Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը
28.03.2024
Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։
Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։
Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնել գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն է նոր սահմանվում)՝ այս հոդվածը փորձ է հայացք նետելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը ՀՀ իշխանության ընդհանուր պոպուլիստական նախընտրությունների լույսի ներքո։
Համեմատական քաղաքագիտության մեջ այս պահին առկա տվյալներն իրենք են ցույց տալիս, որ շատ դեպքերում պոպուլիզմ ինքնուրույն չի կարող բացատրել արտաքին քաղաքական որոշումները, ու հաճախ ավելի կարևոր է պոպուլիստ իշխանության որդեգրած քաղաքական գաղափարախոսությունը։ Հայաստանի դեպքում սա միայն բարդացնում է վերջինիս ուսումնասիրումը, քանի հետհեղափոխական իշխանությունը ինքն է հրաժարվում ասոցացվել որևէ գաղափարախոսության հետ։
Ինչևէ, պոպուլիզմն ինքնին գաղափարախոսություն չէ, այն աշխարհայացքի ձև է, քաղաքական ոճ, դիսկուրսի տեսակ, կամ քաղաքական մոբիլիզացիայի ռազմավարական մոտեցում։ Սրանք կարող են յուրացվել թե՛ աջ-պահպանողականների կողմից, թե՛ ձախ-ազատականների կողմից։ Սրա միջոցով պոպուլիստները բաժանում են աշխարհը բարի ու չարու, տարանջատում են չարչարված ժողովրդին չարչարող էլիտայից, և պնդում, որ իրենք, հենց իրենք ու բացառապես իրենք են ներկայացնում ժողովրդին։ Նրանք կասկածի տակ են առնում ամեն նախկինը (բառօգտագործումը միտումնավոր չէ), հղումներ անում պարզունակ բարոյական նորմերին, սրում կոնֆլիկտները և օգտագործում (ան)պատեհ առիթները ընտրողների աջակցությունը գեներացնելու համար։
Թեև անգամ այսքանից կարելի է որոշ ենթադրություններ անել պոպուլիստների արտաքին քաղաքականության մասին ևս, բայց փորձենք մանրամասնել մի քանի դրսևորումների շուրջ[1]։
Փոխզիջումնե՞ր, թե՞ սրում
Միջազգային օրինակների որոշ դիտարկումներ ցույց են տալիս, որ պոպուլուստները ավելի պակաս են հակված կոմպրոմիսների (S. Destradi et al. 2021)։ Եթե աշխարհին նայում ես Մանիքեական հայացքով՝ բացարձակ չարիքները ընդդեմ բացարձակ բարու, ապա վերանում է միջինը, այն է՝ փոխզիջումը, և էլ ինչ փոխզիջում բացարձակ չարի հետ։
Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ՀՀ արտաքին քաղաքականությունը թեև ոճային առումով ուներ որոշ պոպուլիստական արտահայտումներ, սակայն մեծ հաշվով ի սկզբանե դրանց արտահայտումները շատ չէին, բայց սրվեցին աստիճանաբար։
Պոպուլիստների հատուկ նման հակափոխզիջումային դիրքորոշում Ադրբեջանի հանդեպ որդեգրվեց պատերազմին անմիջապես նախորդող ամիսներին, ու թեև այն առաջին հերթին հիմնված էր Տավուշյան մարտերի հաջողության անհիմն էյֆորիայի վրա, սակայն պոպուլիստական՝ որպես բացարձակ արդար ճշմարիտ դիրքավորումը նույնպես իր դերը խաղացել է։
Պատերազմից հետո, սակայն, պարտադրված ռացիոնալիզացումը, այն է կատարված ու հնարավոր արհավիրքի ծավալների գիտակցումը, ստիպեցին կտրականապես շրջել այս մոտեցումը Բաքվի հանդեպ։ Հետպատերազմական շրջանում, սակայն, փոխզիջումներից բացարձակ հրաժարում է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Անգամ եթե ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ քննարկել թե՛ անկլավների հարցի տարբեր սկզբունքներ, թե՛ միջազգային իրավական հայցերի հետկանչումը, ապա Ռուսաստանի հետ կարծես կարմիր գծերը պաշտպանելու պատրաստակամությունը ավելի կարմիր է թվում։
