Պաշտոնանկությունների ոճը վտանգ է սահմանադրական կարգի համար

Պաշտոնանկությունների ոճը վտանգ է սահմանադրական կարգի համար

28.11.2024

 

Տիգրան Գրիգորյան և Տաթև Բաղդասարյան

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկությունների ալիք է, որն ուղեկցվեց մի քանի նախարարների և պաշտոնյաների հրաժարականներով։ Որոշ պաշտոնյաներ արդեն փոխարինվել են նորերով: Սակայն այս հրաժարականների շուրջ ստեղծված հանգամանքները վիճահարույց են և սահմանադրական կարգի վերաբերյալ մտահոգություններ են առաջացնում:

 

Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը խոստովանեց, որ բոլոր հրաժարականները տեղի են ունեցել իր հորդորով: Հրաժարական տված պաշտոնյաների թվում են երկու նախարար և պետական կառույցների չորս ղեկավար:

 

Ամենավիճահարույց հրաժարականը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանինն էր: Իրավագետները պնդում են, որ այս գործողությունը սահմանադրական մի շարք դրույթների խախտում է:

 

Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է իշխանությունների բաժանում՝ օրենսդիր, գործադիր և դատական, որպեսզի ապահովվի զսպումների և հակակշիռների համակարգը: Դատական իշխանությունն անկախ ճյուղ է՝ պաշտպանված գործադիրի միջամտությունից: Փորձագետները Փաշինյանի՝ Անդրեասյանի հրաժարականի ուղղակի պահանջը դիտարկում են որպես սահմանադրական սկզբունքների խախտում, այդ թվում՝ հոդված 4-ի, որը սահմանում է իշխանությունների տարանջատման սկզբունքը և հոդված 441-ի: Այս հոդվածը սահմանում է, որ պետական պաշտոնյաներին արգելվում է կատարել իրենց լիազորություններից դուրս գործողություններ, որոնք էական վնաս են հասցնում հասարակության և պետության օրինական շահերին:

 

Փաշինյանն արտահայտել է իր դժգոհությունը դատական որոշ որոշումներից՝ որպես Անդրեասյանի ազատման հիմնավորում նշելով դատական համակարգի ավելի մեծ անկախության ձգտումը: Սակայն նրա գործողությունները կտրուկ հակասում են հայտարարված տրամաբանությանը: Անդրեասյանի հրաժարականը «խնդրելով»՝ Փաշինյանը վերազանցել է վարչապետի իր լիազորությունները՝ խաթարելով հենց այն անկախությունը, որի մասին ինքն էր պնդում: Այս միջամտությունը ընդգծում է Հայաստանի դատական համակարգի խոցելիությունը և արտաքին ճնշումների նկատմամբ դրա զգայունությունը:

 

Կարեն Անդրեասյանի նշանակումն այս պաշտոնում նույնպես զգալի հակասություններ էր առաջացրել՝ հաշվի առնելով Փաշինյանի կառավարությունում նախարարի նրա նախկին պաշտոնը և իշխող կուսակցության հետ կապը: Սա ոչ միայն մտահոգիչ էր, այլև խախտում էր իշխանությունների տարանջատման և դատական անկախության սկզբունքները:

 

Անդրեասյանի գործից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի (նախկին Հատուկ քննչական կոմիտե) ղեկավար Սասուն Խաչատրյանի հրաժարականը նույնպես մտահոգություններ է առաջացրել վարչապետ Փաշինյանի գործողությունների օրինականության վերաբերյալ: Նախորդ հրաժարականի նման, Փաշինյանն SMS է ուղարկել՝ «խնդրելով» Խաչատրյանի հրաժարականը: Կոմիտեն պատասխանատու է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների քննության համար: Հաշվի առնելով Խաչատրյանի հրաժարականի շուրջ ստեղծված հանգամանքները՝ լուրջ կասկածներ կան կոմիտեի՝ իր հիմնական մանդատը արդյունավետ իրականացնելու կարողության վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի իշխող քաղաքական թիմի անդամներին:

 

Այս զարգացումները կրկին ընդգծում են Հայաստանի ժողովրդավարական ուղու մտահոգիչ կողմը՝ թույլ ինստիտուտները և իմաստալից ինստիտուցիոնալացման քաղաքական կամքի բացակայությունը: Անկախ հաստատությունների նկատմամբ իշխող կուսակցության բացարձակ վերահսկողությունը՝ զուգորդված վարչապետի գերիշխող ազդեցությամբ, լուրջ սպառնալիք է երկրի ժողովրդավարական կայացման հեռանկարների համար: Կառավարման այս անձնավորված ոճը պարարտ հող է ստեղծում ժողովրդավարական հետընթացի և իշխող կուսակցության ձեռքում իշխանության էլ ավելի մեծ կենտրոնացման համար:

 

Democracy Watch-ը Սիվիլնեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: