տեղի ունեցավ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը
18․02․2026
2026թ․ փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ու փորձագիտական դաշտի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ դերակատարներ։
Առաջին պանելային քննարկման բանախոսներն էին Տիգրան Գրիգորյանը (ԺԱՏԿ), Հայկ Քոչարյանը (ՔՄՀԿ), Արսեն Խառատյանը (Ալիք մեդիա), Բենիամին Պողոսյանը (Ապրի Արմենիա), քննարկման վարում էր Արտակ Շաքարյանը (ՄՀԻ)։ Պանելի ընթացքում քննարկվեց Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու անվտանգության միջավայրը Վաշինգտոնյան գագաթնաժողովին հաջորդած շրջանում։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային տարբեր դերակատարների արձագանքին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներին։
Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացում առկա մարտահրավերներին։ Բանախոսներ Միջերիտա Խաչատրյանի (Փախստականների էստոնական խորհուրդ), Հայկ Խանումյանի (ԺԱՏԿ) և Զարուհի Բաթոյանի (ԱԺ պատգամավոր) հետ այս թեմայով զրույցը վարում էր լրագրող Հայկ Ղազարյանը (Սիվիլնեթ)։ Բանախոսները խոսեցին արցախցիների ներառման ուղղությամբ կառավարության կատարած քայլերի, հաջողած ու ձախողած ծրագրերի, այս հարցում քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության դերակատարության մասին։
Երրորդ քննարկումը նվիրված էր ներքին մարտահրավերներին՝ իրավունքի գերակայությանը, մեդիային և ընտրություններին, որի շուրջ Մարիամ Հովեյանի մոդերացիայով զրուցեցին Տաթև Ղազարյանը (ԺԱՏԿ), Արթուր Պապյանը (ԵՄԱ), Իզաբելլա Սարգսյանը (ԵՀՀ) և Աննա Մելիքյանը (ԻՊԱՍ)։ Մասնակիցները քննարկեցին կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված խնդիրները, անդրադարձ կատարեցին Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհներին և դրա համար ստեղծվող ենթակառուցվածքներին, վերլուծեցին կառավարություն-եկեղեցի դիմակայությունից բխող հնարավոր ռիսկերը՝ բարձրաձայնելով նաև դատաիրավական համակարգում առկա խնդիրների մասին։
Համաժողովը անցավ ակտիվ և մասնակցային քննարկումների մթնոլորտում։
Համաժողովի տեսագրությունը կարող եք նայել այստեղ։