Գրականությունը հուշում է նաև, որ պոպուլիստները հակված են սրել կոնֆլիկտայնությունը, ոչ թե մեղմել այն (Moffitt, 2017, Ostiguy 2017)։ Կրկին, սա վերաբերելի է Ադրբեջանին՝ մինչ պատերազմը և Ռուսաստանին՝ պատերազմից հետո (Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում, կամ Ալեն Սիմոնյան-Մարիա Զախարովա անվերջ ու աննահանջ պոլեմիկան)։ Պոպուլիստները նաև նման միտումնավոր սրացումները օգտագործում են ներքին լսարանի աջակցությունը մոբիլիզացնելու համար (Tir 2010) և խոստանում վերականգնել պետական ինքնիշխանությունը, (Chryssogelos 2018)։ Այս երկու երևույթների համատեղ կիրառմանը բյուրեղացած ականատես եղանք Երևանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, երբ «նախկինների» փաստարկը արդեն մաշվել էր ու աջակցության համար պետք էր գլխավոր մրցակցին պիտակավորել որպես Ռուսաստանի թեկնածու ու միավորվել հանուն ինքնիշխանության։ Բնականավար, այս շարժումը ավելի մեծ թափ ստացավ ռուս խաղաղապահնների ներկայությամբ Արցախի հայաթափումից հետո և ռուսական մեդիայի միջոցով Հայաստանում բողոքի ցույցերի վրա ներգործության փորձերի արդյունքում։
Միջազգային բազմակողմ կառույցներ և ինտերնացիոնալիզմ
Թրամփի, Ջոնսոնի ու Օրբանի օրինակներով կարելի է կարծել, որ բոլոր պոպուլիստները դեմ են միջազգային կառույցներին, ձգտելու են դրանք քանդել, թուլացնել կամ լքել։ Նրանց քննադատությունը տեղավորվում է նաև ներքին քաղաքականության տրամաբանության մեջ․ ինչ արվել է մեզնից առաջ ծառայել է հին էլիտաներին (կապ չունի ներքին, թե գլոբալ) և դեմ է ժողովրդին, որի վերջնական հանգրվանը ինքնիշխանությունն է։
Հայաստանի պարագայում պատկերը միանշանակ չէ։ Երևանը կարծես դեմ է եվրասիական բազմակողմ կառույցներին, սակայն շտապում է եվրոպական կամ արևմտյան կառույցներ։ Այսինքն հարցը ոչ թե բուն վերազգային ինտերնացիոնալիզմն է, այլ նախկին կարգի փոփոխումը, քանի որ, ըստ պոպուլիստական տրամաբանության, այն նախկին է, քանի որ դրանցից է, որ տուժել է պետությունը, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող դրսևորումները ավելի զգայուն են, տեսանելի և դրանց շուրջ նարատիվները սիստեմատիկ կերպով արդեն հաստատվել են, մինչդեռ հենց եվրոպայում տարածված եվրոսկեպտիկ նարատիվները հայկական քննարկումներին դեռ բավական խորթ են։
Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ միջազգային կառույցների դեմ ուղղված պոպուլիստների քննադատությունները շատ հաճախ դատարկ են, ու գործողությունների չեն վերածվում, հատկապես, երբ դրանցից կա տնտեսական օգուտ․ Օրբանը դեմ է Բրյուսելին, բայց ԵՄ-ից դուրս չի գալիս, Փաշինյանը քննադատում է եվրասիական կառույցները, բայց ձգտում ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի ստեղծմանը, իսկ պետական բյուջեն վայելում է ԵԱՏՄ-ում առևտրի աննախադեպ ծավալաները (Plagemann and Destradi 2019; Destradi et al. 2021)։
Ավելին, հեղափոխությունից պատերազմն ընկած շրջանում Հայաստանը բազմիցս հանդես էր գալիս այդ կառույցների արդյունավետությունը բարձրացնելու կառուցողական նախաձեռնություններով։ Հատկապես Գլոբալ հարավի (աղքատ կամ զարգացող երկրներ) պոպուլիստները տեղական աջակցություն ստեղծելու համար ավելի հաճախ թիրախավորել են միջազգային կառույցները այն դեպքում, երբ ի սկզբանե եղել է դրանց հանդեպ հանրային դժգոհություն։
Արտաքին քաղաքականության բազմազանեցում
Դեստրադի և Փլեյգմանի 2019 թ․ հետազոտությունը ցույց է տալիս, որ Գլոբալ հարավի պոպուլիստները գերազանցապես ձգտում են թուլացնել կախվածությունը մեկ դաշնակցից ու բազմազանեցնել արտաքին քաղաքականությունը։ Սա հատկապես տեղավորվում է հետգաղութային խոսույթի մեջ, ըստ որի պետք է պայքարել նախկին կեղեքիչ մետրոպոլիայի դեմ․ բանալի բառ՝ նախկին։
Ներքին քաղաքականության մեջ նոր լավերի ու վատերի տարանջատումը տրամաբանորեն ձգվում է նաև արտաքին քաղաքականության դաշտ։ Հետևաբար հին ամեն ինչի վերարժևորման զոհ են դառնում նաև նախկին գործընկերները։ Հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու իշխանության ձգտումը շատ ավելի բազմաբովանդակ է և ունի շատ պատճառներ, իսկ վերոնշյալը ավելի շատ ֆոնային է։ Բացի այդ, կարծում են պոպուլիստները, որ նախկին հարաբերությունները պետք է փոխել նորերով, այդ թվում նրա համար, որ դրանք հաստատել են նախկինները՝ «օտարերկրացիների կոշիկներ լիզելով»։
Արտաքին քաղաքականության որոշումների կայացման համակարգ․ կենտրոնացում և անձնավորում
Ինչպես նշվեց, պոպուլիստները դեմ են էլիտաներին։ Քանի որ արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը պատմականորեն եղել է էլիտիստ ու փակ ոլորտ, գրեթե անխուսափելի է, որ արտաքին քաղաքականությունն իրականացնող այս համակարգը վրիպի պոպուլիստների ուշադրությունից։ Դիվանագիտական արարողակարգերից պոպուլիստների շեղումը չարյաց փոքրագույնն է, իսկ տեղին օգտագործելու դեպքում կարող է անգամ օգուտ տալ։
Ավելի կարևոր է որոշումների մշակման ու ընդունման գործընթացը։ Հայաստանում դա մինչ հեղափոխությունն էլ ավանդաբար սահմանափակված է եղել խիստ սակավ թվով շրջանակի, և այդ պրակտիկան շարունակվել է 2018 թ․-ից հետո, անգամ փոքր ինչ բարդացել՝ ըստ նոր Սահմանադրության ու ոչ ֆորմալ կանոնների, ԱԽՔ-ԱԳՆ-Վարչապետի աշխատակազմ ցանցի համակարգման պատճառով։
Որոշումների կայացման կենտրոնացման վկայություն է այն, որ համատարած են դարձել դեպքերը, երբ Հայաստանի քաղաքականություն կամ վերաբերմունք ինչ որ հարցի շուրջ արտահայտվում է վարչապետի որևէ հարցազրույցում, ակնհայտորեն պահի տակ (առնվազն ձևակերպման մասով), որին հաջորդում է բազմապիսի պաշտոնյաների կողմից այդ դիրքորոշման բացատրությունը, արդարացումը, հիմնավորումը, ինչն անելու կարիքը, ցավոք, պետք էր անգամ անել ՄԱԿ Անվտանգության խորհրդում, երբ Ջեյհուն Բայրամովը օգտագործում էր Փաշինյանի խոսքերը իր պետության ագրեսիայի ծավալը անվնաս ներկայացնելու համար։
Համակարգի անձնավորումը, ոչ օրթոդոքս քաղաքականությունների որդեգրումը հաճախ սրում է կարիերային դիվանագետների հարաբերությունները պոպուլիստ ղեկավարների հետ, որը հաճախ ավարտվում է վերջինիս հաղթանակով։ Օրինակ, Թրամփի կառավարման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունում աննախադեպ թվով հաստիքներ դատարկ էին մնացել, իսկ Հայաստանում ԱԳՆ-ի հետ կոնֆլիկտն իր գագաթնակետին հասավ պատերազմից հետո, թեև այստեղ բուն բովանդակային պատճառներն էլ քիչ չէին։
Պոպուլիստների կառավարման ժամանակ լուսանցք են մղվում փորձագետները։ Նրանց ոչ թե հաշվի են առնում, այլ ավելի հաճախ օգտագործում իշխանությանը ձեռնտու նարատիվները տիրաժավորելու համար։ Վերջիններս, իհարկե, փորձագիտության հետ կապ չունեն, թեև այդպես են դիրքավորվում հանրային վստահություն շահելու համար, իսկ մեդիան վերջիններիս ջրաղացին ջուր է լցնում՝ եթեր լցնելու կարիքից կամ պատվերից դրդված։ Հայաստանն այս խրոնիկ հիվանդությամբ տառապում է շատ լուրջ, ու ո՛չ բուժում կա, ո՛չ էլ բուժելու ցանկություն։
Ամփոփում
Արտաքին քաղաքականության մեջ պոպուլիզմի ազդեցության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման առաջնորդներն ու թիմերը կարող են լինել ավելի հակամարտային, պակաս կանխատեսելի, փորձեն վերանայել նախկին միջազգային կարգերը, դեպի արտաքին քաղաքականություն արտատպել լավի ու վատի մասին ներքին նարատիվներն ու բաժանարար գծերը, կամ մակերեսորեն հիմնվել արժեքների վրա, այլ ոչ թե պրագմատիզմի։
Սրանք ո՛չ քաղաքագիտական տեսության մեջ և ո՛չ էլ Հայաստանում ամբողջությամբ չեն բացատրում պետության վարքն ու քաղաքականությունը, քանի որ դրանք ենթարկվում են մի շարք այլ գործոնների ազդեցությանը, ինչպիսիք են տարածաշրջանային կառուցվածքն ու կարգը, առկա հակամարտություններն ու դրանց ռիսկը, որոշում կայացնողների անձնական ընկալումներն ու սուբյեկտիվ վերլուծությունները, ավելի լայն գաղափարախոսությունները և այլն։ Այս հոդվածի նպատակն էր պարզապես ևս մեկ շերտ ավելացնելու այն բազմաթիվ պրիզմաներին, որոնք պետք է կիրառել ՀՀ իշխանության արտաքին քաղաքականությունը հասկանալու համար։
Նարեկ Սուքիասյան
Գրականություն
Chryssogelos, A. 2018. State transformation and populism: From the internationalized to the Neo-Sovereign State? Politics. https:// doi. org/ 10. 1177/ 02633 95718 803830.
Destradi, S., and J. Plagemann. 2019. Populism and international relations: (Un)predictability, personalisation, and the reinforcement of existing trends in world politics. Review of International Studies 45 (5): 711–730.
Destradi, S., Cadier, D., & Plagemann, J. (2021). Populism and Foreign Policy: A Research Agenda (Introduction). Comparative European Politics, 19(6), 663-682. https://doi.org/10.1057/s41295-021-00255-4
Hovhannes Nikoghosyan & Vahram Ter-Matevosyan (2023) From ‘revolution’ to war: deciphering Armenia’s populist foreign policy-making process, Southeast European and Black Sea Studies, 23:2, 207-227, DOI: 10.1080/14683857.2022.2111111
Moffitt, B. 2017. The global rise of populism: Performance, political style, and representation. Stanford: Stanford University Press.
Mudde, C. 2004. The populist zeitgeist. Government and Opposition 39 (4): 541–563.
Ostiguy, P. 2017. Populism: A socio-cultural approach. In The Oxford handbook of populism, ed. C.R. Kaltwasser, P. Taggart, P. Ochoa, and P. Ostiguy, 73–100. Oxford: Oxford University Press.
Tir, J. 2010. Territorial diversion: Diversionary theory of war and territorial conflict. The Journal of Politics 72 (2): 413–425.
-
[1] Նման ծավալուն փորձ արվել է Հովհաննես Նիկողոսյանի և Վահրամ Տեր-Մաթևոսյանի կողմից 2022 թ․։ Տես՝ Hovhannes Nikoghosyan & Vahram Ter-Matevosyan (2023) From ‘revolution’ to war: deciphering Armenia’s populist foreign policy-making process, Southeast European and Black Sea Studies, 23:2, 207-227, DOI: 10.1080/14683857.2022.2111111