Պաշտոնական դիրք և անձնական շահ. Տիգրան Ավինյանի պատմությունը
09.12.2024
Տաթև Բաղդասարյան
Վերջերս հայտնի դարձավ, որ նոյեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինը հոգանոց պատվիրակությամբ պաշտոնական այցով մեկնել էր Լոս Անջելես: Ուղևորությունը կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը ուղիղ, մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Luxury Voyage ՍՊԸ-ի հետ՝ մոտ 31,800 դոլար արժողությամբ: Ծախսերը ներառել են էկոնոմ դասի ութ տոմս՝ մոտ 12,300 դոլար ընդհանուր արժողությամբ, իսկ Ավինյանի բիզնես դասի մեկ տոմսն արժեցել է 19,560 դոլար: Քաղաքապետարանը Luxury Voyage ՍՊԸ-ի հետ համագործակցության պատմություն ունի. այդ ընկերության հետ 2023-2024 թվականներին առնվազն յոթ գործարքի մասին է հայտնի: Կրկնվող այս գործարքները լուրջ հարցեր են հարուցում հանրային միջոցների հնարավոր չարաշահման և քաղաքապետարանի գնումների գործընթացում հովանավորչության ու կոռուպցիայի կասկածների վերաբերյալ:
Այս հետաքննությունը հրապարակվեց Երևանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման որոշման ֆոնին: Քաղաքապետարանի պաշտոնյաները որոշումը հիմնավորում են ռեսուրսների պակասով և հանրային տրանսպորտի համակարգի արդյունավետության անհրաժեշտությամբ: Քաղաքապետի ծախսերը, մինչդեռ, հակասում են քաղաքապետարանի հռետորաբանությանն ու պատճառաբանություններին:
Առաջին անգամ չէ, երբ քաղաքապետ ու նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնվում է հանրային քննադատության կենտրոնում:
Կոռուպցիայի մեղադրանքներից և ընտանեկան բիզնեսի կասկածելի գործարքներից մինչև վարքագծի կանոնների խախտումներ. նրա քաղաքական կարիերան լի է հակասություններով: Հետաքննող շատ լրագրողներ բացահայտել են Ավինյանի շուրջ վիճահարույց պատմություններ: Ստորև ներկայացնում ենք փոքր ակնարկ, թե ինչ պետք է իմանալ Երևանի քաղաքապետի մասին:
Բիզնես կապեր և ընտանեկան ներգրավվածություն
Վիճահարույց ամենանշանակալի դեպքերից մեկը վերաբերում է Ավինյանի կապին «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ, որը նա հիմնադրել է 2010-ին: Ոռոգման համակարգերի և լանդշաֆտային դիզայնի մեջ մասնագիտացած ընկերությունը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում էապես շահել է պետական ծրագրերից: 2018-ին, երբ նա փոխվարչապետ էր, «Իրիգեյթը» ստացել է մոտ 35,000 դոլարի դրամաշնորհ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից՝ չրերի արտադրություն զարգացնելու համար:
Մեկ այլ ուսումնասիրություն բացահայտել է, որ պետական գյուղատնտեսական ծրագրի ինը շահառու ենթապայմանագրեր են կնքել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ: Հինգ շահառու ստացել է մոտ 620,000 դոլար ուղղակի վճարում՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար:
Էթիկական խախտումներ և հետաքննություններ
Ավինյանի՝ միաժամանակ Երևանի փոխքաղաքապետի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելը նույնպես խնդրահարույց է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել՝ կասկածի տակ դնելով երկու պաշտոնների միաժամանակյա զբաղեցման օրինականությունը: Հարուցվել է քրեական գործ՝ հանրային ծառայության մասին օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: ԱՆԻՖ-ում Ավինյանի նախագահության ժամանակ ֆոնդի վերաբերյալ եղել են կառավարման ու միջոցների չարաշահման վերաբերյալ հիմնավոր մեղադրանքներ: 2023-ի ապրիլին քրեական վարույթ հարուցվեց՝ հիմնադրամում պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերով յուրացման հնարավոր դեպքերը քննելու համար: 2024-ի նոյեմբերի դրությամբ այս քննությունները շարունակվում են, մեղադրանքներ չեն առաջադրվել:
2024-ի հունիսին ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել Ավինյանի նկատմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ նրա հնչեցրած անպատշաճ արտահայտությունների և վիրավորանքների համար, որոնք համարվել են հանրային պաշտոնյաների վարքագծի կանոնների խախտում:
Սթափ իրականություն
Ավինյանի վիճահարույց պատմությունները վկայում են Նիկոլ Փաշինյանի վարչապետության ներքո Հայաստանի կառավարման ավելի լայն մարտահրավերների մասին: Փաշինյանը իշխանության եկավ կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկություն հաստատելու խոստումով, սակայն Ավինյանի նման բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները սասանում են հանրային վստահությունը:
Իշխանության և ազդեցության չարաշահման մասին վկայող քայլերը թուլացնում են քաղաքացիների հավատը ընտրված ղեկավարների և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ՝ էական ռիսկեր ստեղծելով երկրի քաղաքական կայունության համար:
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: