RCDS Insights: Արցախի նախագահի հրաժարականը
Ինչ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։
Համատեքստ
Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ կոչեր հնչում էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ 2020 թվականի դեկտեմբերի 16-ի իր ուղերձում Հարությունյանը խոստացել էր հրաժարկան տալ, երբ Արցախում բարենպաստ պայմաններ ստեղծվեն, և նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն լինի։
Ի հեճուկս ներքաղաքական բարդ իրավիճակի՝ վերջին երկու տարվա ընթացքում Հարությունյանը կարողացել էր պահպանել իր իշխանությունը՝ քննադատների հետ գործարքներ կնքելով և կոոպտացնելով ընդդիմության տարբեր անդամների։ Իր կառավարության լեգիտիմությունը բարձրացնելու համար Հարությունյանը 2022 թվականի նոյեմբերին Ռուբեն Վարդանյանին նշանակել էր պետնախարարի պաշտոնում։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները լարվել էին, և Վարդանյանը 2023-ի փետրվարին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո Ռուբեն Վարդանյանը աշխատում էր Արցախում Արայիկ Հարությունյանի կառավարության քաղաքականությամբ դժգոհ ուժերի համախմբան ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը կարողացել է հաջողությամբ բավականին լայն քաղաքական դաշինք ստեղծել, որը ներառում է ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, ինչպես նաև վերջիններիս ազդեցության գոտում գտնվող ուժայիններին։
Պետք է նաև նշել, որ Արցախում կա մեկ այլ խոշոր քաղաքական բևեռ, որի առաջնորդը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է։ Այս բևեռը ևս պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Մի խոսքով՝ Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ կար բոլոր կողմերից։ Լայն քաղաքական կոնսենսուս էր ձևավորվել այն մասին, որ Հարությունյանը այլևս ի վիճակի չէ կարտարել իր պարտավարությունները։
Ներկայիս քաղաքական ճգնաժամը մեկնարկել էր շաբաթներ առաջ, երբ Ռուբեն Վարդանյանի կողմից համախմբված վերոնշյալ շրջանակը սկսեց ակտիվորեն պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը փակ դռների հետևում։ Այդ ժամանակահատվածում հայաստանյան մամուլում արդեն իսկ հրապարակումներ կային Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին, որոնք արտատպվում էին նաև ադրբեջանական մամուլում։
Այս կուլիսային քաղաքական պայքարը հանրության համար տեսանելի դարձավ, երբ Ռուբեն Վարդանյանը տեսահոլովակ հրապարակեց, որի մեջ նա քննադատում էր Արայիկ Հարությունյանին և մեղադրում փակ հանդիպումներից մեկում հարաժարական տալու խոստումը չկատարելու մեջ։ Ճգնաժամը ավելի խորացավ, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրված իր ապօրինի անցակետից առևանգեց արցախցի երեք ուսանողների։ Այս միջադեպը Ստեփանակերտում տարերային ցույցերի պատճառ դարձավ։
Այդ լարված իրավիճակում Արցախի Ազգային ժողովում գլխավոր դերակատարների մասնակցությամբ երկարատև քննարկում տեղի ունեցավ, որը ավարտվեց օգոստոսի 29-ի վաղ առավոտյան։ Քննարկումից հետո Հարությունյանը խոսեց ԱԺ դիմաց հավաքված մարդկանց մեծ խմբի հետ և խոստացավ մոտակա օրերին որոշում կայացնել իր հրաժարականի վերաբերյալ։ Օգոստոսի 31-ին նա հայտարարեց, որ պատրաստվում է հաջորդ օրը հրաժարական ներկայացնել։ Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։
Ինչ է տեղի ունենալու
Նոր նախագահ ընտրելու ընթացակարգը հետևյալն է․ հրաժարականի դիմումից երեք օր հետո խորհրդարանում մեկնարկելու է թեկնածուների առաջադրման գործընթացը, որը տևելու է երեք օր։
Դրանից հետո խորհրդարանը ձայների 2/3-ով պետք է ընտրի նոր նախագահ։ Եթե սահմանադրական մեծամասնությամբ հնարավոր չլինի ընտրել նախագահ, տեղի է ունենալու նոր ընտրություն, և նախագահը արդեն ընտրվելու է պարզ մեծամասնությամբ։
Պետք է նշել, որ Ազգային ժողովը ռազմական դրության պայմաններում նախագահ ընտրելու իրավունք ստացել է ամիսներ առաջ, երբ տեղի ունեցան համապատասխան փոփոխություններ։ Մինչև ընտրությունները նախագահի պարտականությունները կատարելու է ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանը։
Հնարավոր թեկնածուն
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանը լինելու է նախագահի հավանական թեկնածուն։ Շահրամանյանը սերտ կապեր ունի ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ և տարբեր պաշտոններ է զբաղեցրել անվտանգության համակարգում։ Նա ինքնուրույն դերկատար չէ և դիտարկվելու է որպես Ռուբեն Վարդանյանի կողմից կոնսոլիդացված վերոնշյալ քաղաքական դաշինքի ներկայացուցիչը։
Հետևանքներ
1․ Այս զարգացումները կարող են բարդացնել Հայաստանի կառավարության և Արցախի հարաբերությունները, քանի որ վերոնշյալ քաղաքական դաշինքի բոլոր անդամները բացասական վերաբերմունք ունեն ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Նրանցից որոշները, ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետի և իր թիմի վերաբերյալ հրապարակային քննադատություն են հնչեցնում։ Ավելին, այդ դաշինքի մաս հանդիսացող ուժերը սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի նախկին իշխող էլիտաների հետ։
2․ Այս ոչ ֆորմալ քաղաքական դաշինքը ավելի կոշտ մոտեցումներ ունի հակամարտության առնչվող կարևոր հարցերի նկատմամբ։ Սա կարող է բարդացնել գետնի վրա գործնական լուծումներ գտնելու գործընթացը։
3․ Քաղաքական այս փոփոխություններով որոշում կայացնելու գործընթացը Արցախում ավելի կոլեգիալ բնույթ է ստանալու և տեղի է ունենալու այս ոչ ֆորմալ խմբի շրջանակում։
4․ Ռուսաստանի դերը․ ի հեճուկս Հայաստանում տարածված կարծիքի՝ Մոսկվան լուրջ դերակատարություն չի ունեցել այդ գորխընթացներում։ Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայումից հետո Ռուսաստանը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել Արցախի ներքաղաքական գործընթացների նկատմամբ։ Չնայած իշխանության եկող դաշինքը ի սկբազնե ավելի պրոռուսական հայացներ ունի, նրանց կողմից առաջարկվող լուծումները ուղիղ հակադրության մեջ են Ռուսաստանի հրապարակային նպատակների հետ