա հակամարտությունները հաղթահարելու և այլ ծանրակշիռ ու օբյեկտիվ պատճառների հիման վրա՝ երկարատև հանրային քննարկումներից հետո։
Սամվել Կարպետյանի քաղաքական ուժի կողմից հայտարարված նպատակը չի համապատասխանում վերոնշյալ պայմաններից որևէ մեկին։ Հայաստանում վերջին տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների կողմից հատուկենտ իրավիճակային հայտարարություններից բացի երբեք լրջորեն չի քննարկվել քաղաքացիության հետ կապված սահմանափակումը փոխելու հարցը։ Մինչ այսօր այդ թեմայով որևէ լուրջ քաղաքացիական նախաձեռնություն կամ քաղաքական օրակարգ գոյություն չի ունեցել։ Այդ առումով ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունը միմիայն նպատակ ունի լուծելու Սամվել Կարապետյանի համար առկա խոչընդոտը վերացնելու խնդիրը։ Եվ այս իրավիճակը, երբ քաղաքական դերակատարները, սեփական նեղ շահերից ելնելով, փորձում են ձևափոխել խաղի կանոնները, խիստ վտանգավոր է Հայաստանում ժողովրդավարության կայացման հեռանկարների տեսանկյունից։
Այս նույն խնդիրը գոյություն ունի սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի վարչապետի և իշխող ուժի դիրքորոշման դեպքում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այն մասին, որ կա ոչ թե սահմանադրության մեջ փոփոխություններ անելու, այլ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն, այդպես էլ պատշաճ կերպով չի հիմնավորվել։ Այդ առումով հանրության հետ սահմանադրության փոփոխության մտադրության իրական պատճառների վերաբերյալ բաց և ազնիվ խոսակցության բացակայությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով լուրջ խնդիրներ են ստեղծելու դրա լեգիտիմության հետ կապված։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: